01:15
05/29/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բարությունը կփրկի աշխարհը

2016-03-17 11:00

ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

«Դե Ֆակտո» N117 (2016թ.)

 

-Պարո՛ն Մինասյան, նախ ուզում եմ շնորհավորել փետրվարի 23-ի` խորհրդային բանակի տոնի առթիվ և կխնդրեմ պատմեք, թե կյանքի ինչ ուղի եք անցել:


-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, քանի որ ես ծառայել եմ խորհրդային բանակում, ու այս տոնը նաև իմ տոնն է: Ավելին` ես 35-ամյա պաշտոնյա էի, երբ ինձ գործուղեցին Կիև` կենտրոնական կուրսեր անցնելու, որոնց ավարտից հետո ստացել եմ մայորի կոչում: Ես խորհրդային բանակի բարձրաստիճան սպա եմ` փոխգնդապետ:
Ինչ վերաբերում է իմ անցած ուղուն, ապա ծնվել եմ 1946թ. Ախուրյանի շրջանի Արևիկ գյուղում: Տանսերեք տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Երևան: 1971թ. ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել եմ ճարտարագետ-էլեկտրամեխանիկի մասնագիտացում, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ եմ:
1964-1980թթ. աշխատել եմ Երեւանի ՋԷԿ-ում` որպես փականագործ, վարպետ, ավագ ճարտարագետ, ապա` կուսկոմիտեի քարտուղար, 1974-1980թթ.` կուսկոմիտեի ազատված քարտուղար, 1980-1987թթ.` ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության բաժնի հրահանգիչ, ենթաբաժնի վարիչ, 1987-1988թթ.` ՀԿԿ Երեւանի Օրջոնիկիձեի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1988-1991թթ.` շրջկոմի առաջին քարտուղար: 1991-1993թթ. եղել է Երևանի Էրեբունու շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1993-1996թթ.` նախագահ, 1996թ.` Երևանի քաղաքապետարանի Խորհրդային տարածքային բաժնի պետ: Բոլոր աշխատանքներս էլ պատասխանատու են եղել, որոնք, կարծում եմ, արդյունավետ եմ կատարել:
1996թ. ձայների բացարձակ մեծամասնութանբ ընտրվել եմ Երևանի Նոր Նորքի թաղապետ և աշխատել մինչև 2002թ.: Իմ աշխատանքային այդ տարիներին ինձ համար առաջնային խնդիր էր` զարկ տալ Երևանի ծայրամասային թաղամասերի զարգացմանը, մասնավորապես` Նոր Նորք թաղամասին: Ես նախաձեռնեցի բազմաթիվ օրենսդրական ակտերի ստեղծումը, քանի որ այն ժամանակ կար միայն օրենք, իսկ առանց ենթաօրենսդրական ակտերի հնարավոր չէ օրենքի շրջանակներում արդյունավետ աշխատել: Իմ նախկին փորձառությունն օգնեց ինձ այդ հարցում: Եվ այսօր շատ ուրախ եմ, որ այդ գաղափարով առաջնորդվում է Երևանի քաղաքապետը, ում իշխանության օրոք իսկապես զարգանում են Երևանի ծայրամասային հատվածները, որոնցից է իմ սիրելի Նոր Նորք վարչական շրջանը:
2003-2007թթ. ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք), եղել եմ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:
Պատգամավորական աշխատանքս շարունակել եմ 2007-2012թթ. Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտնում: 2012թ. մայիսի 6-ին կրկին ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր:

-Պարո՛ն Մինասյան, Ձեր սերունդը բացառիկ հնարավորություն ունի` համեմատություն անցկացնելու 20 և 21-րդ դարերի միջև` իրենց պահանջներով, արժեհամակարգերով: Ձեզ ո՞ր դարաշրջանի մարդ եք համարում:


-Կարծում եմ` իմ բախտը բերել է, որ ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, ով տեսել է և ապրել Հայաստանի ծաղկման լավագույն ժամանակները և մասնակիցը եղել բազում իրադարձությունների: Մեր սերունդը վայելել է Հայաստանի հոգևոր-մշակութային, տնտեսական զարգացման, ազգային զարթոնքի տարիները, երկրպագել Տիգրան Պետրոսյանին, «Արարատ 73»-ին և ցնծացել նրանց հաղթանակների համար:
Իսկապես երկու դարաշրջանների արժեհամակարգերի միջև կա տարբերություն. ժամանակների հերոսները, որոնց ցանկանում է նմանվել երիտասարդ սերունդը, տարբեր են: Մեզ համար մեծություններ էին Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և այլ հանճարեղ մարդիկ, ում ուզում էինք նմանվել և իրենց արժեհամակարգի կրողը լինել, մեծանալ որպես ազնիվ, հայրենասեր քաղաքացի, ում ամենակարևոր հատկանիշը ազգանվեր գործունեությունն է: Այսօր արժեհամակարգային փոփոխություններ են տեղի ունեցել, գլոբալիզացիոն գործընթացներն իրենց հետքն են թողել 21-րդ դարի հայի մտածողության վրա, և դա բնական է: Ես մեծ ցավ եմ ապրում, որ այսօր երիտասարդ սերունդը փնտրտուքի մեջ է, թե ով է իր ժամանակի հերոսը, ում կցանկանար նմանվել. նա, ով անկիրթ է, բայց ունևո՞ր, թե՞ նա, ով հարուստ է, ոչ թե ունևոր, հարուստ է իր ոգեղենությամբ: Եվ ես ուրախ եմ, որ վերջերս, կարծես, միասնական պայքար է ձևավորվում իրական արժեքների պահպանման համար:
Թե որ դարաշրջանի մարդ եմ ինձ համարում, դժվար է ասել, քանի որ երկու դարաշրջաններում էլ ես ինձ գտել եմ կյանքում, երկուսն էլ իմ մեջ են և երկուսի միասնության արդյունքում ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Եվ պետք է ասեմ, որ ես երջանիկ մարդ եմ, քանի որ հարուստ եմ այն մարդկանցով, որոնցով մշտապես շրջապատված եմ եղել, և ովքեր դժվար պահերին նեցուկ են եղել ինձ:
Ես շնորհակալ եմ Աստծուց այն ջերմ և փոխադարձ հարգանքով ու սիրով լի փոխհարաբերությունների համար, որոնք ես ունեցել եմ և ունեմ մտավորականության վառ ներկայացուցիչների հետ, ումից իմաստնության դասեր եմ քաղել: Նրանցից են` Հայաստանի հայտնի պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը, ՀԿԿ Գյումրու քաղկոմի նախկին առաջին քարտուղար, սիրված քաղաքական գործիչ Դոնարա Հարությունյանը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Սերգեյ Համբարձումյանը, ամենայն հայոց բանաստեղծուհի, հայ պոեզիայի քրմուհի Սիլվա Կապուտիկյանը, երջանկահիշատակ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը, հայ թատրոնի, հեռուստատեսության և կինոյի դերասանուհի, ասմունքող Ժենյա Ավետիսյանը, արվեստի ու գրականության այլ մեծեր, որոնց հետ շփումն ինձ համար մեծագույն հարստություն է:

Ես շնորհակալ եմ Աստծուց այն ջերմ եւ փոխադարձ հարգանքով ու սիրով լի փոխհարաբերությունների համար, որոնք ես ունեցել եմ եւ ունեմ մտավորականության վառ ներկայացուցիչների հետ, ումից իմաստնության դասեր եմ քաղել:

-Ի՞նչ է երջանկությունը Ձեր պատկերացմամբ:

-Երջանկությունը մարդկանց պիտանի լինելու պատրաստակամության հաճույքն է: Ես Նոր Նորքի թաղապետ աշխատելու տարիներին օգնել եմ բնակարան ձեռք բերել պատերազմի մասնակից, հաշմանդամ, սոցիալապես անապահով իննսունից ավելի մարդկանց: Օգնել եմ նաև արվեստագետների` արվեստանոցեր ձեռք բերել և զբաղվել իրենց սիրելի աշխատանքով: Եվ շատ հաճախ փողոցում հանդիպում եմ այդ մարդկանց, որոնց չեմ հիշում, սակայն իրենք են ինձ հիշում և շնորհակալություն հայտնում: Կարծում եմ` ես արել եմ այն, ինչ պարտավոր էի և ոչ ավելին, սակայն երջանիկ եմ, որ նրանք գնահատում են ինձ: Ես համոզված եմ ժողովրդական իմաստության ճշմարտացիության մեջ. «Լավություն արա, գցիր ջուրը»: Շատ կուզենայի, որ այդ համոզմունքով բոլորս ապրեինք, առավել բարի լինեինք միմյանց հանդեպ, քանի որ, իմ կարծիքով, բարությունը կփրկի աշխարհը:
Այսօր տարբեր աշխարհաքաղաքական փիլիսոփայություն ունեցող խմբեր, ժողովուրդներ պայքարում են միմյանց դեմ, հակադրվում, սակայն դրանից մարդկությունը ոչինչ չի շահում, շատ ավելի նախընտրելի է միմյանց հանդուրժողականությամբ և բարությամբ վերաբերվելը և պայքար մղել ոչ թե ընդդեմ, այլ հանուն…

-Ի՞նչ կարևորություն ունի Ձեզ համար պատգամավորական աշխատանքը:

-Պատգամավոր լինելը արժանապատիվ մարդու գործ է, իսկական պրոֆեսիոնալի: Երկար տարիների աշխատանքային իմ փորձառությունը մասնագիտական և մարդկային փոխհարաբերություններում արդյունավետ մոտեցումներ է ձևավորել: Դա, անշուշտ, որոշակի դերակատարում ունի թե՛ իմ օրենսդրական աշխատանքում, թե՛ գործընկերներիս հետ հարաբերություններում:
Ազգային ժողովը համար առաջին ամբիոնն է, որտեղ պետք է պահպանվեն բարեկրթության սահմանները, որտեղ վեճերը, բանավեճերը, հնչող մտքերը պիտի չանեցնեն թույլատրելի սահմանը: Կարծում եմ` այդ առումով մենք առաջընթաց ունենք և այն առավել կամրապնդվի հաջորդ գումարման ԱԺ-ում, որտեղ կլինեն նոր դեմքեր, տեղի կունենա սերնդափոխության բնականոն գործընթացը: Իհարկե, նրանց հետ մեկտեղ` պետք է լինեն նաև փորձառու, ավագ սերնդի ներկայացուցիչները` իրենց երկար տարիների աշխատանքային փորձով ու ճշմարտություններով ապահովելով ԱԺ աշխատանքի արդյունավետության բարձրացումը:

-2015թ. կարևոր իրադարձություններից էր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը: Ըստ Ձեզ` ի՞նչ դրական փոփոխություններ պետք է ակնկալել սահմանադրական բարեփոխումներից:

-Այդ ճանապարհով շատ երկրներ են անցել և գաղտնիք չէ, որ պառլամենտական կառավարման համակարգն իր ընդհանուր գծերով ավելի ժողովրդավարական է: Այստեղ մեծանում է ընդդիմության դերակատարումը, և պետության համար ցանկացած կարևոր հարց քննարկվում է պառլամենտում: Որոշում կայացվում է ոչ թե մեկ անձի կողմից, այլ կոլեգիալ քննարկման արդյունքում: Այնպես որ, շատ կարևոր է, որ մենք կարողանանք նոր սահմանադրության տված բոլոր հնարավորություններն օգտագործել, համապատասխան օրենքներ ընդունել` ընտրական նոր օրենսգիրք, ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություն և այլն: Նոր սահմանադրությունը հայեցակարգային նոր տարբերակ է և կառավարման ողջ համակարգով տարբերվում է նախկինից: Կարծում եմ` սա առավելություն է երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրները ավելի հեշտ լուծելու համար: Սա բացարձակ ճշմարտություն է, պարզապես մենք պետք է կարողանանք օգտվել այդ առավելությունից:

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ՀՅԴ համագոծակցության հնարավորությունները:

-Շատ լավ: Դեռևս այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն քաղաքական բացարձակ մեծամասնություն կազմեց, նրա դռները դարձյալ բաց էին, մենք պատրաստ էինք ճանապարհ գնալու և երկրի առջև ծառացած խնդիրները համատեղ լուծելու բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստակամ էին մեզ հետ միասին պայքարելու: Ավելին ասեմ` մեր գործընկերների կողմից ղեկավարված նախարարությունների ու գերատեսչությունների գործունեության համար պատասխանատվությունն ամբողջությամբ մենք ենք կրել` անկախ այն հանգամանքից, որ իրենք այլ կուսակցության ներկայացուցիչներ են: Կարծում եմ` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը առողջ նախաձեռնություն է` համատեղ ուժերով երկրի խնդիրները լուծելու համար:

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներկայիս տնտեսական ու քաղաքական վիճակը:

-Կարծում եմ` լարվածություն կա, որը մեր առջև խնդիր է դնում, որպեսզի ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով առկա խնդիրները` պատրաստակամ լինենք դրանց օր առաջ լուծում տալու: Մեր ժողովրուրդը պետք է ունենա ավելի հզոր, ավելի զարգացած ու ապահով երկիր, որը պատրաստ է հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Թերևս մի բան հաստատ է` Հայաստանը հայ ժողովրդի համար ամենաապահով երկիրն է ապրելու համար, մեր ժողովուրդը արժանի է ապրելու իր հայրենիքում խաղաղ, բարեկեցիկ պայմաններում, օգտվելու կյանքի լավագույն հաճույքներից:

-Մեծացել եք բազմանդամ ընտանիքում, Դուք քանի՞ երեխա և թոռ ունեք:

-Ունեմ հրաշալի ընտանիք. երեք երեխա` երկու որդի և մեկ դուստր, և հինգ թոռ, մեկը` աղջիկ:

-Ո՞րն է այն կարևոր պատգամը, որ Ձեր ծնողներից փոխանցվել է Ձեզ և Դուք փոխանցել եք այն Ձեր զավակներին:
-Ամեն ինչի հիմքում աշխատանքն է, և ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

-Յոթանասուն տարիների բարձունքից հետադարձ հայացք գցելով Ձեր անցած ուղուն` ի՞նչ կարևոր համոզմունքներ կնշեք:
-Պետք է փորձել մարդ մնալ, որքան էլ փոխվեն արժեհամակարգերը. մարդը պետք է լինի բարի և իր շրջապատին պիտանի: Եվ մարդը պետք է իրատեսորեն վերաբերվի իր կարողություններին ու իր ունեցածին:

-Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում:
-Կյանքիս ամենամեծ ձեռքբերումն իմ անցած ճանապարհն է, ընտանիքս, ընկերներս և Մկրտիչ Մինասյան մարդը: Կարծում եմ` ամենակարևորը, որ պետք է թողնեմ իմ թոռներին, իմ բարի անունն է, կատարած աշխատանքը: Ես աշխատում եմ ապրել այնպես, որ իմ թոռներին և ապագա սերունդներին հպարտության առիթ տամ: Ավելի հանճարեղ չեմ կարող ասել, քան ասել է մեծն Հովհ. Թումանյանը. «Մարդու գործն է միշտ անմահ»:


Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-03-18 12:30

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց