06:05
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Աստղիկը» բարձր նշաձող է ՀՀ առողջապահության ոլորտի համար

2016-03-09 11:08

 Ասատուր Ասատրյան` «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն

«Դե Ֆակտո» N116 (2016թ.)

«Աստղիկ» բժշկական կենտրոնը «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է: Չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝ այսօր այն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց:


-«Մալաթիա» բկ-ն հիսուն տարեկան է և այսօր արդեն ունի նոր անուն՝ «Աստղիկ»: Շնորհավորում եմ Ձեզ և բկ-ի ողջ աշխատակազմին: Կես դարը բժշկական հաստատության համար շա՞տ է, թե՞ քիչ:


-Շնորհակալություն: Այո՛, մեր բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1965թ: Եթե նայենք Խորհրդային Միության կլինիկաներին կամ չափենք մեր երկրի՝ անկախ Հայաստանի ծավալով ու պատմությամբ, շատ է: Եթե նայենք համաշխարհային փորձին, այդքան էլ շատ չէ. արտասահմանում կան երկու-երեք հարյուր տարվա պատմություն ունեցող կլինիկաներ: Մեզ համար, այո, քիչ չէ կես դարը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ բժշկության մեջ ամեն երկու-երեք ամիսը մեկ ինչ-որ բան է փոխվում:

-Ինչո՞ւ հիվանդը պետք է ընտրի հենց «Աստղիկ» բկ-ն, ո՞րն է այս բկ-ի առավելությունը:


-Ես համարձակություն ունեմ ասելու, որ «Աստղիկ» բկ-ն այսօր միակն է ՀՀ-ում, որ կառուցված է միջազգային չափանիշներին համապատասխան, և սա վերաբերում է ամեն ինչին՝ օդափոխությանը, սեփական թթվածնային համակարգին, վիրահատարանների հարդարմանը, սարքավորումներին, լույսերին, անվտանգության համակարգին, բուժքույրերին կանչելու համակարգին... Մեր առավելությունները կարելի է օրերով թվարկել: Նշեմ նաև, որ մեզ մոտ իրականացվում է այնպիսի օդափոխություն, որի շնորհիվ, կարելի է ասել, հարյուր տոկոսով մաքրվում, ֆիլտրվում է վիրահատական և հետվիրահատական սենյակներ մտնող օդը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է հիվանդանոցում վարակների բացառմանը: Այս ամենը միակն է Հայաստանում: Այսօր «Աստղիկ» բկ-ն ունի բարձրորակ ծառայություններ, բարձրորակ մասնագետներ, ովքեր պիտի աշխատեն միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոնում: Հուսով ենք, որ այս ամենը միասին կտան դրական արդյունքներ հիվանդին բուժելու հարցում:

Ամեն տարի հազարավոր մարդիկ այստեղ անվճար վիրահատվում են, օգտվում են ախտորոշիչ զննումներից: Այս տարի մեր համայնքի բնակչության համար կատարվել է 300 անվճար վիրահատություն:

-Պարո՛ն Ասատրյան, գիտեմ, որ Դուք կարևորում եք բարեգործական ակցիաները և այդ շրջանակներում հաճախակի են կազմակերպվում այցելություններ մարզեր: Որտեղի՞ց սկսվեցին այդ միջոցառումները, և ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:


-Առաջին իսկ օրվանից, երբ ձեռք բերեցինք այս բժշկական կենտրոնը, իսկ դա 2008թ-ն էր, հիմնական մտքերից մեկը բարեգործությունն էր: Ամեն տարի հազարավոր մարդիկ այստեղ անվճար վիրահատվում են, օգտվում են ախտորոշիչ զննումներից: Օրինակ՝ այս տարի մեր համայնքի բնակչության համար կատարվել է 300 անվճար վիրահատություն՝ քթի խոռոչի, դիմածնոտային համակարգի, ճողվածքի, խպիպի և թութքի: Այդ վիրահատությունները ծրագրային էին, դրանից զատ, մարդիկ պարբերաբար մոտենում են մեզ և ստանում են անվճար կամ զեղչված գներով բուժօգնություն: Այս ամենն անում ենք ինչպես մեր համայնքի ժողովրդի, այնպես էլ մարզերի բնակչության համար: Ամեն տարի ամիսը մեկ, կամ երկու անգամ, մեր մասնագետները բարեգործական այց են իրականացնում ՀՀ որևէ մարզ, որտեղ կատարում են հիվանդների անվճար ընդունելություն, ախտորոշիչ հետազոտություններ, նույնիսկ` վիրահատություններ: Մարզերի բժշկական կենտրոնների բժիշկների մասնակցությամբ կազմակերպում ենք սեմինարներ, գիտաժողովներ, բժշկական պրակտիկայում հանդիպած ուշագրավ դեպքերի քննարկումներ, փորձի փոխանակում:
Մեր ժողովրդի մոտ խնդիրները շատ են, մենք էլ փորձում ենք հնարավորինս օգտակար լինել:

Շատ եմ կարևորում բժշկական ապահովագրության ինստիտուտի զարգացումը մեր երկրում, որի կայացման պարագայում ՀՀ բնակիչները կկարողանան լիարժեքորեն օգտվել իրենց անհրաժեշտ բոլոր ծառայություններից և լինել պահանջատեր բկ-ների հանդեպ:

-«Աստղիկ» բկ-ի որդեգրած քաղաքականությունը եվրոպական առողջապահական չափանիշներին մոտենալն է: Որքանո՞վ է այսօր դա իրական և առհասարակ, ի՞նչ գնահատական կտաք ՀՀ առողջապահության ոլորտին:


-ՀՀ առողջապահական ոլորտը զարգանալու դեռ մեծ ճանապարհ ունի: Ինչքան էլ կոպիտ է հնչում, բայց առողջապահական համակարգն առանց ֆինանսավորման, առանց մոտիվացիոն շղթայի, չի կարող զարգանալ: Այսօր մենք խնդիր ունենք առողջապահության ոլորտում. բժիշկները, բուժքույրերը և բոլոր այն մասնագետները, ովքեր մասնակցում են առողջապահական գործընթացին, բավարար աշխատավարձ չեն ստանում, բավարար չէ նաև բժշկական կենտրոնների շահույթը, որպեսզի դառնան լավը, որպեսզի համապատասխանեն վերոնշյալ եվրոպական չափանիշներին. դրա համար պետք է ներդրում, պետք են ծախսեր, միայն ցանկությունը բավարար չէ:
Երբ մենք ձեռք բերեցինք «Մալաթիա» բկ-ն, մենք գիտակցում էինք, թե ինչ ահռելի աշխատանք է մեզ սպասվում. գերմանացի ճարտարապետներից ստացանք ապագա շենքի նախագիծն ու ձեռնամուխ եղանք ստեղծելու իր տեսակի մեջ բացառիկ մի կենտրոն, որն իր ուրույն դերն ու ասելիքն է ունենալու ՀՀ առողջապահության ոլորտում:
Խոսքը միայն տեխնիկական հագեցվածության մասին չէ, որով, այո, հպարտանալու տեղ ունենք, քանի որ շատ ծառայությունների մասով ունենք այնպիսի սարքեր, որոնք միակն են ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ տարածաշրջանում: Սակայն, բացի կենտրոնը գերժամանակակից տեխնիկայով զինելուց, մենք նաև կարևորում ենք մասնագիտական կազմը, որին նույնպես մեծ ուշադրություն ենք դարձնում. այսօր, այո, մենք ունենք պրոֆեսիոնալ բուժանձնակազմ, ովքեր ոչ միայն պարբերաբար վերապատրաստում են անցնում արտերկրի առաջատար կլինիկաներում, այլև ակտիվ համագործակցում են այդ կլինիկաների հետ` փոխադարձ այցեր, բուժզննումներ և վիրահատություններ կազմակերպելով: Սակայն հզոր բժշկական կենտրոն ստեղծելը դեռ բավարար չէ, շատ կարևոր է, որ ՀՀ բնակչությունն ի վիճակի լինի օգտվել այդ կենտրոնում մատուցվող ծառայություններից: Թեպետ մենք մեր կենտրոնի գնացուցակը կազմել ենք հենց այդ չափանիշներով առաջնորդվելով, այնուամենայնիվ շատ եմ կարևորում բժշկական ապահովագրության ինստիտուտի զարգացումը մեր երկրում. երբ ՀՀ-ում գործի պարտադիր բժշկական ապահովագրությունը, ՀՀ բնակիչները կկարողանան լիարժեքորեն օգտվել իրենց անհրաժեշտ բոլոր ծառայություններից և լինել պահանջատեր, բժշկական կենտրոններն էլ կսկսեն այդ պահանջներին համապատասխան աշխատել, ինչն էլ իր հերթին կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը երկրում:

-Ամեն ինչ՝ հօգուտ հիվանդի. այս սկզբունքով եք առաջնորդվում Դուք: Իսկ հիվանդը մի՞շտ է ճիշտ:


-Հիվանդի ճիշտ կամ սխալ լինելը սուբյեկտիվ հարց է: Հիվանդը հիվանդ է և ճիշտ է այնքանով, որ հիվանդ է ու դիմել է մեզ: Մենք էլ պետք է այնքանով ճիշտ լինենք, որ կարողանանք հիվանդին մատուցել բարձրորակ ծառայություն, այսինքն՝ ճիշտ և որակով բուժենք իրեն: Մենք կարևորում ենք, որ հիվանդը մեզանից դժգոհ չլինի և ապաքինված դուրս գրվի մեր բժշկական կենտրոնից: Մենք հիվանդին շատ մեծ հոգատարությամբ և պատասխանատվությամբ ենք վերաբերվում:

-«Աստղիկ» բկ-ի նոր մասնաշենքերն արդեն պատրաստ են: Ի՞նչ սպասելիքներ ունեք:


-Մի փոքր հետ գնամ. երբ ձեռք բերեցինք այս բժշկական կենտրոնը, այն անմխիթար վիճակում էր, բայց ուներ 400-ից ավելի բուժ-անձնակազմ: Մեր առաջին խնդիրն աշխատատեղերը չկորցնելն էր. կենտրոնացնելով բոլոր ծառայությունները եռահարկ մասնաշենքում` մենք ոչ միայն կարողացանք պահպանել եղած ծառայությունները, այլ նաև համալրեցինք դրանք: Եվ մինչ «Աստղիկ» բկ-ն ամբողջությամբ պատրաստ կլիներ, կենտրոնում սկսեցին գործել հեմոդիալիզի ծառայությունը, որը ներկայում, կարելի է ասել, լավագույնն է ՀՀ-ում, սրտաբանական, առիթմոլոգիական բաժանմունքը, որը շատ ծառայությունների մասով եզակի է, ուռոլոգիայի, ՔԿԱ, դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքները և այլն:
Հետզհետե անձնակազմը համալրելով նորանոր առաջատար մասնագետներով` ներկայում մենք ունենք ավելի քան 700 աշխատող:
Երբ գծագրվեց բժշկական կենտրոնը, նախատեսվեց, որ հին ու նոր մասնաշենքերը իրար հետ համակցված պիտի աշխատեն և հիմա ակնկալում ենք, որ կունենանք 300-400 նոր աշխատատեղ, որն այսօր մեր երկրի համար շատ կարևոր է: Նոր մասնաշենքերը հնի հետ դառնալու են մեկ օրգանիզմ, և այդ օրգանիզմն, ըստ իս, շատ լավ է աշխատելու. ավելի շատ հիվանդներ կկարողանանք սպասարկել, կբարձրանա նաև սպասարկման որակը:

-Բժշկի մասնագիտական սխալը մարդկային կյանք է արժենում, բայց պետք է հաշվի առնել, որ բժիշկն ինքը մարդ է և պրակտիկորեն կարող է նաև սխալվել: Ի՞նչ եք կարծում՝ այդ սխալներն այսօր իսկապե՞ս շատացել են, թե՞ դրանք եղել են բոլոր ժամանակներում, պարզապես այսօր ինֆորմացիան ավելի բաց ու հասանելի է մարդուն:


-Տարբեր ժամանակահատվածներում տարբեր բժշկական սխալներ կարող են լինել. բժիշկը կարող է սխալ ախտորոշում տալ, կարող է սխալ բուժում նշանակել: Սխալներ կարող են լինել միջազգային չափորոշիչներից շեղվելու պատճառով, ի վերջո, դրանք դրված են սխալները նվազագույնին հասցնելու համար: Սխալներ կատարվում են բժշկի ավելի քիչ բանիմաց լինելու, քիչ փորձ ունենալու հետևանքով: Այդ սխալներն աշխարհում ամեն տեղ էլ լինում են, իսկ քանակի մասին չեմ կարող ասել: Չեմ կարծում, որ մեր կենտրոնում կան այդպիսի կոպիտ սխալներ, համենայն դեպս, աշխատում ենք, որ չլինեն, իսկ թիմային աշխատանքն այս հարցում շատ կարևոր է:

-Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում պատահած որևէ տպավորիչ դեպքի մասին կպատմե՞ք:


-Ամենատպավորիչ դեպքերից մեկը, թերևս, սա է. քառասունին մոտ մի տղամարդ՝ առանց ձեռքի, ինքն իր ոտքով մտել էր մեր ընդունարան: Իրենից հետո տոպրակի մեջ բերել էին իր ձեռքը: Ընդունարանի վարիչը կարծել էր, թե «Թաքնված տեսախցիկի» նկարահանում է: Այդ դեպքին լրատվամիջոցներն էլ անդրադարձան: Մոտ յոթ ժամ տևած վիրահատությունից հետո ձեռքը հնարավոր եղավ վերականգնել, և այսօր նրա ձեռքը կամաց-կամաց աշխատում է:

-Իհարկե, ցանկալի է, որ բուժհաստատությունների կարիքը մեր առօրյայում քիչ զգացվի, բայց հասկանալի է նաև, որ մարդու առողջությունն ամենակարևորն է, այնպես որ «Աստղիկ» բկ-ի 50 տարիներին թող ավելանան շատ ու շատ տասնամյակներ և թող այս դռներից բոլորը դուրս գան իրենց առողջությունը վերագտած:


-Շնորհակալ եմ: Ուզում եմ նշել, որ մենք այսօր ստեղծել են մի բժշկական կենտրոն, որը կարող է լինել լավ օրինակ ՀՀ մնացած կենտրոնների համար: Մենք կաշխատենք, որ այդ օրինակը լինի շատ ցայտուն ու կցանկանանք, որ մնացած բժշկական կենտրոններն էլ դառնան մեզ նման: Դա կապահովի ՀՀ-ում կատարյալ առողջապահական համակարգ:

Հարցազրույցը՝ Լիլիթ Մկրտչյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...