06:36
11/21/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Էնրիկե Բարեյրո

2016-02-29 12:00

«Հյուսիս -հարավ» ռազմավարական ծրագիրը` ՀՀ տնտեսության զարգացման նոր ուղի

«Դե Ֆակտո» N116 (2016թ.)

Ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման ընթացքում մենք ունեցել ենք արդյունավետ համագործակցություն ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ու շահագրգիռ այլ կառույցների հետ, որոնց ուզում եմ շնորհակալություն հայտնել:


Էնրիկե Բարեյրո` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը կառուցապատող իսպանական «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի գլխավոր գործադիր տնօրեն

-Պարո՛ն Բարեյրո, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիրը» ՀՀ համար կենսական, ռազմավարական նշանակություն ունի: Կխնդրեմ ներկայացնեք` ծրագրի տրանշ 1-ով իրականացված աշխատանքները:


-Սիրով կներկայացնեմ, քանի որ այս անչափ կարևոր ծրագրի իրականացման առաջին կարևոր քայլն արված է, մասնավորապես` այսուհետ հնարավորություն է ընձեռվում կազմակերպել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» տրանշ 1-ով իրականացված Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների երկկողմանի լիարժեք երթևեկությունը, որը Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհի մի մասն է կազմում:
Տրանշ 1-ով իրականացված աշխատանքների ընթացքում ամբողջությամբ ապամոնտաժվել և նորացվել են Երևան-Աշտարակ հատվածի 11,4կմ երկարությամբ ճանապարհային պաստառը և ճանապարհային կառույցները: Լայնացվել է Երևան-Արտաշատ 19,6կմ երկարությամբ ճանապարհահատվածը. այն 4 ուղուց դարձել է 6 ուղի:
Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածներում կառուցվել է առաջին կարգի նոր բետոնային ծածկույթով և կառույցներով ճանապարհներ՝ կահավորված նոր ճանապարհային նշաններով, շարժման ուղղությունների վահանակներով, ուղղորդ սյուներով, արգելափակոցներով և ճանապարհային գծանշումներով:
Ճանապարհահատվածների երկայնքով առկա կառուցապատված հատվածներում և ուղեանցների հարակից հատվածներում անցկացվել է ճանապարհային ժամանակակից լուսավորության համակարգ:
Այժմ մեկնարկել են ճանապարհի թեստավորման աշխատանքները, որոնց ավարտման պահից մեկնարկելու է ճանապարհների 1 տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը: Չնայած այն հանգամանքին, որ աշխատանքների մի մասը իրականացվել է խիտ կառուցապատված տարածքներում, արվել է ամեն ինչ, որպեսզի շինարարական աշխատանքները չխոչընդոտեն տեղացիների գյուղատնտեսական և բիզնես գործունեությանը, անկախ այն հանգամանքից, որ այն որոշակի ազդեցություն է ունեցել շինարարական աշխատանքների ընթացքի վրա:
Ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման ընթացքում մենք ունեցել ենք արդյունավետ համագործակցություն ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ու շահագրգիռ այլ կառույցների հետ, որոնց ուզում եմ շնորհակալություն հայտնել:

Ճանապարհի կառուցումն իրականացվել է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան, կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ ու մոտեցումներ:


-Որակական ի՞նչ չափանիշերով է իրականացվում ճանապարհաշինարարությունը:


-Ճանապարհի կառուցումն իրականացվել է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան, կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ ու մոտեցումներ:
Աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են տեղական և միջազգային վերահսկող կազմակերպությունների և ՀՀ ինստիտուցիոնալ կառույցների անմիջական վերահսկողության ներքո:
Շինարարական աշխատանքների ընթացքում ներգրավվել են ժամանակակից ճանապարհաշինական մեքենա-սարքավորումներ, որոնց գերակշիռ մասը ներգրավվել է հայկական շուկայում առկա տեխնիկական բազայից:
Տրանշ 1-ի իրականացման ընթացքում ներգրավված են եղել ավելի քան 70 միջազգային և 420 տեղական մասնագետներ, ինչպես նաև տեղական ենթակապալառու կազմակերպություններ և խորհրդատուներ:
Շինարարական աշխատանքների ողջ ընթացքում հիմնականում օգտագործվել են հայաստանյան ծագում ունեցող շինարարական նյութեր՝ ցեմենտ, խիճ, ավազ և այլն:

-Ներկայումս ծրագրի աշխատանքներն ի՞նչ փուլում են, ե՞րբ է նախատեսվում ավարտել դրանք, և ի՞նչ նոր հնարավորություններ կստեղծվեն ՀՀ համար ծրագրի իրականացման արդյունքում:


-Ներկայումս բուռն թափով շարունակվում են տրանշ 2-ի շինարարական աշխատանքները, և վստահեցնում եմ Ձեզ, որ դրանք կիրականացվեն բարձր որակով և շահագործման կհանձնվեն պայմանագրով սահմանված ժամկետներում:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
Ծրագրի իրականացման համար պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնց համաձայն ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշների: Շարունակվում են իրականացվել նաև բանակցային գործընթացներ միջանցքի հյուսիսային և հարավային հատվածների կառուցման նպատակով այլ դոնորների ներգրավման ուղղությամբ:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը՝ Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի հատման վայրում:

-Ծրագրի իրականացումից ի՞նչ ակնկալիքներ կան, ի՞նչ պատկեր պետք է արձանագրվի:


-Ծրագրի իրականացման արդյունքում, մասնավորապես ակնկալվում է ունենալ միջազգային չափանիշները բավարարող բարելավված ճանապարհային միջանցք, «Երևան-Գյումրի» «Երևան-Արարատ» հատվածներում քառուղի առաջին կարգի ճանապարհ, «Միջանցքի մյուս հատվածներում միջազգային չափանիշները բավարարող բարելավումներ` հետագայում 4 ուղու ընդլայնման հնարավորությամբ, ճանապարհային միջանցքի արդյունավետ և անվտանգ երթևեկության կազմակերպում:
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կապահովի Հայաստանին` Վրաստանի տարածքներով ելք դեպի Սև ծով և այնուհետև դեպի եվրոպական երկրներ: Հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա)` միջանցքը կմիանա վրացական ճանապարհին հարավային կողմից, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստները:
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը՝ Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի հատման վայրում:


-Որո՞նք են ծրագրի իրականացման նպատակները և խնդիրները:


-Ծրագրի նպատակներն են` հարևան երկրների հետ հաղորդակցման յուրացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը և դյուրացումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումը և արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն, զբոսաշրջություն), բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն:
Ծրագրի հիմնական խնդիրներն են` բարձրացնել անվտանգությունը և հարմարավետությունը, կրճատել ժամանակային և ֆինանսական ծախսերը, ինտեգրել հնարավոր անհրաժեշտ հեռահաղորդակցության և այլ ենթակառույցները:
Ծրագրի իրականացումը դիտվում է ՀՀ կառավարության «Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցման», «Տաթև զբոսաշրջային կենտրոն», «Ջերմուկ քաղաքի զարգացման» և «Զվարթնոցի ազատ տնտեսական գոտու» ծրագրերի համատեքստում: «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրի իրականացումը էապես կնպաստի նշված ծրագրերի արդյունավետությանը և նպատակների իրագործմանը:
Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Ինչպես նկատեցիք, այն բաժանված է առանձին տրանշների, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց