06:21
10/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երիտասարդ ներուժը` երկրի կայուն ապագայի ստեղծման երաշխիք

2013-01-09 18:10

Ռոբերտ Մակարյան, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար

-Պարո՛ն  Մակարյան, ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը Ձեզ ճանաչել է ՙՏարվա երիտասարդ՚`  բարձր գնահատելով Ձեր ակտիվ գործունեությունը 2011թ. ընթացքում: Հետաքրքիր է` ինչպես կգնահատեք  Ձեր աշխատանքը:

Ամեն ինչի հնարավոր է հասնել, միայն պետք է նպատակաուղղված աշխատել:

-Շնորհակալությո՛ւն, վստահության և ինձ նման կոչման արժանացնելու համար: Կարծում եմ` իմ աշխատանքի գնահատականը  հասարակությունը պետք է տա: Ես ձգտել եմ առավելագույնս լավ աշխատել ինձ վստահված ոլորտում:

-Մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, Դուք ակտիվ գործունեություն էիք ծավալում այլ ոլորտներում: Ի՞նչ նպատակներ ունեիք, և արդյո՞ք հասցրել եք դրանք իրականացնել:

-Ես գերազանցությամբ ավարտել եմ դպրոցը, այնուհետև Հայաստանի պետական ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (մագիստրատուրա, ասպիրանտուրա): Դրան զուգահեռ, երկրորդ կուրսից սկսած` զբաղվել եմ նաև ուսանողական հասարակական գործունեությամբ:

2003թ. ընտրվեցի Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ և աշխատեցի շուրջ 8 տարի: Այն նպատակները, որ դրել էինք մեր առջև ես և իմ ընկերները, շատ իրատեսական էին, որոնց  փորձեցինք  հասնել: Մի նշանաբան ունեինք` ամեն ինչի հնարավոր է հասնել, միայն պետք է նպատակաուղղված աշխատել: Մենք մեր առջև նպատակ դրեցինք առաջին հերթին արժանանալ ուսանողների վստահությանը, նրանց ներգրավել ուսխորհրդի աշխատանքներում, այն դարձնել մի կառույց, որը միտված է աջակցել և պաշտպանել ուսանողի շահերը: Ցանկացած ուսանողի առջև ուսխորհրդի դռները բաց էին, ուսանողը մասնակցում էր ուսանողական ինքնակառավարմանը, ինչն էլ, կարծում եմ, մեր հաջողության գրավականն էր:

2004թ. ես 7 տարի ղեկավարեցի Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի Արագածոտնի մարզի մասնաճյուղը, որի նպատակն էր աջակցել Արագածոտնի մարզի փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին:  Այդ գործունեության ընթացքում նույնպես ձգտել եմ հասնել առավելագույն արդյունքի: Կարծում եմ` հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների: 

-Ձեր կապը համալսարանի հետ այսօր շարունակվո՞ւմ  է:

-2005թ. մինչև այսօր, ես դասավանդում եմ Հայաստանի պետական ագրարային համալսարանում, բուհի կառավարման խորհրդի անդամ եմ. այնպես որ, իմ կապը համալսարանի  հետ շարունակվում է: 

Փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը կառավարման տեսանկյունից ինձ համար բավականին հեշտ էր, քանի որ կառավարելու փորձ արդեն ունեի:  

 -Հե՞շտ էր Ձեզ համար ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի աշխատանքին անցնելը:

-Երբ ստացա այդ առաջարկը, այն ինձ հետաքրքրեց, քանի որ ես անծանոթ չէի այդ ոլորտին, Հայաստանի պետական ագրարային համալսարանում սովորելու և աշխատելու տարիներին շփումներ շատ եմ ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչն էլ նպաստեց, որ ես հեշտությամբ  հարմարվեմ նախարարության աշխատանքներին:

Փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը կառավարման տեսանկյունից ինձ համար բավականին հեշտ էր, քանի որ կառավարելու փորձ արդեն ունեի: Դժվարություններն ավելի շատ կապված են ժամանակի սղության հետ: Չեմ կարողանում բավարար ժամանակ հատկացնել ընտանիքիս, ընկերներիս, բարեկամներիս հետ շփումներին, քանի որ  զբաղվածությունս մեծ է:

-ՀՀ գյուղնախարարը պահանջկո՞տ ղեկավար է:

-Այո՛, մենք շաբաթվա գրեթե 7 օրը աշխատում ենք: Իրականում աշխատանքները  ոլորտում շատ են, գյուղնախարարը ձգտում է առավելագույնն անել ոլորտի խնդիրները լուծելու համար, քանի որ  միայն հետևողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողությունների:

-Նախարարությունում Դուք կոնկրետ ո՞ր ոլորտներն եք համակարգում:

-Ես համակարգում եմ գիտական կենտրոնների աշխատանքը, կրթական համակարգը, որի մեջ մտնում են  հանրապետության տարբեր շրջաններում գործող միջին մասնագիտական քոլեջները, ինչպես նաև հանրապետության ագրովերամշակման ընթացքը` պտուղբանջարեղենի մթերումը, հետագայում դրանց վճարումների իրականացման գործընթացը:

-Այս տարի ի՞նչ կարևոր քայլեր արվեցին գյուղատնտեսության ոլորտում:

-Այս տարի ՀՀ նախագահի հանձնարարականով կազմակերպվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը Երևանի Կասյան փողոցին հարող տարածքում, որը շատ կարևոր քայլ էր: Շատերը մտավախություն ունեին, որ այն վերածվելու է սովորական շուկայի, և որևէ էական արդյունք չի տալու, սակայն մենք համոզվեցինք հակառակում: Այսօր տոնավաճառի ստեղծումից  գոհ են թե՛ գյուղացիները, և թե՛ քաղաքացիները: Մենք հասանք մեր առջև դրված երկու նպատակներին` ապահովել գյուղացիների եկամուտը և  վերավաճառողների օղակը բացառելով` ապահովել հնարավորինս մատչելի գին սպառողների համար:  

Այժմ քննարկվում է հաջորդ տարի Երևանի վարչական մի քանի շրջաններում նույնպես այս փորձը կիրառել: 

Կարևոր ծրագիր էր նաև ՙՀայագրոֆորում՚ համաժողովը: Այս տարի ձևաչափը մի քիչ փոխվեց. ֆորումին մասնակցեցին մոտավորապես 40  հայազգի ֆերմերներ Իրանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Լիբանանից, ԱՊՀ երկրներից: Ֆորումի ընթացքում հետագա համագործակցության հիմք դրվեց, որը ենթադրում է մեր  դրսի  հայազգի գործընկերների, հայրենակիցների կողմից  ներդրումներ գյուղատնտեսության ոլորտում:

Մեծ հանդիսավորությամբ առաջին անգամ մարզահամերգային համալիրում նշվեց Գյուղատնտեսական աշխատողի օրը:   Դա նույնպես ձեռքբերում կարելի է համարել. գյուղացին պետք է գնահատված լինի: Մենք նպատակ  ունենք այդ տոնը դարձնել համաժողովրդական:

Հյուսիսային պողոտայում առաջին անգամ կազմակերպվեց Բերքի և գոհաբանության փառատոնը, որը քաղաքը և գյուղը կապող շատ կարևոր միջոցառում էր: Շատերը պնդում էին, որ Հյուսիսային պողոտան էլիտար փողոց է, և այնտեղ Բերքի և գոհաբանության փառատոն կազմակերպելը ճիշտ չէ, սակայն մենք կոտրեցինք այդ կարծրատիպը. Հյուսիսային պողոտան նաև գյուղացիներինն է: Փորձը հաջողվեց, կարծում եմ` փառատոնը շարունակաբար կկազմակերպվի նաև հաջորդ տարներին:

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրված հաջողություններն առաջին հերթին պայմանավորված են ՀՀ գյուղնախարարի հետևողական աշխատանքով, ինչպես նաև բնակլիմայական բարենպաստ պայմաններով:

-Ամփոփելով տարին` այս տարին ինչո՞վ էր առանձնահատուկ: 

-Կարող ենք արձանագրել, որ տարին բավականին հաջող էր գյուղատնտեսության ոլորտի համար. աճի ցուցանիշեր գրանցվեցին գյուղատնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Կարծում եմ` դրանք առաջին հերթին պայմանավորված են նախարարի հետևողական աշխատանքով, ինչպես նաև բնակլիմայական բարենպաստ պայմաններով: Կարծում եմ` հաջորդ տարի արդյունքներն ավելի շոշափելի կլինեն, քանի որ այն ծրագրերը, որոնք այս տարի սկսեցին իրագործվել կամ շարունակություն ունեցան,  միտված են ապագային: 

-Դուք, որպես երիտասարդ, ով ապրում է Հայաստանում, ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:  

-Շատերը խոսում են արտագաղթից, կան երիտասարդներ, ովքեր մտածում են Հայաստանը լքելու մասին, բայց  իմ պատկերացումներն այլ են: Ամեն մարդ պետք է մտածի այն մասին, թե ինչպես կարող է նպաստել հայրենիքի  զարգացմանը: Դրանք վերամբարձ խոսքեր չեն: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է ավելացնի իր  գիտելիքները` դրանք ներդնելով տարբեր ոլորտներում, նպաստելով դրանց զարգացմանը: Արդեն մի քանի տարի է, ինչ երիտասարդներն ակտիվորեն ներգրավվում են պետական քաղաքականության իրականացման գործում: Այդ դեպքում մենք կունենանք  բարեկեցիկ,  արժանապատիվ երկիր, և մեր երեխաները կունենան  կայուն ապագա:

-Ձեր ամանորյա շնորհավորանքը:

- Սիրով շնորհավորում եմ մեր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ ծնունդը: Երկրին մաղթում եմ խաղաղություն, իսկ մեր ժողովրդին՝ արժանապատիվ և բարեկեցիկ կյանք:

-Ձեր շնորհավորանքը ՙԴե Ֆակտո՚ ամսագրի 5-ամյակի առթիվ:

-Միանում եմ բոլոր շորհավորանքներին: Առաջին հերթին շնորհավորում եմ Մենուա Հարությունյանին, ում համառ ջանքերի և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ` ՙԴե Ֆակտո՚-ն ոչ միայն կայացավ, այլ նաև դարձավ պահանջված ընթերցողի կողմից: Շնորհավորում եմ ամսագրի ողջ անձնակազմին, և որպես ընթերցող` շնորհակալություն եմ հայտնում հետաքրքիր, բազմաբովանդակ և ճաշակով ամսագիր հրատարակելու համար:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի   

«Դե Ֆակտո» N67 (2011թ.)



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...