15:10
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՎԱՆՈՒՇ ԱՄԻՐԱՂՅԱՆ

2016-01-17 23:29

Մեր կատարած աշխատանքների գնահատականը պետք է լինի բնակիչների գոհունակությունը.

 Նոյեմբերյանի քաղաքապետ

«Դե Ֆակտո» N115 (2015թ.)

 Նոյեմբերյան քաղաքը գտնվում է Տավուշի մարզի հյուսիսային մասում: 13-րդ դարի Մշկավանքն ու Սուրբ Սարգիս եկեղեցին, Ղարիչաքար ամրոցը վկայում են, որ այստեղ բնակություն է եղել շատ հին ժամանակներից: 

Նոյեմբերյանն իր պատմության ընթացքում եղել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, Տաշիր-Ձորագետի թագավորության կազմի մեջ, հետո միացվել է Գանձակի ամիրությանը, ապա նաև միացվել է Վիրքին, Ռուսաստանին, իսկ 19-րդ դարում մտնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի մեջ, հետո՝ Լոռի-Փամբակի, իսկ 1938 թվականից արդեն համանուն վարչական շրջանի կենտրոն է դարձել:


Այսօր Նոյեմբերյան քաղաքը աչքի է ընկնում իր զարգացած տնտեսությամբ: Տնտեսության մեջ մեծ դեր ունի գյուղատնտեսությունը, հիմնականում անասնաբուծությունն ու դաշտավարությունը: Իսկ արդյունաբերական տեսանկյունից քաղաքը պակաս աշխույժ չէ. կան արդյունաբերական փոքր արտադրություններ: Արտադրվում է հացամթերք, կաթնամթերք, մակարոնեղեն, զովացուցիչ ջրեր և շինարարական տարբեր տեսակի իրեր:


Նոյեմբերյանն առանձնանում է սպորտի հանդեպ հետաքրքրություններով, տարածված մարզաձևերն են ըմբշամարտը, վոլեյբոլը, արևելյան մարտարվեստի տարբեր ոճերը, շախմատը և այլն:
Բնակչությունը թիվը հասնում է 6500-ի:

-Պարո՛ն Ամիրաղյան, շուրջ 8 տարի է Նոյեմբերյանի քաղաքապետն եք: Մեծ վստահություն ու հեղինակություն ունեք բնակչության շրջանում, այս տարիների ընթացքում ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել:


-Այս տարիները մեր քաղաքի համար եղել են վերելքի տարիներ: Տեղյակ լինելով քաղաքի հիմնախնդիրներին՝ առաջնահերթ զբաղվել եմ դրանց լուծման ուղղությամբ: Կատարված աշխատանքների արդյունքն այն է, որ այսօր մեր քաղաքն ունի 24 ժամյա ջրամատակարարում, նաև նշեմ, որ այս պահին ընթանում է նախկինում գոյություն ունեցող ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքները և հուսով եմ, որ մեկ տարի անց Նոյեմբերյան քաղաքը կունենա ոռոգման համակարգ: Այս ընթացքում վերանորոգել ենք ինը բազմաբնակարանային շենքերի տանիքներ, դեռ տասն էլ ունենք վերանորոգելու:
Մեծ ձեռքբերում կարող եմ համարել գիշերային լուսավորության ցանցի վերականգման և ընդլայնման աշխատանքները: Այսօր ունենք մոտ 95% գիշերային լուսավորություն:
Մեր կատարած աշխատանքների գնահատականը պետք է լինի բնակիչների գոհունակությունը և հենց բնակիչների գոհունակ խոսքեր են, որ մեզ ոգևորում են:


-Ինչպիսի՞ն է բնակիչների սոցիալական վիճակն այսօր: Ի՞նչ խնդիրներ ունեն քաղաքացիները սոցիալական ոլորտում:


-Ինչպես բոլոր համայնքներում, մեզ մոտ նույնպես սոցիալական խնդիրներ կան: Յուրաքանչյուր բնակչի, ով դիմում է քաղաքապետարան, փորձում ենք օգնել:
Վերջին տարիներին ոգևորիչ է այն փաստը, որ ծնելիության տոկոսը աճել է: 2010 թվականից ի վեր, յուրաքանչյուր երեխային միանվագ տրամադրում ենք 15.000 դրամ:


-Ինչպե՞ս է լուծվում երիտասարդների զբաղվածության և ժամանցի խնդիրը:


-Կարող եմ ասել, որ այդ հարցը մեր խոցելի թեմաներից է, քանի որ այսօր չկան այնպիսի կենտրոններ, որտեղ երիտասարդները կկարողանան անցկացնել իրենց ազատ ժամանակը: Մշակույթի տան դահլիճում ունենք արդեն բեմադրված թատերական ներկայացումների ցանկ, որոնք, հուսով եմ, ապագայում կունենա իրենց մշտական լսարանը:


-Սահմանային կրակոցները ինչքանո՞վ են վնաս հասցրել Ձեր քաղաքին:


-Արդեն 23 տարի էր Նոյեմբերյան քաղաքը ռմբակոծության չէր ենթարկվել, սակայն սեպտեմբեր ամսին մեր քաղաքը ևս անմաս չմնաց հակառակորդի գնդակներից: Բարեբախտաբար մարդկային զոհեր և ավերվածություններ չունեցանք:


-Պարո՛ն Ամիրաղյան, այս տարի «Դե Ֆակտո» ամսագրի կողմից ՀՀ Տավուշի մարզպետը ճանաչվել է «2015-ի Տարվա մարզպետ», կխնդրեի Ձեր կարծիքը հայտնեք Հովիկ Աբովյանի գործունեության վերաբերյալ:


-Հովիկ Աբովյանի գործունեությունը, որպես մարզպետ, կգնահատեմ գերազանց: Երկու ամիսը մեկ այցելելում է Նոյեմբերյան քաղաք, ծանոթանում բնակիչների խնդիրներին և բոլորին համապատասխան աջակցություն ցուցաբերում:

 


Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...