04:08
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2016-01-16 01:07

 «Եթե դրախտում լինեին անտառներ, լեռներ և հանքային ջրեր, դրախտը նման կլիներ Դիլիջանին»

                                                                                                                                                                            Յու. Կիրիլովա

 

«Դե Ֆակտո» N115 (2015թ.)

Դիլիջանը հանքային աղբյուրների, սաղարթախիտ անտառների, մեղմ կլիմայի և օդի հարաբերական բարձր խոնավությամբ առողջարանային քաղաք է, այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` Աղստև գետի ափին: 1958 թ.-ին, քաղաքի և նրա շրջակայքում տարածվող անտառների, հիանալի, հրաշք բնության շնորհիվ ստեղծվել է հանրապետության արգելանոցներից մեկը՝ Դիլիջանի արգելանոցը, որի բազայի վրա 2002թ. կազմավորվել է «Դիլիջան» ազգային պարկը:
Դիլիջան քաղաքային համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի նվիրյալ աշխատանքի շնորհիվ տարեց տարի քաղաքում ստեղծվում են մնայուն շինություններ, զարգանում է կրթա-մշակութային կյանքը:
Եթե 10 տարի առաջ այստեղ գրեթե անհնար էր գտնել 4-5 աստղանի հյուրանոցներ, գիշերատներ և մշակութային այլ հաստատություններ, ապա այսօր Դիլիջանում առկա է ցանկացած պայման թե՛ զբոսաշրջիկների, թե՛ բնակիչների համար: Տարեկան 300.000 զբոսաշրջիկ է այցելում Դիլիջան՝ հմայվելու դրախտային բնությամբ:


«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում ներկայացնում ենք Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ մեր զրույցը:

-Պարո՛ն Սանթրոսյան, այս տարի լրանում է Ձեր պաշտոնավարման 10-րդ տարին, որի առթիվ շնորհավորում ենք. այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են կատարվել համայնքում:


-Շնորհակալություն: Մեկ տասնամյակ առաջ ստանձնելով քաղաքի ղեկավարությունը, ի սկզբանե, իմ առջև նպատակ դրեցի քաղաքը դարձնել այնպիսի մի վայր, որտեղ բնակիչները կապրեն անհոգ ու չեն ունենա որևէ դժվարություն:
Քաղաքի համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից էր սողանքները, որն արդեն կարող ենք կարգավորված համարել:
Մոտ մեկուկես կիլոմետր, քաղաքի սողանքային հատվածում, դրվել է դրենաժային թունելներ, որով հեռացվում է հակասողանքային ջրերը: Այս տարիներին քաղաքապետարանը շատ մեծ ուշադրություն է դարձրել բազմաբնակարանային շենքերի վերանորոգմանը: Մոտավորապես 70 բարձրահարկ շենքերի շքամուտքեր են վերանորոգվել: Ջրագծերի բարելավման աշխատանքներ ենք կատարել, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում: Այսօր քաղաքն ունի 24 ժամյա ջրամատակարարում:
Այդ տարիներին մեզ հաջողվեց համայնքի միջոցներով կառուցել երկրագիտական թանգարան-պատկերասրահի նոր շենքը և քաղաքային ամֆիթատրոնը:
Մեզ համար շատ մեծ ձեռքբերում էր Կենտրոնական բանկի չորս վարչությունների աշխատակիցների, մոտ 100 ընտանիքների տեղափոխումը Դիլիջան: Դա փոխեց բնակիչների առօրյան և կենսակերպը: Նշեմ նաև, որ Կենտրոնական բանկի միջոցներով քաղաքում կառուցվել են գիշերատներ, հյուրանոցներ և մանկապարտեզ: Ստեղծվել են էլեկտրոնային գրադարան, օտար լեզուների ուսուցման կենտրոն:
Արդեն երեք տարի է մեզ մոտ գործում է «Թումո» կենտրոնը, որտեղ սովորում են շուրջ 300 երեխա, քաղաքում գործում է նաև «Այբ» դպրոցը, որտեղ սովորում են 130 երեխա, նրանցից 90-ը Դիլիջան քաղաքից են: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, ում շնորհիվ մեր քաղաքն էլ ավելի զարգացավ և հզորացավ:
Այսօր արդեն ունենք քաղաքի զարգացման հիմնադրամ, որը զբաղվում է քաղաքի նոր հատակագծի ստեղծման աշխատանքներով:
Հարկ է նշել, որ Դիլիջան քաղաքում ներդրումների խրախուսման համար ընդունվել է օրենք, որով հարկերից ազատվում է յուրաքանչյուր գործարար, ով երկու միլիարդ դրամի և ավելի ներդրում է կատարում քաղաքում: Այդ օրենքով կանոնակարգվում է նաև քաղաքաշինական գործունեությունը:
Շնորհիվ պարոն Քուշկյանի ունենք «Տավուշ» և «Դիլիջան» բժշկական կենտրոնները, որտեղ ամեն շաբաթ Երևանից այցելում են լավագույն մասնագիտացված բժիշկները հետազոտելու և բուժելու մեր հիվանդներին:

-Խոսելով կրթական ծրագրերից, կցանկանայի իմանալ, ի՞նչ հեռանկարներ տվեց քաղաքին Միջազգային դպրոցը (UWC Dilijan):


-UWC Դիլիջան քոլեջը մեզ մոտ բացվեց 2014 թվականին, բարեգործներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և Գագիկ Ադիբեկյանի հովանավորությամբ: UWC Դիլիջան քոլեջը հետխորհրդային տարածքում UWC կրթական ցանցի առաջին միջազգային քոլեջն է և հյուրընկալել է 63 երկրներից՝ Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից 190 աշակերտի:
Այն մեր քաղաքին հնարավորություն տվեց բարելավելու սոցիալ-տնտեսական վիճակը, ապահովել քաղաքի բնապահպանական կայուն զարգացումը և հնարավորություն տվեց իրականացնելու լայնածավալ սոցիալական ծրագրեր:

-Որքա՞ն է Դիլիջանի բնակչության թիվը և ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:


-Բնակչության թիվը 18700 է: Քանի որ Դիլիջանը նաև առողջարանային կենտրոն է և զբոսաշրջիկների հոսքը գերակշռում է այստեղ, բնակիչները բացի հիմնական զբաղմունքից, աշխատում են նաև զբոսաշրջիկների սպասարկման ոլորտում: Ունենք բնակիչներ, ովքեր իրենց բնակարանները տրամադրում են զբոսաշրջիկներին:


-Պարո՛ն Սանթրոսյան, ինչպիսի՞ն է մարզպետարան-քաղաքապետարան կապը:


-Համագործակցությունը միշտ կա, անցյալ տարի մարզպետարանի հետ համատեղ հրատապ ծրագրով իրականացրել ենք կամուրջների վերանորոգման աշխատանքներ: Յուրաքանչյուր խնդրին մարզպետարանը միշտ պատրաստակամ աջակցում է:

 

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...