15:33
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վարդան Ղալումյան

2016-01-14 23:55

Գիտակ եւ հմուտ ղեկավարը` Իջեւանի նորօրյա զարգացման գրավական

«Դե Ֆակտո» N115 (2015թ.)

Իջևան կոչվող քաղաք-պարտեզն իր զարգացման ուղին կերտում է կայուն արժեքների ստեղծման և պահպանման հիմքի վրա: Քաղաքը գեղեցկանում է, բարեկարգվում, կանաչապատվում, աշխուժանում է հոգևոր-մշակութային կյանքը, դրական տեղաշարժեր են կատարվում դպրոցներում, մանկապարտեզներում` միտված երեխաների գեղեցիկ մանկության կազմակերպմանը, վերականգնվում են պատմամշակութային արժեքները, զարկ է տրվում տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև զարգանում է փոքր և միջին բիզնեսը` աշխատատեղերով ապահովելով Իջևանի ազգաբնակչությանը: Այս ամենը շատ կարճ ժամանակահատվածում ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքային համայնքի նվիրյալ ղեկավար Վարդան Ղալումյանի աշխատանքի շնորհիվ:

-Պարո՛ն Ղալումյան, 2015թ. Դուք վերընտրվեցիք Իջևան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնում, ինչի առիթով շնորհավորում ենք Ձեզ: Ի՞նչ ծրագրեր է հաջողվել իրականացնել աշխատանքային չորս տարիների ընթացքում:


-Երբ ես ստանձնեցի Իջևանի քաղաքապետի պաշտոնը, քաղաքը խնդրաշատ էր, անելիքներ շատ կային և ես, ժամանակ չկորցնելով, սկսեցի ամենացավոտ խնդիրներից: Առաջնային կարևորություն ունեին բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների վերանորոգման, բակերի և ներքաղաքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Իմ պաշտոնավարման առաջին տարիներին վերանորոգվեցին 7 բազմաբնակարան շենքերի տանիքները, դրան զուգահեռ` բնակիչներին բաժանվեց 10 հազար ազբոշիֆեր, որպեսզի նրանք իրենց տանիքները մասամբ վերանորոգեն, մինչև մենք կկարողանանք հիմնանորոգման աշխատանքներ կատարել:
Իջևան քաղաքում կա 22 բարձրահարկ շենք, որոնց վերելակներից միայն 6-ն էին աշխատում: Աշխատանքային առաջին տարում ես ձեռնամուխ եղա այդ հարցը կարգավորելուն. բոլոր շենքերի վերելակները վերանորոգվեցին և հանձնվեցին բնակիչների շահագործմանը:


Երեխաների համար բակային կյանքն առավել հետաքրքիր դարձնելու համար կառուցվեց 3 խաղահրապարակ, բակերում տեղադրվեցին խաղասարքեր, իսկ Իջևանի կենտրոնական զբոսայգում խաղասարքերից զատ` տեղադրվեցին Ուկրաինայից բերված մարզասարքեր, որոնք մեր քաղաքին նվիրեցին ուկրաինաբնակ իջևանցի գործարարներ Անդրանիկ և Ֆրունզե Ղազարյանները:
Իջևանի քաղաքային զբոսայգում կա արհեստական լիճ, որը վերջին 15-20 տարիներին չէր ծառայում քաղաքի բնակիչներին: Մեր գործադրած ջանքերի շնորհիվ այն հիմնանորոգվել է և ամռանը երեխաների համար ծառայում է որպես լողավազան, որի սանիտարահիգիենիկ պայմաններն ամենօրյա վերահսկողության տակ են:


Իրականացվել են ճանապարհների, մայթերի, աստիճանների բարեկարգման աշխատանքներ: Քաղաքի բոլոր կենտրոնական մայթերը սալիկապատվել են և ասֆալտապատվել, կենտրոնական հատվածներում լուսավորություն է անցկացվել, հին լուսատուները փոխարինել ենք նոր` էներգախնայող լուսատուներով: Ասֆալտապատվել է Ազատամարտիկների փողոցը և հրապարակը, դեպի Սարիբեկ Օհանյան փողոց տանող ճանապարհահատվածը, ինչպես նաև դեպի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տանող ճանապարհահատվածը: Բարեկարգման աշխատանքներ են կատարվել Բլբուլյան և Մետաղագործների փողոցներում: Բետոնապատվել է Թավրիզյան փողոցը, որով մեքենաները չէին կարողանում բարձրանալ, Չարենցի և դրա հարակից փողոցը: Քաղաքի բոլոր ծայրամասային փողոցներում կատարվել են խճապատման աշխատանքներ: Բետոնապատվել են մանկապարտեզների աստիճանները:
Ամենածավալուն աշխատանքներից էր գունաերաժշտական շատրվանների և դրանց շրջակայքի հիմնանորոգումը, ինչը նույնպես բավականին ծախսատար էր:
Ամբողջությամբ վերանորոգվել են քաղաքի հարավային և հյուսիսային մուտքերը, որոնք զարդարված են դարբնի ձեռագործ աշխատանքներով, լուսավորված են և իրենց գեղեցկությամբ հիացնում են Իջևան քաղաք այցելող հյուրերին: Բավականին մեծ գումար` մոտ 25 մլն. դրամ է ծախսվել այդ աշխատանքներն իրականացնելու համար:


Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Իջևան քաղաքի ջրամատակարարման համակարգն արդիականացնելուն ուղղված: Մասնավորապես` արդիականացվել է ջրամատակարարման ներքին ցանցը, նորացվել են ջրագծերը, ինչը թույլ է տալիս քաղաքն ապահովել 18-ժամյա ջրամատակարարմամբ: Իսկ մինչ այդ` հին, քայքայված ներքին ցանցի պարագայում, հաճախակի վթարներ էին լինում, երբեմն կոյուղաջրերը խառնվում էին խմելու ջրին: Վերանորոգված և ցանկապատված են նաև քաղաքի ջրամբարները:


Նախկինում Իջևանն ուներ երկու մանկապարտեզ, որոնցում գործում էր ընդամենը 6 խումբ: Իմ պաշտոնավարման տարիներին այդ մանկապարտեզներում վերանորոգվել և կահավորվել են ևս երկուական խմբասենյակներ: Ինչպես նաև որպես համայնքային մանկապարտեզ` սկսել է գործել թիվ 8 մանկապարտեզը, որը մինչ այդ գործում էր ոչպես մասնավոր մանկապարտեզ, որտեղ 35 երեխա էր հաճախում: Այսօր համայնքի թիվ 8 մանկապարտեզում գործում է երեք խումբ, հաճախում է 120 երեխա: Ընդհանուր առմամբ, Իջևան քաղաքի երեք մանկապարտեզներ այսօր հաճախում է շուրջ 450 երեխա` նախկին 300-ի փոխարեն:


1985-1991թթ. Իջևանում տեղի էր ունենում ամենամյա քանդակի միջազգային սիմպոզիում, որը կարճ ժամանակահատվածում մեծ հեղինակություն էր ձեռք բերել ամբողջ ԽՍՀՄ տարածքում և դարձել էր քաղաքի յուրօրինակ խորհրդանիշը: Տեղացի և օտարերկրյա քանդակագործների ստեղծած ավելի քան 100 մեծածավալ քանդակ (հիմնականում տեղադրված քաղաքի զբոսայգում) կերտել էին Իջևանի նոր դեմքը: Վերջին սիմպոզիումից անցել է 22 տարի: Քանդակների մի մասը վնասվել է, մի մասն էլ անհետացել, իսկ հիմնական մասը քաղաքային զբոսայգում անկանոն տեղադրված էր: ՓՄՁ ԶԱԿԻ-ի հետ համատեղ ջանքերով` 30 քանդակ վերանորոգվեց, դրանք վերատեղադրվեցին Վալանսի փողոցի գետափնյա հատվածի երկարությամբ` դառնալով քաղաքի տեսարժան վայրերից մեկը:
Ամբողջությամբ վերանորոգվել է քաղաքի կենտրոնական կամուրջը և լուսավորվել, ինչպես նաև լուսավորվել են քաղաքի մնացած կամուրջները:


-Քաղաքի մշակութային, սպորտային կյանքն ակտիվացնելուն ուղղված ի՞նչ աշխատանքներ են կատարվել:


-Մշակութային կյանքում նույնպես բավականին աշխատանքներ են կատարվել` քաղաքն ապահովելով տոնական համերգներով ու միջոցառումներով: Կահավորվել է քաղաքի մշակույթի տունը, հագեցվել է տեխնիկական սարքերով, բեմական զգեստներով: Հաճախակի կազմակերպվող միջոցառումների ընթացքում մեր երեխաները հանդես են գալիս գեղեցիկ կատարումներով, իսկ հանդիսատեսի համար միջոցառումն առավել դիտարժան է դարձնում թեմատիկ կադրերի, ֆիլմերի ցուցադրության հնարավորությունը:
Սպորտային կյանքում նույնպես աշխատանքներ են իրականացվել: Իջևանի թիվ 1 հանրակրթական դպրոցում բացվել է օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզասրահ: Վերանորոգված մարզասրահում տեղադրվել է բռնցքամարտի պրոֆեսիոնալ ռինգ:
Բացել ենք նաև ձեռնամարտի խմբակ, որը նոր մարզաձև է մեր քաղաքի համար: Կառուցել ենք մեկ ֆուտբոլի դաշտ, ավելացրել ենք մարզիչների թիվը:


-Կանաչապատման աշխատանքներ իրականացվե՞լ են քաղաքում:


-Այո, իհարկե, Իջևան քաղաքում իրականացվել են կանաչապատման մեծածավալ աշխատանքներ: Միայն վերջին երկու տարվա ընթացքում տնկվել են 3.000 տարատեսակ թփեր, 1.500 ծառ, շուրջ 10.000 տարբեր տեսակի ծաղիկներ, 45 արմավենի և մոտ 100 տեսակ մշտադալար բույսեր: Քաղաքի կենտրոնում տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ և ծաղկամաններ: Իզուր չէ, որ Իջևանն արժանացել է «Տարվա լավագույն կանաչապատ համայնք» անվանակարգի հատուկ մրցանակի:


-Դուք ևս` որպես քաղաքապետ, արժանացել եք բարձր գնահատականների... Ի՞նչ կարևորություն ունեն դրանք Ձեզ համար:


-Այո, «Անալիտիկ» կենտրոնի և «Պառլամենտ» ամսագրի կողմից ճանաչվել եմ «Տարվա լավագույն քաղաքապետ», ինչպես նաև իմ աշխատանքային տարիների ընթացքում ստացել եմ բազում շնորհակալագրեր և մեդալներ: Այդ գնահատականները ոգևորություն են մտցնում աշխատանքային առօրյայում, դրական լիցքեր հաղորդում և մղում արդյունավետ աշխատանքի:


-Իսկապես մեծ աշխատանք է կատարվել քաղաքում, իսկ բնակիչների ժամանցը կազմակերպելուն ուղղված` ի՞նչ քայլեր են ձեռնարկվել:


-Այդ մասին ևս մտածել ենք: Մենք նախագծեր ենք կազմել և առաջարկել քաղաքի ՍՊԸ-ների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք քաղաքի տարբեր հատվածներում սրճարաններ կառուցեն, երեխաների համար խաղասարքեր տեղադրեն, որպեսզի քաղաքի բնակիչները կարողանան իրենց ընտանեկան ժամանցը կազմակերպել քաղաքում:


-Որքա՞ն է Իջևանի բնակչության թիվը և ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:


-Բնակչության թիվը 20.500 է: Իջևան քաղաքը մարզկենտրոն է, որտեղ տեղակայված են մարզային բոլոր հիմնական կառույցները, հիմնարկ-ձեռնարկությունները, որոնցում մեծամասամբ աշխատում են մեր քաղաքի բնակիչները:


-Տնտեսության ո՞ր ճյուղերն են զարգանում այստեղ:


-Քաղաքում գործում են շինարարական կազմակերպություններ, պահածոների, հացի, լիմոնադի արտադրություն, առևտրի սրահներ, գինու գործարան, որն ընդլայնվել է, և ունի նաև կոնյակի, օղու արտադրություն: Մեր քաղաքում զարգանում է նաև փայտամշակումը: Պետք է նշեմ, որ բնակչության շուրջ 80 տոկոսը ապահովված է աշխատանքով:


-Բնակիչներին ընդունելության օրեր ունե՞ք:


-Ես մեր քաղաքի բնակչության հետ անընդհատ շփման մեջ եմ, քաղաքապետարանի դռները բաց են նրանց առջև, և ես պատրաստակամ եմ ամեն օր լսելու յուրաքանչյուրին: Իմ հեռախոսահամարը բոլորը գիտեն, նաև զանգերի միջոցով են դիմում ինձ տարբեր խնդիրներով:


-Պարո՛ն Ղալումյան, ինչպե՞ս կբնութագրեք իջևանցուն:


-Իջևանցին մեղմ, բարի, հյուրասեր, համբերատար, աշխատասեր, ազնիվ, անկեղծ անձնավորություն է: Իջևանցու հոգին շատ մաքուր է, պարզ, ուր կարելի է գտնել մարդկային ամենալավ հատկանիշերը:

 


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...