23:11
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆ

2016-01-09 10:31

Հայ երիտասարդը` պետական քաղաքականության կենտրոնում

 

 «Դե Ֆակտո» N115 (2015թ.)

Երիտասարդների ներուժը երկրի զարգացման և հզորացման կարևորագույն ռեսուրսներից է: Երիտասարդության արժեքային համակարգը, ինտելեկտուալ հնարավորությունները, հասարակական ակտիվությունն ու իրավագիտակցության մակարդակը և առհասարակ երիտասարդի կերպարը յուրօրինակ հայելի են, որում կարելի է տեսնել պետության ապագան: Եվ որպեսզի հայ երիտասարդն ամուր կանգնած լինի իր հողի վրա և իր բոլոր ռեսուրսները ներդնի հայրենիքի զարգացման գործում, պետք է իրեն երկրի տերը զգա, ակտիվորեն մասնակցի նրա ապագայի կերտման ծրագրերին, իսկ ամենակարևորը՝ սեփական տանիքն ունենա հայրենիքում:

ՀՀ նախագահն ու Կառավարությունն ամեն ջանք գործադրում են, որպեսզի հայ երիտասարդն իր ընտանիքով ապրի ու արարի հայրենի երկրում:


Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի հետ:

-Պարո՛ն Քարամյան, 2015 թվականը մոտենում է ավարտին, կխնդրեմ՝ ամփոփե՛ք տարին` մատնանշելով ձեռքբերումները, և մի փոքր մանրամասնեք, թե պետական երիտասարդական քաղաքականության շրջանակում ի՞նչ ծրագրեր են իրականացվել ընթացիկ տարում:


-2015 թվականը ստեղծագործական աշխատանքի տարի էր այն առումով, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում ձեռնամուխ եղավ մի շարք սկզբունքային և նորարարական մոտեցումների կիրառմանը: Մասնավորապես, երիտասարդական պետական քաղաքականության մշակման շրջանակում երիտասարդության մասնակցային գործընթացների խթանման և ինստիտուցիոնալ հիմքերի զարգացման նպատակով մշակվեց և ՀՀ Կառավարության հավանությանն արժանացավ «Երիտասարդական աշխատողի ինստիտուտի կանոնակարգը»: Այդ ինստիտուտի ներդրման համար երկրի ներսում կատարել ենք որոշակի հետազոտություններ, ուսումնասիրել ենք միջազգային փորձը և զարգացած երկրներում երիտասարդական աշխատողների ինստիտուտի կայացման նախադրյալները և ուղիները: Սա կարևոր համակարգային նախաձեռնություն է, որի արդյունավետությունն առավել զգալի կլինի 2016 թվականին:
2015 թվականին ակտիվորեն շարունակվել են միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները: Երիտասարդության ոլորտում փորձի փոխանակման նպատակով անցկացվել է հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովը, որի հիմնական նպատակն էր երիտասարդական քաղաքականության ոլորտում ամրապնդել հայ-ռուսական համագործակցությունը: Ծրագիրը պարբերական բնույթ է կրելու, տարեկան մեկ անգամ կազմակերպվելու են փոխայցեր: Երկրորդ համաժողովը 2016 թվականին գումարվելու է Մոսկվայում:
Մեծ հետաքրքրություն առաջացրեց «Հավասար աշխարհ ունենալը հնարավոր է» երիտասարդական միջազգային խորհրդաժողովը, որի հիմնական նպատակն էր աշխարհի շուրջ 100 երկրներից ժամանած պատվիրակությունների ավելի քան 300 օտարազգի երիտասարդների ուշադրությունը հրավիրել մարդկության առաջ ծառացած գլոբալ մարտահրավերներին և նրանց ներուժը ներդնել դրանց հաղթահարման համար:
Ընթացիկ տարում երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով իրականացվել է «Գիտություն և ինովացիա-2015» միջազգային երիտասարդական գիտաժողովը, որի հիմնական նպատակն էր աշխատանքային հարթակ ստեղծել երիտասարդ գիտնականների գիտական հետազոտությունների նորագույն ձեռքբերումների և կիրառական արդյունքների ներկայացման, գիտության տարբեր բնագավառներում տարաբնույթ հիմնահարցերի քննարկման համար և աջակցել գիտական կապերի ամրապնդմանն ու գիտական արդյունքների առևտրայնացմանը: Գիտաժողովին մասնակցեցին գիտության տարբեր ճյուղերի հայ և արտասահմանցի երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, ուսանողներ, գիտական, կրթական ոլորտի և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեությանն աջակցելու և երիտասարդության մասնակցությունը խթանելու նպատակով առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով ընթացիկ տարում տրամադրվել է 41 դրամաշնորհ:
2015 թվականին շարունակվել են հաջողությամբ իրականացվել ՀՀ նախագահի և Կառավարության` երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրերը, որոնք նշանակալի խնդիր են լուծում երիտասարդ ընտանիքների կյանքում:


-Կարևոր է նաև «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը: Խնդրում եմ՝ մանրամասն ներկայացրե՛ք ծրագրի նպատակը, արդյունքները:


-«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության տարածքային համաչափ զարգացումը, ավելի մարզակենտրոն դարձնել երիտասարդական պետական քաղաքականությունը և նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների զարգացմանը:
Սկզբում երիտասարդական մայրաքաղաքի ընտրությունն իրականացվում էր էլեկտրոնային քվեարկության միջոցով, որը հետագայում փոխարինվեց կարճ հաղորդագրության միջոցով քվեարկության, ինչն առավել թափանցիկ է, ճշգրիտ ներկայացնում է իրական արդյունքները և զերծ է որևէ միջամտությունից:
2015 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն էր, որտեղ ամբողջ տարվա ընթացքում իրականացվեցին երիտասարդական մի շարք կարևոր միջոցառումներ և նախաձեռնություններ: Ստեփանավանում երիտասարդական ծրագրեր իրականացնելու նպատակով մեր կողմից rայս տարի տրամադրվել են 11 դրամաշնորհներ, իսկ ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 50284480 ՀՀ դրամ:
Այս համատեքստում կարևոր է հասկանալ, որ մարզերում երիտասարդների համար պետք է ստեղծվեն ժամանակակից, ընկալելի պայմաններ, որպեսզի երիտասարդությունն ապրի և արարի իր ծննդավայրում, ունենա իր ժամանցն անցկացնելու հնարավորություն և զբաղվածությամբ ապահովված լինելու կարողություն: Կարծում եմ՝ այս ծրագիրն այդ նպատակին հասնելու բավականաչափ արդյունավետ օրինակ է: Վստահ եմ, որ և՛ Ստեփանավանը, և՛ Սիսիանը շահել են այս ծրագրից. ակտիվացել են երիտասարդները` իրենց զգալով պետական երիտասարդական քաղաքականության կենտրոնում:
2016 թվականին Ստեփանավանին հաջորդելու է Գյումրին: Շուտով մենք Ստեփանավանում կունենանք փակման գեղեցիկ արարողություն և երիտասարդական մայրաքաղաքի բանալիները հանդիսավորությամբ կհանձնենք Գյումրի քաղաքին:

-Եկե՛ք խոսենք ՀՀ նախագահի հովանու ներքո և Կառավարության կողմից իրականացվող երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրերի մասին: Երիտասարդ ընտանիքներին ի՞նչ հնարավորություն են ընձեռում այդ ծրագրերը:


-Նախ հարկ է նկատել, որ այդ ծրագրերը երիտասարդ ընտանիքների համար իրենց սեփական տանիքն ունենալու եզակի հնարավորություն են: Նմանօրինակ նախաձեռնություն չկա նախկին հետխորհրդային և ոչ մի հանրապետությունում: 

Ամեն ինչ սկսվեց 2008 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի մեկնարկից, որը նախատիպ դարձավ, որպեսզի 2010 թվականից ՀՀ կառավարությունը փոքր-ինչ այլ ձևաչափով իրականացնի համանման ծրագիր: 

Ըստ Կառավարության ծրագրի` երիտասարդ ընտանիքին տրամադրվում է մատչելի վարկավորում (Երևան քաղաքում՝ տարեկան 8%, մարզերում` տարեկան 6% տոկոսադրույքով), որպեսզի վերջինս երկրորդային շուկայից տուն գնելու հնարավորություն ունենա:
Նախագահի հովանու ներքո իրականացվող բնակարանաշինական ծրագրով երիտասարդ ընտանիքների համար կառուցվում են բազմաբնակարան շենքեր, և այդ շենքերում բնակարան գնելու համար տրամադրվում է էժան վարկային գործիք՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով: Առայսօր մեր իրականության մեջ չկա որևէ այլ ծրագիր, որն իր նպատակային արդյունավետությամբ համեմատվի այս ծրագրի հետ:
Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել Երևանի պետական համալսարանի երիտասարդ դասախոսների և գիտաշխատողների համար, սակայն Նախագահի հանձնարարությամբ ծրագրերը հետագայում դարձել են առավել համընդգրկուն՝ դրանցում մասնակցելու հնարավորություն ընձեռելով երիտասարդ դասախոսներին, գիտնականներին, մանկավարժներին, մարզիկներին, լրագրողներին, բժիշկներին, ՏՏ ոլորտի մասնագետներին, հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներին, պետական ծառայողներին, ստեղծագործողներին և այլն:

Բնակարանների հատկացումը մշտապես կատարվել է հրապարակային վիճակահանության միջոցով, ինչն առայսօր որևէ խնդիր կամ դժգոհություն չի հարուցել:


-Երևանի ո՞ր հատվածներում են կառուցվում բնակելի շենքերը, ինչպիսի՞ն է պահանջարկը, քանի՞ բնակարան է մինչ այսօր հանձնվել շահագործման:


-Բազմաբնակարան շենքերը կառուցվում են Երևանի Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Դեռևս ունենք շուրջ 500 չբավարարված դիմումներ: Հաշված օրեր անց կմեկնարկի հերթական շենքի շինարարությունը, որը կբավարարի ևս 136 ընտանիքի բնակարանային պահանջարկը: Ընդհանրապես այս ծրագրերը երբևէ պահանջարկի խնդիր չեն ունեցել: Տարվա ընթացքում մոտավորապես 400 երիտասարդ վճարունակ շահառուներ ենք ունենում, որոնց ընդգրկում ենք մեր բնակարանաշինական ծրագրերում: Օրենքում վճարված եկամտային հարկի հաշվին վարկի տոկոսադրույքը փոխհատուցելու վերաբերյալ կատարված փոփոխությունից հետո էլ բնակարան ցանկացող երիտասարդների թիվը մի քանի անգամ աճել է:
Այս պահի դրությամբ շուրջ 1050 բնակարան արդեն հանձնել ենք շահագործման: Գարնանը կհանձնենք 490 բնակարաններ, իսկ առաջիկա երկու տարիներին` ևս 270 բնակարաններ: Արդյունքում 2 տարի հետո կունենանք շահագործման հանձնված ավելի քան 1800 բնակարաններ»:


-Ի՞նչ պայմաններ են առաջարկվում «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի շրջանակում, ովքե՞ր կարող են օգտվել դրանից:


-2009 թվականին երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրի լուծմանն աջակցելու նպատակով Ֆինանսների նախարարության հետ մշակեցինք ծրագիր, որը Կառավարության հավանությանն արժանացավ 2010 թ. հունվարի 29-ին: Դա «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագիրն էր, որի շրջանակում նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին մատչելի տոկոսադրույքով ֆինանսական միջոցներ տրամադրել` երկրորդային շուկայից բնակարան գնելու համար:
Այս ծրագրով մենք ունենք հստակ մարզային ուղղորդում: Դա է պատճառը, որ մարզաբնակ երիտասարդների դեպքում ծրագրով նախատեսված 8% տարեկան տոկոսադրույքի փոխարեն սահմանվել է տարեկան 6% տոկոսադրույք: Ծրագիրը սպասարկում են 12 բանկեր ու վարկային կազմակերպություններ:
Ծրագրի շահառուներն այն վարկունակ երիտասարդ ընտանիքներն են, որոնց դեպքում ամուսինների հանրագումարային տարիքը չի գերազանցում 65-ը, և նրանք ունեն երեխաներ:
Ծրագրում հատկապես ակտիվորեն են ներգրավված Երևանն ու մերձակա մարզերը՝ Արմավիրը, Արարատը, Կոտայքը, ավելի քիչ` Սյունիքն ու Վայոց ձորը:
Իհարկե, հասկանալի է, որ մեր երկրում կան սոցիալ-տնտեսական բազմաբնույթ խնդիրներ (զբաղվածության, ցածր եկամուտների և այլն), բայց ուզում եմ, որ մեր երիտասարդները հավատան վաղվա օրվան և վստահ լինեն, որ այդ խնդիրներն էլ վաղ թե ուշ լուծվելու են: Պետք է լավատես լինել:


-Պարո՛ն Քարամյան, 2015 թ. Դուք ընտրվեցիք Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնում, ի՞նչ անելիքներ եք տեսնում բուհում:


- Ինքս` որպես կրթության ոլորտի նախկին աշխատակից, հստակ պատկերացումներ ունեմ բարձրագույն կրթության կազմակերպման գործի ու զարգացման հեռանկարի մասին և այդ առումով շատ ծրագրեր ու գաղափարներ ունեմ: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ունի ավանդույթներ, ձևավորված հաճելի մթնոլորտ, ներդաշնակ փոխհարաբերություններ, որոնք կարևոր նախապայմաններ են արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար:
Շատ եմ կարևորում բուհի շրջանավարտների պրակտիկ ներգրավվածությունը հանրային կյանքի այն ոլորտներում, որոնցում բուհի տված կրթությունը պահանջարկ է ներկայացնում: Այդ համատեքստում իմ ուշադրության կենտրոնում է լինելու սպորտային հոգեբանության զարգացումը, քանի որ այդ մասնագիտացումն այսօր մեր հանրապետությունում կաղում է: Պատահական չէ, որ թիմային բոլոր մարզաձևերում մենք խնդիր ունենք, զիջում ենք ոչ թե տեխնիկապես, այլ հոգեբանական պատրաստվածությամբ:
Բուհն ունի ենթակառուցվածքների զարգացման և շենքային պայմանների բարելավման խնդիրներ, որոնք փորձում ենք լուծել: Պետք է ուրախությամբ նշեմ, որ 2015 թվականին ինձ հաջողվեց մասնավոր սեկտորի կողմից ֆինանսական միջոցներ նեգրավել, ինչի շնորհիվ վերանորոգվեց և տեխնիկապես կահավորվեց շուրջ 600 քմ մակերեսով լսարանային ֆոնդ: Այդ աշխատանքների համար ծախսվեց շուրջ 20 մլն դրամ, իսկ կահավորման համար` 3 մլն դրամ:
2016 թվականին մենք շարունակելու ենք այդ մոտեցումը և ձգտելու ենք վերանորոգել նվազագույնը ևս մեկ հարկաբաժին:


- 2016 թվականի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:


- Շարունակելու ենք մեր հիմնական ծրագրերի ընթացքը, մեծ ուշադրություն ենք դարձնելու երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը, որն անկյունաքարային նշանակություն ունի: Երիտասարդները պետք է ավելի շատ հնարավորություններ ունենան մասնակցելու այն որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են իրենց խնդիրներին: Այս ձևաչափը լավագույն տարբերակն է, որպեսզի խնդիրները լինեն ավելի իրական, իսկ դրանց ուղղված ծրագրերը՝ առավել արդյունավետ և հասցեական:


- Ինչպիսի՞ տոն է Ձեզ համար Ամանորը, ի՞նչ խորհուրդ ունի, և ինչպե՞ս եք այն տոնում: Ձեր ամանորյա բարեմաղթանքը…


- Ամանորը նվիրական երազանքների իրականացման խորհուրդ ունի յուրաքանչյուրիս համար: 2015 թվականն ինձ համար շատ կարևոր տարի էր, քանի որ իմ ընտանիքը համալրում ունեցավ, ծնվեց իմ կրտսեր դուստրը` Սառա Քարամյանը, ով ոչ միայն փոխեց իմ ներաշխարհը, այլև ավելի եռանդուն և հետևողական աշխատելու ուժ ու կորով հաղորդեց, որովհետև իմ փոքրիկը պետք է ապրի ավելի լավ երկրում, քան այսօր մենք ունենք:
Ամանորն անցկացնելու եմ ընտանեկան միջավայրում` կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ: Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ, որ երիտասարդները համակվեն համբերությամբ, լինեն նախաձեռնող և լավատես: Շատ ավելի լավ Հայաստան ունենալու համար մեզ իրականում պակասում են փոքր հաղթանակները, որոնցով ավելի մեծ հաղթանակների ճանապարհին կարող ենք սնել մեր հույսը:

 

Հարցազրույցը`

Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...