20:30
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

2016-02-08 10:00

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՐԱՎԱԿԱՆ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

«Դե Ֆակտո» N115 (2015թ.)

Սահմանադրական բարեփոխումները փոխելով ՀՀ կառավարման համակարգը, այն կդարձնեն ավելի պատասխանատու եւ կառավարելի:

 -Պարո՛ն Հակոբյան, 2015թ. բավականին լարված էր, լի մարտահրավերներով, ամփոփելով այն` ի՞նչ ձեռքբերումներ կնշեք ԱԺ աշխատանքներում:


-2015թ., իսկապես, լարված տարի էր, հատկապես սահմանային միջադեպերը բոլորիս լարվածության մեջ են պահում:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի աշխատանքներին, ապա դրանք ունեցել են բնականոն ընթացք, ինչպես նախորդ տարիներին: Այս տարվա ԱԺ աշխատանքներն առանձնահատուկ էին նրանով, որ քննարկման դրվեց մեր մայր օրենքի` սահմանադրության բարեփոխումների փաթեթը: Քննարկումները բուռն էին, երբեմն կառուցողական, երբեմն` ոչ այդքան, ինչը նույնպես բնական երևույթ եմ համարում: Քաղաքական երկու թևերը հազվադեպ են համակարծիք լինում, և քննարկումների սրությունն անխուսափելի է: Եվ հենց նման թեժ քննարկումների ժամանակ են ծնվում ճշմարիտ գաղափարները:
Ամեն դեպքում, 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոխվեց ՀՀ կառավարման համակարգը:
Կարևորում եմ նաև 2016թ. բյուջեի քննարկումները, որոնց ընթացքում ես 30-ից ավելի առաջարկություններ եմ ներկայացրել իմ ընտրատարածքի համայնքների խնդիրներին առնչվող: Պետք է ավելացնեմ, որ արդեն 7.5 տարի շարունակ բյուջեի ամենամյա քննարկումներին մշտապես ներկայացնում եմ իմ առաջարկությունները` հույս ունենալով, որ պետությունը միջոցներ կգտնի առկա խնդիրները լուծելու համար:


-Ինչպե՞ս կգնահատեք սահմանադրական բարեփոխումները, ի՞նչ առավելություններ և թերություններ կմատնանշեք:


-Ես լիովին համամիտ եմ ՀՀԿ դիրքորոշման հետ, կողմ եմ եղել սահմանադրական բարեփոխումների ընդունմանը, որոնք լիովին կփոխեն ՀՀ կառավարման համակարգը` դարձնելով ավելի պատասխանատու և կառավարելի: Եթե այսօր երկրի դրության միակ պատասխանատուն նախագահն է, ով հաշվետու է ժողովրդին, որը չունի լիազորություն վերահսկելու նախագահի գործունեությունը, ապա նոր սահմանադրության ընդունմամբ` մեծանում է Ազգային ժողովի դերը, և կառավարող է դառնում վարչապետի պաշտոնը, ով հաշվետու է Ազգային ժողովին: ԱԺ-ն կարող է հաշվետվություն պահանջել վարչապետից և ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ յուրաքանչուր խնդրի շուրջ և համապատասխան գնահատական տալ նախագահի աշխատանքին: Սա շատ կարևոր առավելություն եմ համարում, սակայն, այնուամենայնիվ, սահմանադրության կիրառումը միայն ցույց կտա, թե որքանով է այն շահեկան մեր ժողովրդի համար:

-Որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր` ինչպե՞ս կգնահատեք նոր սահմանադրության նախագծի այն դրույթը, որով սահմանվում է հարյուր տոկոսով անցումը համամասնական ընտրակարգին:


-Այդ դրույթի հետ կապված ունեմ վերապահում: Եթե քննարկենք այն քաղաքագիտական հարթության մեջ, ապա ճիշտ է հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգին անցումը, սակայն, Հայաստանի նման երկրում, որտեղ երկրի մայրաքաղաքը և շրջանները համաչափ զարգացած չեն, այլ զարգացման փուլում են, և մարզերում կան բազում խնդիրներ, որոնց հետ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորն անձամբ շփվելու, տեղում լուծումներ գտնելու, ԱԺ ամբիոնից վեր հանելու հնարավորություն ունի, ապա այս դեպքում կապող օղակը, հատկապես շրջանի ժողովրդի հետ, կորում է: Ճիշտ է, մարզպետարանների միջոցով հնարավոր է պահել այն, սակայն, կարծում եմ` ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություն պետք է կատարվի, համաձայն որի` պատասխանատու անձինք կնշանակվեն յուրաքանչյուր մարզի համար, որպեսզի կապը ժողովրդի հետ չկորի: Ես խոսել եմ այդ մասին հեղինակների հետ, հույս ունեմ, որ համապատասխան արձագանք կլինի:

 

Ողջ աշխարհն այսօր ճգնաժամ է ապրում, եւ բնական է, որ մեր տնտեսությունն անմասն չի մնում այդ ազդեցությունից: Հատկապես Ռուսաստանից եկող դրամական հոսքերի կրճատումից տուժում է ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ տնտեսությունը:


-Տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչ է բյուջեի ընդունումը, 2016թ. բյուջեն հաստատված է, ինչպե՞ս կգնահատեք այն, նշեցիք, որ 2016թ. բյուջեին ուղղված առաջարկություններ եք ներկայացրել, կթվե՞ք դրանցից մի քանիսը:


-Ես ընդունում եմ 2016թ. բյուջեին ուղղված քննադատությունները, սակայն, ունեմ վերապահում: Մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհն այսօր ճգնաժամի մեջ է, իսկ մեր տնտեսությունը, մեր ժողովուրդը կապված է աշխարհի հետ, հատկապես` Ռուսաստանի հետ, որը լուրջ ճգնաժամ է ապրում: Եվ դա է պատճառը, որ Ռուսաստանից Հայաստան եկող գումարները կիսով չափ կրճատվել են և քիչ են ծախսվում Հայաստանում: Այդ ամենից տուժում է և՛ հասարակությունը, և՛ պետությունը: Հավատացեք` կառավարությունն առավելագույնն է անում, և այդ առումով` 2016թ. բյուջեն իրատեսական եմ համարում, իսկ քննադատությունները` բարի ցանկությունների դաշտից:
Չմոռանանք նաև, որ մեր երկիրն այսօր կիսապատերազմական վիճակում է, որը նույնպես մեծ ծախսերի խնդիր է առաջացնում, ՀՀ կառավարությունը բավականին մեծ գումարներ է ուղղում սահմանամերձ շրջաններ, որոնք նախատեսված չեն բյուջեով:
Ինչ վերաբերում է իմ առաջարկություններին, ապա դրանք, ինչպես նշեցի, անցնում են 30-ի սահմանը, վերաբերում են իմ ընտրատարածքում առկա մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությանը, ջրամատակարարման համակարգում առկա խնդիրներին և այլն:

ՀՀ կառավարության կողմից տեսանելի քայլեր իրականացվում են ՀՀ բիզնես ոլորտն աշխուժացնելու, տեղական արտադրողին աջակցելու ուղղությամբ:



-Ինչպե՞ս կգնահատեք նոր կառավարության աշխատանքը` հատկապես բիզնես միջավայրին ուղղված:


-Պետք է նշեմ, որ ՀՀ բիզնես ոլորտի համար կարևոր քայլ էր ԵՏՄ անդամ դառնալը, որը մեզ համար առավել հասանելի դարձրեց ռուսական մեծ շուկան: Սակայն մեր բախտը չի բերում այն առումով, որ սահման չունենք Ռուսաստանի հետ, և մեր մեքենաները 4-5 օր մնում են սահմանին` հերթերի մեջ: Փոխարենը` նրանք կարող էին կրկնակի անգամ հատել սահմանը և հետ վերադառնալ: Այդ հարցի շուրջ մենք խոսել ենք վարչապետի հետ, նա այդ հարցը բարձրացրել է ՌԴ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, որոնք խոստացել են մինչև տարվա վերջ լուծել այդ խնդիրը: Հուսանք` նրանց արձագանքը չի ուշանա: Ավտոտրանսպորտով բեռների տեղափոխումը և՛ էժան է, և՛ հարմար:
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության աջակցությանը, ապա կրկին պետք է նշեմ, որ տեսանելի քայլեր արվում են բիզնեսին, տեղական արտադրողին աջակցելու համար: Օրինակ` Դիլիջանում կառուցվում է գարեջրի փոքր գործարան, որի զարգացմանն աջակցելուն միտված քայլ էր ՀՀ կառավարության որոշումը` երկու տարով հետաձգել ԱԱՀ-ի գանձումը սարքավորումներ ներկրելու համար, ինչն, իհարկե, բիզնեսի զարգացման, կայացման համար շահեկան որոշում է: Պետք է նշեմ, որ գործարանը ժամանակակից պահանջներին համապատասխան կառույց է լինելու, սարքավորումների 70 տոկոսն արդեն ներկրված է և մեկ տարվա ընթացքում այն պատրաստ կլինի: Գործարանում կբացվի 60 աշխատատեղ:
Ուզում եմ ավելացնել նաև, որ բիզնեսին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, քանի որ գործարար դաշտն է ապահովում ժողովրդին աշխատատեղերով, վճարում հարկեր` սնելով բյուջեն, որից էլ սնվում է ողջ հանրապետությունը:

 

 Ես ձգտում եմ հաճախ այցելել սահմանամերձ համայնքներ, քանի որ վերջին տարիներին սահմանին անընդհատ կրակոցներ են լինում:



-Ձեր ընտրատարածքում ընդգրկված են սահմանամերձ համայնքներ, ի՞նչ աշխատանքներ են իրականցվել դրանցում, հաճա՞խ եք այցելում Ձեր ընտրատարածք:


-Ազգային ժողովում ես ներկայացնում եմ Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքը, որը ներառում է Իջևան, Դիլիջան, Բերդ քաղաքները և 15 գյուղական համայնքներ` Չինարի, Այգեձոր, Չորաթան, Վերին Կարմիր աղբյուր, Նորաշեն, Արծվաբերդ և այլն: Դրանցում իրականացվել են մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման աշխատանքներ, ջրագծերի անցկացում, լուծվել են համայնքային գլոբալ խնդիրներ:
Արդեն մի քանի տարի է` հայ-ադրբեջանական սահմանը լարված է, հատկապես վտանգավոր գոտում են սահմանամերձ համայնքները: Ես ձգտում եմ հաճախ այցելել այդ համայնքներ, քանի որ վերջին տարիներին սահմանին անընդհատ կրակոցներ են լինում: Սակայն իմ կապը ընտրատարածքիս բնակիչների հետ միայն այցելություններիս միջոցով չի հաստատվում, երեք քաղաքներում ես ունեմ գործող գրասենյակներ, որոնք ընդունում են բնակիչների դիմումները և փոխանցում ինձ: Իմ այցելությունների ժամանակ ես այդ գրասենյակներում ընդունում եմ բնակիչներին: Սովորաբար այցերս չորս օրով են լինում, որոնցից երկու օրն անցկացնում եմ Շամշադինի շրջանում, շրջում բոլոր համայնքներով, և մեկական օր էլ տրամադրում եմ Իջևան և Դիլիջան քաղաքներին: Դիլիջանում ես մեծացել եմ և շատ եմ սիրում այդ քաղաքը, այնտեղ տուն ունեմ, ուր շաբաթական մեկ անգամ այցելում եմ:
Պետք է նշեմ, որ սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեմ, անընդհատ տեղեկանում եմ տիրող իրավիճակի մասին, փորձում աջակցել թշնամու հարվածներից տուժած բնակիչներին, մենակ չթողնել նրանց: Շատ ցավալի էր այն դեպքը, երբ Չինարիի բնակիչներից մեկն անցել էր սահմանը, որին սպանված հետ վերադարձրեցին ընտանիքին: Այդ օրերին ես տուժած ընտանիքի կողքին էի, թշնամին մոտ 800-900 մ. հեռավորության վրա էր: Իսկապես պետք է այնտեղ լինել հասկանալու համար տեղի բնակչությանը: Ես, իհարկե, փորձեցի աջակցել նրանց և՛ նյութապես, և՛ բարոյապես: Հավատացեք, որ այդ տարածաշրջանի ժողովուրդը, չնայած իր սուղ ապրելակերպին, ավելի շատ ջերմության, ուշադրության, լավ վերաբերմունքի պահանջ ունի, քան նյութականի:


-Պարո՛ն Հակոբյան, Դուք ընդգրկված եք ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպե՞ս կգնահատեք հանձնաժողովի աշխատանքները:
-Նախ ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամը լինելու համար, նաև ուրախալի է, որ հանձնաժողովի նախագահը Վարդան Այվազյանն է, ով իր գործի գիտակն է: Նա ակտիվ քննարկումներ է կազմակերպում ցանկացած հարցի շուրջ, որը բարձրացվում է ԱԺ ամբիոնից` թե՛ ընդդիմության և թե՛ իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնց արդյունքում, անհրաժեշտության դեպքում, կատարվում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Ինձ համար իրոք հաճելի է նման մթնոլորտում աշխատելը:


-Պարո՛ն Հակոբյան, մինչև պատգամավորական մանդատը ստանձնելը, Դուք Երևանի գարեջրի գործարանի համասեփականատերն էիք և այսօր էլ շարունակում եք աջակցել գործարանի աշխատանքներին: Վերջերս գործարանին հաջողվեց շահել դատը և խուսափել հարկային մարմինների կողմից սահմանված բավականին մեծ տուգանքի վճարումից: Ինչպե՞ս դա հաջողվեց:


-Արդեն բավականին ժամանակ է անցել ու շատ է խոսվել այդ մասին: Միայն մի բան կավելացնեմ, որ մեր երկիրը թևակոխել է մի փուլ, երբ օրենքի տառը խախտելու համար պատասխանատվության է ենթարկում բոլոր ընկերություններին: Ճիշտ է, «Երևանի գարեջուր» ընկերությունը դատարանում ապացուցեց իր անմեղությունը` ներկայացնելով համապատասխան փաստեր, բայց սա նաև օրինակ էր, որ մեզանում աստիճանաբար վերանում են «մերոնք», «ձերոնք» հասկացությունները, ինչը, անշուշտ, գովելի է: Չեմ ուզում իդեալականացնել, բայց մենք գնում ենք տնտեսական դաշտում հավասարության հասնելու ճանապարհով:

«Էրեբունի» ապրանքանիշով թողարկվող թռչնամիսն իսկապես էկոլոգիապես մաքուր, որակյալ սնունդ է, եւ այն իր արժանի տեղն է զբաղեցնում մեր հայրենակիցների սննդակարգում:


-Պարո՛ն Հակոբյան, Դուք այն պատգամավորներից եք, ով զբաղվել է ակտիվ բիզնես գործունեությամբ: Այսօր գործերի կառավարումը Դուք չեք իրականացնում, բայց, վստահ ենք, հետևում եք զարգացման գործընթացներին: Կխնդրեմ ներկայացնեք, թե զարգացման ինչ փուլում է «Համակցված կերերի գործարան» ընկերությունը, որն այս տարի «Համազգային վստահություն» խորհրդի կողմից «Էրեբունի» թռչնամիս ապրանքանիշի համար արժանացավ «Տեղական, Էկոլոգիապես մաքուր կերով աճեցված թռչնամիս արտադրող տարվա ընկերություն» անվանակոչմանը:


-Այսօր ՀՀ-ում գործող թվով քիչ ընկերություններ կան, որ արտադրում են հատկապես ճուտ և չեն ներկրում այն այլ երկրներից, ինչպես նաև չեն օգտագործում որևէ հավելում կերի մեջ: Դրանցից մեկը «Համակցված կերերի գործարան» ընկերությունն է: «Էրեբունի» ապրանքանիշով թողարկվող թռչնամիսն իսկապես էկոլոգիապես մաքուր, որակյալ սնունդ է և այն իր արժանի տեղը կարող է զբաղեցնել մեր հայրենակիցների սննդակարգում: Ինձ համար բացարձակ անընդունելի և դատապարտելի է, մեծ շահույթներ ստանալու նպատակով, սեփական ժողովրդին անորակ սննդով թունավորելու փաստը:
Ես հիշում եմ` 1997 թվականն էր, երբ դեռ նոր էինք սեփականաշնորհել «Երևանի գարեջրի գործարանը», և քանի որ նպատակ ունեինք բարձրորակ արտադրանք թողարկել, հրավիրել էին գերմանացի քիմիկոս մասնագետի` որպես փորձագետ: Նա, իհարկե, մեզ օգտակար շատ խորհուրդներ տվեց, նաև շատ կարևոր մի բան ասաց, որը դարձավ մեր գործունեության գերնպատակը: Նա պատմեց, որ Գերմանիայում 1800-ական թթ. պետությունը որոշում էր կայացրել, համաձայն որի, արգելվում էր Գերմանիայում կոնսերվանտներով հավելված գարեջուր արտադրել: Բանն այն է, որ կոնսերվանտների օգտագործումը թույլ է տալիս երկարացնել գարեջրի պիտանելիության ժամկետը: Եթե նկատել եք «Կիլիկիա» գարեջրի պիտանելիության ժամկետը 30 օր է: Կարևորելով ժողովրդի առողջությունը մենք չգնացինք մեծ շահույթներ վաստակելու ճանապարհով` փոխարենը արժանացանք սպառողի վստահությանը:


-Ի՞նչ ներդրումներ են արվել խոզաբուծության, հյութերի, լիմոնադի, հանքային ջրի արտադրության ուղղությամբ:
-Դիլիջանում զարգանում է խոզաբուծությունը, որը կրկին իրականացվում է նույն չափանիշներով, խոզերին տրվում է բնական կեր, իսկ սպառողին առաջարկվում է որակապես բարձր մսամթերք: «Երևանի գարեջուր» ընկերությունում արտադրվում են նաև բնական հյութերի, մուրաբաների, կոմպոտների, ջեմերի, լիմոնադների լայն տեսականի, ինչպես նաև շշալցվում է հանքային ջուր:


-Ընդհանուր առմամբ, որքա՞ն է աշխատատեղերի թիվը, եթե հաշվեք նաև մարզերում գործող արտադրությունների աշխատատեղերը:
-Հստակ չեմ կարող ասել, բայց գրեթե հազար հինգ հարյուր աշխատատեղ:
Հույս ունենք` 2016թ. կգործարկվեն Գյումրիի ածիկի և Դիլիջանի գարեջրի գործարանները:


-Ի՞նչ նոր ծրագրեր, նախագծեր կան, որ պետք է իրականացվեն 2016թ.:
-Պետք է ընդլայնել «Համակցված կերերի գործարան» ընկերության գործունեությունը, մասնավորապես` թռչնամսի արտադրությունը, ձեռք բերել նոր ինկուբատորներ, ներդնել նոր տեխնոլոգիաներ: Հուսամ մեկ տարվա ընթացքում կգործարկվեն նաև Գյումրիի ածիկի, Դիլիջանի գարեջրի գործարանները:


-Պարո՛ն Հակոբյան, հետաքրքիր է, ազատ ժամանակ ունենո՞ւմ եք և ինչպե՞ս եք այն անցկացնում:
-Ցավոք, ազատ ժամանակ քիչ եմ ունենում, որն անցկացնում եմ երեք թոռներիս հետ: Նրանք ուրիշ աշխարհ են ինձ համար, մեծագույն հաճույք եմ ստանում նրանց հետ ժամանակ անցկացնելուց, նրանց մանկական հոգուն մոտ գտնվելուց: Ողջ աշխարհը մի կողմ, թոռներս` մի կողմ...

 

 

Հարցազրույցը`

Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...