15:48
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հովիկ Աբովյան

2016-01-01 18:21

 Համոզված եմ` մեր սահմաններում խաղաղություն է տիրելու

   «Դե Ֆակտո» N115 (2015թ.)

 

Ապրելով սահմանամերձ գոտում, որտեղ թշնամու շունչն անընդհատ զգացվում է, ուր հրետակոծություններն այլևս զարմանալի չեն, թվում է` պետք է ընկճեն մարդուն, դարձնեն անպաշտպան ու խոցելի: Սակայն տավուշցու խրոխտ ու հաղթական կերպարն ապացուցում է հայի իրական տեսակը, որը հիացմունք ու խոնարհում է ներշնչում:

 

-Պարո՛ն Աբովյան, Դուք մեկուկես տարի է, ինչ ստանձնել եք Տավուշի մարզպետի պաշտոնը: Տավուշի մարզը ղեկավարելը, թերևս, բարդ է, քանի որ այստեղ անընդհատ առկա է վտանգը, թշնամու ներկայությունը, ինչը զգոնություն և մեծ պատասխանատվություն է պահանջում: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում բարձր արդյունավետությամբ աշխատել:


-Ես ծնվել, մեծացել ու ամբողջ կյանքս ապրել եմ Տավուշում` սահմանամերձ Կողբ գյուղում: Այս մարզի խնդիրներին նոր չէ, որ ծանոթանում եմ, հատկապես, որ նաև այստեղից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր եմ ընտրվել ու աշխատել: Տավուշցու հոգսը միշտ էլ իմ հոգսն է եղել, և ստանձնելով մարզպետի պաշտոնը` շատ լավ գիտակցել եմ, որ հեշտ չի լինելու: Այնպես որ, ես իսկապես բարձր պատասխանատվությամբ եմ մոտենում իմ պարտականություններին և աշխատում եմ մարզպետի լիազորություններն ու հնարավորություններն առավելագույնս ծառայեցնել իմ հայրենակիցների անվտանգության ապահովմանն ու կենսամակարդակի բարելավմանը:

Տավուշի մարզին ուղղված պետական հոգածությունը զգալի է և խթանում է մարզում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը:

-Ամփոփելով 2015 թվականը` մարզային ի՞նչ կարևոր ձեռքբերումներ, իրադարձություններ և իրողություններ կնշեք:


-Կփորձեմ ամփոփել 2015թ. ու ներկայացնել կարևորագույն ձեռքբերումները: Եթե հիշում եք, 2014-ի վերջին ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ սահմանեց սահմանամերձ համայնքների համար: Ահա այս տարի մենք արդեն այդ արտոնությունների շնորհիվ արձանագրեցինք առաջին դրական արդյունքները: 2015 թվականի կարևորագույն ձեռքբերումը համարում եմ «Տավուշ-տեքստիլի» բացումը: Ինչպես գիտեք, այն հիմնվեց ռուսաստանաբնակ մեր հայրենակից Սուրեն Երիցյանի կողմից: Առաջին արտադրամասը Չորաթանում է, որը հանդիսավորությամբ բացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Սա դեռ սկիզբն է. գործարարը նախատեսում է կատարել ևս 40 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում՝ բացելով մասնաճյուղեր նաև Բերդ, Պառավաքար, Արծվաբերդ, Այգեձոր, Կողբ համայնքներում: Արդյունքում միայն այս ձեռնարկությունը մարզում կստեղծի 2000 աշխատատեղ՝ 100. 000 դրամ միջին աշխատավարձով: Եվ այսպես, տարբեր ոլորտներում ՀՀ նախագահի, կառավարության աջակցությամբ` մենք այնպիսի նախաձեռնություններ ենք հանդես բերել և որոշումներ ընդունել, որ դրանք աստիճանաբար տալու են իրենց պտուղները: Օրինակ, քանի որ Տավուշի մարզը հիմնականում գյուղատնտեսական ուղղվածություն ունի, շատ քայլեր ենք կատարել նաև այդ ոլորտի զարգացման ուղղությամբ: Պետական աջակցության բազմաթիվ ծրագրեր ունենք` սերմնացուի, վառելիքի տրամադրման, տնկիներով ապահովման: Ուրախությամբ պիտի նշեմ, որ այս տարվա ցանքատարածությունների քանակն ավելացել է, և 2014-ի 15,482 հեկտարի դիմաց` ընթացիկ տարում ունենք 16,418 հեկտար ցանքատարածություն: Այս տարի մեկնարկած ծավալուն ծրագրերից մեկը նույնպես գյուղական համայնքների զարգացմանն է ուղղված: Դա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ ՏԿԱԻ նախարարության համատեղ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրն է: Այն տարբեր ուղղություններով օժանդակելու է Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների բնակիչների ներգրավմանը համայնքների զարգացման ծրագրերի մշակմանը, ներառում է ուսուցում, աջակցություն գյուղատնտեսական ոլորտին, ենթակառուցվածքների վերականգնում, եկամուտ ստեղծող ծրագրեր և այլն: Ընթացիկ ու նախատեսված ծրագրեր տարբեր ոլորտներում շատ ունենք, որոնք տարիների գործընթաց են պահանջում, որպեսզի կանխատեսվող արդյունքները զգալի լինեն:

-Ինչպիսի՞ն էր գյուղատնտեսական տարին: Որքանով տեղյակ ենք, այստեղ զարգացած է պտղաբուծությունը:

-Ասեմ, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ էր բոլոր մշակաբույսերի, ինչպես նաև պտղի և խաղողի համար: Ինչպես արդեն նշեցի, մարզում ընդհանուր ցանքատարածությունները, նախորդ տարվա 15,482 հեկտարի դիմաց, ընթացիկ տարում կազմել են 16,418 հեկտար: Արդեն ավարտվել են խաղողի մթերման աշխատանքները: Նախորդ տարի արտադրվել է 14,584 տոննա խաղող, այս տարի՝ մինչև 16700 տոննա խաղողի բերք ենք ունեցել: Խաղողի մթերման գործընթացը գտնվում էր թե՛ հանրապետության նախագահի և թե՛ կառավարության ուշադրության կենտրոնում, և մարզում այս տարի բոլոր գործարանների կողմից մթերում կազմակերպվեց: Ընդունվեց 7854 տոննա խաղող, մեկ կիլոգրամը 140 դրամով /միայն Դեբեդավանում՝ 120 դրամով/: Պտղի, մասնավորապես` դեղձի իրացման խնդիրներ չեն եղել: Տարբեր մասնավոր կազմակերպությունների կողմից բերքը գնվել և ազատ տեղափոխվել է: Ժամանակին կատարվել են նաև արտհնձի աշխատանքները: Հնձվել է 7326 հեկտար արտ: Ապահովվել է 1 հեկտարից 30-32 ցենտներ միջին բերք: Քանի որ կարկուտն ամեն տարի բավականին լուրջ վնասներ էր հասցնում մարզի գյուղատնտեսությանը, այս տարվանից մենք սկսել ենք հակակարկտային կայանների տեղադրումը: Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղադրվել է 10 հակակարկտային սարքավորում, որը կապահովագրի 10 համայնքի, ընդհանուր առմամբ 1000 հա հողատարածք:

-ՀՀ գյուղատնտեսության նախարարը, այցելելով Տավուշի մարզ, նշել էր, որ այստեղ կա գյուղատնտեսության զարգացման հեռանկար, և պետական օժանդակության ծրագրերի միջոցով պետք է խթանել առանձին ճյուղերի զարգացումը: Ինչ ծրագրեր են իրականացվել:
-Տավուշի մարզը հիմնականում գյուղատնտեսական մարզ է: Գյուղատնտեսության զարգացման առանցքային ճյուղերն են պտղաբուծությունը, խաղողագործությունը, ծխախոտագործությունը, անասնապահությունը: Մարզը առաջ է գնում այս ոլորտների զարգացման ճանապարհով: Պետության աջակցությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում: «Հայկական միրգ» ծրագրով 2012 թ. հիմնվել են նոր տեխնոլոգիաներով 22,3 հա այգիներ, որից Արճիսում 4,5 հա` նեկտարիտինի, 8 հա` կեռասի, Պտղավանում 3,8 հա` ընկույզի, Դեբեդավանում 4,1 հա` սալորի, 1,9 հա` դեղձի: Այգիների հիմնման գործընթացը շարունակվում է: ՀՀ կառավարության որոշումներով «Պետական աջակցության» ծրագրով յուրաքանչյուր տարի շուկայականից ցածր գնով մարզին հատկացվում են ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութեր, դիզելային վառելիք, ամեն տարի, ըստ մարզի ներկայացրած պահանջարկի, աշնանացանի համար մարզի համայնքներին է հատկացվում ցորենի 1-ին վերարտադրության սերմացու: Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թ.թ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2014 թվականի աշնանը մարզի Արծվաբերդ և Բերդ համայնքներում հիմնվել են սերմնաբուծական տնտեսություններ, Արծվաբերդում՝ 20 հա, Բերդում՝ 7 հա, 2 շահառուի պայմանագրային հիմունքներով տրամադրվել է 8,1 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացու: Ընթացիկ տարում բերքահավաքից հետո վերոնշյալ սերմնաբուծական տնտեսությունները մեկը երկուսի հարաբերությամբ հետ են վերադարձրել 16,2 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որը տրամադրվել է այլ շահառուների: Կառավարության որոշմամբ` 2015 թվականի աշնանացանի համար մարզին տրամադրվել է 470 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում 2011 թվականից իրականացվում է «Արոտների կառավարում և անասնապահության զարգացում» ծրագիրը, որով ստեղծվել են արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ: Ծրագրով կոոպերատիվներին են տրամադրվում տեխնիկա, գյուղգործիքներ: Ծրագրում այսօր արդեն ընդգրկված են 20 համայնքներ:

2015-ին և՛ «Լավագույն ուսուցիչ», և՛ «Լավագույն տնօրեն» մրցանակները ստացան Տավուշի մարզի ներկայացուցիչները` Բերդի ավագ դպրոցի տնօրենը և Արծվաբերդի ռազմագիտության ուսուցիչը:

-Ինչպե՞ս կգնահատեք Տավուշի մարզի կրթօջախների, մշակութային հաստատությունների վիճակը և գործունեությունը:
-Հարցը կարելի է բաժանել 2 բաղկացուցիչ մասի: Խոսել կրթական և մշակութային հաստատությունների և՛ շենքային պայմանների և՛, իհարկե, նրանց գործունեության մակարդակի ու որակի մասին: Ինչու եմ ես առանձնացնում, քանի որ մենք այս երկու բաղադրիչների բարելավման նպատակով էլ աշխատանքներ ենք տանում, և սրանք մեկը մյուսին լրացնում ու խթանում են: Ընդհանուր առմամբ, իհարկե, ոլորտի գործունեությունը ես դրական եմ գնահատում, քանի որ ունենք ձեռքբերումներ և կարողանում ենք ապահովել կրթական պատշաճ մակարդակ: Մարզում գործում է 81 հանրակրթական դպրոց, որոնցից 4-ը ավագ դպրոցներ են: Նշեմ, որ այս տարի մենք աշակերտների թվի աճ ունենք: Նախորդ ուսումնական տարում աշակերտների թիվը 15.777 էր, իսկ այս տարի՝ 16160: Համապատասխանաբար մեծացել է նաև առաջին դասարանցիների թիվը՝ 1.485-ից դառնալով 1.770: Մեր մարզի դպրոցներում աշխատում են 2246 ուսուցիչ, որոնց մեծ մասն ունի բարձրագույն կրթություն, և նրանք բոլորն անցել են համապատասխան ատեստավորումները: Մեր աշակերտները հաճախակի հաջողություններ են գրանցում հանրապետական օլիմպիադաներում: 2015-ին և՛ «Լավագույն ուսուցիչ», և՛ «Լավագույն տնօրեն» մրցանակները ստացան Տավուշի մարզի ներկայացուցիչները, Բերդի ավագ դպրոցի տնօրենը և Արծվաբերդի ռազմագիտության ուսուցիչը: Տարեցտարի մենք աշխատում ենք բարելավել նաև կրթօջախների շենքային պայմանները: Ե՛վ բյուջեից տրվող միջոցները, և՛ բազմաթիվ այլ ծրագրերի, հիմնադրամների հնարավորություններն ուղղվում են դպրոցների վերանորոգմանը, համապատասխան գույքով ու սարքավորումներով հագեցմանը: Այսօր Տավուշի մարզի բոլոր դպրոցներն ունեն համակարգչային դասարաններ, հիմնականում արդեն ժամանակակից չափանիշների են բերված մարզադահլիճները: Ես կարևորում եմ այս հանգամանքը և կարծում եմ, որ հարմարավետ պայմաններն իրենց դրական ազդեցությունն են ունենում ուսման որակի վրա: 
Պիտի հպարտությամբ նշեմ, որ վերջին շրջանում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սկսեցին գործել երկու լավագույն կրթօջախներ՝ Միջազգային դպրոցն ու Կենտրոնական դպրոցը՝ ԱՅԲ-ը: Թեև սրանք անմիջական մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատություններ չեն, սակայն շատ մեծ դեր ունեն ընդհանուր կրթական ոլորտի ձևավորման մեջ: Եվ վերջապես, սրանք կայացած ժամանակակից կրթօջախների մոդելներ են, որոնք հենց մեր կողքին են և մյուսների համար լավագույն օրինակ են, որին պետք է ձգտել: Ուզում եմ նշել նաև ներառական կրթության մասին: Տեղյակ եք, որ Տավուշը հենց այն մարզն է, որտեղ առաջինն է ներդրվել ներառական կրթությունը, և որ այս առումով մեր դպրոցները լիովին կայացել են: Հիմա Տավուշի մարզի օրինակով ներառական կրթությունը ներդրվում է նաև հանրապետության մյուս մարզերում: 
Մշակույթին անդրադառնալով` նշեմ, որ կայացած մշակութային օջախներ ու հաստատություններ ունենք: Հատկապես քաղաքային ու գյուղական մեծ համայնքներում գործում են երաժշտական, պարարվեստի դպրոցներ, մշակույթի տներ՝ բազմաթիվ խմբակներով: Լուրջ մշակութային ժառանգություն ունենք մարզում` թե՛ Դիլիջանի երկրագիտական-թանգարան պատկերասրահում ու Շարամբեյանի անվան թանգարանում, թե՛ Իջևանի պատկերասրահում ու թանգարանում, և թե՛ Նոյեմբերյանում ու Բերդում: Երբ մենք խոսում ենք մարզում տուրիզմի զարգացման հեռանկարներից, հաշվի ենք առնում նաև այս հնարավորությունները, նաև պատմամշակութային հուշարձանները: Մենք գիտենք, որ այս ասպարեզում հաստատ զբոսաշրջիկին ցույց տալու բան ունենք:

Մարզում առողջապահության ոլորտի զարգացումը խթանելու համար հիվանդանոցային օղակը պետք է համալրվի մի շարք մասնագետներով, որոնց պակասը նկատվում է:

-Ի՞նչ խնդիրներ կան առողջապահության ոլորտում, արդյո՞ք զարգացման փուլում է այդ ոլորտը:


-Առողջապահության ոլորտը նույնպես բավականին բարդ բնագավառ է: ԻՆչպես գիտեք, մարզի առողջապահության ոլորտը բաղկացած է երկու՝ առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օգնության օղակներից: Շենքային խնդիրներ գրեթե չունենք: Հատկապես հիվանդանոցային օղակն ամբողջովին վերանորոգված է և հագեցած անհրաժեշտ սարքավորումներով: Համապատասխան բոլոր պայմաններով ապահովված վերջին հիվանդանոցը Բերդինն էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեծ հանդիսավորությամբ բացվեց ու շահագործման հանձնվեց այս ամռանը: Մարզի առողջապահության ոլորտում ես կառանձնացնեմ շատ կարևորագույն մի խնդիր, որ այսօր մեր առջև դրված է: Եթե առողջության առաջնային օղակն ապահովված է մասնագետներով, վերապատրաստված ընտանեկան բժիշկներով, ապա հիվանդանոցային օղակում մենք ունենք մասնագետների պակաս: Բուժանձնակազմը պետք է համալրել ժամանակակից մեթոդներին տիրապետող վիրաբույժներով, ակնաբույժներով, անեսթեզիոլոգներով, մանկաբույժներով, հոգեբույժներով, նյարդաբաններով: Խնդրի լուծման նպատակով մենք աշխատանքներ ենք տանում՝ համագործակցելով և՛ ՀՀ առողջապահության նախարարության հետ, և՛ մասնագիտական բուհերի ու անհատների հետ: Հարցի լուծումը փորձում ենք գտնել` նաև աշխատելով բժշկական բարձրագույն կրթություն ընտրող դիմորդների հետ՝ առաջարկելով նրանց նպատակային ուսուցման տարբերակը՝ մարզ վերադառնալու և այստեղ աշխատելու պայմանով:

Տավուշցին երբեք չի ընկճվում և միշտ իրեն սահմանապահ է զգում: Անհանգստություն ունենում է ընտանիքի ապահովության համար, բայց խուճապ՝ երբեք:

-Այսօր յուրաքանչյուր տավուշցի արժանի է խորին հարգանքի և գնահատանքի, ինչպիսի՞ն է բնակիչ-մարզպետարան կապը, ի՞նչ աջակցություն եք ցուցաբերում թշնամու հասցրած վնասներից տուժած բնակիչներին:
-Տավուշի մարզն ամենաերկար սահմանն ունի Ադրբեջանի հետ: 350 կմ պետական սահմանից 300-ը Ադրբեջանի հետ է, և մեր համայնքների մեծ մասն ունի սահմանամերձի կարգավիճակ: Ադրբեջանի կողմից ոտնձգությունները միայն 2015-ին չեն սկսվել: Եթե հիշում եք, բավականին ակտիվ էին նաև 2014-ի հուլիս-օգոստոս ամիսներին, և ընդհանրապես, սադրանքներ միշտ էլ նրանց կողմից լինում են: Բայց տավուշցին երբեք չի ընկճվում և միշտ է իրեն սահմանապահ զգում: Հասկանալի է, որ անհանգստություններ լինում են ընտանիքների ապահովության համար, բայց խուճապ՝ երբեք: Սահմանապահ մեր գյուղերի դպրոցներն ու մանկապարտեզները միշտ գործում են, մենք էլ աշխատում ենք հնարավորինս ապահովել անվտանգությունը: Շատ համայնքներում, օրինակ, Չինարիում, Այգեպարում, պաշտպանիչ պատեր են կառուցվել, մի շարք գյուղերում էլ, որոնցում պատսպարվելու պատշաճ տեղեր չկան, ապաստարաններ են կառուցվում: Եթե շրջեք Տավուշի սահմանամերձ համայնքներում, զրուցեք մարդկանց հետ, կտեսնեք, թե ինչպիսի անկոտրում կամքի տեր մարդիկ են, բայց միևնույն ժամանակ՝ մեղմ ու բարի: Տունը գնդակոծվում է, բայց նա մտածում է ոչ թե այն լքելու, այլ նորից կառուցելու, վերանորոգելու մասին: Մենք աշխատում ենք միշտ լինել մեր հայրենակիցների կողքին: Ե՛վ ես, և՛ մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները հաճախ ենք լինում համայնքներում, հանդիպում բնակչության հետ: Իհարկե, մարզպետարանում նույնպես, բացի սաhմանված ընդունելության օրերից, ցանկացած օր ընդունում, լսում ենք մեր բնակիչների հոգսերը և փորձում լուծում տալ նրանց խնդիրներին: Ուշադրության կենտրոնում են թշնամու հրետակոծություններից տուժած բնակիչները: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում հրետակոծություններից վնասված բնակարանները վերականգնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից փոխանցվել է ավելի քան 63 մլն. դրամ գումար: Մինչ այդ, ևս երկու փուլով ՀՀ կառավարության կողմից հատկացվել են գումարներ: Իհարկե, փոխհատուցումը տրվում է մասնագիտական հանձնաժողովների կատարած ուսումնասիրությունների և եզրակացության հիման վրա:
Հարկային արտոնությունները, հոսանքի ու գազի դիմաց գանձվող վճարների զեղչերը, այդ գյուղերից հանրապետության բուհերում սովորող ուսանողների ուսման վարձերի վճարումը, որոնք անցյալ տարի սահմանվեցին կառավարության կողմից սահմանամերձ գյուղերի համար, սրանք բոլորը քայլեր են, որոնք ուղղված են տավուշցիների հոգսը թեթևացնելուն: 


- Ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Տավուշի մարզում, երբ մեկնարկեցին և ինչպե՞ս ընթացան դրանք:
-Այո՛, Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 3-ից անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի էր և նպատակաուղղված էր պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Զորավարժություններին ներգրավված էին նաև Տավուշի մարզի բոլոր պետական կառույցները: Քանի որ հակառակորդն այդ ժամանակահատվածում բավականին ակտիվացել էր և գնդակոծում էր թե՛ մեր դիրքերը, թե՛ գյուղերը, այնպես եղավ, որ զորավարժությամբ նախատեսված շատ դրվագներ մեզ մոտ իրական ստացվեցին: Բայց ի պատիվ մեր բնակչության` պիտի նշեմ, որ նույնիսկ այդ պարագայում որևէ խուճապ չեղավ, ընկճվածություն չնկատվեց: Ընդհանրապես զորավարժության ավարտին արձանագրվեց, որ բնակչությունը բավականին տեղեկացված էր զորավարժության վերաբերյալ, և բոլոր կառույցներն առանց խուճապի իրականացրին իրենց գործառույթները: Կարծում եմ, որ նման զորավարժություններն իսկապես ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ են ինքներս մեզ ստուգելու համար, և ես գոհ եմ, որ մեր բոլոր ծառայությունները գործեցին շատ ներդաշնակ, պատասխանատու և համագործակցված:

- Ինչպիսի՞ լուծում եք տեսնում սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպիսի՞ն է միտումը` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: 
-Իհարկե, խաղաղություն: Բանակցային, դիվանագիտական գործունեության միջոցով պետք է հասնենք խաղաղության:


- Ինչպե՞ս կգնահատեք երկրի ներքաղաքական իրավիճակը, որը նույնպես լարված է:

-Ես այդ կարծիքին չեմ, որ երկրի ներքաղաքական իրավիճակը լարված է: Սահմանադրական հանրաքվեի հետ կապված լարվածությունը բնական է նախընտրական և հետընտրական շրջանում, երբ կարծիքների բախում է տեղի ունենում, այդ առումով ինչ-որ լարվածություն գուցեև կա: Վստահ եմ, որ շուտով այն կանցնի, ժողովուրդը արտահայտել է իր կամքը, և դա է ամենակարևորը:

2016թ. պիտի աշխատենք աստիճանաբար բարելավել մարզի տնտեսությունը, ենթակառուցվածքների, ճանապարհների, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի և մյուս ոլորտների գործունեությունը:

-Ի՞նչ առաջնահերթություններ, ծրագրեր կան 2016թ. հետ կապված:


-Ծրագրերը շատ են, անելիքները՝ նույնպես: Արդեն պատրաստ է և քննարկման փուլում է գտնվում Տավուշի մարզի զարգացման 2016-2019 թվականների քառամյա ծրագրի նախագիծը, որտեղ ոլորտ առ ոլորտ նշված են խնդիրները, աշխատանքները, դրանց լուծման ճանապարհները, կատարման միջոցներն ու առաջնահերթությունները: Առաջնորդվելով այդ ծրագրով, իհարկե, ՀՀ կառավարության կողմից այն հաստատելուց հետո, նաև շարունակելով մինչ այս մեկնարկած ծրագրերը` պիտի աշխատենք աստիճանաբար բարելավել մարզի տնտեսությունը, ենթակառուցվածքների, ճանապարհների, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի և մյուս ոլորտների գործունեությունը:  


           Ինձ համար շատ կարևոր երկու սկզբունք կա. ազնվություն և ճշմարտախոսություն: Այս սկզբունքներով եմ ես առաջնորդվում կյանքում:

-Մի փոքր էլ խոսենք Ձեր անձի մասին: Բավականին ծանրաբեռնված աշխատում եք, հասցնո՞ւմ եք ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:
-Իսկապես ծանրաբեռնված եմ, բայց երբ նույնիսկ մի փոքր ազատ ժամանակ է լինում, աշխատում եմ ընտանիքիս հետ լինել, քանի որ շատ եմ սիրում ժամանակ անցկացնել ընտանիքիս, հարազատներիս հետ: 


-Հետաքրքիր է, ի՞նչ գաղափարներով եք դաստիարակում Ձեր երկու զավակներին:
-Բոլոր այն գաղափարներով, որոնք կարևորվում են ցանկացած հայ ավանդական ընտանիքի համար. լինել հայեցի, ազնիվ, համեստ, շրջապատին վերաբերվել հարգանքով: Երեխաներս արդեն հասուն մարդիկ են, և ես ուրախ եմ, որ որպես անձնավորություններ` նրանք կայացել են՝ լինելով հենց այդպիսի արժեքների կրողը: 


-Ո՞ր արժեքներն եք կյանքում կարևորում և առաջնորդվում դրանցով:
-Ինձ համար շատ կարևոր երկու սկզբունք կա. ազնվություն և ճշմարտախոսություն: Այս սկզբունքներով եմ ես առաջնորդվում կյանքում և շատ եմ գնահատում այդ հատկանիշները դիմացինիս մեջ:


-Եվ վերջում ի՞նչ կմաղթեք տավուշցիներին:
-Տավուշցիներին առաջին հերթին առողջություն ու բոլորի ընտանիքներին երջանկություն եմ մաղթում: Հավատացած եմ, որ մեր սահմաններում խաղաղությունը կտիրի, և տավուշցիները կարող են հանգիստ արարել ու իրենց ընտանիքների համար բարեկեցիկ կյանք ապահովել:

 


Հարցազրույցը`

Սուսաննա Թամազյանի



 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...