





2015-12-30 01:34
Ապրել առաջին գծում, կրակոցների տակ, բայց շարունակել ապրել և կյանքի նման պայմաններում պահել նաև սեփական երեխաներին, հասու չէ ցանկացած մարդու: Նման արարքի ունակ մարդկանց, իսկապես, կարելի է համարել հայրենասեր և հայրենապաշտ: Կարծում եմ` բոլորս միակարծիք ենք, որ սահմանին ապրող Հայաստանի քաղաքացին մեր օրերի հերոսն է և 2015 թվականի ‹‹Տարվա մարդ›› տիտղոսն օբյեկտիվորեն պատկանում է նրան: Պատերազմի վտանգի և ամենօրյա ռմբակոծությունների տակ ապրելը կոփել է այս մարդկանց և, եթե նրանց թիկունքում ապրողները կարող են ինչ-ինչ պատճառաբանություններով լքել Հայաստանը, ապա այս մարդիկ չեն լքում նույնիսկ իրենց գյուղը և չեն տեղափոխվում առավել ապահով բնակավայրեր: Երբ մեր սահմանին երիտասարդ զինվորը պատրաստ է զոհել սեփական կյանքը, իսկ դժվար ապրուստով ապրող գյուղացին պատրաստ է պատերազմական լարվածության մեջ պահել իր ընտանիքն ու փոքրիկ երեխաներին, ապա նրանց թիկունքում ապրողներս պետք է զգանք մեր պատասխանատվության չափն ու արժանի լինենք մեր թիկունքը պահողներին: 2015 թվականը պատմական տարի էր հայ ժողովրդի համար, երբ մենք ապացուցեցինք ողջ աշխարհին, որ կարող ենք ցեղասպանությունից 100 տարի անց անկախ պետականություն ունենալ ու պահանջատերը լինել պատմական անարդարությունների: Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում կամք, վճռականություն և հավատ` հարատևելու, մեր ճանապարհին չընկճվելու և առաջ շարժվելու համար:
Վերադառնալ