15:41
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայկանդուխտ Ղարիբյան

2015-12-25 17:46

Եթե մարդը բարի չլինի, նա չի կարող փրկել ուրիշին

«Դե Ֆակտո» N114 (2015թ.) 

 

Մեզանից յուրաքանչյուրը, եթե ոչ ամեն օր, ապա գոնե հաճախ լսել է այս կամ այն տարածքում, բնակարանում բռնկված հրդեհի մասին: Առաջին հարցը, որ մեզ հետաքրքրել է, դա` արդյո՞ք տուժողներ չեն եղել: Հետաքրքրվել և անցել ենք մեր բնականոն կյանքին, և չենք էլ մտածել, որ հենց մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր կոչված են կյանք փրկելու համար: Կյանքեր փրկում են նաև բժիշկները, սակայն փրկարարի դեպքում, դա բոլորովին այլ է: Փրկարարը գիտակցաբար վտանգում է սեփական կյանքը փրկելու այն մարդուն, ով գտնվում է անելանելի վիճակում:


«Դե Ֆակտո» ամսագիրը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի հետ:


-Տիկի՛ն Ղարիբյան, ե՞րբ է ստեղծվել ակադեմիան:


- Ակադեմիան ստեղծվել է 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո: 1992 թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է որպես ԱԻ-ում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտ։ 1999 թ-ին վերանվանվել է Ճգնաժամային կառավարման ինստիտուտի, 2005 թվականին՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, իսկ 2010 թ-ից, երբ Արմեն Երիցյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, մեր ակադեմիան անցավ նախարարության անմիջական ենթակայության և ձեռք բերեց զարգացման ավելի մեծ հնարավորություններ:


-Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել այս տարիներին ակադեմիան:


- «Լուսակերտ» ուսումնական բազայի տարածքը, որպես վարժատարածք, հատկացվեց ակադեմիային, որտեղ ստեղծվեց ժամանակակից լսարանային ֆոնդ, աշխատասենյակներ, վերակառուցվեց հյուրանոցային մասնաշենքի մի մասը, ավարտվեց գնացքի վթարների խաղարկման վարժահրապարակի ձևավորումը, սպորտային տարածքի կարգավորումը, տեղակայվեց ուղղաթիռ և աշտարակներ պարանային աշխատանքների կատարման համար և այլն:
ՀՀ ՏԿԱԻ նախարարության, գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության համատեղ ջանքերով ակադեմիայում ստեղծվեց ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բազմաֆունկցիոնալ վարժախաղարկային համալիր-լսարան: 
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի բոլոր մասնագիտությունների գծով, առկա և հեռակա ուսուցում սկսվեց իրականացվել կրեդիտային համակարգով, որով կարգավորվեց եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) որակավորում¬ների շրջանակին ինտեգրման հարցը:


Ակադեմիային հատկացված մասնագիտություններն ընդգրկվեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր) մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկում և նույն ցանկում ստեղծվեց նոր՝ կիրառական սեյսմոլոգիա մասնագիտություն:
Քաղաքացիական պաշտպանություն և Ճգնաժամային կառավա¬րում մասնագիտություններն ընդգրկվեց Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում:
2011 թվականից ներդրվեց ան¬վճար ուսուցման համակարգը:
Հրատարակվեց «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներե գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, որն ընդգրկված է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ՀՀ ԿԳՆ ԲՈՀ) սահմանած դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթ¬ների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: 
Հրատարակվեց «911 արտակարգ թերթ» պաշտոնաթերթը:


- Դուք համագործակցում ե՞ք արտասահմանյան երկրների հետ:


-Այո, մենք շատ երկրների հետ ենք համագործակցել. Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտի հետ, համագործակցել ենք Գերմանիայի, Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալության հետ, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Բելառուսի, Լեհաստանի, Շվեյցարիայի համապատասխան ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ: Մենք համագործակցում ենք նաև հանրապետությունում գործող միջազգային մի շարք կազմակերպությունների հետ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, մանկական հիմնադրամի, «Վորդ Վիժընե, «Սեյվ դը Չիլդրն», «Օքսֆամ» և այլ կառույցների հետ:


-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի փրկարարը:


-Ինչպես ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանն է ասում, փրկարար դառնալու համար շատ այլ հատկություններից զատ, կարևոր է նաև բարությունը, որովհետև եթե մարդը բարի չլինի, նա չի կարող փրկել ուրիշին:


-Տիկի՛ն Ղարիբյան, Ձեր ուսանողներին ապահովում եք նաև աշխատանքո՞վ:


-Այո՛, մեր նախարարությունն աշխատանքի է ընդունում այն շրջանավարտներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն: Ի սկզբանե ուսանողները գիտեն, որ իրենց սովորելու մակարդակից է կախված հետագայում այս համակարգում աշխատանք ունենալու փաստը:


-Մասնագիտական գրականության քանակը բավարա՞ր է:


-Կարծում եմ՝ այո, գրականությունը հագեցած է, բայց դա շարունակական գործընթաց է, որը լրացվում է անընդմեջ: Հպարտորեն պետք է ասեմ, որ այսօր մենք չունենք մասնագիտական առարկա, որը մի քանի գրական աղբյուր չունենա: Այս տարիների ընթացքում, մենք կարողացել ենք հասնել դրան, սակայն ինչպես արդեն նշեցի, գրականություն արարելու գործընթացը մշտապես շարունակվում է:


- Տիկի՛ն Ղարիբյան, խոսենք նաև ապագա ծրագրերի մասին:


- Քանի որ 2010 թ-ին ընդունվեց` ակադեմիան որպես տարածաշրջանային հեռավար ուսուցման կենտրոն ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, ուստի ապագայում նպատակ ունենք դառնալ տարածաշրջանային կարգավիճակ ունեցող կառույց, ողջ տարածաշրջանի կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով:

 

Հարցազրույցը՝

Օվսաննա Մնացականյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...