15:03
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արտյոմ Վարդանյան

2015-12-18 16:22

          

  Բոլորիս պարտքն է մեր հաջողությունները նվիրել  հայրենիքին և հայ ժողովրդին


                       «Դե Ֆակտո» N114 (2015թ.)


Ճակատագրի բերումով հայ ժողովուրդը սփռված է ամբողջ աշխարհում` գործունեություն ծավալելով այլ երկրներում, սակայն ուրախալի է, որ նրանց շարքում կան հայրենասեր հայորդիներ, ում համար սկզբունք է հայրենիքից հեռու, բայց հայրենիքը սրտում ապրելը, ովքեր իրենց յուրաքանչյուր հաջողություն նվիրում են հայրենիքին` ճանապարհ հարթելով դեպի տուն վերադարձին:


«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Kraun Group-ի տնօրեն Արտյոմ Վարդանյանը:


-Պարո՛ն Վարդանյան, Դուք այն հայրենասեր հայորդիներից եք, ով Հայաստանից դուրս աշխատում է հանուն Հայաստանի: Կխնդրեմ պատմեք, ի՞նչ ճանապարհ եք անցել, ինչպե՞ս այն տարավ Ձեզ դեպի Ռուսաստանի Դաշնություն:


-Շնորհակալ եմ ինձ հայրենասեր հայորդիների շարքին դասելու համար: Ինձ համար մշտապես գերագույն նպատակ է եղել հաջողության հասնելը և ձեռքբերումներս հայրենիքին նվիրելը: Ինչ վերաբերում է անցած ճանապարհիս, ապա նշեմ, որ ծնվել եմ 1982 թվականի հունվարի 9-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում, մանկավարժի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը: 2004-2006 թթ. ծառայել եմ ՀՀ ԶՈՒ-ում: Ծառայության ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պարգևատրվել եմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Զորացրվելուց հետո սովորել եմ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում:
Գործարարության ոլորտում առաջին քայլերս կատարել եմ Հայաստանում, իսկ այնուհետև, նպատակ ունենալով ընդլայնել իմ գործունեության աշխարհագրությունը, շարունակել եմ Ռուսաստանի Դաշնությունում: Բնականաբար, օտար երկրում աշխատելն ու կայանալը բավականին դժվար էր, սակայն ես երբևէ չեմ վախեցել դժվարություններից: Երբ նպատակ ունես, պետք է դրսևորես կամային բոլոր որակներդ և անզիջում պայքար մղես հաջողության հասնելու համար:


-Գործարարության ո՞ր ոլորտներում եք ներդրում կատարել և այսօր ի՞նչ հաջողությունների եք հասել:


-Հայաստանում գործունեություն եմ ծավալել թե՛ արտադրության, թե՛ ներկրման ոլորտներում: 2012 թվականին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հիմնել եմ Kraun Group-ը, որը զբաղվում է շինարարական նյութերի արտադրությամբ: Գրեթե բոլոր արտադրատեսակների հիմքում ընկած են գերմանական արտադրության քիմիական նյութերը, որոնք համապատասխան պայմանագրի համաձայն, ներկրվում են Գերմանիայի Դաշնությունից: Մենք սպառողին առաջարկում ենք որակյալ և մատչելի արտադրանք, որը արժանանում է նրանց բարձր գնահատականին: Դրա արդյունքում մեզ հաջողվեց բացել երկրորդ գործարանը` մեր արտադրատեսակների քանակը հասցնելով 20-ի, որոնք սպառվում են Ռուսաստանի և Բելառուսի մի շարք քաղաքներում:

-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:


-Ինձ համար սկզբունք է կարգապահությունն ու ժամանակին համընթաց քայլելը, այդ երկու գործոնները համարում եմ իմ գործունեության հաջողության գրավականները:
Մեր հաջողության գրավականը նաև սպառողին որակյալ արտադրանք մատակարարելն է, որը ստանում է արժանի գնահատական` ապահովելով ընկերության կայուն զարգացումը:


-Քանի՞ աշխատակից ունի Kraun Group-ը:


-Ընկերությունն այս պահին ունի շուրջ 50 աշխատակից, ընդ որում, բոլորը հայեր են: Գործունեություն ծավալելով Ռուսաստանի Դաշնությունում` ցանկանում եմ հնարավորության չափով աջակից լինել մեր հայրենակիցներին:


-Դուք ՀՀԿ անդամ եք, որքանո՞վ է քաղաքականությունը գրավում Ձեզ:


-Ապրելով հորս կողքին` ես միշտ մոտ եմ եղել քաղաքականությանը և ակամա առնչվել դրան: Երկրի զարգացման ճանապարհին գործուն դերակատարում ունենալու համար պետք է ներգրավված լինել նաև քաղաքականության մեջ, ինձ համար դա ինքնանպատակ չէ, այլ խիստ նպատակային:


-Ինչպես եք վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին:


-Ցանկացած բարեփոխում, որը երկիրը տանում է զարգացման, բնականաբար, արժանի է դրական գնահատականի: Ես կողմ եմ սահմանադրական բարեփոխումներին, որոնք կծառայեն մեր երկրի և ժողովրդի բարօրությանը:


-Պարո՛ն Վարդանյան, ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:


-Հայրենիքը մեր տունն է, մեր հողն ու ջուրը, մեր սրբության սրբոցը: Յուրաքանչյուր հայի համար է այդպես. աշխարհի որ ծայրում էլ լինի, հայրենիքն է նրա տունն ու բնօրրանը: Չեմ ուզում ազգայնամոլի տպավորություն թողնել, բայց ես իմ զավակներին սևակյան պոեզիայով եմ դաստիարակում, նրանց մեջ սերմանում ազգային արժեքները և փորձում եմ ձգտում առաջացնել ընթերցելու հայոց պատմությունը, հայ գրականության մեծերին: Պատահական չէ, որ ընտանիքս ապրում է Հայաստանում, չեմ ցանկանում, որ երեխաներս ապրեն այլ երկրում և դառնան այդ երկրի արժեքների կրողը:


-Ընտանիք կազմելը յուրաքանչյուրի սուրբ պարտքն է, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։


-Իրավացի եք, ընտանիքն ազգի հենասյունն է: Ամուսնացած եմ, ունեմ գեղեցիկ հայկական ընտանիք` երկու որդի, սիրելի կին: Ինչպես նշեցի, ընտանիքս ապրում է Հայաստանում` հայրենի Գեղամավան գյուղական համայնքում: Նրանք իմ կյանքի իմաստն են, իմ լուսավոր կետը կյանքում:


-Ձեր հայրը՝ Մնացական Վարդանյանը, երկար տարիներ է, ինչ Գեղամավանի համայնքապետն է, ի՞նչ պատգամ է նա Ձեզ փոխանցել, որ դուք էլ ժառանգաբար փոխանցում եք Ձեր զավակներին։


-Ինչպես գիտեք, հայրս շուրջ 33 տարի է` ղեկավարում է Գեղամավան համայնքը: Ես իմ մանկության, պատանեկության և երիտասարդության շրջանում տեսել եմ հորս անմնացորդ նվիրումն իր աշխատանքին, հայրենի Գեղամավանին, որի զարգացման, խնդիրների լուծման համար նա մշտապես պայքարել է ու ձգտել առավելագույնն անել: Նա մեզ փոխանցել է հայրենիքի նկատմամբ մեծ սեր և հոգատարություն: Այդ արժեքները դեռ մանկուց բույն են դրել իմ և եղբորս մեջ ու դրսևորվում են մեր գործունեության մեջ: Եղբայրս՝ Արգիշտի Վարդանյանը, պատմական գիտությունների թեկնածու է, տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ, այժմ դասախոսում է ԵՊՀ-ում:


-Պարո՛ն Վարդանյան, Ձեր հայրենի գյուղում բազմաթիվ բարեգործական ծրագրեր եք իրականացրել, կխոսե՞ք այդ մասին:


-Չեմ սիրում խոսել այդ մասին, քանի որ դա մեր բոլորիս պարտքն է` մեր հաջողությունները նվիրել հայրենիքին և հայ ժողովրդին: Միայն կասեմ, որ մշտապես եղել եմ հատկապես իմ Գեղամավանի, գեղամավանցիների կողքին, աջակցել որքան կարող եմ` թե ֆինանսական և թե այլ բնույթի բարեգործական ծրագրերի միջոցով:

 


Հարցազրույցը՝

Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...