10:11
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԼԵՎՈՆ ԱՂԵԿՅԱՆ

2015-11-30 11:11

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն`  ՀՀ էներգահամակարգի զարգացման կարեւոր գրավական

 

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լեվոն Աղեկյան


       «Դե Ֆակտո» N113 (2015թ.)

-Պարո՛ն Աղեկյան, կխնդրեմ ներկայացնեք էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը, կառուցվածքը, գործառույթները:


-«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն կազմավորվել է 1961թ. էլեկտրատեխնիկական լաբորատորիայի հիման վրա: Կրել է մի քանի անվանում, «էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» անվանումն առաջացել է 1994թ.: Ինստիտուտը սկզբում գործել է ՀՀ ԳԱԱ-ի ներքո, որից հետո ընդգրկվել է նախկին ԽՍՀՄ-ի էներգետիկայի և էլեկտրաֆիկացման նախարարության կազմում: Այդ տարիներին ինստիտուտից առանձնացվել են 3 գիտահետազոտական ինստիտուտներ` Կաբելային տեխնիկայի, Բարձրավոլտ լաբորատորիա՝ հետագայում «Կայծակ» և «Արմատոմ» գիտահետազոտական ինստիտուտներ:
Այսօր ինստիտուտը բաղկացած է մի քանի ստորաբաժանումներից` Էներգախնայողության լաբորատորիա, Էլեկտրաէներգետիկական լաբորատորիա, Հաշվարկների իրականացման բաժին, Վերականգնվող էներգետիկայի լաբորատորիա, Էներգետիկական չափումների և փորձարկման լաբորատորիա, Կադրերի վերապատրաստման կենտրոն և «Էներգետիկայի ռազմավարության կենտրոն» մասնաճյուղ:
Ինստիտուտի հիմնական գործունեությունը կապված է էլեկտրաէներգետիկական համակարգի հետ: Տարիներ շարունակ ինստիտուտն աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, փոքր հեկ-երի, Հրազդանի ՋԷԿ-ի, Երևան ՋԷԿ-ի և էներգահամակարգի այլ կառույցների հետ:
Ինստիտուտն աշխատել և աշխատում է ոչ միայն էներգահամակարգի, այլ նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` USAID-ին, Ամերիկյան էներգետիկ գործակալությունը, Համաշխարհային բանկը, KfWբանկը, IFC-ն, ինչպես նաև տեղական կազմակերպությունների հետ` «Արմենթել», Վիվասել ՄՏՍ, ՀՀ պաշտպանության նախարարություն, ԱՄՆ դեսպանատուն և այլն:


-Ինչպե՞ս են գոյանում «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի ֆինանսական միջոցները, ինստիտուտը արդյո՞ք ֆինանսավորվում է պետության կողմից:


-Ինստիտուտն աշխատում է ինքնաֆինանսավորման սկզբունքով, պետբյուջեից չի ֆինանսավորվում: Նյութական միջոցները գոյանում են ինստիտուտի կատարած տարբեր տեսակի գիտատեխնիկական և գիտահետազոտական աշխատանքներից:


-Կխնդրեմ ներկայացնեք համագործակցության մի քանի օրինակ:


-Օրինակ` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հետ աշխատանք ենք իրականացնում, որի պատվիրատուն Հաշվարկային կենտրոնն է, բայց հետազոտվում են «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» աշխատանքային ռեժիմները և հաշվարկվում են տեխնոլոգիական կորուստները,:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ համագործակցում ենք սկսած 1997թ., երբ գոյություն ունեին չորս բաշխիչ ընկերություններ: Դրանցից յուրաքանչյուրի հետ ինստիտուտն ուներ պայմանագիր և կատարում էր ռեժիմային հետազոտություններ, տեխնոլոգիական կորուստների հաշվարկ: 2002թ. կազմավորվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:
ՀԷՑ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվում էին տարբեր աշխատանքներ, այդ թվում` հետազոտվում և հաշվարկվում էին ցանցերի ռեժիմները, որոշվում էին տեխնոլոգիական կորուստները` ըստ բոլոր լարումների մակարդակների` 0.4-ից մինչև 110 կՎ, որոշվում էին էլեկտրաէներգիայի մատակարարման որակի ցուցանիշները, բացահայտվում էին այն հատվածները, որտեղ որակը չէր համապատասխանում նորմատիվային պահանջներին:
Իրականացվում էին էներգախնայողության զանազան միջոցառումներ, ընդ որում, այդ միջոցառումները երկու տեսակի են` ներդրում չպահանջող կամ շատ քիչ պահանջող, որոնց համար հիմնականում պետք է իրականացնել վարչական տեսակի միջոցառումներ, ինչը հանգեցնում է տեխնոլոգիական կորուստների նվազեցմանը, և ներդրումներ պահանջող միջոցառումներ, որոնց ներդրումները պահանջում են մեծ գումարներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԷՑ-ը վերջին տարիների ընթացքում գտնվում էր ֆինանսապես վատ վիճակում, մեր կողմից մշակվել էին ներդրումներ չպահանջող կամ շատ քիչ պահանջող հասցեական միջոցառումներ:


Ինստիտուտը մեծ փորձ ունի էներգետիկայի ոլորտում նորմատիվային փաստաթղթերի մշակման գործում: Մեր կողմից մշակվել և ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից հաստատվել են մի շարք ստանդարտներ:
Վերականգնվող էներգետիկայի լաբորատորիայի շրջանակներում մենք կատարել ենք զանազան աշխատանքներ, հիմնականում ոչ թե տեղական, այլ միջազգային կառույցների հետ, որոնք հիմնականում վերաբերել են հողմային էներգետիկային:


Ինստիտուտը լուրջ աշխատանք է իրականացնում նաև անձնակազմի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ուղղություններով: Ինստիտուտը մեծ ուշադրություն է դարձնում գիտական կադրերի պատրաստմանը:
Պարբերաբար ինստիտուտի ասպիրանտները պաշտպանում են թեկնածուական թեզերը, որից հետո ընդգրկվում են ինստիտուտի կողմից կատարվող աշխատանքներում: Ապահովվում է ինստիտուտի կադրերի համալրումը երիտասարդ մասնագետներով բնականոն սերնդափոխությունը: Այսօր ինստիտուտի լաբորատորիայի վարիչների մի մասը հանդիսանում են վերջին տարիների ընթացքում պատրաստված երիտասարդ կադրերը:
ԷՌԿ մասնաճյուղը, ունենալով ամենաժամանակակից հայտնի միջազգային ծրագրային համալրերը, կատարում է շատ կարևոր աշխատանքներ՝ նվիրված էներգահամակարգի զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներին, ինչպես նաև հարևան երկրների էներգահամակարգերի ինտեգրմանը:
Կա մի ուղղություն ևս` դա նորարարությունն է, նոր տեխնոլոգիաների մշակումը: Աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ և ինստիտուտը հույսեր է կապում այդ սկզբունքներով մշակված նոր սարքավորումների հետ:


-Պարո՛ն Աղեկյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի աշխատանքը:


-Իմ խորին համոզմամբ` պարոն Զախարյանին պետք է դասել լավագույն նախարարների շարքին: Կարճ ժամանակահատվածում նախարարը կարողացավ տիրապետել էներգահամակարգի զարգացմանը խանգարող հանգամանքներին և ընդունել ճիշտ որոշումներ այդ խոչընդոտները վերացնելու համար: Ես` որպես համակարգի ընկերության ղեկավար, շատ բարձր եմ գնահատում նախարարի պրոֆեսիոնալ մոտեցումները և առաջացող զանազան խնդիրների օպերատիվ լուծում տալը, ինչպես նաև աշխատաոճի դեմոկրատ սկզբունքները:

 

Հարցազրույցը՝

Սուսաննա Թամազյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...