2015-11-28 10:15
Բիզնեսի ճիշտ վարման դեպքում, տնտեսության անկումը եւ այլ արտաքին գործոնները դանդաղեցնում են նրա առաջընթացը, բայց չեն դառնում կործանման պատճառ:
«Դե Ֆակտո» N113 (2015թ.)
Եղեգնաձորի պահածոների գործարանը հիմնադրվել է դեռ խորհրդային տարիներին` 1965 թվականին, գործել է մինչև 1992 թվականը: Այս տարվա հունիսին գործարար Սարգիս Պողոսյանի շնորհիվ վերագործարկվել է, ապահովելով մարզի բնակչության համար 200 աշխատատեղ: Գործարանում արտադրական գործընթացը հավասարեցվել է եվրոպական չափանիշներին: Եղեգնաձորի պահածոների գործարանի արտադրանքն առանձնանում է իր յուրահատուկ համով և բարձր որակով:
Եղեգնաձորի պահածոների գործարանն արտադրում է հայրենի հողի բերք ու բարիքից պատրաստված բարձրորակ և բազմատեսակ պահածոներ, մոտ 90 տոկոս հումքը վերցվում է հենց նույն մարզից՝ Վայոց ձորից:
Դեկտեմբեր ամսից «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ-ն իր արտադրանքը պետք է արտահանի Բելառուս, Ղազախստան, ԱՊՀ և Եվրոպական այլ երկրներ:
-Պարո՛ն Պողոսյան, Դուք այն եզակի գործարարներից եք, ում հուսախաբ չարեց ոչ մի բացասական կարծիք, ով համարձակորեն մուտք գործեց բիզնես ոլորտ, կխնդրեմ մի փոքր պատմեք Ձեր մասին:
- Ավարտել եմ Երևանի տնտեսագիտական համալսարանը:
Մինչև Հայաստանում բիզնես սկսելը, 2004թ.-ին, ուսանողական ծրագրով մեկնել էի ԱՄՆ՝ ուսումս շարունակելու: Աշխատել եմ ամենատարբեր ոլորտներում: Այնուհետև որոշեցի 2005թ-ին ԱՄՆ-ում սեփական բիզնես սկսել, աշխատեցի, 2007թ.-ին եկա հայրենի Եղեգնաձոր և սկսեցի բիզնեսով զբաղվել, իսկ 2015թ.-ին վերաբացեցի տարիների մոռացության մատնված պահածոների գործարանը: Կան բազմաթիվ արտաքին և ներքին դրական ու բացասական գործոններ, որոնք կարող են լավ ու վատ ձևով անդրադառնալ մեր հիմնադրած բիզնեսի վրա: Բայց, ամեն դեպքում, հեռանկարը մենք ենք մեզ համար ստեղծում: Եթե չկա էլ հեռանկար, մենք կստեղծենք, որպես այս երկրի քաղաքացի, որպես հայ:
-Որքանով տեղյակ ենք «Եղեգնաձորի պահածոների գործարանը» արտադրում է 63 անուն տեսականի, արդյո՞ք տեսականու համալրում չի սպասվում:
-Այո, այս տարվա համար նախատեսել ենք արտադրել 63 անուն տեսականի: Այս պահին արտադրել ենք արդեն 43 անվանում պահածո: Մասնակի մթերումները սկսվում են մարտ ամսից, իսկ հիմնական մթերումները՝ հունիսից մինչև նոյեմբեր:
Մեծամասամբ ներառել ենք մեր մարզում աճող մրգերն ու բանջար-բոստանային կուլտուրաները:
63 անուն տեսականին բաղկացած է հետևյալ խմբերից՝ կոմպոտներ, մուրաբաներ և բանաջարեղենային պահածոներ:
Ջանք ու եռանդ չենք խնայել ունենալու բարձրորակ արտադրանք
- Պարո՛ն Պողոսյան, տեղական շուկայում լինելո՞ւ է Ձեր արտադրանքը:
-Իհարկե լինելու է, սակայն մեր նպատակային շուկան ԱՊՀ երկրներն են, մասնավորապես՝ Ռուսաստանը: Մենք, նախապես մինչև արտադրություն սկսելը, ուսումնասիրել ենք ռուսաստանյան շուկան և ռազմավարության մեջ ավելի հստակ կոնկրետացրել, թե Ռուսաստանում ովքեր են լինելու մեր սպառողները: Դեկտեմբեր ամսից արդեն մեր արտադրանքն արտահանելու ենք Բելառուս, Ղազախստան, ԱՊՀ և Եվրոպական այլ երկրներ:
- Արդեն որոշե՞լ եք «Եղեգնաձորի պահածոների գործարան»-ի արտադրանքի անվանումը:
- Տեղական շուկայի համար անվանումը մշակման փուլում է գտնվում, իսկ ռուսական շուկայում մեր բրենդի անվանումը կլինի «Վկուս Արմենիի»:
Քանի որ անվանումը մեծ նշանակություն ունի ապագա սպառողի համար, ուստի ցանկացանք անվան մեջ հատկապես ընդգծել Հայաստան բառը, որովհետև «Մեդին Արմենիա» բրենդն այժմ ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ ունի:
-Պարո՛ն Պողոսյան, մինչ սպառողին հասնելը, ի՞նչ տեխնոլոգիական գործընթաց է կատարվում:
-Ընդհանրապես պահածոյագործության մեջ գոյություն ունի արտադրական մի քանի փուլ: Նախնական կատարվում է վերամշակման փուլը, այդ ժամանակ լվացվում են, տեսակավորվում առկա տեսականին, որոշվում է որն է օգտագործվելու, որն է գնալու սառնարանային տնտեսություն: Դրան հաջորդում է հիմնական արտադրական փուլը, այս փուլում պտուղ բանջարեղենը տարբեր տեխնոլոգիական գործընթացներ է անցնում` վերածվելով վերջնական արտադրանքի: Հիմնական արտադրական փուլին հաջորդում է մանրէազերծման փուլը, որտեղ ամբողջ տեսականին ենթարկվում է մանրէազերծման, այնուհետև տեղափոխվում է պահեստ և պահվում 15 օր: Լաբորատոր զննությունից հետո վերջնական արտադրանքը պատրաստ է:
Մենք հասանք նրան, որ առանց հավելումների, առանց արոմատիզատորների ունեցանք որակյալ եւ բարձր համային հատկանիշներով օժտված արտադրանք:
-Շուկայում նոր արտադրանք լինելով հանդերձ, «Եղեգնաձորի պահածոների գործարանը», իր բարձրորակ արտադրանքի համար, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից պարգևատրվեց ոսկե մեդալով, ինչպե՞ս է հաջողվել այս կարճ ժամանակահատվածում արժանանալ այսպիսի վստահության:
-Այդ մրցանակը մեզ համար շատ կարևոր և պարտավորեցնող էր: Լավ փաթեթավորումը, գեղեցիկ տարան բավական չեն լավ արտադրանք ունենալու համար, լավ արտադրանքի համար պետք է ունենալ լավ կոլեկտիվ, ճիշտ ռազմավարություն և ծրագրեր:
Աշխատակազմի միջանձնային շփումը մեզ մոտ բարձր մակարդակի վրա է, այստեղ տիրում է ջերմ հարաբերություններ: Ճիշտ կառավարման արդյունքում կարողացել ենք հասնել նրան, որ աշխատակազմը ընկերության շահն ու իրենցը միաձուլել են՝ դարձնելով մեկը:
Ղեկավար-աշխատող հարաբերություններն այսօր մեզ մոտ հիմնված են փոխադարձ հարգանքի, փոխզիջման և վստահության վրա և նման պայմաններում է, որ հնարավոր եղավ բարձր որակական և համային հատկանիշներով օժտված և, որ ամենակարևորն է, դրական էներգետիկա պարունակող արտադրանք ունենալ:
-Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 8-ին այցելել էր «Եղեգնաձորի պահածոների գործարան», այսօր տեղական արտադրողն ի՞նչ աջակցություն է ստանում կառավարությունից:
-Մեր ժողովրդի մոտ կարծրատիպ կա, որ եթե չունես համապատասխան լծակներ, ապա դու չես կարող բիզնեսում հաջողության հասնել: Իմ սեփական փորձով կարող եմ ասել, որ դա սխալ կարծիք է, պետք է հավատաս ուժերիդ և առաջ շարժվես: Բիզնեսի ճիշտ վարման դեպքում, տնտեսության անկումը և այլ արտաքին գործոնները դանդաղեցնում են նրա առաջընթացը, բայց չեն դառնում կործանման պատճառ:
Ես համոզված էի, որ յուրաքանչյուր նոր, առողջ և հեռանկարային բիզնեսի հիմնադրումը կունենա իր դրական արձագանքը կառավարության կողմից, և այդպես էլ եղավ, կառավարությունը ոչ միայն առարկայական օգնություն ցուցաբերեց, այլ նաև իր մոտեցմամբ էլ ավելի ոգևորեց մեր աշխատանքը:
Լավ փաթեթավորումը, գեղեցիկ տարան բավական չեն լավ արտադրանք ունենալու համար, լավ արտադրանքի համար պետք է ունենալ լավ կոլեկտիվ, ճիշտ ռազմավարություն եւ ծրագրեր:
-Պարո՛ն Պողոսյան, կխնդրեի ներկայացնեիք ապագայում սպասվող ծրագրերն ու համագործակցությունները:
-Առաջիկայում նախատեսել ենք ավելացնել նոր հոսքագծեր: Արտադրվելու են գազավորված լիմոնադներ, բարձր որակի մաքուր ջուր, և բնական հյութեր:
Մեր երկարաժամկետ ռազմավարության առանցքային ուղղություններից է օրգանիկ պահածոների արտադրությունը:
Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ