06:51
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մուշեղ Պետոյան

2015-11-25 15:08

ՈՎ ՍԿՍԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՆԱ ՊԱՐՏՎԵԼՈՒ Է


   «Դե Ֆակտո» N113 (2015թ.)


Ինձ համար կարեւորագույն սկզբունք է կյանքում եւ աշխատանքում լինել ազնիվ, մարդասեր, ունենալ պատասխանատվության բարձր զգացողություն եւ ստեղծել այդ արժեքների վրա հիմնված փոխհարաբերություններ:

 

-Պարո՛ն Պետոյան, Դուք 2011թ. ընտրվել եք պատգամավոր Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքից: Այս չորս տարիների ընթացքում ի՞նչ եք հասցրել անել:


-Չորս տարիների ընթացքում ամենակարևորը միշտ եղել եմ իմ ընտրողների կողքին: Եթե ցանկություն են ունեցել ինձ հանդիպելու, անկախ այն հանգամանքից, այդ օրը զբաղված եմ, ընդունելության օր է, թե ոչ, նրանք կարողացել են ինձ տեսնել:
Ինչ վերաբերում է անելիքներին, ապա այսօր ժողովրդի մեջ թյուր տպավորություն կա, որ պատգամավորը պետք է իր սեփական միջոցներով ծրագրեր իրականացնի, ֆինանսական աջակցություն ցուցաբերի, այնինչ պատգամավորի գործն իրականում բոլորովին այլ է, նա օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է և պետք է իր նպատակաուղղված աշխատանքով փորձի խնդիրներին օրենսդրական լուծում տալ, մշակել այնպիսի օրենքներ, որոնք կնպաստեն երկրի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցությանը:


Ես, իհարկե, իմ հնարավորությունների սահմաններում սեփական միջոցներով իրականացրել և իրականացնում եմ մի շարք նախաձեռնություններ, աջակցում եմ անապահով ընտանիքներին, սակայն ինձ համար առաջնային են օրենսդիր մարմնում որպես ԱԺ պատգամավորի իմ աշխատանքն ու պարտականությունները: ԱԺ-ում ես վեր եմ հանում իմ ընտրատարածքում առկա խնդիրները, ջանում, որ դրանք անպայման լուծում ստանան: Պետք է նշեմ, որ շատ ու շատ խնդիրներ լուծում ստացել են, սակայն մեր երկիրն այնքան հնարավորություններ չունի, որպեսզի կարճ ժամանակահատվածում բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկի: Ես դա ցավով եմ նշում, մենք պետք է հաշվի նստենք այդ հանգամանքի հետ: Իսկ պատգամավորները պետք է իրենց լիազորությունների սահմանում աշխատեն ի շահ մեր ժողովրդի, եթե յուրաքանչյուրն այդպես աշխատի, մեր երկիրն էլ ավելի արագ կզարգանա:


-Ո՞ր համայնքներն են ընդգրկված Ձեր ընտրատարածքում և ի՞նչ աշխատանքներ են իրականացվել դրանցում:


-Թիվ 36 ընտրատարածքն ընդգրկում է Արթիկ, Մարալիկ քաղաքները` հարակից գյուղական համայնքներով: Բավականին մեծ տարածաշրջան է, ես աշխատում եմ բոլոր համայնքներին էլ օգտակար լինել: Ես սերտորեն համագործակցում եմ քաղաքապետարանի, համայնքապետարանների հետ, մեր միջև կա փոխադարձ վստահություն և հարգանք:
Պետք է նշեմ, որ Արթիկում ունենք 6-7-րդ դարերում կառուցված պատմամշակութային կոթող` Լմբատավանքը, որը կառուցված է բարձր բլրի վրա: Ամեն ոք չէր կարողանում բարձրանալ այնտեղ, քանի որ ճանապարհ չկար, մեքենա չէր բարձրանում: Ես իմ սեփական միջոցներով կառուցել եմ այդ ճանապարհը, որի համար շատ շնորհակալական խոսքերի եմ արժանացել:
Մարալիկում կա սոցիալական թաղամաս, որտեղ բնակվում են չափահաս տարիքում մանկատներից դուրս եկած երիտասարդներ, որոնց ես ժամանակ առ ժամանակ այցելում եմ, քաջալերում, նվերներ մատուցում` որպես ուշադրության գրավական, որպեսզի նրանք չընկճվեն, զգան, որ միայնակ չեն և իրենց սկսած նոր կյանքը ճիշտ հունով ընթանա: Դա շատ կարևոր հարց է:


Իմ ուշադրության կենտրոնում են նաև հաշմանդամները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, ում ես տոն օրերին միշտ հանդիպում եմ, հատկապես Նոր տարվան ընդառաջ` փորձում եմ աջակցություն ցուցաբերել նրանց:
Արթիկ-Մարալիկ ճանապարհը, որն Արթիկը կապում էր մայրաքաղաքի հետ, գրեթե անանցանելի էր: Այդ խնդիրը բարձրացրեցի Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, որը դրական լուծում ստացավ, ճանապարհը մասնակի վերանորոգվեց, հաջորդ տարի մյուս հատվածը կվերանորոգվի:
Մեծ աշխատանքներ են իրականացվել Արթիկ քաղաքի ջրամատակարարման համակարգում: Ջրի որակն է բարձրացել, մնացել է մի քանի համայնք, որոնցում դեռ այդ խնդիրը կա, սակայն դա ժամանակի խնդիր է, այդ համայնքներում նույնպես անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն:
Բազմաթիվ այլ խնդիրներ մեր տարածաշրջանի հետ կապված ևս բարձրացրել եմ ԱԺ-ում, որոնց լուծմանը անհամբերությամբ սպասում եմ, սակայն, ինչպես վերևում նշեցի, մեր երկրի հնարավորությունները սուղ են և ոչ բոլոր դեպքերում է հաջողվում հասնել խնդրի շուտափույթ լուծմանը:


-Հիմնականում ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում Ձեր ընտրողները, ունե՞ք գրասենյակ, որտեղ կարող են այցելել Ձեզ:


-Գրասենյակ ունեմ Մարալիկի քաղաքապետարանում, քաղաքապետն ինձ տրամադրել է աշխատասենյակ նաև Արթիկում: Երկու քաղաքներում էլ ընդունում եմ ժողովրդին, լսում նրանց և փորձում օգտակար լինել:
Ցավոք, հիմնականում դիմում են ֆինանսական աջակցություն ստանալու խնդրով, այլ ոչ թե իրենց համայնքի խնդիրներով, որոնք ես տեսնում եմ և փորձում լուծում տալ դրանց:


-Պարո՛ն Պետոյան, Դուք կարճ ժամանակահատված է, ինչ անկախ պատգամավոր եք, մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էիք: Ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ ԲՀԿ-ից:


-Ճիշտ եք, ես 2015թ. գարնանը դուրս եկա կուսակցությունից, քանի որ այն գաղափարները, ծրագրերը, նպատակները, որոնց շուրջ ես համախմբվել էի կուսակցության ներքո, չստացվեց իրականություն դարձնել, կուսակցության նախագահը թողեց իր պաշտոնը, քաղաքական իրավիճակը փոխվեց, և այդ պայմաններում իմ անդամակցությունը ճիշտ չէր: Կարևորն այն է, որ ԱԺ իմ աշխատանքում ոչինչ չի փոխվել, որպես պատգամավոր` ես աշխատում եմ ի շահ մեր ժողովրդի, կարծում եմ` ամենակարևորը դա է:


-Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի ԱԺ ութերորդ նստաշրջանը, աշխատանքային ինչպիսի՞ արդյունավետություն եք ակնկալում:


-Կարծում եմ` այս նստաշրջանի կարևորագույն խնդիրը սահմանադրական բարեփոխումներն են, որոնք պետք է ճիշտ հասկանանք, վերլուծենք և եթե անհրաժեշտ է, փոփոխենք այնպես, որ ծառայի մեր ժողովրդին: Ես ակտիվորեն մասնակցում եմ այդ գործընթացին` փորձելով իմ ներդրումն ունենալ դրանում: Ակնկալում եմ աշխատանքային բարձր արդյունավետություն:


-Դուք` որպես մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր, ինչպե՞ս եք գնահատում միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների հաստատումը:


-Իհարկե, ժողովրդի կողմից ընտրվելը մեծ առավելություն է, մեծ գնահատական, բայց մյուս կողմից` ավելի լավ ու ճիշտ է, որ մեծամասնական ընտրակարգ չլինի, քանի որ մեր հանրապետությունը փոքր է, ընտրատարածքները` նույնպես, ամեն ընտրությունից հետո թշնամանք է առաջանում դրանցում, լարված իրավիճակ` մինչև հաջորդ ընտրություններ: Այս տարբերակը շատ ավելի ճիշտ է, ես միշտ կողմնակից եմ եղել հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգին:


-Ի՞նչ աշխատանքներ պետք է իրականացնի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, որի անդամն եք:


-Պետք է հանդես գանք օրենսդրական նախաձեռնություններով, քննարկենք և եթե անհրաժեշտ է, բարեփոխենք կառավարության ներկայացրած նախագծերը, այնպես ձևակերպենք դրանք, որ աջակցենք ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը:


-Ինչպիսի՞ն էր գյուղատնտեսական տարին Ձեր ընտրատարածքի համար:


-Այս տարին ավելի բարենպաստ էր` նախորդ տարվա համեմատ, կարկտահարություն չեղավ: Միշտ էլ կարկուտից վախեցել է մեր ժողովուրդը, քանի որ մեզ մոտ պակասում են հակակարկտային կայանները: Եթե կարողանանք մեկ տասնյակ հակակարկտային կայաններ տեղադրել մեր տարածաշրջանում, ապա գյուղացին առավել համարձակ ներդրում կկատարի գյուղատնտեսության ոլորտում և վստահ կլինի, որ բանկից վերցրած իր վարկերը կկարողանա վերադարձնել:


-Ձեր տարածաշրջանում ինչպիսի՞ն է արտագաղթի ցուցանիշը:


-Դեռ խորհրդային տարիներին մեր տարածաշրջանում արտագնա աշխատանքի մեկնելը մեծ տարածում ուներ: Բայց դա արտագաղթ համարել չի կարելի, նրանք մեկնում են գումար վաստակելու և վերադառնում հայրենիք: Այսօր էլ այդ երևույթը շատ տարածված է, քանի որ աշխատատեղերի խնդիր կա, իսկ մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, եթե աշխատանք ունենա, չի լքի իր հայրենիքը:


-2015թ. սկսվեց սահմանային միջադեպերով, որոնք շարունակվում են մինչև այսօր, ինչպե՞ս եք տեսնում այս լարվածության հետագա ընթացքը, արդյո՞ք պատերազմը հնարավոր է վերսկսվի:


-Իմ կարծիքով` պատերազմի վտանգ չկա, մեր պետությունը նման ցանկություն չունի, իսկ իրավիճակն այնպիսին է, որ ով սկսեց պատերազմը, նա պարտվելու է, բայց, իհարկե, մենք միշտ պետք է պատրաստ լինենք: Փառք Աստծո, ունենք մարտունակ, հայրենասեր բանակ, որն ի զորու է արժանի հակահարված հասցնել թշնամուն:


-Պարո՛ն Պետոյան, հետաքրքիր է, կյանքում և աշխատանքում ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:


-Ինձ համար կարևորագույն սկզբունք է կյանքում և աշխատանքում լինել ազնիվ, մարդասեր, ունենալ պատասխանատվության բարձր զգացողություն և ստեղծել այդ արժեքների վրա հիմնված փոխհարաբերություններ: Մարդը միշտ պետք է ձգտի պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, եթե չի կարող, զիջի մեկ ուրիշին:


-Ի՞նչ պատգամ եք ստացել Ձեր ծնողներից, որը փոխանցել եք Ձեզ զավակներին:


-Լինել թույլի, կարիքավորի կողքին, օգնել նրան, ինչպես նաև սիրել հայրենիքն ու սեփական ժողովրդին: Այդպիսին է եղել հայրս և այդ ոգով է դաստիարակել նաև ինձ և եղբորս: Իմ պատգամավոր դառնալու նպատակն այդ պատգամը կատարելն է, ունենալ լիազորություն նպաստելու հայրենիքի զարգացման գործընթացին:
Ես ունեմ գեղեցիկ հայկական ընտանիք, մեկ դուստր և մեկ որդի, ում այդ արժեքներով եմ դաստիարակում, թեև կարծում եմ` դաստիարակության ամենալավ ձևը սեփական օրինակն է, ամեն քայլ կատարելիս ես հաշվի եմ նստում այդ փաստի հետ:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...