05:41
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն

2015-10-21 17:20

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Անկախության առաջին տասնամյակը ծանր եղավ Հայաստանի էներգահամակարգի համար: Մենք ստիպված էինք հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, որից հետո սկսվեց ոլորտի մասնավորեցման գործընթացը: Դրա արդյունքում Հայաստանի էներգահամակարգը բաժանվեց արտադրող, տեղափոխող և բաշխող համակարգերի:
Ներկայումս էլեկտրաէներգիայի տեղափոխման գործառույթն իրականացնում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն:

-Պարո՛ն Անանյան, արդեն տասնյոթ տարի է, ինչ գործում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ն, ի՞նչ դեր և նշանակություն ունի ընկերությունը ՀՀ էներգահամակարգում:


-«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության դերն ու նշանակությունը ներկայացնելուց առաջ նախ պետք է անդրադարձ կատարեմ Հայաստանի էներգահամակարգի կայացման փուլերին:
Հիդրոէներգետիկայի, ջերմաէներգետիկայի, ատոմային էներգետիկայի զարգացմանն ուղղված հսկայածավալ ծրագրերի իրականացման արդյունքում՝ Հայաստանի էներգետիկ համակարգը դարձավ Խորհրդային Միության միասնական և ամբողջական էներգահամակարգի կարևոր մասը, իսկ արդեն 1963թ. մեր հանրապետությունը դարձավ ԽՍՀՄ-ում առաջին, ամբողջովին էլեկտրաֆիկացված հանրապետությունը: Հենց Խորհրդային Հայաստանում կառուցվեց առաջին ատոմային էլեկտրակայանը:
Անկախության առաջին տասնամյակը ծանր եղավ Հայաստանի էներգահամակարգի համար: Մենք ստիպված էինք հաղթահարել էներգետիկ ճգնաժամը: Հետո սկսվեց ոլորտի մասնավորեցման գործընթացը, որի արդյունքում Հայաստանի էներգահամակարգը բաժանվեց արտադրող, տեղափոխող և բաշխող համակարգերի:
Ներկայումս էլեկտրաէներգիայի տեղափոխման գործառույթն իրականացնում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ:


-Կխնդրեմ ներկայացնեք «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ստեղծման պատմությունը, գործունեության շրջանակները:


-«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը ստեղծվել է 1998թ.: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 7.1 մլրդ դրամ: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Արևելյան», «Արևմտյան», «Գորիսի» «Զանգեզուրի», «Հյուսիսային», «Հարավային» մասնաճյուղերն իրականացնում են էլեկտրական էներգիայի հաղորդումը:
Ընկերության «Նախագիծ» մասնաճյուղը կատարում է էներգետիկ օբյեկտների կառուցվածքների նախագծային աշխատանքներ, իսկ «Էներգետիկ օբյեկտների կառուցման տնօրինություն» մասնաճյուղը համակարգում է էներգետիկ օբյեկտների կառուցումը: Ընկերությունն իր հաշվեկշռում գտնվող 220/110կՎ էլեկտրական ցանցով Հայաստանի ներքին տարածքում էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայություններ է մատուցում բաշխիչ ցանցին, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտահանողներին, դրանից բացի, ապահովում է իր ենթակայության տակ գտնվող էլեկտրական ցանցերի բնականոն աշխատանքը:
Այսօր ընկերությունն ունի 220 կՎ 13 ենթակայան` «Հաղթանակ», «Շահումյան», «Զովունի», «Մարաշ», «Արարատ-2», «Եղեգնաձոր», «Շինուհայր», «Վանաձոր-2», «Գյումրի-2», «Ալավերդի», «Կամո», «Լիճք», «Աշնակ» ենթակայանները և 110կՎ 2՝ «Վանաձոր-1» և «Չարենցավան» ենթակայանները:
Մեր տասներեք 220 կՎ և երկու 110 կՎ ենթակայանների 33 ուժային տրանսֆորմատորների ընդհանուր հզորությունը կազմում է 2561 ՄՎտ: Մեղրիում ունենք նաև փոխանջատման կետ, որը կարևոր դեր ունի Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերի կազմակերպման գործընթացում:
ԲԷՑ-ի կառուցվածքի կարևոր օղակներից են նաև 330, 220, 110կՎ օդային գծերը, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 1947.8կմ, դրանք անցնում են աշխարհագրական բավական բարդ գոտիներով ու ձգվում են հանրապետության ամբողջ տարածքով` լեռներով ու հարթավայրերեով: Մենք հենարաններ ունենք նույնիսկ Բարգուշատի լեռնաշղթայի Գյուլիբերդ լեռնանցքում` 2717 մետր բարձրության վրա /հանրապետության հարավային շրջանում/: Կարելի է պատկերացնել, թե դրանց շահագործումը ինչպիսի բարդությունների ու պատասխանատվության հետ է կապված՝ հատկապես ձմեռային օրերին:
Ի դեպ, ԲԷՑ-ի կառուցվածքում է գործում նաև Պուշկինի լեռնանցքում տեղակայված «Լոռի-1» հողմաէլեկտրակայանը՝ 2.64ՄՎտ ընդհանուր հզորությամբ:

-Ո՞ր երկրներ եք արտահանում էլեկտրաէներգիա:


-Մենք էլեկտրաէնեգիա ենք արտահանում Իրան, Վրաստան և ԼՂՀ: Ունենք համապատասխան պայմանագրեր, որոնց համաձայն` էլեկտրաէերգիայի դեֆիցիտի դեպքում մենք այն ներմուծում ենք Իրանից և Վրաստանից:


-Ի՞նչ ծրագրեր են իրականացվել մինչև այսօր:


-Հայաստանի կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող փոխառու, դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին ընկերությունն իրականացնում է էներգետիկ օբյեկտների կառուցում և վերակառուցում: Այդ բոլոր ծրագրերը ուղղված են Հայաստանի էներգահամակարգի հուսալիության, անվտանգության մակարդակի բարձրացմանը, բարձրավոլտ էլեկտրական ցանցերի ընդլայնմանը և հարևան երկրների էներգահամակարգերի հետ ինտեգրմանը:

Օրինակ, նախորդ տարի մենք շահագործման ենք հանձնել «Գյումրի-2» 220/110/10 կՎ ենթակայանը, որի կառուցման աշխատանքներն իրականացվել են KfW գերմանական բանկի տրամադրած վարկային միջոցների շնորհիվ: Ենթակայանի պաշտոնական բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահը, ով բարձր գնահատեց կատարված աշխատանքը: Ի դեպ «Գյումրի-2» ենթակայանի վերակառուցման ընթացքում տնտեսվել է 1մլն 470 հազ. ԱՄՆ դոլար, որով, մրցութային կարգով, ձեռք կբերենք մեքենա-մեխանիզմներ:
Ամենամեծ ծրագիրը, որ ունենք այս պահին, KfW բանկի հետ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց-1»(Հայաստան-Վրաստան օդային գիծ/ենթակայաններ)ծրագիրն է, որի արժողությունը 276.2 մլն. եվրո է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Հայաստան և Վրաստան էլեկտրահաղորդման 400կՎ գիծը, 1050 ՄՎտ հզորությամբ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանը և 500/400 կՎ «Այրում» ենթակայանը: Հայաստան-Վրաստան 400կՎ օդային գծի կառուցումը կամրապնդի տարածաշրջանի էներգահամակարգերի անվտանգությունը, ինչպես նաև կապահովի դրանց զուգահեռ աշխատանքը:
Տեղեկացնեմ, որ KfW բանկի ֆինանսավորմամբ նախկինում իրականացվել է «Վանաձոր-2» և «Կամո» 220 կՎ ենթակայանների, «Ալավերդի-2» և «Վանաձոր-1» ենթակայանի վերակառուցումը:


Միջազգային ֆինանսական կառույցների հետ իրականացվող ծրագրերից պետք է նշեմ նաև «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիրը, որն իրականացվում է «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» («Համաշխարհային Բանկ») ֆինանսավորմամբ: Այդ ծրագրով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը տրամադրվել է 39.0 մլն ԱՄՆ դոլար վարկ: Նախատեսված է վերակառուցել 50-ական թվականներին կառուցված և ֆիզիկապես մաշված 220 կՎ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գիծը: Այն անցնում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերով` միացնելով հանրապետության էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները` կենտրոնական և հարավային մասերը: Ծրագրի կապալառուն «Կալպատառու» ընկերությունն է (Հնդկաստան): Նախատեսված է կառուցել 721 տարբեր տեսակի հենարաններով շուրջ 227կմ էլեկտրահաղորդման օդային գիծ: Ծրագրի շրջանակներում արդեն ձեռք ենք բերել մոտ 600 հողակտոր, կառուցվել է 140 հենարան և տեղադրված է մոտ 250 հենարանի հիմք: Ծրագիրը պետք է ավարտվի 2016 թ. նոյեմբերին:
Ի դեպ, «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի կապալառուի մրցույթի արդյունքում տնտեսվել է 6.5մլն ԱՄՆ դոլար, որը նախատեսվում է ուղղել 28 կմ երկարությամբ 110կՎ «Լալվար-Նոյեմբերյան» օդային գծի վերակառուցմանը:
Որպես «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում` ՀԲ տրամադրել է 40 մլն ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է վերակառուցել 220 կՎ լարման «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» ենթակայանները: Ծրագրի աշխատանքները պետք է սկսվեն 2016թ. գարնանը և ավարտվեն 2019 թվականին:


Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող մեր մյուս ծրագիրը՝ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագիրն է, որի վարկային համաձայնագիրը ՀՀ կառավարությունը և Համաշխարհային բանկը ստորագրել են այս տարի գարնանը: ՀԲ տրամադրել է 52մլն ԱՄՆ դոլար վարկ, որից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության մասնաբաժինը՝ 21.7 մլն ԱՄՆ դոլար է: Այդ ծրագրով իրականացնելու է «Աշնակ» ենթակայանի վերակառուցումը, «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ընկերության կարգավորման նոր պահուստային կենտրոնի կառուցումը, ինչպես նաև ձեռք են բերվելու բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի սպասարկման համար անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներ :
Մենք համագործակցության արդյունավետ փորձ ունենք նաև Իրանի հետ: Դեռ 2006թ. իրանական «Սանիր» ընկերության և ԲԷՑ ընկերության միջև կնքվել էր պայմանագիր «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցման» վերաբերյալ: Սակայն ծրագրի աշխատանքները 2013թ. կասեցվել էին մեզնից անկախ պատճառներով և վերսկսվեցին 2015թ.: Այդ ծրագրով նախատեսվում է կառուցել «Նորավան» ենթակայանը և «Ագարակ» փոխանջատման կետից մինչև «Հրազդան ՋԷԿ» մոտ 312կմ երկարությամբ երկշղթա 400 կՎ լարման օդային գիծը: Ծրագրի արժեքն է 107.9մլն. եվրո, որից 77 տոկոսը կվարկավորվի ԻԱԶԲ, իսկ 23 տոկոսը «Սանիր Ինթերնեյշնլ ՖԶԵ»-ի կողմից: Իրան-Հայաստան 400 կՎ լարման օդային գիծը հետագայում կապվելով Վրաստանի էներգահամակարգի հետ` կապահովի տարածաշրջանի էներգահամակարգերի սինքրոն աշխատանքը: Ծրագրի ավարտից հետո մենք հնարավորություն կունենանք Իրան արտահանել մինչև 1000 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիա:


«Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնում» ծրագրի շրջանակներում մենք արդյունավետ համագործակցում ենք Ասիական Զարգաման Բանկի հետ: ԱԶԲ մեզ տրամադրել է 23 մլն. ԱՄՆ դոլար՝ ծրագրի առաջին փուլում /2015-2017թթ./ «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման համար:
Ծրագրի երկրորդ փուլը կֆինանասավորի ՎԶԵԲ, որի շրջանակներում կվերակառուցվեն «Եղեգնաձոր» և «Արարատ-2» ենթակայանները /2017-2019 թթ./:

-Պարո՛ն Անանյան, էներգետիկ համակարգում իրականացվում է տեսանելիորեն արդյունավետ և նպատակաուղղված աշխատանք: Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի աշխատանքը, արդյո՞ք այս ամենը նրա կատարած լավ աշխատանքի արդյունքն է:


-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար պարոն Երվանդ Զախարյանն ունի մեծ փորձառություն, աշխատել է տնտեսության ամենատարբեր ոլորտներում, ղեկավարել կարևոր գերատեսչություններ: Բնականաբար, նրա աշխատանքային ձեռագիրը պետք է տարբերվեր և նկատելիորեն արդյունավետ լիներ:
Նախարարը համակարգում իրականացնում է ճիշտ կառավարում, ինչն անչափ կարևոր է հաջողություններ ունենալու համար, ինչպես նաև, ջանք ու եռանդ չի խնայում միջազգային ասպարեզում Հայաստանի ունեցած համագործակցության շրջանակները ամրապնդելու և ընդլայնելու գործում: Դրա վառ օրինակներից մեկը հենց Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցման կասեցված աշխատանքների վերսկսումն է: Նրա աշխատանքային այցերն Իրան, բանակցությունների ճիշտ և նպատակաուղղված վարումը տվեցին իրենց պտուղները: Ես համոզված եմ, որ նրա ղեկավարման տարիները կարևորագույն նշանակություն են ունենալու ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման պատմության մեջ:


-Ի՞նչ շոշափելի արդյունքներ կունենա Հայաստանը վերը նշված ծրագրերի իրականացումից հետո:


-Նախ, որ ամենակարևորն է, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի անկախության ու անվտանգության մակարդակը, երկրորդը՝ կմեծանան տարածաշրջանային էներգետիկ համակարգերին Հայաստանի ինտեգրման հնարավորություններն ու հարևան երկրների հետ շուկայական հարաբերությունների ձևավորման արդյունքում՝ էլեկտրաէնեգիա արտահանող երկրի բյուջեն տեսանելիորեն կհարստանա, և վերջապես կայացած էներգետիկ էներգահամակարգ ունեցող Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը առավել մատչելի կլինի սպառողների համար :


-Պարո՛ն Անանյան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, Ձեր ղեկավարությամբ, նույնպես արդյունավետ աշխատում է: Հետաքրքիր է, ո՞րն է Ձեր աշխատանքային սկզբունքը:


-Իմ աշխատանքային սկզբունքը՝ առավելագույն արդյունավետությամբ աշխատելն է: Ես մեծ ուրախություն եմ ապրում ամեն փոքրիկ հաջողությունից և անձամբ հետևում եմ, որպեսզի մեր անձնակազմը որակով աշխատի ու ապահովի ՀՀ էներգահամակարգի կայուն զարագացումը:

 


                                                                                                                                                                                                                                                                                                                                           Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...