06:37
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հարություն Անտոնյան

2015-10-15 16:25

 

«Դե Ֆակտո» N112 (2015թ.)

Ջուրն  աստվածային պարգև է  մարդկությանը

 «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ 

-Պարո՛ն Անտոնյան, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն շուրջ տասնմեկ տարի է, ինչ գործում է, որոնցում Ձեր կառավարման տարիներն առանձնանում են: Կխնդրեմ ներկայացնեք ընկերության զարգացման փուլերն ու ձեռքբերումները:


-Այս տարվա նոյեմբերի 22-ին կլրանա 4 տարին, ինչ ես ստանձնել եմ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, թեև համակարգում աշխատում եմ 2009 թվականից: Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից որդեգրել եմ բաց ու թափանցիկ աշխատելաոճ բաժանորդների հետ հարաբերություններում, 24-ժամյա սրտացավ աշխատանք ու պատասխանատվություն, որը նկատում ու գնահատում են մեր բաժանորդները:
Անդրադառնալով ընկերության գործունեությանը` նշեմ, որ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն 6 տարի է գործում է միջազգային ընկերությունների՝ MVV decon GmbH, MVV Energie AG, հայկական «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունների, 2014 թվականից նաև «Հայջրմուղկոյուղ» ՓԲԸ-ն ղեկավարող «ՍԱՈՒՂ» կազմակերպության կառավարման ներքո: Այս ընկերությունները միջազգային մեծ փորձ ունեն ջրային ծառայությունների կառավարման ոլորտում և 2009 թվականից միավորվել են, կազմել կոնսորցիում՝ ստանձնելով «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարիչ թիմը:


Ընկերությունն ու ղեկավար կազմն այս տարիների ընթացքում իրենց առջև նպատակ էին դրել բարձրացնել սպառողներին մատուցվող ծառայությունների մակարդակը, ապահովել անխափան և շուրջօրյա ջրամատակարարում, խմելու ջրի որակի բարձրացում, ջրային կորուստների կրճատում, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման աճ: Ընկերության բազաների ճշգրտման և հասույթի բարձրացման մեջ զգալի ներդրում ունեցավ «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն իր մասնագիտական փորձառու թիմով: Թիմային աշխատանքի արդյունքում հաջողվեց մեզ արձանագրել ցուցանիշների անհամեմատ լավ արդյունք, որոնք էլ մեր ընկերության զարգացման գրավականն ու արժեքավոր ձեռքբերումներն են:
Լավագույն ու հաջողված փորձի ընդօրինակումն ու ներդրումը յուրաքանչյուր ընկերության հաջողության բանալին կարող է լինել:


-Ընկերության կողմից ո՞ր տարածքներում է իրականացվում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ:

-«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ունի ավելի քան 40.500 բաժանորդ: Ընկերությունը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ է մատուցում Վանաձոր քաղաքում և մարզի 16 գյուղական համայնքներում:


-2009 թ. օգոստոսին «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարումը հանձնվել է միջազգային օպերատորին մինչև 2016թ.: Ի՞նչ արդյունքներ տվեց միջազգային փորձի ներդրումը ՓԲԸ-ի աշխատանքներում:

-Լավագույն ու հաջողված փորձի ընդօրինակումն ու ներդրումը յուրաքանչյուր ընկերության հաջողության բանալին կարող է լինել: Ջրամատակարար 4 կառույցները` «Լոռի-ջրմուղկոյուղի», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և Արմավիրի մարզի «Նոր-Ակունք» ՓԲԸ-ները, ունենալով մեկ կառավարիչ, միջազգային տնօրեն Պատրիկ Լորենի ղեկավարությամբ` մշտապես համագործակցում են, աջակցում միմյանց, կիսվում աշխատանքային խնդիրներով և փորձառությամբ: Նորարարությունների զարգացման կարիք ունի ցանկացած կառույց, եթե ձգտում ունի:


-Ձեր ղեկավարության ժամանակահատվածում ի՞նչ կարևոր ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանը:
-«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում շարունակվում են համակարգային մեծածավալ բարեփոխումները, որոնք ուղղված են ջրամատակարարման ծառայությունների արդիականացմանը: KFW Վերականգնման վարկային բանկի կողմից տրամադրած վարկի, դրամաշնորհի, ինչպես նաև ՀՀ համաֆինանսավորման շնորհիվ` ընկերությունում իրագործվում է «Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագիրը: Համակարգի առողջացման այսպիսի հնարավորություն կցանկանային ունենալ շատ քաղաքներ, որն ավելի, քան 50 տարվա հուսալիություն կարողանար ապահովել: Մինչ այժմ կատարվել են ջրաղբյուրների, ջրամբարների, ճնշումային գոտիների, քլորատների, պոմպակայանների, մայր ջրատարների կառուցման և նորոգման լայնածավալ աշխատանքներ, որոնց շնորհիվ, այս տարվա սեպտեմբերի 15-ի դրությամբ, ընկերության բաժանորդների մոտ 70% անցել է շուրջօրյա ջրամատակարարման:

-Ջրամատակարար ընկերության ղեկավար լինելով հանդերձ՝ ինչպիսի՞ վերաբերմունք ունեք բնության այդ պարգևի նկատմամբ: Ի՞նչ է ջուրը Ձեզ համար:
-Ջուրը կյանք է, կյանքի սկզբնաղբյուր է, աստվածային պարգև է մարդկությանը: Մաքրության, անաղարտության, անկեղծության խորհրդանիշն է, անփոխարինելի` յուրաքանչյուր կենդանի էակի համար: Պահպանենք, խնայենք, գնահատենք այն:


-Դուք հարուստ աշխատանքային փորձ ունեք, մենք տեղյակ ենք, որ Դուք ունեք յուրահատուկ աշխատելաոճ, որը ընկերության աշխատանքի արդյունավետության բարձր ցուցանիշերի հիմնական գրավականն է, կպատե՞ք ինչ սկզբունքներ և կառավարման մոդել եք կիրառում աշխատանքում:
-Մեր ընկերության հաջողությունը թիմային աշխատանքի արդյունք է: Բաժանորդի կողմից բարձրացրած խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը` մեր ամենօրյա կազմակերպված աշխատանքի անբաժանելի մասն է: Աշխատակիցներից յուրաքանչյուրը գիտակցում է սեփական աշխատանքի դերն ու կարևորությունը, մեր ձեռքբերումներն ու հաղթանակները «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի» սկզբունքով են պայմանավորված: Ամեն աշխատող ընկերությունը համարում է ընտանիք և ամեն ինչ անում նրա զարգացման համար: Անմնացորդ նվիրում է պահանջում ջրմուղագործի աշխատանքը, ինչպես նաև իրատեսական ծրագրերի շնորհիվ է, որ այսօր առաջընթաց ենք գրանցում:

-Ինչպիսի՞ կիրառություն ունեն նորագույն տեխնոլոգիաները ՓԲԸ աշխատանքների իրականացման մեջ:

-Նորագույն տեխնոլոգիաները կիրառության մեջ են նաև մեր համակարգում: Եթե 2009 թվականին ծառայություն ստացող բաժանորդների 87.3 տոկոսն ունեին տեղադրած ջրաչափական սարքեր, ապա այժմ 99.3 տոկոսն ունի: Սա նշանակում է, որ բաժանորդների ծախսած ջուրն անցնում է ջրաչափով: Տեսուչները հատուկ լուսանկարչական հեռախոսներով նկարում են ցուցմունքը, որն ավտոմատ կերպով հատուկ ծրագրով հենց տեղում փոխանցվում է ընկերության բազա: Ջրի հաշվառումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով տեղադրված են նաև հատուկ ջրաչափեր: Սա նշանակում է, որ ամենօրյա սպառվող ջրի առցանց վերահսկողություն է կատարվում: Արդյունքում ընկերության հասույթն ու հավաքագրումը վերջին տարիների ընթացքում աճել են 40 տոկոսով: Հավաքագրումը կազմում է 96,8 տոկոս: Ջրամատակարարման ճնշումը, ու դրա հիման վրա նաև տևողությունը վերահսկելու համար տեղադրվել են նաև լոգերներ: Այս տարվանից MVV decon GmbH, MVV Energie AG, «ՍԱՈՒՂ» և հայկական «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ ընկերությունների նախաձեռնությամբ երկու ամիսը մեկ անգամ կազմակերպվում է վիճակահանություն, որը նպատակ ունի խրախուսել պարտաճանաչ բաժանորդներին, ովքեր 81-71 հեռախոսահամարին անվճար հաղորդագրություն են ուղարկում բաժանորդական ծածկագրի տվյալների և ջրաչափի ցուցմունքի մասին: Ծրագիրը ջրամատակարարման համակարգի ծառայությունների մատուցման բարեփոխումների շարքից է: Ջրի տեսուչներն այլևս հաճախ չեն անհանգստացնի այն բաժանորդներին, ովքեր կնախընտրեն իրենք ընկերությանը հայտնել ամսվա ընթացքում սպառած ջրի քանակը, միաժամանակ հնարավորություն կստանան դառնալ այս կոմերցիոն նախագծի հաղթողներից մեկը:


-Ընկերությունն ապագա ի՞նչ ծրագրեր ունի:


-Մեծ հույսեր ունենք, որ KFW գերմանական Վերականգնման վարկային բանկը կշարունակի ֆինանսավորել 3-րդ փուլով նախատեսված վարկային աշխատանքները: Այս փուլով հնարավորություն կունենանք ավարտել Վանաձոր քաղաքի ջրամատակարարման համակարգի նորացումն ամբողջությամբ: Ծրագրված է կառուցել Վանաձորի թիվ 8 (Դիմաց, Լագեր թաղամասեր) ճնշումային գոտու բաշխիչ ցանցը, Նովոսելցովո ջրատարի երկայնքով ձգվող 12 գյուղական համայնքների` Ամրակից, Գյուլագարակ, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան, Եղեգնուտ, Ձորագյուղ, Ձորագետավան, Վահագնի, Փամբակ, Գուգարք, Վահագնաձոր, բաշխիչ ցանցերը, նաև թվով 3 ջրամբարներ: Վանաձոր քաղաքում կփոխարինվեն կոյուղու որոշ հատվածներ:
Ծրագրի ավարտից հետո Վանաձորի օղակաձև համակարգն ամբողջությամբ կգործի, ինչն էլ թույլ կտա հարավային և հյուսիսային ջրաղբյուրները կապակցել միմյանց, արդյունքում համակարգում կապահովվի ջրամատակարարման անընդհատություն` շուրջօրյա ջրի մատակարարում «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման ողջ տարածքում:
ՀՀԿ-ն հսկայածավալ աշխատանքներ է տանում հանուն մեր պետության բարօրության ու առաջընթացի` միաժամանակ ընդունելով առողջ քննադատությունը:


-Պարո՛ն Անտոնյան, Դուք իշխող կուսակցության անդամ եք, ինչպե՞ս կգնահատեք վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը, կա՞ն հարցեր, որոնց շուրջ այլ կարծիք ունեք:
-Հանրապետականը միակ կայացած և փորձառու կուսակցությունն է, որն իրական պատկերացում ու ծրագրեր ունի մեր հանրապետության զարգացմանն ուղղված: ՀՀԿ-ն հսկայածավալ աշխատանքներ է տանում հանուն մեր պետության բարօրության ու առաջընթացի` միաժամանակ ընդունելով առողջ քննադատությունը: Ներկա կառավարությունը մտահոգված է մեր երկրի ներկայով, ապագայով, արտաքին շահերով:


-Ինչպիսի՞ն եք տեսնում ՀՀ ապագան և դա արդյո՞ք այն Հայաստանն է, որտեղ կցանկանայիք Ձեր երեխաներն ապրեին:
-Հայաստանի ապագան Հայաստանում է, յուրաքանչյուր հայի տեղը` ևս: Եթե յուրաքանչյուրս մեր երկում կարողանանք մեկ քայլ անել լավ ապագա կերտելու համար, ամեն ինչ հոյակապ կլինի: Այսօր ոսկե երիտասարդություն ունեք, նրանք փոքրիկ, բայց հաստատուն քայլերով, կարողանում են հաղթանակներ գրանցել: Ես բազում հնարավորություններ եմ ունեցել ապրելու այլ երկրներում, սակայն իմ հայրենիքն այստեղ է, հետևաբար իմ երեխաների ապագան՝ ևս, քանզի ես դա եմ սերմանում նրանց մեջ:

-Մի փոքր խոսենք Ձեր անձի մասին: Ժամանակ կարողանո՞ւմ եք հատկացնել նաև ընտանիքին:
-Դժբախտաբար, շատ քիչ ժամանակ եմ կարողանում հատկացնել ընտանքիս, բայց սկզբունք ունեմ` իմ աշխատանքային խնդիրները հոգս չդարձնել հարազատներիս համար: Ազատ յուրաքանչուր րոպեն նախընտրում եմ անցկացնել ընտանիքիս հետ՝ հատկապես որդուս:


-Ինչպե՞ս փոխեցին Ձեր կյանքը Ձեր երեխաները:
-Յուրաքանչյուր ընտանիքում երեխայի ծնունդը փոխում է կյանքը հիմնովին, կյանքի ռիթմը, առաջնահերթությունները, ճշմարտությունները, նպատակները, ի վերջո` աշխարհայացքը: Ես բացառություն չեմ այդ առումով: Յուրաքանչյուր վայրկյան նրանցով եմ ապրում` նրանց համար արժանավայել կյանք ստեղծելու ձգտմամբ, նաև նրանցից կերտելով տոկուն ու հպարտ հայ ազգի արժանավայել զավակներ:


-Ի՞նչ սկզբունքներով, արժեքներով եք դաստիարակում Ձեր երեխաներին, ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակակից բարքերին և արդյո՞ք սերունդների բախում չի լինում Ձեր և Ձեր երեխաների միջև:
-Ամենալավ դաստիարակությունը սեփական օրինակով նրանց դաստիարակելն է: Որպեսզի երեխան հաջողակ մեծանա, նա պիտի ժառանգի սեր, հարգանք, վստահություն իր նկատմամբ: Ժամանակակից երեխան այնպիսին չէ, ինչպիսին մենք ենք եղել, շրջապատող միջավայրը լի է արատավոր երևույթներով, մենք պետք է օգնենք երեխային ճիշտն ընկալելու գործում: Սերունդների բախում սպասվում է պատանեկան տարիքում, երեխաներս դեռևս իրենց մանկությունն են վայելում:


-Ի՞նչ պատգամ եք ստացել Ձեր հորից, որը փոխանցում եք նաև Ձեր որդիներին:
-Սիրում եմ իմ ընտանիքը, իմ ընկերներին, յուրաքանչյուր օրս նրանցով եմ ապրում, իսկ ծողներիս պարզապես պաշտում եմ: Հայրս օրինակ է ինձ համար իր նիստուկացով, նվիրվածությամբ, բարեսրտությամբ, իսկ հայրական պատգամն իր որդիներին հետևյալն է՝ լինել ազգին, պետությանը պիտանի, լավ մարդ, որն էլ փոխանցում եմ որդուս:


-Տեղյակ ենք, որ Ձեր որդին սիրում է շախմատ խաղալ և բավականին լավ արդյունքներ ունի: Դուք սիրո՞ւմ եք շախմատը և արդյո՞ք խաղում եք Ձեր որդու հետ, եթե այո, ապա ո՞վ շախ, ո՞վ` մատ:
-Շախմատը որդուս համար ոչ միայն հոբբի է, այլև աստիճանաբար կենսակերպ է դառնում: Ես սիրողական մակարդակում եմ շախմատ խաղում, սակայն ուրախ եմ, որ նա սկսել է լավ ցուցանիշներ գրանցել տարբեր մրցումների մասնակցելով: Եթե որոշ ժամանակ առաջ ես էի հաղթում նրա հետ խաղալիս, ապա ասեմ, որ հիմա արդեն, չնայած իմ «շախ»- երին, վերջում «մատը» իր կողմից է լինում:


-Շախմատից բացի, ունե՞ք այլ հոբբի:
-Այո՛, ֆուտբոլը: Մեր համակարգում պարբերաբար ֆուտբոլային հանդիպումներ են լինում, յուրաքանչյուր կառույց ունի իր թիմը: Պետք է հպարտությամբ նշեմ, որ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ֆուտբոլի թիմը գրեթե մշտապես հաղթանակ է տանում:


-Լոռեցուն հատուկ ի՞նչ հատկանիշեր ունեք, որոնցով հպարտանում եք:
-Տարածված կարծիք կա, որ լոռեցիները միամիտ մարդիկ են, սակայն ես կասեի, ոչ թե միամիտ, այլ` ազնիվ: Լոռեցիներիս մեջ ինձ ամենից շատ գրավում է մարդային այդ հատկանիշը: Բնության մեջ ապրած, հողի հետ կռիվ տված մարդը պարզապես չի կարող ազնիվ, աշխատասեր, մարդասեր չլինել: Ինչպես կասեր մեծն լոռեցին. «Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ»:
Պետք չէ կանգ առնել և կասկածել հաջողությանը, ժամանակն առաջ է գնում:

-Ունե՞ք կյանքի բանաձև, ճշմարտություն, որով առաջնորդվում եք:
-Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նըրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար:


-Մարդը որքան էլ մեծանում է, միևնույն է, նրա հոգում ապրում է երեխան: Ի՞նչ երազանքներ եք ունեցել մանուկ հասակում, արդյո՞ք դրանք կատարվել են, և ինչի՞ մասին եք երազում այսօր:
-Մանկության երազանքներս իրականացրել են հիմնականում ծնողներս: Չեմ դադարում երազել նաև այսօր: Երազանքն է ստեղծում նպատակ: Անիմաստ է մարդու կյանքն առանց նպատակի: Պետք չէ կանգ առնել և կասկածել հաջողությանը, ժամանակն առաջ է գնում:


-Ինչի՞ց եք վախենում կամ խուսափում կյանքում:
-Հաղթանակում են միայն նրանք, ովքեր չեն վախենում: Իսկ խնդիները պետք է հաղթահարել, այլ ոչ թե դրանցից խուսափել:


-Նայելով հայելու մեջ` արդյո՞ք տեսնում եք Ձեզ այնպիսին, ինչպիսին կցանկանայիք տեսնել:
-Մենք կարող ենք մեր արտացոլանքը հայելու մեջ այլ կերպ տեսնել, քան իրականում է: Անձի վերաբերյալ գնահատականը տալիս է ոչ թե հայելին, այլ շրջապատը:


-Հավատո՞ւմ եք Աստծուն, եթե այո, ապա ինչի՞ մասին եք մտածում, երբ մենակ եք մնում Աստծո առաջ:
-Իհարկե, հավատում եմ: Ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ամեն կիրակի մասնակցում եմ Սուրբ պատարագին, աղոթքներ հղում առ Աստված ընտանիքիս, ընկերներիս, ծնողներիս առողջության, մեր երկրի խաղաղության համար: Ամեն օրվա ավարտին, թեկուզ մտքում, ասում եմ` շնորհակալ եմ, Տե՛ր իմ:

 


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...