11:27
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Որակյալ ջրամատակարարում՝ հանուն տնտեսական զարգացման և ազգաբնակչության սոցիալական ապահովվածության

2015-09-11 17:28

                                       «Դե Ֆակտո» N111 (2015թ.)


Երբ ես նշանակվեցի կոմիտեի նախագահ,  մեկ օր անգամ ժամանակ չունեի հապաղելու. թափանիվը պտտվում էր, այն կանգնեցնել, նոր ուղղություն տալ, նշանակում էր գործընթացներն արհեստականորեն դանդաղեցնել։ Հարկավոր էր հընթացս վերցնել համակարգի կառավարման ղեկը, հարկավոր էին ճիշտ հանձնարարություններ և անմիջական վերահսկողություն


-Պարո՛ն Հարությունյան, Դուք կարճ ժամանակահատված է, ինչ ղեկավարում եք ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտենսակայն, ըստ հանրային արձագանքներիաշխատանքի արդյունավետությունը բավականին բարձր է։ Դուք ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը և ոլորտի ձեռքբերումները։

-Յուրաքանչյուր ղեկավարի աշխատանքային արդյունավետությունը պայմանավորված է մի քանի անհրաժեշտ գործոններով։ Առաջնայինը, իհարկե, անձնական փորձառությունն է և համակարգի իմացությունը։  Միաժամանակ՝ ոլորտի պրակտիկ բնույթը  սպասելու, դադարի, առավել ևս՝ հապաղելու հնարավորություն չի տալիս։ Պահանջվում է ոչ միայն ամենօրյա, այլև հրատապ և օպերատիվ  աշխատանք, անմիջական կառավարում, հսկողություն։

Պակաս կարևոր չէ նաև ոլորտի պատրաստվածությունը՝ իր առջև դրված խնդիրների լուծման առումով։ ՋՏՊԿ-ի թե՛ տնտեսությունը՝  իր ենթակառուցվածքով, և թե՛ կադրային համակազմը՝ իր փորձառությամբ,  արդյունավետ աշխատելու դեպքում տալիս է ցանկալի  արդյունքը։ Կառավարությունը հետևողականորեն տարիներ շարունակ լուրջ ներդրումներ է կատարել այս ոլորտում, որդեգրել է մի սկզբունքային մոտեցում, որը թելադրում է, որ  ոլորտը տեղում կանգնելու իրավունք չունի, ոլորտը “պարտադրված է” շարունակական զարգացման ու բարեփոխման։   

Երբ ես նշանակվեցի կոմիտեի նախագահ,  մեկ օր անգամ ժամանակ չունեի հապաղելու. թափանիվը պտտվում էր, այն կանգնեցնել, նոր ուղղություն տալ, նշանակում էր գործընթացները արհեստականորեն դանդաղեցնել։ Հարկավոր էր հընթացս վերցնել համակարգի կառավարման ղեկը, հարկավոր էին ճիշտ հանձնարարություններ և անմիջական վերահսկողություն։ Կոլեկտիվը պատրաստակամորեն գնաց դրան, կադրային որոշ փոփոխություններ եղան, սակայն դա ոմանց  ընտրությունն էր, կադրային համալրումը՝ իմ նախաձեռնությունը։

Ինչ վերաբերում է ոլորտին, ապա ջրային տնտեսությունն  այն եզակի համակարգերից է, որը խմելու և ոռոգման ջրի սպասարկման առումով առնչվում է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին։ Այս ոլորտը արդյունավետ կառավարմանը զուգահեռ իր հետ բերում է նաև հանրային և սոցիալական մեծ պատասխանատվություն։  Ոլորտում իրար զուգահեռ զարգանում են  տնտեսական և սոցիալական խնդիրները։ Որևէ մեկին առաջնահերթություն տալը սխալ մոտեցում է, պիտի որդեգրել  “որակյալ ջրամատակարարում՝ հանուն տնտեսական զարգացման և  ազգաբնակչության սոցիալական ապահովվածության”  սկզբունքը։ Խնդիրները ծանր են, միաժամանակ նաև խիստ զգայուն։ Մենք, համոզված եմ, ճիշտ ճանապարհ ենք անցել և  ճիշտ ճանապարհի վրա ենք։

-Շահագործման հանձնվեց Մարմարիկի ջրամբարը։ Ջրամբարաշինության  ի՞նչ այլ նախաձեռնություններ կան։

-Մեկ շնչի հաշվարկով պաշարվող ջրի քանակով Հայաստանը տարածաշրջանում նվազագույն ցուցանիշ ունի։ Համեմատության համար ներկայացնեմ, որ մեր 1 միավորի դիմաց հարևան երկրներից Վրաստանն ունի 1.5 ցուցանիշ, Ադրբեջանը՝ 6, Թուրքիան՝ 6.5։ Մեր կարգավիճակում է Իրանը։ Սա չի կարող բավարարել մեզ։ Ներկա վիճակում ոռոգման համար պահանջվող նվազագույն ջրաքանակը հանրապետությունում, ներառյալ օրենքով սահմանված Սևանից թույլատրվող ջրառի 170 մլն խմ ջրառը, կազմում է 1800-2000 մլն խմ, այն դեպքում, երբ  Սևանից վերցվող, գործող ջրամբարներում  առավելագույն պաշարվող ընդհանուր ջրածավալը կազմում է 1100– 1300 մլն  խմ, որը ապահովում է մեր ջրապահանջարկի 60-65 %-ը։ Ստացվում է, որ պահանջարկի բավարարման 35-40 %-ը պետք է ապահովվի  մակերևութային հոսքերի և գրունտային ստորերկրյա ռեսուրսների  հաշվին։  Սա բավարար չէ, երաշխավորված չէ, առավել ևս ռիսկային է հատկապես երաշտ եղանակային պայմաններում։ Այս առումով մեծ ձեռքբերում պիտի համարել Մարմարիկի ջրամբարի շահագործումը։

Եվ իրոք,  նորանկախ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ վերականգնվել և վերակառուցվել է Մարմարիկի ջրամբարը՝  55 մ բարձրությամբ պատվարով,  24 մլն խմ ընդհանուր ծավալով, որից  23 մլն խմ կազմում է օգտակար ծավալը։ Վերականգնված ջրամբարը  հնարավորություն է տալիս կարգավորել Մարմարիկ գետի հոսքը՝ նվազեցնելով  Սևանա լճից ջրի բացթողումները։

Նորակառույց  ջրամբարները, տիպային կանոնների համաձայն,  սկզբնական շրջանում ունեն իրենց կառավարման առանձնահատկությունները. ջուրը պետք է ամբարել փուլային տարբերակով և աստիճանաբար հասնել նախագծային ծավալի ամբողջ օգտագործմանը։ Շահագործման առաջին տարում՝ 2012 թ., ջրամբարը լցվել է 6 մլն խմ, 2013 թ.՝ 11.5 մլն խմ, 2014 թ.՝ 16 մլն խմ, իսկ այս տարի  ջրամբարում կուտակվել է 21.1 մլն խմ ջուր։ Սա նշանակում է`  այս տարի շուրջ 20 միլիոնով թեթևացել է  Սևանից հոսքը։ 

Այս օրինակն արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչ կենսական  նշանակություն ունեն ջրամբարաշինական ծրագրերը Հայաստանի Հանրապետության համար։ Արդեն իսկ առաջնահերթության կարգով  նախաձեռնվել  են  աշխատանքներ Վեդիի, Կապսի, Եղվարդի և Մաստարայի ջրամբարաշինական աշխատանքների ուղղությամբ։ Ջրամբարների աշխարհագրական տեղակայումից հասկացվում է, որ հետապնդվում է  ոչ միայն  ոռոգման ջրի խնդրի համապարփակ լուծում, այլև ավելին՝ նպաստել  մեր երկու խոշոր ջրավազանների՝ Սևանա լճի և Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ավազանի խնդիրների կարգավորմանը։

 Վեդիի ջրամբարի ընդհանուր ծավալը  կազմելու է 29 մլն խմ,  պատվարի բարձրությունը՝ 72 մ։ Զարգացման Ֆրանսիական  Գործակալության ֆինանսավորմամբ ներկայումս ընթանում են  ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարության համար մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները, որոնք կավարտվեն ընթացիկ տարվա նոյեմբերին, որից  հետո նախատեսվում է իրականացնել Վեդիի ջրամբարի շինարարությունը՝ դարձյալ Զարգացման Ֆրանսիական Գործակալության կողմից տրամադրված վարկի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման միջոցներով։ Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2016 թվականին և ավարտել շինարարությունը 5 տարում։ Վեդիի ջրամբարը կապահովի Արարատյան հարթավայրի ավելի քան 4,0 հազ հա հողակտորների ոռոգումը, այդ թվում՝ 2.8 հազ. հա տարածքի  մեխանիկական ոռոգումը կփոխարինվի  ինքնահոս ոռոգման եղանակով,  ինչի արդյունքում տարեկան կխնայվի  շուրջ 12.0 մլն. կվտ/ժ էլեկտրաէներգիա։ 

Ծրագրի իրականացման նպատակով  Զարգացման Ֆրանսիական Գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կկնքվի 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր։  Երկրորդ փուլով նախատեսվում են իրականացնել խողովակաշարի և ոռոգման ներտնտեսային ցանցերի կառուցման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ։

KfW Գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է “Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/ Ախուրյան գետ Կապսի ջրամբարի ինքնահոս համակարգի կառուցում” վարկային  ծրագիրը։ Ծրագրով նախատեսվում է ավարտին հասցնել Կապսի ջրամբարի կիսակառույց պատվարը, օժանդակ կառույցները և վերականգնել թունելները, ինչը կապահովի ստորին բիեֆում գտնվող տարածքների անվտանգությունը։ Նախատեսվում է կառուցել ինքնահոս համակարգ, որը հնարավորություն կտա անցում կատարել մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոս եղանակի և ոռոգում ապահովել նաև նոր հողատարածքների համար։ Ջրամբարի պատվարային հանգույցն առաջին փուլում նախատեսվում է կառուցել 25 մլն խմ ծավալի համար։ Նշված պատվարը կկառուցվի  այնպես, որ հետագայում հնարավոր լինի այն  բարձրացնել՝ հասցնելով ջրամբարի ծավալը 60 մլն խմ-ի։ Մանրամասն նախագիծը նախատեսվում է ավարտել 2016թ. երկրորդ կիսամյակում, որից հետո կտրվի  շինարարական աշխատանքների մեկնարկը։  Ջրամբարի կառուցումը թույլ կտա  ընդգրկել շուրջ 5 հազ. հա  նոր ոռոգելի տարածքներ, ինչպես նաև բարելավել  ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովվածությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում շրջանառությունից դուրս կգան “Շիրակ” ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող ութ պոմպակայաններ, ինչի շնորհիվ տարեկան կխնայվի 1,3 մլն. կվտ/ժ էլեկտրաէներգիա։  Ջրամբարի շինարարությունը կիրականացվի շուրջ 5 տարում։

 Ջրամբարի շինարարության երկրորդ փուլով նախատեսվում է ջրամբարի տարողունակությունը հասցնել 60 մլն խմ-ի  և  ինքնահոս  խողովակաշարը  հասցնել Թալինի տարածաշրջան, որի արդյունքում կապահովվի  շուրջ 20,5 հազ. հա հողերի հուսալի ոռոգում,  մեխանիկական եղանակով ոռոգվող շուրջ 3.5 հազ. հա հողատարածքներ  կոռոգվեն ինքնահոս եղանակով,  կբարձրանա 16.0 հազ. հա հողատարածքների ջրապահովվածությունը,  ինչպես նաև  կավելանա  ևս 952 հա ոռոգելի հողատարածք։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացվում է Եղվարդի ջրամբարի վերակառուցման ծրագիրը՝ 90 մլն խմ ընդհանուր ծավալով,  32 մ և 14 մ բարձրությամբ պատվարներով։ Եղվարդի ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են “Եղվարդ”, “Աշտարակ”, “Վաղարշապատ” և “Խոյ” ՋՕԸ-երի կողմից սպասարկվող համայնքները։ 2014թ. հունիսի 19-ից սկսվել են իրագործելիության ուսումնասիրությունները, որին պետք է հաջորդի մանրամասն նախագծման փուլը։ Ջրամբարի վերակառուցումը թույլ կտա ապահովել շուրջ 12,2 հազ. հա հողատարածքների հուսալի ոռոգում, մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս  եղանակով և ներկայումս շահագործվող թվով ինը պոմպակայանները դուրս կգան հետագա շահագործումից՝  տարեկան  խնայելով  28,6 մլն. կվտ/ժ  էլեկտրաէներգիա, սակավաջուր  Սևջուր գետի  սպասարկման տակ գտնվող  5.5 հազ հա հողատարածքներում  կբարձրանա ջրապահովվածության  մակարդակը։  Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունները կավարտվեն մինչև 2016թ. մայիս։ Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին։ Ջրամբարի կառուցման աշխատանքները  կսկսվեն 2018 թվականին, իսկ շինարարության ընդհանուր տևողությունը պլանավորված է  5 տարի։

Մաստարայի ջրամբարի կառուցման հարցը քննարկվում է Եվրասիական Զարգացման Բանկի հետ։ Ջրամբարը կունենա  10.2 մլն խմ ջրատարողություն, օգտակար ծավալը՝ 8.2 մլն խմ,  պատվարի բարձրությունը՝ 30 մ։ Մաստարայի  ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են Արմավիրի մայր ջրանցքի 27-րդ կիլոմետրից հետո գտնվող “Արմավիր” և “Շենիկ” ՋՕԸ-ների կողմից սպասարկվող  համայնքները` Հացիկ, Մյասնիկյան, Լուկաշին, Նորապատ և Նորավան։  Անցումը ինքնահոս ոռոգման թույլ կտա շահագործումից հանել խորքային հորերը, ինչի արդյունքում տարեկան կտնտեսվի պոմպերի շահագործման ու պահպանման  համար ծախսվող շուրջ 2.1 մլն. կվտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ  Արարատյան ստորգետնյա ավազանից ջրառը կպակասի տարեկան 5.3 մլն խմ-ով։

Թվարկածս 5 ջրամբարների՝ Մարմարիկի, Վեդիի, Կապսի, Եղվարդի և Մաստարայի ընդհանուր օգտակար ծավալն արդեն իսկ  կազմում է շուրջ 200 մլն խմ, որն ավելին է, քան ջրառը Սևանա լճից։ Սա դեռևս ամենը չէ, մենք ունենք անավարտ ջրամբարների ցանկ, որում ներառված է 8 ջրամբար, նախագծված ջրամբարների ցանկ՝ 28, նախնական ուսումնասիրված ջրամբարների ցանկ՝ 66, նախատեսված, սակայն չուսումնասիրված ջրամբարների ցանկ՝ 60, առաջնահերթ կառուցման ջրամբարների ցանկ՝ 18 անունով։ Այս պահին Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկի հետ քննարկվում են որոշ նախագծեր, որոնց մասին կխոսենք նախնական համաձայնություններ ունենալուց հետո միայն։

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում խնայող տեխնոլոգիաների, ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման ուղղությամբ։

-Պետք է նկատի ունենալ, որ խնայող տեխնոլոգիաները և ոռոգման ժամանակակից համակարգերն այսօր լայնորեն կիրառվում են ոչ միայն ջրախնայողության, այլ նաև գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման և ոռոգելի հողատարածքների արդյունավետ օգտագործման նպատակով։  Ջրի առկայությանը զուգահեռ կարևորություն է ստանում  ոռոգման ռեժիմի և ջրման գործընթացի ճիշտ կազմակերպումը։  Կաթիլային ոռոգումը փորձարկված ու իր արդյունավետությունն ապացուցած լայն կիրառություն ունեցող  եղանակներից է։

Հայաստանի Հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման առաջին փորձերը կատարվել են դեռևս 1973-75 թթ. Մասիսի տարածաշրջանում։ Այն, ի տարբերություն մակերեսային ոռոգման, ունի մի շարք առավելություններ՝ ջրման գործընթացը լիովին ավտոմատացված է, բացակայում է իռիգացիոն էրոզիան, հնարավոր է կիրառել բարդ ռելիեֆային պայմաններում, խնայվում է ոռոգման ջրի զգալի քանակություն՝ միավոր բերքի վրա ծախսվող ջրի քանակը նվազում է 4-5 անգամ, զուգահեռ իրականացվում է մշակաբույսի պարարտացում։

 Քանի որ  Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագիրը ներառում է նաև ոռոգման ջրի համակողմանի կառավարում, այդ ծրագրի  շրջանակներում նախատեսվում է նաև պիլոտային կարգով իրականացնել նմանատիպ ծրագրեր, որոնք կարող են իրենց շարունակականությունն ունենալ հանրապետության այլ տարածքներում։ Առանցքային խնդիրներից է նաև գյուղատնտեսական մշակաբույսերի գոտիավորման հետ կապված նոր մոտեցումների  ներդրումը։ Այսօր արդեն իսկ ունենք ոռոգվող տարածքներ, որոնցում այս կամ այն մշակաբույսի մշակումը ջրածախսի  առումով տնտեսապես շահութաբեր չէ, ունենք գերնորմատիվային հողեր, որոնք առանձնակի մոտեցումներ  են պահանջում։

Միշտ չպետք է մոռանալ, որ շատ ջուր ունենալը դեռևս ջրապահովվածություն չէ, պետք է ջուրը “ջրի գին չլինի, ջրի տեղ չծախսվի”,  թե՛ ջրամատակարարը և թե՛ ջրօգտագործողը պետք է ջրի նկատմամբ ցուցաբերեն հոգատար ու  խնայող վերաբերմունք։ Ոչ միայն օգտագործվող ջրի պաշարների մեծացման, այլ նաև ճիշտ ջրային քաղաքականության շնորհիվ է նաև զարգանալու մեր տնտեսության կարևոր ճյուղերից մեկը՝ ոռոգելի գյուղատնտեսությունը։ Աճի առումով թվերը հուսադրող են։ 2015-ին հանրապետությունում  ոռոգվել է շուրջ 132.000 հա հողատարածք,  6 հազար հեկտարով ավելի նախորդ տարվա համեմատությամբ։ Բայց սա չէ մեր սահմանը։ 1988-ին ոռոգելի տարածքները կազմել են  շուրջ 274.000 հա, հեռահար պլանավորմամբ գյուղատնտեսական հողատեսքերի մակերեսն առաջիկայում նախատեսվում է հասցնել թեկուզ 140-150 հազար  հա, որը նշանակում է ոռոգման համար պաշարել ներկայիս ջրաքանակից էականորեն ավել   ջուր։ Այդպիսի հնարավորություն երկրում առկա ջրային ռեսուսները տալիս են։ Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝  առանց կարգավորման հզորությունների մենք ոռոգման նպատակով օգտագործում ենք հանրապետությունում առկա ջրային ռեսուրսների 10-15 տոկոսը միայն։ Ջրամբարների, տեղափոխող ջրանցքների, բաշխիչ համակարգերի առկայությունը խնդիրը դարձնում է  լուծելի և հեռանկարային։

-Ջուրը   կարևորագույն  պաշար  է։  Ըստ միջազգային գնահատումների՝ այն նվազման միտում ունի։  Ո՞րն  է արդյունավետ ջրօգտագործման մեր երկրի ռազմավարությունը։

 -Կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը հիմնականում կապվում է ջերմոցային գազերի գերարտանետման հետ։ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի կոնվենցիաների կողմ երկիր, միացել է ջերմոցային գազերի կրճատման միջազգային նախաձեռնություններին։ Գլոբալ տաքացման արդյունքում համամոլորակային կտրվածքով   ջրի պաշարները ոչ թե  նվազում են, այլ ըստ տարածաշրջանների փոխվում է ջրի շրջանառության ցիկլը, որն իր էական ազդեցությունը կարող է ունենալ նաև մեր տարածաշրջանի վրա։ Ջերմության համատարած բարձրանալը  փոխում է տարածաշրջանների կլիման, ջրային ռեժիմները, իրոք, վտանգվում են։ Որպես բարձրադիր երկիր՝ մեզ նույնպես սպառնում է ոչ միայն ջերմաստիճանի բարձրացումը, այլև դրան ուղեկցող տեղումների կրճատումը։

Այսքանով հանդերձ՝ շատ  երկրների համեմատ մենք մեզ կարող ենք համարել ջրառատ երկիր։ Սակայն պիտի լինել աչալուրջ և մշտապես  կարևորել մի  հանգամանք.  երկրում առկա  խմելու ջրի աղբյուրների տեղակայումը սպառողներից և մակերևութային հոսքը ոռոգվող հողատեսքերի համեմատությամբ խիստ անհամաչափ է բաշխված, որի արդյունքում, ըստ շրջանառվող թվերի, օգտագործվում է երկրում առկա ջրային ռեսուրսների 20-25 տոկոսը միայն (խմելու և ոռոգման նպատակով)։ Մնացած ռեսուրսը, առանց օգտագործման,  երկրից դուրս է գալիս։ Այս իրավիճակը մեզ անշեղորեն պարտադրում է որոշակի կանխարգելիչ գործողությունների, միաժամանակ՝  երկրի ջրային պաշարների առկայությունն էլ տալիս է  լավատեսության բավարար հիմքեր, որ   ջրաքանակի բնական նվազման ռիսկերը մենք կարող ենք մեղմել՝ կիրառելով արդյունավետ ջրօգտագործման մեխանիզմներ և ջրախնայող տեխնոլոգիաներ։

 -Նույնը կարո՞ղ ենք ասել նաև խմելու ջրի պարագայում։

 -Հայաստանը հարուտ է քաղցրահամ խմելու ջրով, մեր երկրում է գտնվում քաղցրահամ ջրի տարածաշրջանային ամենախոշոր ջրավազանը՝ Սևանա լիճն իր 37 միլիարդ խմ ծավալով։ Խմելու ջրի խնդիր չունենք, ունենք այն սպառողին հասցնելու և նորմալ ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնելու խնդիր։ Այս պահին հանրապետության  579 համայնքներ ներառված չեն ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման տարածքներում։ Դա չի նշանակում, որ այդ համայնքները չունեն խմելու ջուր, սակայն ջրի որակի, ջրամատակարարման ձևի,  տևողության, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան։  Համակարգային մոտեցումը կբերի այդ խնդիրների լուծմանը, ինչպես նաև կբարձրացնի   ջրօգտագործման  արդյունավետությունը։

Խմելու ջրի պարագայում հիմնական խնդիրները հետևյալներն են. մատակարարման և ջրահեռացման ցանցի մաշվածություն, մեխանիկական ջրամատակարարման մեծ ծավալներ հատկապես քաղաքային բնակավայրերում, կեղտաջրերի մաքրման կայանների ոչ բավարար ցանց, սպասարկման տարածքից դուրս մնացած մեծաթիվ համայնքների առկայություն։ Առաջնային խնդիր է ջրակորուստների նվազեցումն ու արդյունավետ ջրաչափությունը։ Մենք թևակոխում ենք խմելու ջրի բարեփոխումների երկրորդ փուլ։  ՀՀ կառավարությունը հաստատել է խմելու ջրի նոր ռազմավարությունը։

Խմելու ջրի ոլորտում 579 համայնքներից դուրս այս պահին ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ են մատուցում 5 մասնագիտացված ընկերություններ։   Համաձայն հաստատված  ռազմավարության՝ պետության խնդիրն է  առաջիկայում 15 տարով կարգավորել մեկ կառավարչի միջոցով, միասնական սակագնով ջրամատակարարում և ջրահեռացում հանրապետության ողջ տարածքում։

Վարձակալի ընտրության գործընթացը կազմակերպելու նպատակով  ՀՀ կառավարության 19.02.2015թ     N 140-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։

Նոր  մոտեցումն էականորեն կբարելավի առկա համակարգը, կընդլայնի ինչպես ջրամատակարարման տարածքները, այնպես էլ առկա հզորությունները։

Ծրագրի մեջ պակաս կարևորություն չունի կեղտաջրերի մաքրումը։ Չնայած արդեն իսկ կառուցվել և շահագործման են հանձնվել կոյուղու մաքրման կայաններ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում, ընթացքի մեջ են Երևանի Աէրացիա մաքրման կայանի վերականգնման աշխատանքները, կոյուղու մաքրման կայաններ նախատեսվում են կառուցել նաև Արմավիր և Սևան քաղաքներում, այնուամենայնիվ՝  նոր մոտեցումն էականորեն կփոխի նաև ջրահեռացման և կոյուղու մաքրման ուղղությամբ աշխատանքները։

-Ոռոգման համակարգում նույնպես համակարգային բարեփոխումներ են իրականացվում։ Այս տարի բավարարվել են բոլոր հայտերը, նկատվում է Սևանա լճի բարձրացման դրական դինամիկա։ Ինչպե՞ս  է հաջողվել նման արդյունքների հասնել, առջևում ի՞նչ աշխատանքներ են սպասվում։

-Ոռոգման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ջրօգտագործողների ընկերությունների խոշորացման արդյունքում ներկայումս գործում է 37 ՋՕԸ և 2 ջրառ կազմակերպություն։ 2015 թ. ոռոգվող հողատարածքների  մակերեսը  կազմում է շուրջ 132.000 հա։ Ոռոգման ջրի հայտերը ձևավորվում են ըստ առկա պահանջարկի։ Մեզ հաջողվեց բավարարել բոլոր հայտերը, այդ թվում նաև լրացուցիչ՝ չիրականացնելով հավելյալ  ջրառ Սևանա լճից, պահպանելով լճի մակարդակը, արձանագրելով լճի բարձրացման դրական դինամիկա։

Սա չի նշանակում, թե համակարգում լարվածություն չկա։ Ավելորդ չեմ համարում երկրորդել, որ ոռոգման համակարգի մեր խնդիրները բաժանվում են մի քանի խմբի. պաշարվող ջրաքանակի ավելացում, մեխանիկական ջրասպասարկման ծավալների կրճատում, ոռոգման համակարգի, ներտնտեսային ցանցերի վերականգնում և ընդարձակում, նորագույն տեխնոլոգիաների կիրառման ընդլայնում։ Այդ խնդիրների լուծման նպատակով  ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսված է Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի  “Մեղրի”  ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող 686 հա հողատարածքները ոռոգող մեխանիկական համակարգը փոխարինել ինքնահոս համակարգով։ Արաքս գետից ջուր մղող 16 պոմպակայանները դուրս կբերվեն շահագործումից,  ջրառ կիրականացվի Մեղրի գետից, ինքնահոս եղանակով։ Նախատեսվել և իրականացվում են  Մեղրի գետի վրա ջրընդունիչ կառուցելու   և մոտ 37,5 կմ երկարությամբ խողովակաշար անցկացնելու աշխատանքները։  Պոմպակայանների ֆիզիկական և բարոյական մեծ մաշվածության պատճառով այս տարածքում մեծ են ջրամատակարարման ընդհատումներն ու կորուստները։ Միայն այս ինքնահոս համակարգի ներդրման շնորհիվ  ակնկալվում է տարեկան  մոտ 3,7 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն։  Ջրի հուսալի մատակարարման և խնայողությունների շնորհիվ մոտ 390 հա-ով կավելանան ոռոգվող տարածքները։ Ինքնահոս համակարգը բաղկացած է Մեղրի գետի վրա կառուցվող ջրընդունիչից և մոտ 43.5 կմ ընդհանուր երկարությամբ խողովակաշարային համակարգից։ 2015 թվականի հոկտեմբերին նախատեսվում է ավարտել շինարարական աշխատանքները և 2016 թվականին այն հանձնել շահագործման։ Թվարկության կարգով պարզապես նշեմ, որ նմանատիպ խնդիրներ լուծելու նպատակով արդեն իսկ մեկնարկել են  Գեղարդալճի, Քաղցրաշենի և Բաղրամյան-Նորակերտի ինքնահոս համակարգերի կառուցման մրցութային գործընթացները, ինչը հնարավորություն կտա այդ տարածքներում նույնպես մեխանիկական եղանակով ոռոգումը փոխարինել ինքնահոսի։

Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցմամբ‚ “Գառնի-Գեղարդ” և “Ջրվեժ-Ձորաղբյուր”  ՋՕԸ-ների սպասարկման տարածքում գտնվող 4 համայնքում հնարավորություն կստեղծվի լրացուցիչ ոռոգել շուրջ 544 հա։ Ծրագրի իրականացմամբ կտնտեսվի շուրջ 10 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, այդ թվում՝ Ազատի քառաստիճան պոմպակայանը կհանվի  շահագործումից։

Քաղցրաշենի ինքնահոս համակարգի կառուցմամբ Արտաշատ ՋՕԸ-ի սպասարկման տարածքում գտնվող 12 համայնքում հնարավորություն կստեղծվի լրացուցիչ ոռոգել շուրջ 400 հա։ Ծրագրի իրականացմամբ կտնտեսվի շուրջ 10 մլն կՎտ/ժ  էլեկտրաէներգիա։

Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի կառուցմամբ “Աշտարակ” և “Վաղարշապատ” ՋՕԸ-ների սպասարկման տարածքում գտնվող համայնքներում հնարավորություն կստեղծվի լրացուցիչ ոռոգել շուրջ  510 հա։

Մեկնարկել են Աչաջրի, Նոյեմբերյանի քառաստիճան, Զեյթուն-Հաղթանակի, Մեծամորի (Տանձուտի) և Ղարա-Ղալայի, Քաղցրաշեն, Ավշար-Այգևան, Արմաշ, Արազափ, Ջրաշեն-Ազատ, Զովք, Արգինա և Սարալանջի պոմպակայանների հեռացնող ջրանցքների վերականգման շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016 թվականի 1-ին կիսամյակին։ Արդյունքում կունենանք ջրաքանակի կորուստների կրճատում և էլեկտրաէներգիայի ծախսի էական տնտեսում։ Կտնտեսվեն նաև պոմպերի շահագործման ու պահպանման ծախսերը։

Վերը նշված գործընթացներն էական ազդեցություն կունենան ոռոգման ջրի ինքնարժեքի նվազեցման և պետական բյուջեից ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական աջակցության կրճատմանը։ Նշված քաղաքականությունը շարունակական է։

-Ջրօգտագործման արդյունավետության բարձրացման ժամանակակից միջոցներից է ջրաչափական նոր տեխնոլոգիաների ներդրումն ու օնլայն վերահսկողությունը։ Ի՞ նչ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ։

 -Ջրօգտագործման արդյունավետության բարձրացման, ոռոգման ջրի հաշվառման վրա ուղղակի ազդեցություն ունի ջրաչափության իրականացումը։ Առավել արդյունավետ ջրաչափություն  իրականացնելու նպատակով ոռոգման համակարգերի  հանգուցային շուրջ 80 կետերում տեղադրվել են ժամանակակից ջրաչափեր, որոնց շահագործումը հնարավորություն է տալիս ջրաքանակների հոսքի նկատմամբ իրականացնել ամենօրյա առցանց հսկողություն։ Ջրաչափերը տեղադրվել են  ջրամբարների մուտքամասերում, ելքամասերում (Արփի լճի, Ախուրյանի, Մարմարիկի, Ապարանի և Ազատի ջրամբարների 9 դիտակետերում նախատեսված է տեղադրել ռադարային մակարդակաչափեր), մայր ջրանցքների գլխամասերում, դրանց բաժանարարներում և այլ հանգուցային կետերում։

Բազմաթիվ երկրներում օգտագործվող այս ժամանակակից համակարգը բարձրացնում է ջրի տեղափոխման և բաշխման արդյունավետությունը, հստակեցնում ջրի կորուստները, բարելավում ջրի հոսքի կառավարումը, կատարում ջրանցքով անցնող ջրի ծավալի ավտոմատացված հաշվարկ, գրանցում այլ պարամետրեր` վերջնական արդյունքում բարելավելով ջրամատակարարումը։ Այս համակարգի վերջնական ներդրումը և ամբողջական կիրառումը թույլ կտա ջրաչափության գործընթացում օնլայն մոնիտորինգ ու հսկողություն իրականացնել՝ բոլոր դիտակետերը միավորված կլինեն միասնական ցանցով։ Վերահսկողական մեխանիզմներ են կիրառվում նաև ՋՕԸ-երի և ջրառ կազմակերպությունների կողմից օգտագործվող ծանր տեխնիկայի վրա։ SCADA համակարգը հնարավորություն է տալիս ամբողջությամբ հետևել տեխնիկայի տեղաշարժին, վերահսկել դրա օգտագործման նպատակայնությունը։

-Դուք կառավարման աշխատանքի մեծ փորձառություն ունեք, հավակնոտ եք որպես ղեկավարհետաքրքիր է՝ աշխատանքային ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում։

-Որևէ համակարգում առաջին դեմք լինելը նախևառաջ ձևավորում է պատասխանատվության զգացում։ Պիտի սիրով ու բարձր պատասխանատվությամբ ստանձնես քեզ վստահված համակարգի կառավարումը, հարգես կոլեկտիվում ձևավորված դրական ավանդույթները, հարգանքով վերաբերվես պրոֆեսիոնալներին։ Իմ փորձառությունը ցույց է տալիս, որ վստահությունն ու երկխոսությունը առավել բարձր արդյունքներ են տալիս, քան անհարկի վարչահրամայական մոտեցումն ու չհիմնավորված պահանջատիրությունը։ Չպիտի մոռանալ, որ յուրաքանչյուր կոլեկտիվ իր նիստուկացը, իր հոգեբանությունն ունի։ Այդ նույն կոլեկտիվը քեզանից նաև սպասելիք ունի, նոր խոսքի,  նոր մոտեցման կարիք ունի։  Կարծում եմ՝ հմուտ ղեկավարի լավագույն որակներից մեկը բարեփոխումների միջոցով լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելն է։

Տնտեսվարման մեջ մեխանիզմների կատարելագործումն է դառնում  առաջխաղացման լավագույն միջոցը։ Կադրին՝ մասնագետին  պետք է գնահատել գործընթացի մեջ, որպես շղթան պահող օղակ, որպես իր կողմից իրականացվող գործողության անփոխարինելիության կրող։

 Ղեկավարի համար ոչ պակաս կարևոր որակ է աշխատակցին խրախուսելը, առաջխաղացման հնարավորություն ստեղծելը,  նախաձեռնության հնարավորություն տալը։ Մեծ հարգանք ունեմ փորձառու մասնագետների, այլ բառով՝ պրոֆեսիոնալների նկատմամբ, պակաս հաճույքով չեմ աշխատում երիտասարդության հետ, հատկապես երբ տեսնում եմ, թե ինչ ակնկալիքով ու ինչ ոգևորությամբ են նրանք առաջ քաշում իրենց գաղափարներն ու մտահղացումները։

 Իմ բոլոր կոլեկտիվներն ինձ համար մեծ ընտանիք են եղել, որոնք բերել են նաև այդ մեծ  ընտանիքի նկատմամբ պատասխանատվության զգացում։ Երբեմն իմ մոտեցումների մեջ ոմանք կարող են նաև կոշտություն տեսնել, կտրուկ դիտարկել իմ ձևակերպումները, բայց ստանձնած պարտավորության որակով և ժամկետների մեջ կատարելը, աշխատանքային կարգապահությունն ու համակարգի նկատմամբ պատասխանատվությունը նաև ամենօրյա հսկողություն ու արդարացի պահանջատիրություն են ենթադրում։

 Դեմ չեմ կադրային փոփոխություններին, բայց փոփոխությունն անձնավորված չպետք է լինի, փոփոխությունը պետք է արդարացվի նոր եկած կադրի որակյալ աշխատանքով, սերնդափոխությունը պետք է բերի նոր գաղափարներ, նոր մոտեցումներ՝ պահպանելով համակարգի ժառանգությունը։

-Ունեք ղեկավարման մեծ փորձ, կներկայացնե՞ք Ձեր աշխատակիցների հետ Ձեր հարաբերությունները, նրանց առջև նույնպե՞ս բարձր պահանջներ եք դնում։

-Պահանջկոտությունը գալիս է համակարգից, համակարգի հանրային պատասխանատվությունը  փոխանցվում է յուրաքանչյուր աշխատակցի։ Բնականաբար,  այն հավասարապես չի բաշխվում, սակայն յուրաքանչյուրն ունի իր բաժինը։ Վերևից ներքև իջնող պահանջկոտությունը ճիշտ պիտի բաշխել, որպեսզի որոշակի օղակներ չշրջանցվեն, այդ իսկ պատճառով՝ չթուլանան։ Ինձնից դուրս եկող պահանջկոտությունը  արտահայտվում է աշխատանքի և արդյունքի նկատմամբ, ոչ թե անձի։ Գուցե ինձնից դժգոհողներ լինեն, սակայն հստակ կարող եմ ասել՝ չի եղել մեկը, որ չուզենա հետս աշխատել։ Դա գուցե դրանից է, որ ես կարողանում եմ արդարացի լինել իմ պահանջկոտության մեջ։ 

 Սիրում եմ շփվել աշխատակիցներիս հետ,  կորպորատիվ միջոցառումների սիրահար եմ։  Պիտի կարողանալ կոլեկտիվին տեսնել ու գնահատել անձ առ անձ, պիտի կարողանալ շփվել ողջ կոլեկտիվի հետ համատեղ։ Դա անմիջականություն է ստեղծում, դա վստահություն է սերմանում, դա փոխադարձ պատասխանատվություն է ծնում։ Սա չի նշանակում սկզբունքներ զիջել, չի նշանակում աչք փակել ոմանց գործողությունների առաջ։ Եթե նախորդ օրն ինչ-որ մեկի համար ավարտվել է գովասանքով, սա չի կարող մի քանի օրվա պաշար լինել, հաջորդ օրը ծնում է նոր խնդիրներ, նոր աշխատանք է պահանջում, որն էլ իր հերթին բերում է համապատասխան գնահատանք ու վերաբերմունք։ Արտոնյալներ չեն կարող լինել, մերժված-վանվածներ՝  նույնպես, յուրաքանչյուրն  իր գնահատանքին է սպասում, պետք է ճիշտ ընտրել և՛ հորդորելու, և՛ խրախուսելու պահը,  ինչպես ժողովուրդն է ասում՝ “հացթուխին հաց տուր, մի բան էլ ավել տուր”, և դա իր դրական արդյունքը կտա։ Կտրուկ որոշումներ կայացնելիս պարտավոր ենք մեզ սթափեցնել այն գաղափարով, որ   գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ունեն  ընտանիք, երազանք, ցանկություններ։

-Աշխատանքից դուրս հաջողվու՞մ է մոռանալ աշխատանքային խնդիրները, հասցնու՞մ եք ընտանիքին ժամանակ հատկացնել։ Որո՞նք են Ձեր նախասիրությունները։

 -Աշխատանքի շուտ գալը, աշխատանքից ուշ գնալը, շաբաթ–կիրակի աշխատելը խրախուսելի է, սակայն ինձ համար հիմնական չափանիշը չէ, կարևոր է աշխատանքային բարձր կուլտուրան, արդյունավետությունը, որը հնարավորություն է տալիս աշխատաժամանակի մեջ տեղավորել աշխատանքային պարտավորությունները, տարանջատել աշխատանքային պարտավորություններն  անձնական կյանքից։  Մարդը չի ապրում աշխատելու համար, այլ աշխատում է ապրելու համար. յուրաքանչյուրի համար անձնական կյանքը, ընտանիքն  ամենաբարձր արժեքներն են։ Այս պարագայում ես բացառություն չեմ։ Հայկական ավանդական ընտանիքից եմ սերվում, գիտեմ մեծ ու փոքրի տեղը, մեծ հարգանք եմ ունեցել ծնողներիս նկատմամբ, պաշտամունքի հասնող սեր՝ մորս նկատմամբ։ Նպատակ  ունեմ իմ ընտանեկան ավանդույթներն ու սերը փոխանցել իմ զավակներին։

 -Ո՞րն է կյանքի Ձեր փիլիսոփայությունը։

 -Աշխատել, չխանգարել այլոց աշխատել, ափսոսել ժամանակն ու երբեք բաց չթողնել  ընձեռված հնարավորությունը, անընդհատ առաջ շարժվել, չվախենալ նորից, պատրաստ լինել փոփոխությունների և փոխվելու։

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...