2015-08-12 12:05
«Դե Ֆակտո» N110 (2015թ.)
Մայիսի 21-ին Պետրոպավլովսկ Կամչատսկի քաղաքում կայացան Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային նախագահի ընտրությունները, որին մասնակցում էին Կամչատկայի հայերը, ովքեր եկել էին ընտրելու իրենց ազգային առաջնորդին։
Առաջին անգամ Կամչատկայում ստեղծվեց մի կազմակերպություն, որը պաշտպանելու է Կամչատկայի հայերի շահերը։ Հինգ թեկնածուներից քվեարկողների 80 տոկոսի ձայները ստացավ Արթուր Խաչատրյանը, ում հետ “Դե ֆակտո” ամսագրի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։
-Պարո՛ն Խաչատրյան, մայիսի 21-ին Կամչատկայում կայացան Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային նախագահի ընտրությունները, որում Դուք հաղթանակ տոնեցիք։ Խնդրում եմ պատմեք, թե ի՞նչ կրթություն ունեք, ի՞նչ գործունեություն էիք մինչ այս իրականացնում
-Ես իրավաբանական գիտությունների թեկնածու եմ։ Զբաղվել և զբաղվում եմ գիտական և գործարարական գործունեությամբ։
-Անդրադառնանք Կամչատկայում բնակվող հայկական համայնքին։ Որքա՞ն հայ է բնակվում Կամչատկայում, որքա՞ն ժամանակ է նրանք բնակություն են հաստատել այնտեղ։
-Այսօրվա դրությամբ Կամչատկայի երկրամասում ապրում է մոտ 2500 հայ։ Հայերն այս երկրամաս սկսել են տեղափոխվել 20-րդ դարի 70 թվականներից։
- Ինչո՞վ են հիմնականում զբաղվում Կամչատկայում բնակվող հայերը։
-Հայերը Կամչատկայում զբաղվում են հացամթերքների արտադրությամբ, մանրածախ և մեծածախ առևտրով, շինարարությամբ, ռեստորանային բիզնեսով և այլն։
-Թեպետ նոր եք ընտրվել Կամչատկայի տարածաշրջանի նախագահի պաշտոնում, այնուամենայնիվ հետաքրքիր է՝ ի՞նչ աշխատանքներ եք հասցրել իրականացնել այս ժամանակահատվածում։
-Յուրաքանչյուր հայի ամենակարևոր պարտականությունը, ըստ իս, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կառուցելն է այն հողի վրա, որը հեռու է մեր պատմական հայրենիքից։ Այդպիսով հնարավորություն է տրվում հարգանքի տուրք մատուցել ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին։
Պետք է նշեմ, որ այս տարի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ես ռուսական ուղղափառ եկեղեցու բակում խաչքար եմ տեղադրել։ Հաշվի առնելով ժամանակային գոտիների տարբերությունը, Կամչատկան առաջինն էր, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բացվեց Հայոց Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշարձան։ Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի զանգերը հնչեցին 100 անգամ։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել այդ տաճարի վանահայր հայր Յարոսլավին, ով չմերժեց իմ խնդրանքը և տեղ հատկացրեց խաչքարը տեղադրելու համար։
-Ինչպիսի՞ն է կապը Կամչատկայում բնակվող հայ համայնքի հետ, ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում։
-Մենք այստեղ մի ընտանիքի պես ենք. չկա մի հայ, ում ես չճանաչեմ և շփում չունենամ նրա հետ։ Մենքմիշտ հանդիպում ենք և յուրաքանչյուր տոնի առիթով այցելում միմյանց։ Կամչատկայում ապրող հայերի խնդիրները բավականին տարբեր են՝ սկսած ֆինանսականից մինչև առողջական։ Այսօրվա դրությամբ ինձ արդեն դիմել են քաղցկեղով տառապող երեք հիվանդ։ Նրանցից մեկը որոշում է կայացրել իրվերջին օրերն ապրել Հայաստանում։ Այդ հարցն արդեն ստացել է իր լուծումը։
-Ինչպիսի՞ն է Ռուսաստանի հայերի միության հետ Ձեր համագործակցությունը, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գործունեությունը։
-Ռուսաստանի Հայերի միության հետ մեր համագործակցությունը շատ սերտ է։ Առավել սերտ համագործակցում ենք Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցի հետ։ Մենք գրեթե ամեն օր կապի մեջ ենք, փոխանակվում ենք փորձով, լուծում ընդհանուր խնդիրներ։ Ինչ վերաբերվում է Արա Աբրահամյանին, ապա ասեմ, որ հպարտ եմ, որ կա նման հայ, ով կարողացավ համախմբել Ռուսաստանում ապրող բոլոր հայերին և ստեղծել մի մեծ ընտանիք։ Շատ ուրախ եմ, որ միայնակ չեմ և իմ կողքին կա մի մարդ, ով անկեղծորեն ձգտում է օգտակար լինել իր ազգին և համատեղ ջանքերի շնորհիվ մենք կրճատում ենք Ռուսաստանում ապրող հայերի և մեր սիրելի Հայաստանի միջև հեռավորությունը։
-Ինչպիսի՞ն է համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ, արդյո՞ք իրականացվում են համատեղ ծրագրեր։
-Ես հեռախոսով կապ եմ հաստատում նախարարության հետ և մենք քննարկում ենք մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են Կամչատկայում բնակվող մեր հայրենակիցների հայոց լեզվի ուսուցման իրականացման հետ։ Շնորհակալ եմ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և նախարարության Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Էդգար Հովսեփյանին կրթական գործունեությունն իրականացնելու նպատակով անհրաժեշտ գրականություն տրամադրելու համար։ Այս ամենն ուղղված է մեր մշակութային արժեքները, գիրն ու գրականությունը պահպանելուն։
-Արդյո՞ք Կամչատկայում բնակվում են եզդիներ։ Ի՞նչ հարաբերություններ ունեք նրանց հետ։
-Այո, Կամչատկայում բնակվում է մոտ 400 եզդի և մենք բոլորս միմյանց հետ շփվում ենք մի ընտանիքի պես, մասնակցում համատեղ տոների և միմյանց չենք համարում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Կամչատկայում առաջինն է բնակություն հաստատել մեր ընտանիքի ընկեր Ռաշիդ Շամոյանը, ով Կամչատկայում “Շամսա” խոշորագույն ընկերության հիմնադիրն է ։ “Շամսա” ընկերությունն աշխատանքային տեղեր է ապահովում ինչպես տեղի ռուս բնակչության, այնպես էլ հայերի և եզդիների համար։
Ռաշիդ Շամոյանը միշտ օգնություն է ցուցաբերում իրեն դիմող հայերին։ Կամչատկայում հայերը և եզդիներն ապրում են ասես մեծ, համերաշխ ընտանիք։
-Ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել առաջիկայում։
-Առաջիկայում ծրագրում ենք բացել կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվելու է հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն, լինելու են հայկական պարերի և ավանդույթների դասեր։
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։ Վաղո՞ւց եք բնակություն հաստատել Կամչատկայում։ Արդյո՞ք ունեք զավակներ, դժվար չէ՞ նրանց դաստիարակել հայրենիքից հեռու։
-Ծնվել եմ Կամչատկայում, ամուսնացած եմ, ունեմ երկու որդի։ Հայրս Կամչատկա է տեղափոխվել 1978 թվականին։ 1984 թվականին վերադարձել է Հայաստան, ամուսնացել և կրկին վերադարձել Կամչատկա։ 1985 թվականին ծնվել եմ ես, իսկ եղբայրս՝ Վարազդատը, 1986 թվականին։ Երեխաներիս դժվար չէ դաստիարակել, քանի որ մեր տանը պահպանվել են հայկական օրենքներն ու ավանդույթները, և երեխաները տեսնելով այդ ամենը, հասկանում են ՝ ինչպես հայ երեխան պիտի իրեն դրսևորի հասարակության մեջ։
-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Ձեր երեխաներին ապագայում։
-Իմ ամենամեծ երազանքներից է, որ զավակներս իսկական հայ մեծանան և այս աշխարհում ոչինչ չկարողանա նրանց փոխել։ 1915 թվականին մեր նախնիները դաժան փորձությունների միջով են անցել, և ոչ ոք չի կարողացել կոտրել նրանց ոգին, չի կարողացել ստիպել փոխել իրենց հավատքը, հետևաբար հնարավոր չէ կոտրել մեր հայ ժողովրդին։ Մեր երեխաները նույնպես պետք է լինեն արժանի հայեր, ինչպիսին եղել են մեր նախնիները, ովքեր պահպանել են հայ ժողովրդի պատիվը։
-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում։
-Կյանքում և աշխատանքում ամենակարևոր սկզբունքներից է միմյանց օգտակար լինելը՝ առանց շահամոլական նպատակներ հետապնդելու։
-Ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Հայաստանը տարիներ անց։
-Հայաստանը ցանկանում եմ տեսնել այնպիսին, ինչպիսին մեզ են փոխանցել մեր նախնիները։ Ես չեմ ապրել Հայաստանում, սակայն գիտենալով, որ հայ ժողովուրդը քրիստոնյա հավատքի կրող է, կարծում եմ, որ Հայաստանը վատը չի կարող լինել։ Ինչ վերաբերում է երկրի տնտեսական և ֆինանասկան վիճակին, ապա կարող եմ ասել մեկ բան. մեր ժողովուրդն ավելիին է արժանի։
Հարցազրույցը՝Լուսինե Հովհաննիսյանի
Թարգմանիչ՝Ղազազյան Հռիփսիմե
Վերադառնալ