06:36
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ֆրոնտիկ Թևոսյան

2015-07-23 15:56

                                             Դե Ֆակտո» N109 (2015թ.)


Ֆրոնտիկ Թևոսյանը Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքը ղեկավարում է արդեն 30 տարի։ Սկզբում նշանակվել է որպես գյուղսովետի ղեկավար, ապա ընտրվել գյուղապետ։ Երկար տարիներ գյուղական համայնքը ղեկավարելու և ժողովրդի սերն ու վստահությունը արդարացնելու գրավականը  նվիրված աշխատանքն է, գյուղացու հոգսերով ապրելը։ Այս տարիների ընթացքում նրա գլխավորությամբ գյուղում բազում աշխատանքներ են կատարվել, իսկ այս տարի էլ ի կատար կածվի Ֆրոնտիկ Թևոսյանի ամենամեծ նպատակը՝ իր իսկ միջոցներով կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու բացումը։ Ներկայացնում ենք ‚Դե ֆակտոե ամսագրի հարցազրույցը Նոր Գեղի համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի հետ։

-Հպարտությամբ կարող եմ նշել, որ Նոր Գեղին Հայաստանի ամենաառաջադեմ համայնքներից է։ Իմ ղեկավարման 30 տարիների ընթացքում համայնքի ամենակարևոր և հրատապ խնդիրները լուծվել են. համայնքը գազաֆիկացված է, մարդիկ չունեն խմելու և ոռոգման ջրի խնդիր, կատարվել է հիմնական ճանապարհների ասֆալտապատում, նորոգվել է պատերազմում զոհվածների հուշարձանը։  Ունենք լավ կահավորված մշակույթի տուն։ Քանի որ Արտամետ, Մրգաշեն, Նոր Հաճն և Նոր Գեղի բնակավայրերի ընդհանուր տարածքում չկար եկեղեցի, 2009-ին որոշեցի իմ սեփական միջոցներով և գյուղապետարանի բյուջեի մի փոքրիկ մասով կառուցել նաև եկեղեցի, որի շինարարական աշխատանքները կավարտվեն  այս տարի և տեղի կունենա եկեղեցու բացումը։

-Քանի՞ բնակիչ  ունի համայնքը և ինչպե՞ս է լուծվում նրանց զբաղվածության հարցը։

-Երբ դեռ նոր էի ղեկավարում Նոր Գեղը, այդ ժամանակ բնակչության թիվը հասնում էր 4500-ի, իսկ այժմ այդ թիվն աճել է և հասնում է 6500-ի։ Նկատեմ նաև, որ մեր համայնքում արտագաղթ չկա, որովհետև բնակչության մեծ մասն ապահովված է աշխատանքով։ Ի տարբերություն այլ համայնքների, որտեղ բնակչութան սոցիալապես անապահովների թիվը կազմում է շուրջ 50 տոկոս, մեր համայնքում նրանք ընդամենը 10 տոկոսն են կազմում։ Համայնքում բարձր տոկոս է կազմում նաև ծնելիությունը. տարեկան ունենում ենք 100-ից ավել ծնունդ։ Գյուղապետարանի ավագանու որոշմամբ յուրաքանչյուր երեխայի ծննդի համար հատկացվում է 30 հազար դրամ։

Բարեբախտաբար մեր համայնքում գործում են մի շարք ձեռնարկատիրություններ, օրինակ՝ ‚Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկանե,  թանկարժեք քարերի մշակմամբ զբաղվող գործարաններ, հանքավայրեր, իսկ վերջերս համայնքում բացվեց մոտ 50 հա տարածքով ջերմոցային տնտեսություն, որը ևս բավականին մեծ թվով աշխատատեղեր է ապահովում, միջինում 150 հազար դրամ աշխատավարձով։ Շուրջ 500 հա զբաղեցնող այգիների մեծ մասում աճեցվում է խնձոր` մեծամասամբ Գոլդեն տեսակի, որը մեծ պահանջարկ ունի շուկայում և  անգամ մեկ հա տարածք ունեցողն էլ կարող է հոգալ իր ընտանիքի հոգսերը։

-Ինչպիսի՞ վիճակում են գտնվում համայնքի կրթամշակութային օջախները։

-Նոր Գեղին ունի երեք դպրոց` 2 հանրակրթական և մեկ մասնավոր դպրոց։ Կարելի է ասել, որ այս տարածքում միակ համայնքն է, որ ունի մասնավոր դպրոց, որտեղ սովորում են մոտ 150 աշակերտներ։ Արցախյան հերոսամարտում զոհված մեր համագյուղացի  Յուրի Երիցյանի հիշատակին դպրոցներից մեկը կոչվում է նրա անունով։ Համայնքում գործում է մանկապարտեզ, որտեղ երեխաների թիվը նախորդ տարիների համեմատ ավելացել է։ Համայնքում ունենք մշակույթի տուն, որի կառուցումը ավարտվել է 2007-ին։ Այն անվանվել է Ցոլակ Խաչատրյանի անունով, քանի որ նա է սկսել շենքի կառուցման աշխատանքները և նաև մեծ աշխատանքներ է կատարել Նոր Գեղի համայնքի համար։ Համայնքում գործում է երաժշտական դպրոց, ինչպես նաև գյուղատնտեսական քոլեջ։

Նշեմ, որ իմ միջոցներով անվճար ավտոբուս եմ տրամադրում համայնքից շուրջ 3 կմ հեռավորության վրա գտնվող Բանավան կոչվող թաղամասից ուսուցիչներին և երիտասարդներին մեր համայնքի դպրոց տեղափոխելու համար։

-Ի՞նչ հարթության վրա է տեղի ունենում համայնքապետ-բնակիչ շփումը։

-Ցանկացած պահի իմ դռները բաց են գյուղացիների համար, չի եղել մի դեպք, երբ նրանք ինձ դիմեն և ես իմ հնարավորությունների սահմաններում նրանց  չաջակցեմ։

-Արդեն 30 տարի է ղեկավարում եք Նոր Գեղի համայնքը։ Ի՞նչ սկզբունքներով եք աշխատում և ի՞նչն է Ձեզ ուժ տալիս աշխատանքում։

-Ուրախ եմ, որ իմ աշխատանքով կարողացել եմ շենացնել մեր համայնքը։ Շնորհակալ եմ Աստծուց, որ ապրել եմ մարդավայել թե՛ իմ և թե՛ շրջապատիս համար։

Իմ ղեկավարման տարիներին պետական մարմինների կողմից արժանացել եմ մի շարք մեդալների և պարգևների. երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն ինձ շնորհել է վարչապետի հուշամեդալ, Հովիկ Աբրահամյանը՝ ԱԺ նախագահի հուշամեդալ, մարզպետարանի կողմից ևս արժանացել եմ մեդալի։ Իհարկե, այս բոլոր պարգևներն ինձ համար շատ հաճելի են ու հիշարժան, սակայն ամենամեծ բավականությունն ինձ պատճառում է իմ հանդեպ ունեցած ժողովրդի սերն ու հարգանքը, որը վաստակել եմ տարիների ընթացքում նրանց խնդիրներն իմը դարձնելով, չարհամարհելով։

Մարտի 25-ին լրացավ իմ 70-ամյակը և աշխատանքային գործունեությանս 30-ամյակը, ինչի առիթով համայնքի ավագանին որոշում կայացրեց գյուղի կենտրոնական փողոցն անվանել իմ անունով։

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

 -Ունեմ 4 որդի, 10 թոռ և 3 ծոռ, որոնցով հպարտանում եմ։ Ինձ համարում եմ լիարժեք երջանիկ մարդ։ Իմ բոլոր նպատակներից մնում է թերևս եկեղեցու բացումը, որն էլ կկայանա մինչև տարեվերջ։

Հարցազրույցը՝Լուսինե Հովհաննիսյանի

 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...