18:59
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ` իրական լուծումներ

2015-07-14 11:39

                                         «Դե Ֆակտո» N109 (2015թ.)


Գևորգ Մաչանյան` “ԱրմսվիսբանկՓԲԸ գործադիր տնօրեն

 

-Պարո՛ն Մաչանյան, Դուք բավականին մեծ աշխատանքային փորձ ունեք բանկային համակարգում։  Քանի՞ տարի եք բանկային համակարգում  և ի՞նչն է Ձեզ գրավում այս ոլորտում։

-Իմ աշխատանքային ողջ կենսագությունն անցել է բանկային համակարգում` ավելի, քան երեսուն տարի։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք ներգրավված լինի այն ոլորտում, որն իրեն հոգեհարազատ է և որին լիարժեքորեն տիրապետում է։ Այս առումով, իմ աշխատանքը լիովին բավարարում է  այդ չափանիշներին  և, կարծում եմ, այն կատարում եմ պրոֆեսիոնալ։ Աշխատանքի ընթացքում միշտ ձգտում եմ իմ հմտությունները և փորձը փոխանցել նոր սերնդին՝ վարակելով նրանց գիտելիքների կատարելագործման և ավելին իմանալու իմ մղումով։ Հուսամ` ստացվում  է։ Ես ունեմ հիանալի աշխատակազմ, որի պատրաստվածությամբ պարզապես հպարտանում եմ։

Ավարտել եմ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը և անմիջապես գործուղղվել աշխատանքի ԽՍՀՄ Պետբանկ` “ԳՈՍԲԱՆԿ”։ Իմ աշխատանքային կենսագրությունը սկսվել է վարկային մասնագետի պաշտոնից  Պետբանկի Երևանի էլեկտրագործարանային մասնաճյուղում 1980թ. օգոստոսից։ Նույն թվականի նոյեմբերին զորակոչվել եմ բանակ, իսկ ծառայությունից վերադառնալուց հետո` 1982թ. հուլիսից, աշխատել եմ Պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի գլխամասում` որպես դրամարկղային գործառնությունների վարչության ավագ մասնագետ։ 1985թ. նոյեմբերին նշանակվել եմ նույն վարչության պետ։ Այնուհետև նորանկախ Հայաստանի ձևավորումից հետո աշխատել եմ ՀՀ կենտրոնական բանկում` զբաղեցնելով բազմաթիվ ղեկավար պաշտոններ, այդ թվում` էմիսիոն դրամարկղային գործառնությունների վարչության պետ, գործառնական վարչության պետ, հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման գլխավոր վարչության պետ,  ՀՀ ԿԲ գլխավոր աուդիտոր` ներքին աուդիտի խմբի ղեկավար։

Պաշտպանել եմ նաև թեկնածուական թեզ, որը վերաբերում էր ՀՀ վճարահաշվարկային համակարգի խնդիրներին և լուծման ուղիներին։ Դրանում արտահայտված գաղափարների ճնշող մեծամասնությունն անձամբ իմ կողմից ներդրվել է ՀՀ բանկային համակարգում. մասնավորապես` վճարահաշվարկային համակարգերի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը։ Այդ ծրագրերի թվին են պատկանում` CBANET ցանցի ստեղծումը (միջբանկային հեռահաղորդակցության ցանցի և էլեկտրոնային վճարումների համակարգերի ստեղծումը), ArCa միասնական վճարային համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքները, որի 15-ամյակն է նշվում այս տարի, SWIFT համակարգի ներմուծումը և ներդրումը ՀՀ-ում և այլն։ Շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել նաև ենթակառուցվածքային այլ ծրագրերում, մասնավորապես` “ԱՔՌԱ” վարկային բյուրոյի զարգացման աշխատանքներում, այժմ էլ հանդիսանում եմ “ԱՔՌԱ”-ի խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի նախագահը ՀՀ ԿԲ նախագահն է։

ՀՀ ԿԲ-ում աշխատել եմ մինչև 2004թ. նոյեմբերի 22-ը` բանկային աշխատողի օրը։ Այդ օրը Կենտրոնական բանկից ազատվեցի` “Արմսվիսբանկ”-ը  ստեղծելու նպատակով։

-Կպատմե՞ք  “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ի ստեղծման նախապատմությունը,  ի՞նչ խնդիր էր դրված Ձեր առջև։

-2004թ. հրավեր ստացա ծագումով հայ, շվեյցարաբնակ գործարար պարոն Վարդան Սիրմակեսից, ով ներկայումս “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ի հիմնադիրն է և սեփականատերը, Հայաստանում միջազգային փորձին համահունչ բանկ ստեղծելու նպատակով։ Նա համաշխարհային հռչակ վայելող շվեյցարական ժամացույցների “Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ” ընկերության հիմնադիրն է, սեփականատերը և գործադիր տնօրենը։

Նա ինձ հետաքրքիր առաջարկ ներկայացրեց։ Նպատակ կար Հայաստանում ստեղծելու փրայվիթ բանկային ծառայություններ մատուցող բանկ, որը հիմնված կլիներ միջազգային լավագույն փորձի հիման վրա։ Նրա կարծիքով` այն Հայաստանի համար կարևոր առաջընթաց կլիներ։ Իհարկե, Շվեյցարիայի փրայվիթ բանկային համակարգի կայացման 100 տարիների փորձը նույնությամբ և արագորեն ներդնել այստեղ հնարավոր չէր՝ մի շարք խնդիրներից ելնելով, ինչպիսիք են օրենսդրական կարգավորումները և տնտեսության զարգացման ընդհանուր մակարդակը։ Փոխարենը` առաջարկեցի մեկ այլ բանկային մոդել, որը պարոն Սիրմակեսը հավանեց, ընդունեց և իրագործեցինք “Արմսվիսբանկ”-ի ստեղծումով։  

-Իսկ ո՞րն էրԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ի այդ յուրահատուկ տեսակը և գործունեության ի՞նչ հիմնական ուղղություններ ունի բանկը։

-Մենք մեր առջև նպատակ դրեցինք դառնալ ՀՀ-ում կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայություններ մատուցող առաջատար բանկ, կիրառելով փրայվիթ բանկինգ տեխնոլոգիաներ։ Իմ ցակությունն էր ստեղծել բանկ, որն ունի յուրահատուկ դիմագիծ, կերտում է նոր ճանապարհ և տարբերվում է իր առանձնահատկություններով։ Անձնակազմի պրոֆեսիոնալիզմի ու ճկունության, սպասարկման որակի շնորհիվ մեզ հաջողվեց իրագործել մեր առջև դրված նպատակը։

Մեզ հաջողվում է, հաճախորդների կարիքները բացահայտելով,  տրամադրել միջազգային լավագույն փորձին համահունչ ֆինանսական լուծումներ, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր հաճախորդի համար, և այն մեր գործարար-փիլիսոփայության տրամաբանական արդյունքն է։ Առաջիկայում նպատակ ունենք բանկը ճանաչելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։

-Ինչո՞ւ ընտրեցիք բանկային ծառայությունների մատուցման այդ ուղղությունները և զարգացման ինչպիսի՞ փուլեր եք անցել։

-Դրանում, իհարկե, մեծ դեր է խաղացել իմ անցած ճանապարհը, միջազգային և հայաստանյան  բանկային  ծառայությունների վերաբերյալ,  ինչպես նաև բանկային ծառայությունների համակարգում տիրող իրավիճակի մասին տեսական և գործնական գիտելիքները։

Մինչև “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ի ստեղծումը, Հայաստանում գործում էր 20 բանկ, որոնք զբաղվում էին բանկային գործունեության բոլոր ուղղություններով, հիմնականում` մասսայական մանրածախ բանկային ծառայությունների տրամադրմամբ։ Հիմա էլ գրեթե այդպես է։ Այդ ժամանակ Հայաստանի բանկային համակարգում թիրախավորված ծրագրեր իրականացնող բանկեր չկային։ Կորպորատիվ հաճախորդներին ուղղված, նրանց կարիքներին համահունչ առաջարկներ ներկայացնող բանկային ծառայությունները լայն տարածում չունեին։

Բացի այդ, բանկերն ունեին ներդրումային ծառայություններ, սակայն, ի տարբերություն այլ ծառայություների, կենտրոնացած չէին հենց այդ ծառայությունների մատուցման, կատարելագործման և ընդլայնման վրա։ Այդ բացը լրացնելու եկավ “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ը։ Ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ ճիշտ ուղղություն ենք ընտրել, դրա պահանջարկը կա շուկայում, և մինչև օրս ձեռքբերումներով շարժվում ենք առաջ։ Թեև պետք է նշեմ, որ բանկային մոդելի ընտրության հարցում շատերը, այդ թվում` ՀՀ ԿԲ իմ գործընկերները, թերահավատորեն էին մոտենում  հարցին՝ նշելով, որ բանկային գործունեության մասսայական մանրածախ ուղղվածությունն ավելի շահութաբեր կարող է լինել։ Իսկ ես կարծում էի, որ ավելի արդյունավետ  է կենտրոնանալ  բանկային ծառայությունների կոնկերետ  ուղղության  վրա  և այն կատարել  առավելագույն պրոֆեսիոնալիզմով  և կոմպլեքսայնությամբ։  Մեր պարագայում,  տասը տարիների աշխատանքային փորձն ու անցած ուղին ցույց տվեցին, որ այն արդարացված է։

Գործունեության ողջ ընթացքում մենք հիմնական ցուցանիշների գծով անընդհատ աճ ենք արձանագրել։ Բանկը մշտապես աշխատել է շահույթով, բացառությամբ առաջին տարվա, ինչը նորմալ երևույթ է բոլոր նորաստեղծ կառույցների համար։

Սկսել ենք 7 հոգով։ Առանց շտապելու, բայց հաստատուն քայլեր կատարելով` համալրել ենք թե՛ աշխատակիցների  և թե՛ ծառայությունների թիվը։ Յուրաքանչյուր ծառայություն հաճախորդին ներկայացրել և մատուցել ենք միայն այն ժամանակ, երբ համոզված ենք եղել, որ այն բավարար մշակված է, փաստաթղթավորված և ունենք բավարար աշխատակիցներ այդ ծառայությունը պրոֆեսիոնալ մակարդակով մատուցելու համար։ Ես չեմ ընդունում, առաջինը լինելու մոլուցքով տարված, անպատրաստ քայլեր կատարելը, ինչը, անշուշտ, վնասից բացի, այլ արդյունքի չի հանգեցնում։

Մենք մի շարք նորամուծություններով ենք հանդես եկել և շարունակում ենք նույն կերպ։ Իսկ մինչ նոր ծառայությունների ներդնելը խուսափում ենք խոսել դրանց մասին, քանի որ երբեմն լինում են դեպքեր, երբ շուկայի որևէ մասնակից փորձում է հապճեպ կրկնօրինակել և երբեմն ոչ բավարար պրոֆեսիոնալ ձևով, որը խոչընդոտում է տվյալ գործիքի ճիշտ դիրքավորմանը շուկայում։

Հետադարձ հայացք նետելով, կարծում եմ, բանկը բավականին լավ ճանապարհ է անցել, կարողացել է իրեն դրսևորել շուկայում, ձեռք բերել մշտական հաճախորդներ, դառնալ  հուսալի գործընկեր նրանց համար, ինչպես նաև լինելով պահպանողական` մնալ նորարար։ Մենք չենք ձգտել և ձգտում մասնաճյուղերի թվով, ակտիվների քանակով, շահույթի բացարձակ թվով, վարկային պորտֆելով լինել առաջինը, բայց մեր բանկը որակական ցուցանիշներով լավագույններից մեկն է։ Ակտիվների եկամտաբերությամբ վերջին հինգ տարում մենք առաջին 5-յակում ենք, կապիտալի եկամտաբերության ցուցանիշով` 10-յակում, ակտիվների որակով, աշխատակիցների շահույթ գեներացնելու ցուցանիշով` տևական ժամանակ առաջինը։ Բոլոր ցուցանիշների առումով վերջին տարիներին մենք մոտ 20% կայուն աճ ենք ապահովել։ Նախորդ տարի շահույթի մեր ցուցանիշը պատմական առավելագույն էր ապահովել`  2 մլրդ 170մլն դրամ. մոտ 3% ակտիվների եկամտաբերությունն էր, 13%` կապիտալի եկամտաբերությունը։

Իհարկե, ունենք նաև թերություններ, քանի որ կատարյալ ոչինչ չկա, պարզապես մենք քայլում ենք կատարելագործման  ճանապարհով` մշտապես պահպանելով ազնիվ մրցակցի և հուսալի գործընկերոջ մեր դիմագիծը, հարգելով մեր մրցակիցներին։

-Ունե՞ք կարգախոս։

-Մեր կարգախոսն է. “Իրական լուծումներ”, այսինքն`  ասել այն, ինչ իսկապես անում ես, անել այն, ինչ կարող ես պրոֆեսիոնալ կերպով անել, հակառակ դեպքում` չանել ոչինչ, մինչև  պատրաստ կլինես դա իրագործելու։

-Ֆինանսավորման  ի՞նչ ծրագրեր և ծառայություններ եք առաջարկում  Ձեր հաճախորդներին։

-Ինչպես արդեն ասացի, “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ը  ձևավորման պահից  առ այսօր մասսայական բանկային սպասարկում չի իրականացնում։ Մեր նպատակն է մատուցել  ծառայությունների ամբողջական փաթեթ մեր  կորպորատիվ հաճախորդներին։

“ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ը ֆինանսավորման երեք հիմնական ուղղություններով է մասնագիտացել։ Դրանք են բիզնես վարկերը, առևտրի ֆինանսավորումը  և ֆակտորինգը։ Վարկային գործիքները բանկը տրամադրում է ոչ միայն սեփական միջոցներից այլ նաև համագործակցելով  միջազգային ֆինանսական կառույցների հետ` մասնակցում է մի շարք վարկային ծրագրերի, այդ թվում՝ Գերմանահայկական  հիմնադրամի  “Վերականգնվող  էներգիայի Զարգացում” և “ՓՄՁ վարկավորում”  ծրագրերին։

Բանկը վարկավորում  է կայացած կորպորատիվ հաճախորդներին, որոնք ունեն կայուն գործող բիզնես և բարի համբավ գործարար աշխարհում։ Բանկը հետաքրքրված է համագործակցել այնպիսի հաճախորդների հետ, որոնք երկարաժամկետ գործընկեր կլինեն  բանկի համար և կհամագործակցեն բանկի նաև այլ ծառայությունների գծով։

Հավատարիմ մնալով հիմնադրման օրվանից ընդունված քաղաքականության պահանջներին` մենք մեր հաճախորդների հետ հարաբերությունները կառուցում ենք “Ճանաչիր հաճախորդին”  սկզբունքով, այսինքն` որքան բարձր լինի բանկի և հաճախորդի փոխադարձ վստահությունը  և սերտ լինի փոխհամագործակցությունը, այնքան մեզ համար ավելի հեշտ կլինի հատուկ նրա պահանջների համար ընտրել և առաջարկել ֆինանսավորման լավագույն տարբերակը։  Բանկը վարկեր, վարկային գծեր, օվերդրաֆտներ  է տրամադրում  հիմնականում առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի և սպասարկման ոլորտներում։ Եթե կազմակերպությունը վարկային միջոցների կարիք չունի,  մենք ունենք դեպոզիտային համապատասխան առաջարկներ, միջոցների կառավարման միջնաժամկետ  և երկարաժամկետ մեխանիզմներ։ Եթե ընկերությունն  ունի ֆինանսական միջոցներ, մենք նրան կարող ենք առաջարկել դրանք ներդնել պետական արժեթղթերում  և  կորպորատիվ այլ պարտատոմսերում։ Այն հաճախորդները, որոնք ունեն վարկային միջոցների կարիք, մենք նրանց համար ունենք ստանդարտ վարկային պրոդուկտներ։ Մեր տոկոսները միջին շուկայական են, ելնելով արժույթից, ժամկետայնությունից` 10.5-16%։

Հարկ  է նշել, որ վարկավորումը  ֆինանսական միջոցների համալրման միակ տարբերակը չէ։ Բանկն առաջարկում է նաև անգրավ ֆինանսավորման լուծումներ, որոնցից առաջինը ֆակտորինգն է։ “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ը  Հայաստանում գործող ֆինանսական հաստատությունների  շարքում առաջիններից  է, որը դեռևս 2007թ-ից ներդրել և զարգացրել է ֆակտորինգը՝ որպես առևտրի կարճաժամկետ ֆինանսավորման արդյունավետ գործիք։ Բանկն առաջարկում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ֆակտորինգ և մատուցում է ֆակտորինգային ծառայությունների լայն շրջանակ՝  յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին և պահանջներին համապատասխան։  Ի դեպ, մենք տարածաշրջանում առաջինն էինք, որ անդամակցեցինք Առաջատար ֆակտորինգային ընկերությունների ցանցին՝ FCI-ին (Factor Chain International), ինչը ներկայումս հնարավորություն է տալիս միջազգային ֆակտորինգային ծառայություններ մատուցել աշխարհի ավելի քան 70 երկրներում գտնվող շուրջ 270 գործընկերների միջոցով։

Ֆակտորինգը կամ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորումը գնորդի պարտքի ստացման իրավունքի զեղչով զիջումն է բանկին։

Մեր կողմից ֆակտորինգային սպասարկման հիմնական ծառայություններն են հետաձգված վճարումներով վաճառքների ֆինանսավորումը, դեբիտորական պարտքերի վարումը և հաշվառումը, դեբիտորական պարտքի հավաքագրումը, գնորդի կողմից չվճարման ռիսկի ապահովագրումը։ Բերեմ մեկ օրինակ. շատ են լինում դեպքեր, երբ երկու ձեռնարկություններ միմյանց հետ համագործակցում են, որոնցից մեկն արտադրողն է, մյուսը` գնորդը։ Նրանք ունեն պայմանավորվածություն որոշակի ժամանակ անց վճարում կատարելու վերաբերյալ, բայց արտադրողին ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ արտադրության գործընթացի անընդհատությունն ապահովելու համար։ Ոչ բոլոր դեպքերում իրենք ունեն բավարար չափով գրավներ։ Այդ դեպքերում  մենք ֆակտորինգի միջոցով կարողանում ենք ֆինանսավորել արտադրողին առանց գրավի։ Գնելով պարտքի իրավունքը`  նրան ֆինանսավորում ենք ինվոյսային արժեքի մինչև  80% արժեքի չափով։

Բանկի ֆինանսական լուծումներ առաջարկող գործիքներից է նաև արտահանման  խթանման ֆինանսավորումը։ Այս գործիքը նախատեսված է արտահանող  ընկերությունների կամ առևտրային միջնորդների համար՝ շրջանառու միջոցների համալրման, էլեկտրաէներգիայի ծախսերի հատուցման, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի ձեռքբերման, աշխատավարձի, հարկային պարտավորությունների վճարման, տրանսպորտային ծախսերի հատուցման, ինչպես նաև արտահանման հետ կապված հնարավոր այլ ծախսերի ֆինանսավորման նպատակով։ Որպես այս գործիքից օգտվող հաճախորդներ կարող են հանդես գալ պատրաստի արտադրանք, սարքավորումներ, հումք, գյուղատնտեսական արտադրանք, ինչպես նաև ծառայություններ արտահանող ընկերությունները։ Վճարման մի շարք տարբերակներում արտահանողները կրում են չվճարման/պայմանագրի չկատարման ռիսկ։ Քանի որ արտահանողը հիմնականում չի կարող վերահսկել վճարման գործընթացը, ապա սույն գործիքից նպատակահարմար է օգտվել միայն այն դեպքում, երբ գործընկերը, որի հետ համագործակցում  է  արտահանողը,  բավարար  չափով վստահելի է։ Նշված գործիքը թույլ է տալիս նվազեցնել առևտրային ռիսկերը և պարզեցնել վճարման գործընթացները։ Եվս մեկ կարևոր նկատառում։ Եթե բանկի հաճախորդն ունի առևտրային հուսալի գործընկերներ արտերկրում, որոնց հետ առկա են հուսալի արտահանման պայմանագրեր, բացի այդ, կան բանկի համար ընդունելի մի շարք պայմաններ, ապա արտահանման խթանման ֆինանսավորման  գործիքը  նույնպես հնարավորություն է տալիս ֆինանսավորումն իրականացնել առանց գրավի։

-Իսկ ի՞նչ ներդրումային ծառայություններ է մատուցում բանկը։

-Ինչպես արդեն նշել ենք, Բանկի գործունեության առանցքային ուղղություններից մեկը ներդրումային բանկային ծառայությունների մատուցումն է։ Նախքան “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ի ստեղծումը  ՀՀ բանկային համակարգում չկար որևիցե մի բանկ, որն իր հաճախորդներին առաջարկեր այս ծառայությունների ամբողջական փաթեթ  իր դասական մեկնաբանմամբ։ Մեր բանկն առաջինն էր ՀՀ բանկային համակարգում, որ դեռևս 2007թ. սկզբին ստացավ բրոքերային և պահառուական գործունեության լիցենզիաներ ու սկսեց մատուցել ներդրումային ծառայությունների լայն սպեկտրը ՀՀ և միջազգային ֆինանսական շուկաներում։ Ներդրումային գործիքակազմը ներառում է ինչպես դասական ներդրումային գործիքները (բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային ֆոնդերի փայեր, դեպոզիտար ստացականներ), այնպես էլ աշխարհում լայնորեն կիրառվող հեջավորման ածանցյալ գործիքները (ապրանքային և ֆինանսական ֆյուչերսներ, ֆորվարդներ, օպցիոններ, արտարժութային սվոպ և այլն)։

Բանկը նաև բրոքերային ծառայություններ է մատուցում էլեկտրոնային պլատֆորմների միջոցով՝  հնարավորություն տալով  իր հաճախորդներին ֆինանսական շուկաներից ստանալու անհրաժեշտ տեղեկատվությունը և ինքնուրույն կայացնելու իրենց նեդրումային որոշումները։

Բացի բրոքերային ծառայություններից, Բանկը իրականացնում է նաև իր հաճախորդներին պատկանող արժեթղթերի պահառության, իսկ կորպորատիվ հաճախորդներին մատուցում է նաև վերջիններիս կողմից թողարկված արժեթղթերի պահառության և ռեեստրավարման ծառայություններ։ Այստեղ հարկ է հիշատակել նաև Բանկի մեկ այլ կարևորագույն ներդրումաբանկային գործունեության ոլորտի, այն է՝ կորպորատիվ արժեթղթերի թողարկումների կազմակերպման, դրանց արժեկտրոնների վճարման և մարման սպասարկման, ինչպես նաև ֆոնդային բորսայում այդ արժեթղթերի շուկա ստեղծողի (մարքեթ մեյքերի) ծառայությունների մասին, որի զարգացման գործում մեծ է եղել հատկապես մեր Բանկի դերը։ Այս ծառայությունները կորպորատիվ հաճախորդների համար ապահովում են ֆինանսական միջոցների ներգրավման մի այլընտրանքային տարբերակ, որը հետագայում կարող է լուրջ մրցակցային առավելություն տալ այդ ընկերություններին վարկավորման դասական գործիքների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, մենք թվով վեց  ընկերությունների պարտատոմսերի 15 և բաժնետոմսերի 3 թողարկումներ ենք կազմակերպել և սպասարկել, որոնցից մեկն էլ “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ բաժնետոմսերի թողարկումն էր, որը Հայաստանի ֆինանսական շուկայի ամենամեծ տեղաբաշխումն է եղել։ Իսկ այս տարվա ապրիլին Բանկը ներդրողներին առաջարկեց նաև նոր ներդրումային հնարավորություն՝ թողարկելով և ամբողջությամբ տեղաբաշխելով Բանկի սեփական արտարժութային պարտատոմսերի միանգամից 3 տրանշեր՝ համապատասխանաբար 2, 3 և 5 տարի մարման ժամկետներով։

Բանկը իրավամբ կարելի համարել նաև պետական պարտատոմսերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը։ Մենք 2006թ-ից սկսած  հանդիսանում ենք պետական պարտքի կառավարման գծով ՀՀ կառավարության  գործակալ բանկ, բավականին ակտիվ մասնակցում ենք  ֆինանսների նախարարության կողմից թողարկվող պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումներին։ Պետական պարտատոմսերի պորտֆելի մեծությամբ Բանկը համակարգում գրավում է երկրորդ տեղը, իսկ երկրորդային շուկայում կնքված գործառնությունների ծավալներով մշտապես առաջատար հնգյակում է։

-Այնուամենայնիվ, բանկն ունի՞ որևէ ծառայություն, որն ուղղված լինի ֆիզիկական անձանց ֆինանսական կարիքների բավարարմանը։

-Իհարկե, մենք չենք մասնագիտացել մանրածախ  բանկային ծառայությունների ոլորտում (ֆիզիկական անձանց մասսայական բանկային ծառայությունների ոլորտում), սակայն, ելնելով  հաճախորդների  պահանջները առավելագույնս  բավարարելու առաջնահերթությունից, ինչպես նաև համապարփակ ֆինանսական լուծումների շղթան ապահովելու նպատակով ներդրել ենք հիփոթեքային վարկային ծառայությունները։ Այն հիմնականում ուղղված է կորպորատիվ հաճախորդների,սեփականատերերի,  ղեկավարության, ինչու՞ ոչ, նաև աշխատակիցներին ֆինանսական կարիքների բավարարմանը։ Ի լրումս ասվածի, նշեմ  նաև, որ սեփականատերերին տրամադրում ենք ներդրումային վարկեր՝ իրենց բիզնեսում  փայամասնակցություն  կամ այլ բաժնետիրական ընկերությունների բաժնեմասեր ձեռք  բերելու նպատակով։

“ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ն առաջարկում է հիփոթեքային վարկեր` ՀՀ տարածքում անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև վերանորոգման նպատակով։ Վարկավորումը իրականացվում է ինչպես Բանկի ռեսուրսներով, այնպես էլ “Ազգային Հիփոթեքային Ընկերություն” ՎՎԿ ՓԲԸ-ի և “Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան” ծրագրերի շրջանակներում։

-Միջազգային համագործակցության ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացնում։

-Մեզ համար շատ կարևոր է համագործակցությունը միջազգային ընկերությունների հետ։ Բանկը սկսել է համագործակցել գերմանական KFW բանկի հետ “Վերականգնվող Էներգետիկայի զարգացման” ծրագրի շրջանակներում փոքր ՀԷԿ-երի կառուցման և վերազինման, ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, որն այժմ Գերմանահայկական հիմնադրամի միջոցով է ֆինանսավորվում։ Այդ ծրագրերի և սեփական ռեսուրսների միջոցով բանկը մասնակցել է 3 տրանշներով ֆինանսավորման ծրագրի՝ իրականացնելով 30-ից ավելի հիդրոկայանների ֆինանսավորում ՀՀ-ում և ԼՂՀ-ում։

Դեռևս 2010թ.-ին “ՓՄՁ վարկավորման”  ծրագրի շրջանակներում  Բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջև կնքվել էր առաջին պայմանագիրը՝  5 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով։ Այնուհետև “Առևտրի ֆինանսավորման ծրագրի” շրջանակներում հաստատվել էր նաև 3 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափ, որը համագործակցության ընթացքում եռապատկվեց և այժմ կազմում է 9 մլն ԱՄՆ դոլար։ 2014թ. “ՓՄՁ վարկավորման” ծրագրի շրջանակներում ստորագրվեց ևս մեկ պայմանագիր՝ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարի չափով։ Իսկ արդեն այս տարի հունիսին “Կովկասի էներգաարդյունավետության ծրագրի” շրջանակներում կնքվեց նոր՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով պայմանագիր։ Նշեմ նաև, որ ՎԶԵԲ-ի կողմից “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ին շնորհվեց “Հաստատող բանկ”-ի կարգավիճակ։

Միջազգային ֆինանսական կառույցներից աշխատում ենք նաև Ասիական զարգացման բանկի և այլ բանկերի հետ։

Այս ամենից զատ, բանկը նաև փորձում է միջազգային հարթակներում ներկայացնել մեր երկիրը, բիզնես միջավայրը, պոտենցիալ զարգացող ճյուղերը, որտեղ կարելի է ներդրում կատարել։  Ես նաև Հայ-շվեյցարական բիզնեսի զարգացման միության նախագահն եմ։ Միությունն անդամակցում են ընկերություններ, որոնք շահագրգռված են Հայաստանում  և Շվեյցարիայի միջև  գործարար ակտիվության ընդլայմանը։ Այդ  նմատակով, 2014թ մայիսին  “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ի  հովանավորությամբ  և  միության ջանքերով  կազմակերպվեց բիզնես ֆորում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Ֆորումին  մասնակցում էին ավելի  քան 70 շվեյցարական  կազմակերպություններ։ Նպատակը մեկն էր` ներկայացնել Հայաստանի բիզնես գրավչությունը շվեյցարացի ներդրողներին։

-Ի՞նչ խնդիրներ են առկա ՀՀ բանկային համակարգում, որոնց յուրաքանչյուր բանկ առնչվում է։

-Բանկային համակարգը տնտեսության բաղկացուցիչներից է, որի վրա անմիջական ազդեցություն  են  ունենում տնտեսությունում տեղի ունեցող թե դրական, և թե  բացասական գործընթացները։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ ոչ միայն տնտեսության, այլ նաև բանկային համակարգի վրա, որի հետևանքները դեռ շարունակում են ազդեցություն ունենալ մեր գործունեության վրա։

Տարածաշրջանային քաղաքական զարգացումները, ՈՒկրաինայում տեղի ունեցող դեպքերը, Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցներն անշուշտ իրենց ազդեցությունն ունեցան տարածաշրջանի երկրների տնտեսությունների վրա։ Մեր երկիրը ևս անմասն չմնաց այդ գործընթացներից  և, ինչպես գիտեք, անցած տարվա վերջին արժութային շուկայում տատանումներն իրենց շղթայական ազդեցությունն ունեցան ոչ միայն մեր բանկի, այլ նաև ողջ ֆինանսական համակարգի վրա։

Ցանկալի կլիներ, որպեսզի ՀՀ տնտեսությունն առավել ակտիվ զարգանար, ներդրումներ կատարվեին տարբեր ոլորտներում, թեև պետք է նշեմ, որ որոշակի ակտիվություն արդեն իսկ կա, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես` արդյունաբերական գյուղատնտեսության մեջ։ Մենք էլ մեր հերթին ենք առաջարկում ներդրումային տարբեր ծրագրեր` մեր մասնակցությունն ունենալով ՀՀ ներդրումային դաշտի կայացման գործընթացին։ Ընդհանրապես, տնտեսական ակտիվության աճն ու բանկային համակարգի զարգացումը սերտորեն փոխկապված են և դրանց զարգացումը միմյանցից անջատ դիտարկելը ճիշտ պատկեր չի տա։

Կցանկանայի անդրադառնալ բանկային ոլորտին առնչվող կոնկրետ մի քանի խնդիրներին։ Գրեթե բոլոր բանկերն առնչվում են խնդրահարույց վարկերի և վարկառուների հիմնախնդիրների հետ։

Ինչպես մեր, այնպես էլ, համոզված եմ, այլ բանկեր նույնպես պատրաստակամ են ժամանակավոր լուծումներ գտնելու խնդրահարույց վարկառուների հետ հարաբերություններում։ Մենք միշտ պատրաստ ենք ընդառաջելու խնդրահարույց վարկերի վերադարձելիության համար նոր ժամկետներ սահմանելու, որոշակի տուգանքներ և տույժեր զիջելու հարցում, սակայն եթե վարկառուն նույնպես իր կողմից պատրաստակամություն է ցուցաբերում և ընդառաջ քայլեր է կատարում։ Ցավոք, ոչ բոլոր վարկառուներն են այդպես մտածում, և բանկերը ստիպված են լինում վարկերի վերադարձելիությունն ապահովել գրավի իրացման միջոցով։ Այստեղ խնդիրները բազմաթիվ են, որոնցից պետք է նշեմ հատկապես  վարկատուների  շահերի ոչ բավարար  պաշտպանությունը գրավի առարկաների  բռնագանձման և իրացման գործընթացների անարդյունավետության  մասով՝ սկսած դատական գործընթացներից  մինչև գրավի առարկայի   իարացման  գործըթացները և ժամկետները։ Այդպիսի ձգձգումները, ինչ խոսք, խոչընդոտում են ավելի մատչելի վարկային պայմանների ապահովմանը բանկերի հաճախորդներին։

-Ի՞նչ է իրենից ներկայացնում Ձեր կողմից ստեղծված մասնավոր ներդրումների կառավարման ընկերությունը և այն արդյո՞ք կապ ունի Ձեր նշած նոր մոտեցումների հետ։

-Իհարկե, հենց այդ նպատակով էլ մի քանի տարի մենք ակտիվորեն նախապատրաստվում էինք այդ կառուցի ստեղծմանը և ուրախությամբ պետք է նշեմ, որ 2015թ. մայիսի 4-ին մենք գրանցեցինք “ՔԱՓԱՐՄ” ընկերությունը։ Ունենք նաև գործընկեր (50 տոկոս բաժնետեր), որը ՀՀ-ում, Լիբանանում և Կիպրոսում խորհրդատվության հարուստ փորձառություն ունեցող “Մենեջմենթ Միքս” ընկերությունն է։

“ՔԱՓԱՐՄ”-ի առաքելությունն է ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս ստեղծվող կամ գործող մասնավոր առևտրային ընկերությունների կապիտալում ներդրումներ կատարելու, կառավարելու և հետագայում դրանց օտարումը կազմակերպելու գործում  ներդողներին համալիր ծառայությունների մատուցումը։ Գործունեությունը հիմնականում ուղղված է վենչուրային կամ հատուկ նշանակության ներդրումային ֆոնդեր ստեղծելուն և կառավարելուն, առևտրային ընկերությունների կապիտալում ներդրումներ կատարելու նպատակով մրցունակ ընկերություններ կամ գործարար ծրագրեր բացահայտելուն և ինստիտուցիոնալ ներդրողներ կամ գործընկերներ ներգրավելուն, ինչպես նաև առևտրային ընկերություններում կատարված ներդրումների օտարման ծրագրի (exit strategy) մշակմանը և կազմակերպմանը։ Բացի այդ, ընկերությունը փորձելու է, ներդրումներ կատարած ընկերություններին ապահովել կորպորատիվ կառավարման, բիզնեսի զարգացման, մրցունակության բարձրացման, վաճառքների կազմակերպման և կառավարմանն ուղղված այլ ծառայություններ, ինչպես նաև այդ ընկերություններում ներդրողների շահերի պաշպանության ուղղված ծառայություններ, այդ թվում՝ կառավարման մարմիններում ներկայացուցչության ապահովում և կառավարմանը մասնակցություն, ներդրողներին հաշվետվությունների տրամադրում և այլն։ Նախատեսվում է “ՔԱՓԱՐՄ” ՓԲԸ-ում, որպես փայատեր, ներգրավել  մասնավոր ակտիվների կառավարման ոլորտում միջազգային  փորձ ունցող ինստիտուցիոնալ գործընկեր։

Ընկերության բիզնես փիլիսոփայությունը նպատակաուղղված է ներդրողների շահերի  առավելագույն  պաշտպանությամբ , ինչպես նաև  կոլեկտիվ կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ և կիրառմամբ ավելի բարձր արդյունքներ ստանալուն։ Սկզբնական փուլում կենտրոնացել ենք Հայաստանում աճի մեծ ներուժ ունեցող  ոլորտներից մեկի  արդյունաբերական  գյուղատնտեսության,  գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման և լոգիստիկայի կազմակերպման ոլորտի  վրա, մասնավորապես՝ ջերմոցային գործունեությունը, գինեգործությունը, պանրի արտադրությունը և այլն։ Այդ խնդիրների  իրականացման  նպատակով, “ՔԱՓԱՐՄ” ՓԲԸ-ն արդեն նախաձեռնել է ագրոբիզնեսում ներդրումներ ներգրավելու և իրականացնելու նպատակով  2 մլն դոլարի չափով նոր ֆոնդի ստեղծումը ,որի մասին առաջիկայում ավելի  մանրամասն կտեղեկացնենք։

-Ինչպե՞ս կգնահատեք հասարակություն-բանկ փոխհարաբերությունները, արդյո՞ք  հաճախորդներն ավելի տեղեկացված են դարձել բանկային ծառայություններից օգտվելու հարցում։

-Վերջին տարիներին բավականին մեծ աշխատանք  է տարվում հասարակություն-բանկ փոխհարաբերություններում պարզություն, փոխհասկացվածություն, իրավունքների և պարտականությունների գիտակցում ձևավորելու ուղղությամբ։ Մասնավորապես` մեծ աշխատանքն են կատարում “ԱՔՌԱ” վարկային բյուրոն, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Կենտրոնական բանկը, Բանկերի միությունը։ Մենք նույնպես անմասն չենք մնում այդ գործընթացում մեր ներդրումն ունենալուց. պարբերաբար կազմակերպում ենք սեմինարներ բիզնես հանրության հետ։ Սակայն այս գործընթացը մեկանգամյա գործընթաց չէ և միանվագ լուծումներով հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել։ Կարծում ենք, որ դեռևս այս ուղղությամբ լուրջ անելիքներ կան։ Մեծ դերակատարություն ունեն նաև տպագիր և էլեկտրոնային մամուլը, հեռուստատեսությունը և ռադիոն։

-Որքա՞ն էԱրմսվիսբանկիընդհանուր կապիտալը։

-”Արմսվիսբանկ”-ի  ընդհանուր կապիտալը կազմում է շուրջ 18 մլրդ դրամ, որից կանոնադրական կապիտալը 10.1 մլրդ դրամ է։

-2014թ. տարեվերջին  ՀՀ կենտրոնական բանկը որոշում է կայացրել բարձրացնել բանկերին առաջադրվող  ընդհանուր կապիտալի նվազագույն չափը։ ՀՀ-ում գործող յուրաքանչյուր (այդ թվում և նոր բացվող) բանկ մինչև  2017թ.-ի  հունվարի 1-ը պետք է ապահովի նվազագույնը  30 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ, գործող նորմատիվային 5 մլրդ դրամի փոխարեն։ Ինչպե՞ս եք վերաբերում այս որոշմանը, որքանո՞վ է այն արդարացի և արդյո՞ք հնարավորություն ունենալու եք իրականացնել ՀՀ ԿԲ-ի այս որոշումը։ Ի դեպ, շատ է խոսվում այն մասին, որ որոշ բանկեր կմիավորվեն։

-Կարծում եմ Կենտրոնական բանկի որոշման շուրջ գնահատական տալը կոռեկտ չէ։ Ճիշտ կլիներ, բանկերի սեփական կապիտալի նվազագույն սահմանաչափի սահմանման վերաբերյալ հարցն ուղղվեր հենց Կենտրոնական բանկի պատասխանատու աշխատակիցներին։

Մամուլում և նեղ շրջանակներում խոսվում է բանկերի միավորման կամ կապիտալի համալրման տարբերակների մասին։  Մեր մասով առայժմ միավորման պլաններ չկան։ “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ”-ի ընտրած ուղին բավական կայուն է և հեռանկարային, հետևաբար բանկի սեփականատերը մտադրություն ունի ավելացնելու բանկի ընդհանուր կապիտալը` համահունչ ԿԲ-ի պահանջներին, այնպես որ, մեր բանկը կշարունակի գործել և իրականացնել բազում ծրագրեր՝ ընդլայնելով վարկային և ներդրումային պորտֆելները։ 

-Պարո՛ն Մաչանյան, ո՞րն է Ձեր ամենակարևոր սկզբունքը կյանքում և աշխատանքում։

-Ես իմ երեխաներին և աշխատակիցներին մշտապես ասում եմ, որ մարդը պետք է ինքնավստահ լինի, հույսն իր վրա դնի և դիմագրավի ցանկացած դժվարության։ Իսկ եթե հնարավորություն կա աջակցություն ստանալու, ապա աջակցողին պետք է ո՛չ գերագնահատել, և ո՛չ էլ թերագնահատել, պետք է արժևորել և առավելագույնս  օգտվել պահից և ընձեռված հնարավորությունից։ Պետք չէ հիասթափվել, պետք է հավատալ և համբերել։ Ամեն ինչ ունի իր դրական և բացասական կողմերը, պետք է նկատել թե՛ դրականը, թե՛ բացասականը և շարժվել առաջ՝ հավատալով սեփական ուժերին։ Վերջում նշեմ, որ յուրաքանչյուր ճգնաժամ իր հետ ստեղծում է նոր հնարավորություններ, որոնք իրավիճակից դուրս գալու նոր լուծումներ են տալիս։

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...