





2012-12-26 12:26
2012 թվականը բավականին բուռն քաղաքական տարի էր: Տեղի ունեցան Ազգային Ժողովի հերթական ընտրություններ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ըտնրություններ: Ողջ հասարակությունն ապրում էր քաղաքական օրակարգով՝ փորձելով կատարել ճիշտ ընտրություն սեփական ընտանիքի և պետության ապագայի համար: Հետընտրական իրադարձությունները ցույց տվեցին, որ իրոք ընտրություններն անցել են թափանցիկ, արդար, համենայն դեպս այդպիսին էր միջազգային դիտորդների և հասարակության լայն զանգվածների վերաբերմունքը: Անցնող տարում մենք ունեցանք նոր խորհրդարան՝ նոր դեմքերով, նոր քաղաքական միավորներով և նոր սպասումներով: Կարդարանա՞ն քաղաքացիների սպասումներն ու ակնկալիքները՝ ցույց կտա ժամանակը: Անցնող տարին նախապատրաստական տարի էր, քանզի հասարակական-քաղաքական դաշտն ակտիվորեն պատրաստվում էր 2013 թվականի նախագահական ընտրություններին: Ողջ ինտրիգը կայանում էր նրանում, թե ով է լինելու նախագահ Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդը և արդյո՞ք ԲՀԿ-ն կունենա սեփական թեկնածու, թե ոչ: ԲՀԿ-ն չի ունենա սեփական թեկնածու, իսկ ՀՀԿ-ն արդեն իսկ առաջադրել է իր թեկնածուին: Վերլուծելով քաղաքական դաշտը՝ կարելի է հանգել մեկ եզրահանգման. նախագահ Սերժ Սարգսյանը խոչընդոտներ չի ունենա նախագահական ընտրությունների ժամանակ և առանց լուրջ դժվարությունների կվերընտրվի նախագահի պաշտոնում: Բայց այս մասին կխոսենք 2013 թվականն ամփոփելիս:
2012-ի ամենամեծ իրադարձություններից մեկը հայ շախմատիստների փայլուն հաղթանակն էր շախմատային օլիմպիադայում, և այդ իսկ պատճառով «Դե Ֆակտո» ամսագիրը «Տարվա մարդ» է ճանաչել մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանին:
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի կապակցությամբ և մաղթում սեփական հայրենիքում ապրելու և արարելու անբեկանելի կամք:
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ