11:21
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինձ համար մեծ հպարտություն է ներդրում ունենալ հայրենական արտադրության զարգացման գործում

2015-06-09 16:27

                                              «Դե Ֆակտո» N108 (2015թ.)

-Պարո՛ն Թորգոմյան, Դուք այն եզակի գործարարներից եք, ով համարձակորեն մուտք գործեց բավականին ռիսկային համարվող գյուղատնտեսության ոլորտ` կատարելով խոշոր ներդրում, ստեղծելով աշխատատեղեր։ Նախ կխնդրեմ մի փոքր պատմեք Ձեր մասին։

-Ծնվել եմ 1979թ. Երևանում, ավարտել եմ Ա.Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցը, զուգահեռ` զբաղվել եմ սպորտով, մասնավորապես` ֆուտբոլով, խաղացել եմ ՀՀ ֆուտբոլի պատանեկան, երիտասարդական հավաքականներում, 15 տարեկանից` բարձրագույն խմբում. իմ մարզիչն է եղել Արկադի Անդրեասյանը։

1997-1999թթ. ծառայել եմ Հայոց բանակում, համատեղ նաև խաղացել եմ Երևանի “Արարատում”։ 1999թ. ձեռքի շատ ծանր վնասվածք եմ ստացել։ Ապաքինվելուց հետո ընդունվել եմ Կիևի ավիացիոն ինստիտուտը, մենեջմենթի բաժինը, որն ավարտել եմ 2004թ.։ Նույն տարում անցել եմ աշխատանքի “Արմավիա” ավիաընկերությունում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ։ Գործի բերումով եղել եմ եվրոպական տարբեր  երկրներում, մասնավորապես` Հոլանդիայում։ 2011թ. դուրս եմ եկել “Արմավիա” ընկերությունից։

Հոլանդիայում աշխատած ժամանակահատվածում հետաքրքրված եմ եղել ջերմոցներով, գյուղատնտեսությամբ, փորձել եմ ուսումնասիրել իրենց փորձը,որն էլ առիթ եղավ 2013թ. ՀՀ-ում “Բիո Գրուպ” ընկերության ստեղծմանը։ Իսկ ինչ վերաբերում է ոլորտի ռիսկայնությանը, ապա պետք է նշեմ, որ առանց համարձակ քայլերի` հնարավոր չէ առաջ շարժվել, ինձ համար մեծ հպարտություն է ներդրում ունենալ հայրենական արտադրության ոլորտի զարգացման գործում, առավել ևս, որ իմ հայրենիքն ինձ ուժ ու հավատ է ներշնչում։

-Դուք ընդամենը երկու տարի է, ինչ հիմնադրել եքԲիո գրուպընկերությունը, սակայն արդեն հասցրել եք ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար արժանանալ Գյուղատնտեսության նախարարությանԳյուղատնտեսական նվաճումների համարոսկե մեդալին, ինչպես նաև սպառողի բարձր գնահատականին։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել։

-Երբ մարդու ստեղծածի մեջ սեր և նվիրում կա, ապա նա անպայման հաջողում է իր գործում։ Ես մանկուց ականատես եմ եղել` ինչպիսի հոգատարությամբ և սիրով են ծնողներս, հատկապես` մայրս, գյուղատնտեսությամբ զբաղվում, շփվում բնության հետ։ Նրանք ինձ սովորեցրել են սիրել բնությունն ու երբեք կապը չխզել նրա հետ, քանի որ մարդն ինքնին բնության անքակտելի մասնիկն է ու միայն բնության հետ ներդաշնակ ապրելով կարող է երջանիկ լինել։

Գյուղատնտեսությամբ զբաղվել ամեն ոք չի կարող, քանի որ այն ոչ միայն  ֆինանսական, այլ նաև հոգևոր ներդրում է պահանջում, բույսերի հետ շփման մշակույթ, պետք է սիրես այս ոլորտը, որպեսզի հնարավորություն ունենաս հաջողության հասնել։

Ինձ հաջողվեց ստեղծել եվրոպական չափորոշիչներին համապատասխան լավագույն ջերմատունը Հայաստանում, որը ոչնչով չի զիջում եվրոպական զարգացած երկրների առաջատար ջերմատներին իր պայմաններով, ներդրված տեխնոլոգիաներով և էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրելու համար բոլոր անհրաժեշտ հնարավորություններով։ Նույնիսկ Եվրոպայում նման ջերմատները սակավաթիվ են։ Այդ ամենում համոզվել եմ ինքս, քանի որ բախտ եմ ունեցել հաճախ լինել Եվրոպայում, մասնավորապես` Հոլանդիայում, որն աշխարհի լավագույն գյուղատնտեսական երկրներից մեկն է։

Անկեղծ ասած` մենք չէինք սպասում այսպիսի հաջողությունների և նման  դրական արձագանքի սպառողների կողմից։ Նույնիսկ այն հանգամանքը, որ հայաստանյան շուկայում մեր արտադրանքը մի փոքր ավելի թանկ արժեր, չխանգարեց, որ այն դառնա ամենավաճառվողը։ Այս ամենը բացատրվում է նրանով, որ “Բիո Գրուպի” արտադրանքի մուտքը շուկա նորույթ էր, ջերմատունը` նորարարություն, արտադրանքը` եզակի, որն ընդունվեց, գնահատվեց և սիրվեց  հայ հասարակության կողմից, իսկ սպառողի գնահատականը ՀՀ գյուղնախարարությունը որակի ոսկե մեդալի ձևով հանձնեց մեզ։

Մենք շատ շնորհակալ ենք և՛ սպառողին, և՛ ՀՀ գյուղնախարարությանն ու ՀՀ վարչապետին մեզ գնահատելու, աջակցելու և պարզապես մեր կողքին լինելու համար։

Որպես գործարար ավելացնեմ նաև՝ գործարարը պետք է կարողանա ավելին անել, քան նա պատկերացնում է։ Պետք է ունենա հեռատեսություն`  տիրապետելու տեղեկատվությանը տարբեր ոլորտներում, զգալ շրջապատում տեղի ունեցող փոփոխությունները և  արձագանքել դրանց` օգտագործելով իրավիճակը  նպատակին հասնելու համար։ Ես ինձ համարում եմ հաջողակ գործարար, որովհետև առաջնորդվում եմ շախմատի խաղի կանոններով՝  անկասելի և հաղթող է նա , ով մի քանի քայլ առաջ է մյուսներից։ 

Բացի այդ, կարևոր եմ համարում իմ  վճռականությունը,  մյուսներին իմ ետևից տանելու ընդունակությունը։ Մարդիկ, ընդհանուր առմամբ, իրենց տեսակով  իներտ են։ Նրանք ցանկանում են տեսնել, որ մեկը քայլի իրենց առջև` ցույց տալով ճանապարհը, ասելով, թե նրանք ինչ պետք է անեն, որպեսզի դառնան ավելի հաջողակ։ Ես փորձում եմ սնել, գրավել  իմ  պատասխանատվությամբ իմ թիմին և ստացված  արդյունքներով տեսանելի դարձնել ընկերության  բարեկեցությունը։ Եվ սա նշանակում է, որ ես` որպես ղեկավար, կարողանում եմ տեսնել հստակ նպատակ և կարողանում եմ  կառավարել ժամանակի, փողի և աշխատուժի ռեսուրսները։ Ու ինչ ես հիմա ունեմ՝ ստացել եմ իմ լավատեսության և համառ աշխատանքի շնորհիվ։

-Շարունակելով Ձեր վերջին միտքը` ուզում եմ հարցնել` ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ներդրումային քաղաքականությունը, արդյո՞ք տեղական արտադրողը զգում է իր թիկունքում պետության աջակցությունը։

-Միանշանակ “Բիո գրուպը” զգում է պետության աջակցությունը։ ՀՀ ներդրումային քաղաքականությունը թևակոխել է մի այնպիսի փուլ, որում ներդրողի համար ստեղծվել են բոլոր հնարավորությունները արդյունավետ աշխատանքի  համար։ Ներդրողին տրվում են հարկային արտոնություններ` թեթևացնելով նրա հարկային բեռը։

ՀՀ-ում ներդրումային քաղաքականության արտոնությունները զգալի են, և “Բիո Գրուպ”  ընկերությունը նույնպես ունեցել է հնարավորություն օգտվելու օրենսդրական բարենպաստ պայմաններից։  Հարկային  արտոնություններից կարևորագույնը  գյուղատնտեսությամբ զբաղված սուբյեկտի համար շահութահարկի մասով արտոնությունն է, ներդրումային ծրագրերի շրջանակներում անուղղակի հարկերի հետաձգումը։ Այդ միջոցառումները խթանում են ոլորտի զարգացումը։ Դա շատ կարևոր է  նորաստեղծ ընկերության համար նախ ոտքի կանգնելու, ընկերության և աշխատատեղերի ստեղծման հարցերը լուծելու, մի փոքր զարգացում ապրելու, այնուհետև լիարժեքորեն բոլոր հարկերը վճարելու համար։ “Բիո Գրուպին” տրվեց արտոնություն երեք տարի չվճարելու ԱԱՀ-ն, ինչի համար մեծապես շնորհակալ ենք ՀՀ վարչապետին։

-”Բիո գրուպը նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմոցային տնտեսության նոր տեսակ ներդրեց Հայաստանում, ի՞նչ տարբերություն կա Ձեր ջերմոցի և այլ ջերմոցների միջև, ի՞նչ առավելություններ են տալիս Հոլանդիայից ներկրված նորագույն տեխնոլոգիաները։

-Նախ նշեմ, որ մեր ջերմատունը գտնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում և ընդգրկում է 15 հազար քմ տարածք։ Կառուցապատումն իրականացրել է հոլանդական հայտնի ընկերություններից մեկը,  որն այսօր ամբողջ աշխարհում այդ ոլորտում համարվում է առաջատարը։ Կառուցապատման ողջ ընթացքին հետևել են Հոլանդիայից ժամանած խորհրդատուները։ Նրանց աջակցությամբ մենք կարողացել ենք հողատարածքի ճիշտ ընտրություն կատարել, քանի որ ըստ հոլանդական չափանիշերի` մեզ անհրաժեշտ էր հարթ տարածք, կարելի է ասել` լազերային ճշգրտությամբ։ Շատ կարճ ժամանակահատվածում կարողացանք ավարտին հասցնել կառուցապատման ողջ գործընթացը, որին նույնիսկ 2014թ-ի խստաշունչ ձմեռը չխանգարեց։ Այժմ ունենք լավագույն սարքավորումներով հագեցած և ամբողջովին եվրոպական չափանիշներին համապատասխանող ջերմատուն,  որը մեզ թույլ է տալիս ստանալ էկոլոգիապես մաքուր և բարձրորակ բերք։

Մեր բույսերի աճը իրականացվում է բացառապես սանիտարահիգիենիկ պայմաններում, որոնց զարգացման գործընթացին օնլայն հետևում ենք և՛ մենք, և՛ հոլանդացի մասնագետները։ Այսօր աշխարհում կիրառվող այն առաջատար տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս էկոլոգիապես մաքուր մթերք ստանալ, կիրառվում են այստեղ։  Ամեն ինչ վերահսկվում է համակարգչային հատուկ ծրագրերի միջոցով։ Մենք կարողանում ենք տեղեկանալ, թե ինչպես է ընթանում բույսի աճման գործընթացը, ինչ սնունդ է հարկավոր նրան աճի ապահով ընթացքի համար։  Մեր բույսերը ստանում են արևի ջերմություն, օգտագործվում է ոչ թե ոռոգման, այլ խմելու ֆիլտրացված, մաքուր ջուր։ Ուզում եմ նշել, որ մեր բույսերը աճում են Հոլանդիայից բերված հատուկ պերլիտի հիմքի վրա։ Այստեղ այլ կարծիք չի կարող լինել` կապված բույսի էկոլոգիական մաքրության հետ, քանի որ ամենինչ արվում է եվրոպական չափանիշներին համապատասխան։

Մենք հնարավորություն ունենք ամբողջ տարվա ընթացքում պառողին ապահովել թարմ և որակյալ արտադրանքով։ Որպես այս ամենի ապացույց` կարող եմ նշել, որ ամռան ժամանակահատվածում մեր ընկերության մարկետոլոգների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ “Բիո Գրուպ” ընկերության արտադրած լոլիկի տեսակներն ավելի շատ են վաճառվել, քան անգամ դաշտի ամենաբարձր որակի լոլիկը։ Մի խոսքով` առավելություններն ու տարբերությունները շատ-շատ են։ 

Այն ամենը, ինչ կարող եք տեսնել “Բիո Գրուպ”  ջերմատնային տնտեսությունում, հայկական գյուղատնտեսության հարուստ փորձի, գիտելիքների ժառանգության և եվրոպական նորարարական տեխնոլոգիաների սինթեզ է։  Այդ սինթեզի հայկական բաղադրիչը անգնահատելի է։  Եվրոպականը՝ գնահատվում է մեծ նյութական և դրամային ներդրումներով։

-Հետաքրքիր է, մինչև պատրաստի մթերքը սպառողին հասնելը ի՞նչ տեխնոլոգիական գործընթաց են անցնում սերմերը։

-Ինչպես նշեցի, մեր ընկերությունը օգտագործում է հոլանդական սերմեր։ Հայաստանում սկսվում է սածիլավորումը, որի ընթացքը տևում է 30 օր, այնուհետև նույն սածիլանոցի տարածքում տորֆից հանվում և դրվում է պերլիտի աղյուսների մեջ։ Եվս 30 օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվում է ջերմոց՝ պերլիտի պարկերում դրվելու համար։ Մինչև ծաղկելը, ևս 60 օր է պահանջվում, իսկ  120 օր հետո մենք ունենում ենք պատրաստի լոլիկ։ Այդ ամբողջ գործընթացը տևում է շուրջ 9 ամիս։ Բերքը հավաքելուց հետո, այդ սածիլները փոխարինվում են նորով, և այդպես շարունակ։ Մեզ համար որակական  հատկանիշների հետ մեկտեղ կարևոր է նաև սպառողներին ներկայանալու ձևը։ Բնականաբար, մինչև շուկա հասնելը մեր արտադրանքը նաև փաթեթավորվում է, որին ևս մեծ ուշադրություն ենք հատկացնում։ Հայաստանում բանջարեղենի արտադրության ոլորտում մեր ընկերությունը միակն է, որը սպառողներին է ներկայանում ինքնատիպ՝ մեր արտադրանքով արկղներն ունեն իրենց տարբերանշանները, այդ պատճառով էլ, սկզբում շատերը կարծում էին, որ “Բիո գրուպ”-ն   արտասահմանյան ընկերություն է։ Հաշվի առնելով շուկայի պահանջները` փորձում ենք անել հնարավորը, մեր սպառողին գոհացնելու համար և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս։

-Որքանով տեղյակ ենք, Դուք արտադրում եք 6 տեսակի լոլիկ, արդյո՞ք տեսականին չի ավելանալու և հետաքրքիր է, ո՞րն է Ձեր նախընտրած տեսակը։

-Այո՛, հիմնականում աճեցնում ենք 6 տեսակի լոլիկ, բայց այժմ աճեցման փուլում ունենք լոլիկի նոր տեսակներ, որոնք ցանկանում ենք ներկայացնել տեղական սպառողի դատին։ Դրանցից է Եվրոպայում սիրված իտալական Ռոմա սորտի լոլիկը։  Ռոման սովորական լոլիկի չափերից մի քիչ փոքր է, բայց օժտված  է բարձր համային հատկանիշներով։ Հաջորդը՝  Սան Մարսանոն է, այն իտալական  Չերրի սորտի լոլիկի շատ մանր տեսակն է, որն ունի մրգի քաղցրություն, շատ օգտակար է և վիտամիններով հարուստ։ Ծրագրում ենք այն տեղական շուկայում ներկայացնել պլաստիկ տուփերով, հեքիաթների հերոսների նկարներով, որը նախատեսված կլինի փոքրիկների համար։

Իմ նախընտրած սորտը իտալական Չերին է, որը կարճ ժամանակահատվածում սիրվեց և մեծ պահանջարկ ունի։

-Ծրագրեր ունե՞ք բանջարաբոստանային այլ կուլտուրաների աճեցմամբ ևս զբաղվել։

-2015թ.մենք սկսել ենք աճեցնել նաև ելակ, սակայն դրանով չենք սահմանափակվի։ Ցանկանում ենք ընդլայնել մեր արտադրական գործունեությունը, ձեռք բերել ևս  10 հա հողատարածք, աճեցնել լոլիկ, ելակ, բրոկոլի, պղպեղ, վարունգ և բանջարաբոստանային այլ կուլտուրաներ։ Նոր ջերմատունը հավանաբար պատաստ կլինի 2017թ.։

-Այսօր շատ է կարևորվում առողջ սնունդը  հասարակության շրջանում, հատկապես` բանջարեղենը, որն ամենօրյա օգտագործման մթերք է։ Ի՞նչ փաստացի երաշխիքներ կնշեք, որ Ձեր արտադրանքն էկոլոգիապես մաքուր սնունդ է։

-Սերմերը ներմուծելիս մենք ստանում ենք նաև դրանց ուղեկցող ԳՄՕ-ի բացառման վերաբերյալ պետական փաստաթուղթը, տարատեսակ լաբորատոր հետազոտությունների եզրակացությունները, որոնք արդեն իսկ փաստում են մեր ձեռք բերած սերմերի  մաքուր, օրգանական, մարդու կյանքի և առողջության համար բացարձակ անվնաս լինելը։ Բացի այդ, ես նշեցի, որ հոլանդացի մասնագետներն օնլայն հսկում են ջերմատանն ընթացող բոլոր գործընթացները։

-Պարո՛ն Թորգոմյան, կարծում եմ` տեղական արտադրությամբ զբաղվելը մեծ քաջություն է, քանի որ գաղտնիք չէ, որ այն ռիսկային ոլորտ է։ Ուրախալի է, որ Ձեզ նման մարդիկ կան Հայաստանում։ Հետաքրքիր է, քանի՞ աշխատատեղ է ստեղծվել Ձեր ջանքերով և քանի՞սը դեռ կստեղծվեն։

-Ընդհանրապես, կա երեք ոլորտ, որոնցում փող ներդնելը ռիսկային է` կազինո, կին, գյուղատնտեսություն։ Գյուղատնտեսությունը պետք է սուբսիդավորվի, որպեսզի քաջություն չպահանջվի ներդրում կատարելու համար։ Այդ ճանապարհով է գյուղատնտեսությունը զարգանում ամբողջ աշխարհում։ Թեև Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը դեռևս խնդրաշատ է, սակայն ՀՀ վարչապետը ներդրողների նկատմամբ հատուկ վերաբերմունք, ծրագիր ունի և բազմիցս նշել է, որ կառավարությունը բոլոր հարցերում կաջակցի նրանց։ Սա շատ կարևոր և ոգևորող քայլ է նրա կողմից։ Բնական է, մեկ-երկու տարում հնարավոր չէ հասնել լուրջ հաջողությունների, բայց մենք քայլ առ քայլ գնում ենք այդ ուղղությամբ։ Արդյունքը կտեսնենք 6-7 տարի անց, երբ արդեն կունենանք հզոր, կայացած գյուղացիական տնտեսություններ։

-Տավա մեջ լինում են ամիսներ, որ մենք ունենում ենք տեղական  արտադրանք, և գների անկում է նկատվում շուկայում, ինչպե՞ս եք կարողանում պահպանել Ձեր դիրքերը շուկայում և նաև գինը։

-Մենք ներկայացնում ենք որակյալ և եզակի արտադրանք, և մեր սպառողը, անկախ սեզոնային գնային տատանումներից, չի հրաժարվում մեր արտադրանքից։ Իհարկե, բերքի սեզոնին մեր արտադրանքը գնային անկման աննշան տարբերություն ունենում է, սակայն դա գնի  էական նվազում համարել չի կարելի։

Մենք տոն օրերին ունենում ենք ակցիաներ, որոնց շրջանակներում մեր արտադրանքը վաճառվում է ինքնարժեքով։ Օրինակ` մայիս ամիսը տոնաշատ էր, որն ուղեկցվեց մեր կողմից իրականացված ակցիաներով։

-Ո՞ր սուպերմարկետներից կարելի է ձեռք բերել Ձեր արտադրանքը։

-Մեր տեսականին առկա է Երևան քաղաքի գրեթե բոլոր սուպերմարկետների ցանցերում և այլ մանրածախ մթերային խանութներում։

-Ի՞նչ հեռանկարներ է բացում Ձեր առջև ՀՀ-ԵՏՄ անդամակցությունը, ծրագրեր չունե՞ք արտահանելու Ձեր արտադրանքը։

-Պետք է նշեմ, որ ՀՀ նախագահի կողմից ընդունված այս որոշումը, տնտեսության զարգացման առումով, շատ հեռանկարային քայլ էր, քանի որ ռուսական շուկան Հայաստանի արտադրողների համար մեծ շուկա է, ինչը կխթանի գործարար կապերի խորացումն ու ներդրումների ավելացումը։

Մենք արդեն իսկ արտահանում ենք մեր արտադրանքը ՌԴ։ Արտադրական ծավալների մեծացմանը զուգահեռ` կավելացնենք նաև արտահանման ծավալները։ Մենք առաջնահերթ ուզում ենք մեր քաղաքացիներին ապահովել  լավ արտադրանքով, բավարարել տեղական շուկան, որից հետո արտադրանքի մնացած մասն արտահանել։

-Պարո՛ն Թորգոմյան, մի փոքր էլ խոսենք աշխատանքից դուրս Ձեր կյանքի մասին։ Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

-Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա` մեկ աղջիկ և երկու տղա։ Աղջիկս  12 տարեկան է, տղաներս` 6 և 5 տարեկան։ Նրանք նույնպես սիրում են բնությունը, երբեմն օգնում են մեզ ջերմատան գործերում, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Մեծ ցանկություն ունեմ, որ ապագայում տղաներս շարունակեն իրենց հայրիկի գործը։ Նպատակ ունեմ նրանց կրթության ուղարկելու Հոլանդիա, որպեսզի մասնագիտանան այս գործում, իրենց գիտելիքները ներդնեն “Բիո գրուպի” զարգացման գործում և առավել մեծ հաջողությունների հասնեն ու կարողանան վերականգնել Հայաստանի երբեմնի ունեցած  ագրարային երկրի համբավը։

Դուստրս ուզում է դիվանագետ դառնալ, նա մյուս տարի պետք է մեկնի ԱՄՆ` սովորելու այնտեղի  ավագ դպրոցում։

-Ինչի՞ մասին եք երազում։

-Միշտ երազել եմ, որ իմ տղաները լավ ֆուտբոլիստներ դառնան, սակայն նկատում եմ, որ նրանց տվյալները ավելի շատ այլ սպորտաձևերի են համապատասխանում` ըմբշամարտի և բռնցքամարտի։ Երազում եմ նաև, որ օրերից մի օր մեր եռագույնը ծածանվի Օլիմպիական խաղերի ժամանակ, ունենանք չեմպիոններ` ի դեմս իմ որդիների։

Երազում եմ նաև, որ ՀՀ-ն դառնա աշխարհի զարգացած երկրներից մեկը։

-Ո՞րն է Ձեր ամենահաճախ հնչող խորհուրդը Ձեր զավակներին։

-Ես նրանց հորդորում եմ լավ սովորել, մեր երկրի համար պիտանի մարդ դառնալ։ Իրենք իսկապես լավ են սովորում, ինչի համար շատ ուրախ եմ։

-Ի՞նչն է կյանքում Ձեզ ամենաշատն ուրախացնում և ինչը` զայրացնում և տխրեցնում։

-Ինձ ուրախացնում են երկրիս հաջողությունները, իմ և ընտանիքիս ձեռքբերումները։ Ինձ այնքան էլ հեշտ չէ զայրացնել, բայց կան ինձ համար անընդունելի երևույթներ, որոնք կարող են և՛ զայրացնել, և՛տխրեցնել ինձ` անարդարությունը, սուտը, դավաճանությունը։

-Ի՞նչ եք խնդրում Աստծուց Ձեր աղոթքներում, ինչի՞ մասին եք երազում։

-Խաղաղություն, միմիայն խաղաղություն մեր երկրին և ընտանիքներին, քանի որ ամուր ընտանիքը երկրի հիմքն է։

-Կա՞ մեկը, ում պարտական եք Ձեր հաջողությունների համար, ով մեծ հետք է թողել Ձեր կյանքում։

 -Մայրս է, ով վառ անհատականություն է, լավ մոր, կնոջ և մարդու իդեալ, նրա նվիրումն անսահման է, ինչն ինձ ուժ է տալիս, դրական լիցքեր հաղորդում։ Մայրս մշտապես կողքիս է և պատրաստ է աջակցելու ամեն հարցում։

 -Ո՞ր բարեմաղթանքը կարելի է հաճախ լսել Ձեր շուրթերից։

 -Առա՛ջ դեպի հզոր Հայաստան։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...