08:47
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարին ամփոփում է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը

2015-01-15 11:16

                      «Դե Ֆակտո» N101 (2014թ.)


-Պարո՛ն նախարար, ամիսներ առաջ Դուք ստանձնեցիք մեր երկրի ամենախոցելի և խնդրաշատ ոլորտներից մեկի ղեկավարումը։ Ոլորտ, որն անընդհատ բնապահպան ակտիվիստների ուշադրության և քննադատության կենտրոնում էր։ Այսօր արդեն ակնհայտ է դրական փոփոխությունը ոլորտի նկատմամբ։ Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաջողվեց, ո՞րն էր Ձեր գործունեության սկզբունքը։

-Աշխատելով պետական կառավարման տարբեր մարմիններում` մշտապես առաջնորդվել եմ մեկ սկզբունքով` լինել ազնիվ ինքդ քո և դիմացինի հանդեպ, լինել օբյեկտիվ և պատասխանատու որոշումների և գործողությունների մեջ։ Այս իմաստով բնապահպանության ոլորտը բացառություն չէր։ Աշխատանքի հենց առաջին օրվանից ձգտել եմ լսել ցանկացած խնդրով մտահոգ բոլոր կողմերին, քննարկել խնդիրը մասնագետների հետ, հանրօգուտ և մեր երկրի զարգացմանը նպաստող որոշում կայացնել։ Այո, ոլորտը խնդրաշատ է. դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում` փորձելով լուծում տալ առաջնահերթ խնդիրներին։

-Թերևս առաջնահերթ խնդիրներից է Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնայողության խնդիրը։ Երկար ժամանակ բնապահպաններն ահազանգում էին Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի անխնա շահագործման մասին։ Որքանո՞վ եք լուծված համարում խնդիրը և ի՞նչ անելիքներ ունեք առաջիկայի համար։

-Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնայողությունը մեզ համար օրախնդիր էր, քանի որ ջրօգտագործումը հատել էր վերականգնվող պաշարի սահամանգիծը, ինչը անդառնալի հետևանքներ կարող էր ունենալ մեր երկրի ռազմավարական նշանակության ջրային պաշարների համար։ Ուստի ՀՀ նախագահի մոտ 2013թ. սեպտեմբերի 6-ին կայացած խորհրդակցության ՀՆԱ-7 արձանագրությամբ և 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ նախագահի ՀՀ ԲՆ կատարված այցելության ժամանակ տրված  հանձնարարականների համաձայն նախարարությունը ջրային ռեսուրսների խնայողության ուղղությամբ սկսեց հստակ մի շարք քայլեր ձեռնարկել։ Արարատի և Արմավիրի մարզերի համապատասխանաբար 57 և 89 /ընդհ` 146/ համայնքներում իրականացվել են համայնքային պատկանելության հորատանցքերի հաշվառում։ 2014-ի սկզբից մինչ հունիս ամիս ԲՆ կողմից լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի է բերվել 253լ/վ ջուր, որի տարեկան խնայողությունը կազմում է 8մլն խ/մ։ Հունիս ամսին ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ, որն ամենօրյա դաշտային աշխատանքների միջոցով մինչև ս/թ դեկտեմբերի 15-ը լուծարել, կոնսերվացրել և փականային ռեժիմի է բերել  263 հորատանցք, որի արդյունքում խնայվել է մոտ  23.531լ/վ  ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 743 մլն խ/մ։ Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ հիդրոերկրաբանական մշտադիտարկումները ցույց են տվել, որ այս տարածաշրջանում նոյեմբեր ամսին նկատվել են ծախսի և մակարդակի  բարձրացումներ  0.6-4 լ/վ  ջրաքանակով  և ավելի քան 20 սմ-ով։ Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման ծրագրի մշակման և կազմման նպատակով կազմվել է նախահաշիվ 71 մլն.դրամի չափով 2014-2015թթ համար, որը թույլ կտա առավել կայուն և արդյունավետ կերպով իրականացնել ավազանի ջրային ռեսուրսների կառավարումը։

-Ի՞նչ ազդեցություն ունեցան աշխատանքները ձկնաբուծական տնտեսությունների գործունեության վրա, որոնք այս ռեսուրսների հիմնական վատնողներից են։  

-Մեր աշխատանքների արդյունքում ձկնաբույծները որևէ վնաս չեն կրել, նրանք պետք է նույնպես հասկանան, որ անհրաժեշտ է կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, քիչ ջրով շատ ձուկ պահել` տեղադրելով փակ շրջանառու համակարգ։ Այո, սա որոշակի ծախս և ներդրումներ է պահանջում, մյուս կողմից էլ մենք չենք կարող վտանգի ենթարկել մեր ազգային հարստությունը։

-Պարոն նախարար, Ձեր հրամանով խստացվել են ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարն ու վերահսկողությունը։ Արդյունքում, ինչպիսի՞ն է պատկերն այսօր։

-Այս տարվա հոկտեմբեր ամսից բնության հատուկ պահպանվող տարածքներում խստացվեցին ապօրինի ծառահատումների դեմ իրականացվող միջոցառումները։  Այդ տարածքներում ծառահատումներն ընդհանրապես արգելված են, քանի որ գործում է օրենքով սահմանված հատուկ ռեժիմ։ Իսկ այն տարածքներում, որտեղ թույլատրված է վառելիքի նպատակով հավաքել թափուկներ և ծառահատումներ իրականացնել, բնապահպանական պետական տեսչությունը տեսչական ստուգումներ է անցկացնում` ապօրինությունները բացահայտելու և կանխելու նպատակով։ Նշեմ, որ տարեսկզբից մինչ օրս ՀՀ անտառային տարածքներում իրականացրած աշխատանքների արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման 33.8 մլն.դրամ գումարի 456 տուգանքի ակտ և 172.3 մլն.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի 396 ակտ։  Ցավալի է, որ հատված ծառն այլևս չես վերականգնի, այնուամենայնիվ, մեր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում փորձում ենք հնարավորինս կանխել բնությանը հասցվող վնասը, կամ գոնե փոխհատուցել տույժերի և տուգանքների միջոցով։

Զուգահեռաբար նախարարությունն  իրականացնում է անտառվերականգնման և անտառտնկման աշխատանքներ ‚Դիլիջանե ազգային պարկի և Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի տարածքներում։ Նշեմ նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  ՀՀ ԲՆ ծրագրերի իրականացման գրասենյակի  միջոցով հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ծիծեռնակաբերդում 10հա տարածքի վրա իրականացվել են անտառտնկման աշխատանքներ, տնկվել է 6725 ծառ։

Բացի այդ, պետական բյուջեի և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համատեղ ԲՀՊՏ-ներում իրականացվում են տարբեր ծրագրեր այդ տարածքներում էկոտուրիզմը զարգացնելու ուղղությամբ։

-Անդրադառնանք Սևանա լճին։ Այս տարի աննախադեպ մեծ քանակությամբ ջուր վերցվեց Սևանից։ Որքանո՞վ է սա ազդել ջրի տարեկան հաշվեկշռի վրա, որքա՞ն է կազմում լճի մակարդակն այսօր։

-Սևանա լճում մենք աշխատանքներ ենք իրականացնում մի քանի ուղղությամբ` Սևանա լճի մակարդակի բարձրացում, բարձրացման արդյունքում ջրի տակ հայտնվող տարածքների մաքրման աշխատանքների իրականացում և Սևանում էնդեմիկ ձկնատեսակների պաշարների ավելացման քաղաքականություն։  Ինչ վերաբերում է լճի մակարդակին, այո, այս տարի Սևանից աննախադեպ քանակով ջուր բաց թողնվեց, ինչն իր օբյեկտիվ պատճառներն ուներ, տարին սակավաջուր էր և մենք չէինք կարող անջրդի թողնել ոռոգման կարիք ունեցող  գյուղատնտեսական հողատարածքները։ Հուսադրող է այն, որ 2001 թվականից  Սևանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.7 մետրով։ Համաձայն ‚Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե ՀՀ օրենքի պահանջների՝  2001թ. մինչև 2014թ. ավարտը լճի մակարդակի բարձրացման տեմպերի թիրախային հաշվարկային ցուցանիշը պետք է   կազմեր 2.81 մ (տարեկան 21.6սմ)։ Այսօրվա իրավիճակով լճի մակարդակի բարձրացման ցուցանիշը փաստացի 0.89 մ-ով գերազանցում է օրենքով նախատեսված լճի մակարդակի բարձրացման  տեմպի ցուցանիշը։ Ինչ վերաբերում է մաքրման աշխատանքներին, ապա 2014-ի ընթացքում Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների արդյունքում նախատեսված 150 հա տարածքից արդեն իսկ մաքրվել է ավելի քան 120հա, ընդ որում մաքրվել են առավել դժվարանցանելի հատվածները։  Ձկնային պաշարների համալրման նպատակով նոյեմբեր ամսին Սևանա լիճ բաց թողնվեց 367հազ. մանրաձուկ /200հազ.հատ ամառային իշխան և 166,7 հազ գեղարքունի/։ Նշեմ նաև, որ դեկտեմբերի 8-25 ընկած ժամանակահատվածում` կապված սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածի հետ, Սևանա լճում ժամանակավորապես արգելվեց որս իրականացնելը, նույնիսկ խեցգետնի օրինական որսը, որպեսզի բաց թողնված մանրաձուկը չվտանգվի և գալիք տարի մենք կարողանանք դրական արդյունք գրանցել։  Ներկայումս նախարարությունը մշակում է նախագծեր իշխանի պաշարների բնական վերարտադրությունը Սևանա լիճ թափվող գետերով կազմակերպելու նպատակով։ Սևանը մեր ազգային հարստությունն է, քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար, որի նկատմամբ հոգատարությունն ու ուշադրությունը յուրաքանչյուր հայի պարտքն է։

-Պարոն նախարար, ի՞նչ կասեք հանքարդյունաբերության ոլորտի մասին։

-Այս ոլորտում ևս բազմաթիվ են անելիքներն ու խնդիրները։ Խնդիրը համակողմանի պետք է դիտարկել, հարգելով և բարձր գնահատելով մեր երկրի բնապահպանությամբ մտահոգվող բոլոր ՀԿ-ներին և անհատներին, ես պետք է ասեմ, որ մենք զարգացող և ֆինանսական ներդրումների կարիք ունեցող երկիր ենք և պետք է խրախուսենք մեր երկրի տարբեր ոլորտներում կատարվող ներդրումները, այդ թվում և հանքարդյունաբերության։ Այլ հարց է, որ մենք պետք է արդյունավետ վերահսկողություն իրականացնենք հանքարդյունաբերության ոլորտում, պահանջենք պատասխանատու գործունեություն և ստանձնած պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարում։

2014թ.-ին աշխատանքային այցեր են կատարվել ՀՀ Լոռու և ՀՀ Սյունիքի մարզերի մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր, ուսումնասիրվել են դրանց շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրները։ Հանքավայրերը շահագործող կազմակերպություններին հանձնարարական­ներ են տրվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտան­գության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման նպատակով հատկացումների կատարման ընթացքի կանոնակարգման վերաբերյալ։

-Երբեմն մամուլի հրապարակումների ենք ականատես լինում, որտեղ նշվում է, որ Դուք բավականին խիստ եք, պահանջկոտ։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այսպիսի նյութերին։

-Ես խիստ եմ, պահանջկոտ նախևառաջ ինքս իմ, ապա նաև յուրաքանչյուրի նկատմամբ, ով ստանձնում է որևէ պարտավորություն։ Մեկ անգամ արդեն ասել եմ, ստիպված եմ կրկնել` այն մարդիկ, ովքեր զլանում են իրենց պարտականությունները կատարել պատշաճ կերպով և ժամանակին, նրանց հետ ես չեմ կարող ճանապարհ գնալ։

-Վերջում` խնդրեմ  Ձեր ամանորյա մաղթանքը։

-Շնորհավորում եմ մեր ժողովրդին Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ։ Թող գալիք տարում մեր պետությունը  լինի ավելի հզոր, տնտեսապես ավելի կայուն, և յուրաքանչյուր հայ այս հողի վրա իրեն զգա ավելի վստահ և ապահով։

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...