19:33
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արտավազդ Սահակյան

2014-10-29 11:28

                                   §Դե Ֆակտո¦ N 100 (2014թ.)

 

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին հայաստանյան հանրությունը ճանաչում է որպես հրաշագործ բժշկի. նրա առօրյան է բնականոն կյանքի վերադարձնել ավտովթարից կամ այլ պատահարներից ու հիվանդություններից անդամախեղված անձանց։

Բոլորովին վերջերս՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև առողջապահության բնագավառում և բժշկագիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր միկրովիրաբույժ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Բագրատի Սահակյանին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։

Սահակյանը Հայաստանում միկրովիրաբուժության հիմնադիրն է, ՀՀՀերացու անվան”, ԼՂՀԱրիության համար”, ՀՀ վարչապետի և Նանսենի մեդալակիր է, նաև Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի։ 

1982 թվականին Հայաստանում բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանի և նրա թիմակիցների կողմից հիմնադրվել է պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը, իսկ հետագայում՝ 1996թ-ին, նաև պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան։

 

Ներկայացնում ենքԴե ֆակտոամսագրի  հարցազրույցը Հայաստանում ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիր  Արտավազդ Սահակյանի հետ.

-Պարո՛ն Սահակյան, Դուք համարվում եք Հայաստանում ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիրըկպատմե՞ք, թե ինչպե՞ս Հայաստանում հիմք դրվեց պլաստիկ վիրաբուժությանը։

-Պլաստիկ վիրաբուժությունը շատ լուրջ գիտություն  և լուրջ մասնագիտություն է։ Հայաստանում մոտ 30 տարի է, ինչ այս մասնագիտությունը լրջորեն կիրառվում է։ Պլաստիկ վիրաբուժության սկիզբը Հայաստանում կարելի է համարել 1982 թվականը, երբ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում ստեղծվեց պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքը, այնուհետև 1996 թվականից ես տեղափոխվեցի Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կազմում գտնվող Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ աշխատեցի որպես տնօրեն։ Այնտեղ ստեղծվեց հետմիութենական շրջանում առաջին պլաստիկ վիրաբուժության ամբիոնը, որն առայսօր ղեկավարում եմ, և բժշկական համալսարանում սկսվեց դասավանդվել այս մասնագիտությունը։

-Իսկ ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում պլաստիկ վիրաբուժությունը։ Ի՞նչ ճյուղեր է այն ներառում։

-Պլաստիկ վիրաբուժությունը ներառում է երկու մեծ ճյուղ՝ վերականգնողական ռեկոնստրուկտիվ՝ բուն պլաստիկ վիրաբուժություն, երբ մենք գործ ունենք հիվանդի հետ, ով կարիք ունի  մարմնական, անատոմիական և ֆունկցիոնալ ամբողջականությունների վերականգնման  և  գեղագիտական վիրաբուժություն, որտեղ մենք գործ ենք ունենում առողջ մարդու հետ, ով ձգտում է լինել ավելի գեղեցիկ և բարետես։

Նկատեմ, որ բուն պլաստիկ վիրաբուժությունն իր առջև լուրջ խնդիրներ է դնում՝ բուժել մարդու, ով ծնվել է բնածին արատներով. օրինակ՝  չունի ականջ, քիթ կամ ծնոթ, ծնվել է գայլի երախով, կամ նապաստակի շուրթով, հիվանդի մոտ առկա է փոլանդի համախտանիշ (երեխաները ծնվում են առանց  կրծքի), հեմիատրաֆիա (դեմքի մի կեսի ապաճյում, մատների բացակայություն և այլն)։ Բուն պլաստիկ վիրաբուժության մյուս տեսակն էլ հետտրավմատիկ վնասվածքների վերականգնումն է. օրինակ՝ երբ տձևացել է մարդու դեմքը կամ անդամահատվել որևէ մարմնամաս։ Բացի այս իրավիճակներից մենք գործ ենք ունենում նաև քաղցկեղային հիվանդությունների, ինչպես նաև հետքաղցկեղային իրավիճակներով հիվանդների հետ։

Հայաստանում տարեկան հեռացվում է 600-700 կանանց կուրծք և դժբախտաբար այս կանայք մեկուսացվում են հասարակությունից, հայտնվում հոգեկան խոր ճգնաժամում։ Կրծքի առաջին վերականգնման վիրահատությունը Հայաստանում կատարվել է մեր կողմից դեռ 1990 թվականին։ Այս ընթացքում Հայաստանում մոտ 20 հազար կնոջ կուրծք է հեռացվել, սակայն, դժբախտաբար, վերականգնվել է ընդամենը 50-ը՝ այն էլ իմ կողմից։

Բացի այս վիրահատություններից մենք կատարում ենք նաև մաշկի քաղցկեղի հետևանքով խորը վնասվածքներ ստացած հիվանդների դիմագծերի վերականգնում։ Հիվանդությունն աստիճանաբար ընդգրկում է ավելի խոր և լայն շերտեր, քայքայում է հիվանդի քիթը, բերանը, ականջը։

Բացի այս, մեզ դիմում են մարդիկ, ովքեր ունեն կոկորդի հեռացումից հետո կերակրափողի դեֆեկտներ, որը մենք հաջողությամբ վերականգնում ենք։

-Խոսենք նաև պլաստիկ վիրաբուժության գեղագիտական միջամտությունների մասին։ Տարեց տարի  մեր երկրում ավելանում են պլաստիկ վիրաբուժություն իրականացնող կլինիկաները։  Արդյո՞ք ոլորտում գործում են պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժներ։

- Էսթետիկ վիրաբուժությունն ավելի շատ շոուբիզնես է հիշեցնում, սա ավելի շուկայական, ավելի ագրեսիվ, բավականին վուլգար մասն է, երբ հակամարտող տարբեր կենտրոններ սկսում են և՛ գովազդի գնալ, և՛ դիմացինին վատաբանել, բայց սա չէ հիմնական պլաստիկ վիրաբուժությունը, սա պլաստիկ վիրաբուժության երևացող շահավետ մասն է։

Իսկապես, այս ոլորտում գործող ակտիվ անձինք բազմաթիվ են։ Հայաստանում կան մասնավոր կլինիկաներ, որոնց տնօրենները բավականին ազատ են գործում և, ցավոք, ինքնակոչ մասնագետները շատ են։ Դժվար է ամեն բան կանոնակարգել, սակայն առողջապահության նախարարի հրամանով մենք չափորոշիչներ ենք սահմանում, որպեսզի կարողանանք նման կլինիկաների արտոնագրումը ճիշտ կազմակերպել։

-Իսկ ընդհանրապես ո՞ր տարիքում կարելի է դիմել  պլաստիկ վիրաբուժության գեղագիտական միջամտության։

-Գեղագիտական միջամտությունների որոշ տեսակներ կարելի է  կատարել մարդու ծնված օրվանից։ Այդ տեսակներից են ձեռքի, ականջի, քիմքի զարգացման արատները։  Պլաստիկ վիրաբուժության գեղագիտական միջամտության ոլորտում հայկական ամենախնդրահարույց հարցը քիթն է։ Հայ աղջիկների մոտ հակում կա ունենալ սլավոնական քիթ։ Սա անհեթեթություն է, մեր աղջիկները պիտի հասկանան, որ իրենց արտաքինով  չեն զիջում սլավոններին։ Հայերի դիմային գանգի կառուցվածքն այնպիսին է, որ իրենց քթերը սազում են դիմագծերին։ Այս առումով պետք է հիվանդին բացատրել, որ պետք չէ ձգտել ունենալ սլավոնական քիթ։

-Տարեկան կտրվածքով քանի՞ վիրահատություն եք իրականացնում և բացի քթի ձևափոխումից, է՞լ որ տեսակի էսթետիկ միջամտություններն են Հայաստանում տարածված։

-Տարեկան իրականացնում եմ 1200-1400 վիրահատություն։ Հիվանդների 30-40 տոկոսը Ռուսաստանից են և ԱՄՆ-ից, այսինքն՝ հայաշատ վայրերից։ Դիմողների մոտ 10 տոկոսն այլազգիներ են։ Մեզ շատ են դիմում նիհարեցման նպատակով, կրծքագեղձի զանազան միջամտությունների նպատակով՝ կրծքի մեծացման, առաձգականության վերականգնման կամ կրքծի փոքրացման հարցով։ Բացի այս, կատարվում են նաև ճաղատության բուժման նպատակով վիրահատություններ, հետույքի, ազդրերի, սրունքների պլաստիկա՝ թե իմպլանտների կիրառմամբ, թե զանազան այլ մեթոդներով։ Շատ հաճախ ենք կատարում նաև աբդոմինոպլաստիկան, որն ուղղված է նիհարեցմանը և կիրառվում է նաև մաշկի թուլացման և ծալքերի առաջացման դեպքում։ Բավականաչափ դիմում են նաև շուրթերի գեղեցկացման, հաստացման կամ ձևափոխման նպատակով։ Նկատեմ, որ իրականացնում ենք նաև  ամոթաշուրթերի վիրահատություն և  հեշտոցի նեղացում։

Շատ տարածված են նաև երիտասարդացման վիրահատությունները։ Եթե հիվանդը միջին տարիքի է, խնդիրը կարելի է լուծել ֆիլերների միջոցով. սրանք արհեստական նյութեր են, որոնք ներարկվում են և օրգանիզմի հեղուկ մասը պահում են 5-6 ամսով, որից հետո նոր ներարկում է իրականացվում։ Բացի այդ, տարածված է բոտեքսի ներարկումը, որը նպաստում  կնճիռների ժամանակավոր հարթեցմանը։  Ծեր հասակում կիրառվում են նաև աբդոս թելերը, իսկ երիտասարդացման ամենառադիկալ մեթոցը օղակաձև ձգումն է, երբ կատարվում է դեմքի ավել մաշկի հեռացում և ստորմաշկային փակերի ձգում։

-Արդյո՞ք Ձեզ Հայաստանում դիմել են սեռափոխության հարցով։

- Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում։  Եղել են 3-4 դիմողներ, սակայն ես հրաժարվել եմ։ Չեմ կարծում, որ Հայաստանում դա մեծ սոցիալական խնդիր է։

-Արդյո՞ք հայ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները դիմում են պլաստիկ վիրաբուժության գեղագիտական միջամտությունների։

-Իհարկե դիմում են, սակայն ելնելով բժշկական էթիկայի կանոններից, անուններ չեմ կարող հրապարակել։

-Որքանո՞վ է Հայաստանը հետևում պլաստիկ վիրաբուժության միջազգային փորձին և դրան համընթաց քայլում։

-Նկատեմ, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ոլորտում մեծ առաջընթաց կա։ Ունենք բանիմաց մասնագետներ, որոնք հրաշալի տիրապետում են իրենց մասնագիտությանը և անգլերենին։ Չի լինում պլաստիկ վիրաբուժության ոլորտին առնչվող համաշխարհային կամ եվրոպական կոնգրես, որտեղ հայ մասնագետները ելույթներով հանդես չգան։

Հայաստանում գործում են դիպլոմավորված 50-ից ավել պլաստիկ վիրաբույժներ և ցավոք նույնքան էլ ինքնակոչներ։

-Ասացիք, որ ոլորտում ինքնակոչ մասնագետները շատ են։  Ինչպե՞ս տարբերակել ինքնակոչ մասնագետին պրոֆեսիոնալից և ինչպե՞ս անել, որ Հայաստանի պլաստիկ վիրաբուժության վարկանիշի վրա նրանք ազդեցություն չունենան և մարդկանց մոտ էլ թյուր կարծիք չձևավորվի, թե ոլորտում պրոֆեսիոնալներ չկան։

-Բժշկի այցելելու դեպքում հիվանդները նախ պետք է ծանոթանան նրա կենսագրությանը, կուլ չգնան ճարտարախոսությանը, իմանան՝ վիրաբույժն ունի՞ համապատասխան արտոնագիր, թե ոչ, ծանոթանան նախկինում նրա կողմից արված վիրահատություններին, հետաքրքրվեն, թե այս անձը ժողովրդի մեջ ինչպիսի վարկանիշ է վայելում։ Շատ են լինում դեպքեր, երբ մեզ դիմում են խաբված հիվանդներ։

- Որքանո՞վ է Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը մատչելի։

-Հայաստանում Ռուսաստանի համեմատ պլաստիկ վիրաբուժությունը մատչելի է ավելի, քան երկու անգամ, իսկ  ԱՄՆ-ի համեմատ ավելի, քան չորս անգամ։

Նշեմ նաև, որ մենք տարեկան 5-6 անգամ այցելում ենք Լեռնային Ղարաբաղ, որտեղ անվճար  կատարում ենք պլաստիկ վիրահատություններ։ Ես արդեն 25 տարի է՝ համագործակցում եմ Արցախի  հետ։

-Ամեն անգամ վիրահատարան մտնելիս ի՞նչ զգացողություններ եք ապրում։

-Գեղագիտական վիրահատությունը կատարելիս փորձում եմ ամեն բան անել, որ երջանկացնեմ հիվանդին, դժգոհություններ չլինեն, սակայն ամենից մեծ բերկրանքը ստանում եմ անհնարինը կատարելու դեպքում.օրինակ՝ երբ հիվանդը չունի քիթ, ականջ  կամ այլ օրգան և նրան հնարավորություն է տրվում վիրահատությունից հետո հայելում նայելիս երջանիկ զգա իրեն։

-Տեղյակ եմ նաև, որ Հայաստանում օրգանների առաջին տրանսպլանտացիան Դուք եք իրականացրել։ Կպատմե՞ք այդ մասին։

-Այո, դա 1985 թվականին էր, երբ ոտքի մատը տեղափոխեցի ձեռքին, սակայն մինչ վիրահատությունը` մեկ տարի պայքարում էի այդ իրավունքի համար։ Երբ ԽՄ գլխավոր միկրովիրաբույժը կշտամբում էր ինձ, թե ինչու տրանսպլանտացիոն վիրահատություններ չեմ կատարում, պատասխանեցի` ե՞րբ թույլ տվեցին, որ չկատարեցի։ Երկու ամիս անց, արդեն համապատասխան թույլտվությամբ, պատրաստվում էի առաջին վիրահատությանը, սակայն խնդիր էր օգնականներ գտնելը. ոչ ոք չէր համարձակվում։ Առաջին 8 ժամը Սուլթանյան Տիգրանն օգնեց, վերջին 4 ժամը` Գյուլումյան Դերենիկը, և 12 ժամ հետո վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց։ Դարձա հերոս, ինչպես Վիկ Դարչինյանը կամ Արթուր Աբրահամը հաղթանակից հետո։ Այդ տարի 12 հաջող տրանսպլանտացիա արեցինք, 86-ին մեր կենտրոնում 40 տրանսպլանտացիա կատարվեց, որոնցից հաջողությամբ` 39-ը։ Մոսկվայի կենտրոնը 33 վիրահատություն կատարեց, հաջողությամբ պսակվեցին 17-ը։

Հայաստանում առայժմ դիակային տրանսպլանտացիաներ չեն կիրառվում, սակայն արտերկրում ինքս մասնակցել եմ նման վիրահատությունների։

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին, արդյո՞ք ընտանիքում բժիշկներ կա՞ն։

-Ունեմ երկու որդի։ Ավագը  պլաստիկ վիրաբույժ է, հիմնականում աշխատում է “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնում, ունի երեք զավակ, ովքեր ինձ շատ են երջանկացնում։ Կրտսեր որդիս դեռևս սովորում է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում։

-Երբևէ մտածե՞լ եք Ձեր գործունեությունն իրականացնել Հայաստանից դուրս։

-Առաջարկներ շատ են եղել, սակայն հրաժարվել եմ։ Երկու տարի աշխատել եմ Փարիզում, հետո Բոննում, սակայն վերադարձել եմ հայրենիք։

-Ի՞նչ հեռանկարներ ունեք առաջիկայում։

-Հեռանկարներիցս մեկը սեփական կլինիկայի կառուցումն է, որը գտնվելու է Բագրատունյաց 1 հասցեում և կոչվելու է “Սահակյան կլինիկա”։ Հավանաբար կլինիկան կբացվի մեկ տարի անց։

-Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը։

 -Երբեք չեմ երազել բժիշկ դառնալու մասին։ Պատրաստվում էի դառնալ ճարտարապետ, անգամ դասընթանցերի էի այցելում։ Երբ լրացավ 16-ամյակս  և ոսկե մեդալով ավարտեցի դպրոցը, հորս հետ եկանք  Երևան և այցելեցինք հայտնի ակադեմիկոս, այն ժամանակվա Ճարտարապետների միության նախագահ Վարազդատ Հարությունյանին, ով խորհդուրդ տվեց մեկ տարի իր մոտ լաբորանտ աշխատել, հետո նոր ընդունվել Ճարտարագիտական համալսարան։ Հայրս, ով բժշկության հանդեպ մեծ սեր ուներ,  օգտվեց առիթից և ինձ համոզեց քննություն հանձնել՝ բժշկական համալսարան ընդունվելու համար։ Բժշկականում մի քննություն հանձնեցի, հույսով, որ 2 կստանամ ու կպրծնեմ հորս բաղձանքներից, բայց 5 ստացա։ Ի դեպ, հորս հաջողվեց նույնը համոզել նաև քրոջս և եղբորս, ովքեր ևս բժիշկներ են։ Բժշկական համալսարանն ավարտելուց հետո աշխատում էի Դնեպրոպետրովսկում որպես ընդհանուր վիրաբույժ, որտեղ մեծ փորձ կուտակեցի ու լայն ճանաչում ձեռք բերեցի։ Սակայն 1982-ին, ամուսնանալուց հետո, որոշում կայացրի հաստատվել Հայաստանում։ Դիմեցի Միքայելյան ինստիտուտի տնօրենին։ Նա համաձայնեց ընդունել ինձ պայմանով, որ զբաղվեմ պլաստիկ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժությամբ։ Չէի պատկերացնում իմ կյանքն առանց ընդհանուր վիրաբուժության. որովայնի խոռոչում և կրծքավանդակում վիրահատություն էի կատարում, ինչպես ձուկը ջրում է լողում։ Բայց այլ ելք չկար, ստիպված համաձայնեցի, ընդունվեցի կլինիկական օրդինատուրա և ամեն ինչ զրոյից սկսեցի։ Իմ աշխատասիրության և համառության միջոցով շատ դժվար ուղի եմ անցել։ Ճիշտ է՝ ճարտարապետ չեմ, սակայն ստացվում է այնպես, որ իմ մասնագիտությանս մեջ էլ կան ճարտարապետության տարրեր, երբ մարդու քիթ, ականջ կամ այլ օրգան եմ պատրաստում։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...