02:05
10/31/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վարսենիկ Գրիգորյան

2014-10-15 15:41

                                      «Դե Ֆակտո» N 100 (2014թ.)

Կյանք ու եռանդով լի այս կինն ապրում է բարին գործելով։  Դիմացին երջանկացնելով ու բարեգործություն կատարելով է  անցնում նրա ամեն օրը։ Ավելի քան 10 տարի Վարսենիկ Գրիգորյանը ղեկավարում է “Աշտարակյան գինիներ” ՓԲԸ-ն ու “Տիգրան Արզաքանցյան” բարեգործական հիմնադրամը։ Իր կամեցողությամբ, անձնազոհությամբ, պատրաստակամությամբ Վարսենիկ Գրիգորյանը մշտապես իրագործել է անգամ անհնարինը, որպեսզի  դիմացինին աջակցի և ժպիտ պարգևի։

 “Տիգրան Արզաքանցյան” բարեգործական հիմնադրամը լուրջ աջակցություն է ցուցաբերում հազարավոր ընտանիքների՝ ապահովում աշխատանքով, իրագործում բազմաթիվ մարդասիրական նախաձեռնություններ, բարեկարգում ու բարենորոգում բազմաթիվ կրթական ու մշակութային օջախներ։ Հաջողակ գործարար, անձնվեր մայր, սիրող ու հոգատար տատիկ.  ահա Վարսենիկ Գրիգորյանին բնորոշ լավագույն հատկանիշները։

Արդեն 15-րդ տարին է՝ Վարսենիկ Գրիգորյանը “Տիգրան Արզաքանցյան” բարեգործական հիմնադրամի միջոցներով Գիտելիքի օրվան ընդառաջ այցելում է Գավառ քաղաքի դպրոցներ և նվերներ մատուցում առաջին դասարանցիներին։

“Տիգրան Արզաքանցյան” բարեգործական հիմնադրամի կողմից իրականացրած բարեգործությունների մասին “Դե ֆակտո” ամսագիրը զրուցեց հիմնադրամի գործադիր տնօրեն, “Աշտարակյան գինիներ” ՓԲԸ   գործադիր տնօրեն Վարսենիկ Գրիգորյանի հետ։

-Երբ ասում եմ, որ այս աշխատանքն ինձ ուժ ու եռանդ է հաղորդում, պարուրում դրական լիցքերով, հատկապես Գիտելիքի օրը նկատի ունեմ։ Ես իսկապես առաջին դասարանցու ոգևորությամբ հատուկ պատրաստվում եմ այդ օրվան։

Արդեն տասնհինգերորդ տարին է, ինչ հիմնադրամը երեխաների հետ միասին տոնում է սեպտեմբերի 1-ը։ Նախապես Գավառի հեռուստատեսությամբ հայտարարվում է, որ մենք այցելելու ենք դպրոցներ և նվիրելու ենք երեխաներին անհրաժեշտ առաջին պայուսակներն ու գրենական պիտույքները։ Վերջին երկու տարիներին բացի պայուսակներից և գրենական պիտույքներից, մենք աշակերտներին այլ նվերներ էլ ենք մատուցելու։ Մասնավորապես՝ ես անձամբ զանգահարում եմ դպրոցների տնօրեններին և հետաքրքրվում, թե որ դպրոցին ինչ է անհրաժեշտ։  Օրինակ՝ նախորդ տարի Գավառի Թիվ 1 օժանդակ դպրոցում բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց մի մեծ դասարան, որն ապահովեցինք կահույքով և շերտավարագույրով։

Ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Օքսֆորդի համալսարանի ուսանող, իմ թոռ Նոյ Արզաքանցյանը, ով երկու տարի շարունակ ինձ հետ գալիս ու մասնակցում էր բարեգործություններին, լինելով Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում՝ նախորդ տարի որոշեց իր լուման ներդնել դպրոցի զարգացմանը։ Որպես ուսանող իր ամառային արձակուրդը վայելելու փոխարեն՝ Նոյը ամռանը աշխատեց ու սեփական քրտինքով վաստակած գումարը նվիրաբերեց թիվ 1 հատուկ դպրոցին, որպեսզի անմխիթար վիճակում գտնվող սենյակը վերանորոգվի ու դառնա հանգստի սենյակ։ 2013-ի հոկտեմբերին սենյակի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվեցին։ Բացի վերանորոգումից, Նոյի միջոցներով սենյակը նաև կահավորվել է։ Վերանորոգված հանգստի սենյակը կրում է Նոյ Արզաքանցյանի անունը և այստեղ ստեծղվել է երիտասարդ բարերարի գործունեությունը ներկայացնող անկյուն։

Որդիս՝ Տիգրան Արզաքանցյանը, շատ ուրախ է, որ ունի նման եղբորորդի, ով սրտանց բարեգործություն է իրականացնում։  Ես ևս շատ հպարտ եմ, որ ունեմ նման թոռ, ով շարունակում է իմ և Տիգրանիս առաքելությունը։

Բացի օժանդակ  դպրոցից,  համար երրորդ դպրոցի տնօրենը մեզ տեղեկացրեց, որ հեռուստացույցի և նվագարկչի անհրաժեշտություն ունեն, ուստի մեծ սիրով դպրոցին նվիրեցինք դրանք։ Ի դեպ, բացի այս ամենից, շարունակում ենք երեխաներին բաժանել պայուսակներ ու գրենական պիտույքներ։

Չորրորդ դպրոցում, որտեղ նոր են ավարտվում վերանորոգման աշխատանքները, մեր հիմնադրամի միջոցով հատկացվեցին շերտավարագույրներ։

-Ես տեսա, թե ինչպիսի հիացմունքով և գոհունակությամբ էին Ձեզ վերաբերվում երեխաները, ուսուցիչները։ Այդ ամենը տեսնելով ի՞նչ ապրումներ եք ունենում՝ որպես կին, որպես մայր։

-Ճիշտ եք, ես դպրոցից դպրոց եմ մտնում, դասարանից դասարան, ու երբ տեսնում եմ երեխաների ուրախ դեմքերը, լսում նրանց, ես էլ եմ մանկանում, փոխվում. փոքրի հետ մանկանում եմ, մեծի հետ մեծանում։ Ես կարող եմ երեխաների մոտից դուրս գալ ու այցելել մեծահասակ վետերաններին՝ չմոռանալով նրանց ևս ուրախացնել և բարեգործության հետ մեկտեղ մի բարի խոսք ասել։ 

Ինչպես հայ մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի “Թմբկաբերդի առումը” պոեմում է ասվում՝ Գործն է անմահ, լա՜վ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնե՛կ նրան, որ իր գործով կապրի անվերջ, անդադար։

Մարդն իր աշխատանքով է առաջ գնում, ես օրինակ եմ վերցրել Թումանյանի այս տողերից  և բարեգործություն անելով եմ ապրում։

-Հարգելով Ձեր և Ձեր որդու աշխատանքները, բոլոր դպրոցներում ստեղծվել են  Տիգրան Արզաքանցյանին նվիրված անկյուններ, որտեղ կարելի է տեսնել նրա նկարները, կարդալ նրա բազում բարեգործական ծրագրերի մասին պատմող նյութեր։ Դուք՝ որպես մայր, ամեն անգամ դպրոցներ մտնելիս ի՞նչ ապրումներ եք ունենում։

-Ամեն անգամ դպրոցներ մտնելիս  առաջինը հայացքով ուղղվում եմ դեպի այդ անկյունը։ Դա մի ուրիշ ապրում է, որը դժվար է բառերով նկարագրել։ Երբ ես դպրոցական էի և դպրոցի պատերին տեսնում էի մեր մեծերի նկարները, ասում էի՝ ինչ լավ կլինի, որ ես և իմ սերունդներն այնպիսի արժանի մարդիկ դառնանք, որ  մեր նկարները դպրոցի պատերին փակցված լինեն։ Երազանքս իրականացավ. Տիգրան Արզաքանցյանի նկարները բոլոր դպրոցներում փակցված են՝ որպես մեծ բարերար։  Օրինակ, եթե դուք մտնեք Գավառի գյուղատնտեսական քոլեջ, այնտեղ պատին գրված է “Մեր ոսկե հովանավորը”։

-Տեղյակ եմ, որ Տիգրան Արազաքանցյանբարեգործական հիմնադրամի բարեգործությունները միայն Գիտելիքի օրով չեն ավարտվում։ Կպատմե՞ք, թե էլ ինչ բարեգործական ծրագրեր են ձեր կողմից կյանքի կոչվում։

-Մենք բոլոր տոները նշում ենք միասին՝ երեխաների պաշտպանության օր, սեպտեմբերի 1, ուսուցչի տոն, Նոր տարի, մարտի 8, ապրիլի 7, Հայրենկան մեծ պատերազմի հաղթանակի օր։ Մենք  հաճախակի ենք այցելում նաև մանկատուն, ծերանոց։ Ամեն ամիս մենք ծրագիր ունենք, որն իրականացնում ենք։ 

Հիմնադրման օրվանից սկսած “Տիգրան Արզաքանցյան” բարեգործական հիմնադրամը օգնել և սատարել է շատ-շատ ընտանիքների, կազմակերպությունների, իրականացրել է ծավալուն աշխատանք՝ հովանավորելով մի շարք ոլորտներ՝ սպորտ, մշակույթ,  արվեստ։ Շատ եմ կարևորում ներդրումը կրթության գործում։ Մեծ ուշադրություն է հատկացվում նաև Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմի վետերաններին, անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքներին, որոնց տրվում է ֆինանսական, նյութական և բարոյական օգնություն։ Բացի այդ, աջակցություն է ցուցաբերվել Գավառի շուրջ 120 նորաստեղծ ընտանիքների, Գավառի ծննդատանը ծնված երեխաների համար փաթեթեներ են մատուցվել՝ անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Ինչպես նաև Տգրան Արզաքանցյանը մեծ ներդրում ունի փողոցների բարեկարգման, վերանորգման գործում։ Այնքան ծավալուն են մեր աշխատանքները, որ դժվար է բոլորի մասին հիշել ու պատմել։  

-Ձեր կարծիքով ինչպե՞ս մայրերը պետք է ճիշտ դաստիարակեն իրենց զավակներին։

-Զավակներին պիտի այնպես դաստիարակեն, որ նրանք գիտակցեն՝ իրենց հայրենիքից քաղցր բան չկա։ Մեր հայրենիքի խաղաղությունն ու երջանկությունը կախված է մայրերից, քանզի հենց նրանք են իրենց զավակներին՝ ապագա զինվորներին, հայրենասիրություն սերմանում։ Եթե մեր զավակները չպաշտպանեն հայրենիքը, ինչպե՞ս պետք է թշնամուն հեռու պահեն երկրից։ Շատ կցանկանամ, որ յուրաքանչյուր մարդ սիրի իր հայրենիքը։

-Տիգրան Արզաքանցյանը, ընդհանրապես Ձեր ընտանիքը, սիրված է հատկապես Գավառում։ Ձեր կարծիքով ինչո՞վ, ո՞ր հատկանիշներով եք Դուք արժանանում մարդկանց սիրուն։ 

-Ես իմ ազնվությամբ եմ արժանանում ժողովրդի սիրուն։ Եթե այս տարիների ընթացքում նրանք տեսնեին, որ ես ազնիվ և անկեղծ չեմ իրենց հետ, որ իմ խոսքն ու գործը չեն համընկնում, ապա կկորցնեին հավատն ու սերն իմ հանդեպ։ Սակայն ազնիվ ապրելակերպն ինձ շատ բնորոշ հատկություն է, իսկ աշխատանքում՝ սկզբունք։   Դա է, թերևս, պատճառը, որ դպրոցների տնօրեններն ինձ “Մայր Թերեզա” են կոչում։

-Տեղյակ եմ, որ մի շարք մրցանակների եք արժանացել, կպատմե՞ք դրանց մասին։

-Ինչ խոսք, շատ մրցանակների եմ արժանացել, շուրջ 300 պարգևների՝ գրան պրիների, սուպեր գավաթների, մեդալների ու շնորհակալագրերի։ Ինձ համար մեծ հպարտություն էր արժանանալ “Ասպետ մոր” կոչման, որը ստացել եմ 2013 թվականին, քանի որ եղել եմ զինվորների, նրանց մայրերի կողքին, այցելել եմ զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային, օգնություն ցուցաբերել նրանց։  Շնորհակալ եմ կառավարությանն իմ աշխատանքը գնահատելու համար։

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաջողությունը։

-Իմ ամենամեծ հաջողությունն իմ ընտանիքն է, երեխաներս։ Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ այսպիսի ընտանիք  է պարգևել։

-Ինչի՞ մասին եք երազում։

-Երազում եմ, որ մեր հայրենիքում մշտապես  խաղաղություն տիրի, կարիքավորներ չունենանք կամ շատ փոքր թվով, երազում եմ, որ բոլորն իրենց աշխատանքն ունենան, հատկապես երիտասարդները, կարողանան կրթվել և գտնել իրենց տեղը հայրենիքում ու երբեք չմտածել երկրից հեռանալու մասին։ Մենք շատ գեղեցիկ երկիր ունենք ու հրաշալի ժողովուրդ, ով արժանի է լավ ապրելու…

 

 

 

 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...