12:31
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ձեռքբերումներով ու դժվարություններով լի 12 տարի

2014-10-10 16:38

                                     «Դե Ֆակտո» N 100 (2014թ.)

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1962թ., 25-ը հունվարի. գ. Աղավնաձոր

Կրթություն

1981-1986թթ.- Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտ, էներգետիկայի ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1987-1989 թթ.- Հրազդանի ՊՇԵԿ` ինժեներ

1989-193թթ.-Հրազդանի քաղաքային խորհուրդ` հրահանգիչ

1992թ.- ընտրվել է Հրազդանի քաղաքային խորհրդի պատգամավոր

1993 թ.-Քաղխորհրդի գործկոմ` սոցիալական ապահովության բաժնի պետ

1995 թ. -Հրազդանի շրջանային և քաղաքային միացյալ սոցիալական ապահովության Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն

1997թ.-ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն

2002 թ.-Հրազդան համայնքի ղեկավար

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 դուստր և մեկ որդի

 

Հրազդան քաղաքն այսօր մեր հանրապետության առաջատար քաղաքներից մեկն է, զարգացած ենթակառուցվածքներով, բարեկարգ ու լուսավոր փողոցներով։ Այս աշխատանքների մեծ մասում առկա է քաղաքապետ Արամ Դանիելյանի ձեռագիրը, ով հարազատ տան պես ղեկավարում է քաղաքը, ապրում Հրազդանի ու հրազդանցու հոգսերով և հնարավորինս արագ ու արդյունավետ փորձում լուծում տալ դրանց։ Իսկ թե ինչպես է գնահատում իր կառավարման տարիները և ինչպիսի ծրագրեր  ունի քաղաքապետը առաջիկայում, Դե Ֆակտո ամսագիրը պարզեց նրա  հետ  զրույցում։

-Պարո՛ն Դանիելյան, արդեն  տասներկու տարի է, ինչ ղեկավարում եք Հրազդան քաղաքը։ Ո՞րն է այս երկարակեցության  գաղտնիքը։

-Այս տասներկու տարիների պատմությունը մեր համաքաղաքացիների հետ կերտել ենք միասին, և  կարող եմ վստահաբար ասել, որ դա փոխադարձ վստահության և համագործակցության արդյունք է։

-Նախ, կխնդրեմ ամփոփել, ընդհանուր առմամբ,այդ տարիների ձեռքբերումները Հրազդան քաղաքի և հրազդանցիների համար։

-Տարիները լի էին նվաճումներով, հաջողություններով, ձեռքբերումներով։ Դժվար էր ստանձնել պարտավորություն՝ ղեկավարելու հանրապետությունում թվով չորրորդը համարվող քաղաքը։ Մեծ էր պատասխանատվությունը, իսկ անելիքները՝ շատ ու դժվարին։ Բազմիցս խոսել ենք այն մասին, որ մեզ ժառանգություն էր թողնվել հսկայական՝ գործող ստորաբաժանումների աշխատակիցների աշխատավարձերի, կենտրոնական ջեռուցման դիմաց գոյացած 1մլրդ դրամի, ինչպես նաև ջրամատակարարման դիմաց գոյացած հսկայական պարտքեր։

Հայտնվել էինք, կարելի է ասել, անելանելի իրավիճակում։ ՀրազՋեկը, որն արդեն Ռուսաստանի Դաշնության տնօրինության տակ էր, պահանջում էր իր գումարները, իսկ պատասխանատվություն պետք է կրեր հրազդանցին՝ դատական կարգով պարտքերը վերադարձնելու պայմանով։  Բյուջեն ընդունել ենք 2002թ-ին՝  250մլն դրամով, իսկ այսօր, նույն բազայի հիման վրա այն դարձրել ենք 1մլրդ-ից ավելի։

Նախ նշեմ, որ տարեցտարի կատարելագործվեցին համայնքի ավագանու աշխատանքները՝ արդյունավետ գործունեություն ծավալելով քաղաքում կատարվող բոլոր աշխատանքների հարցում։ Բնակիչների, քաղաքի տարածքում իրենց գործունեությունը ծավալող տնտեսվարողների և տարբեր ներդրողների համատեղ աշխատանքի ու արդյունավետ համագործակցության արդյունքում ապահովել ենք բյուջեի կատարողականի բարձր ցուցանիշներ։

Անդրադառնալով ջերմամատակարարման դիմաց կուտակված պարտքերին՝ նշեմ, որ մեր համաքաղաքացիներն անվճարունակ էին և կանգնած էին ծանր կացության առջև։ Մեզ վրա վերցնելով մեկ մլրդ դրամի մարման պարտավորությունը՝ ազատեցինք մեր համաքաղաքացիներին դատական կարգով պատասխանատվության ենթարկվելուց։ Նույն կերպով ազատեցինք նաև ջրամատակարարման վարձավճարների պարտքերից, ինչպես նաև աստիճանաբար մարեցինք աշխատակիցների՝ տարիների կուտակված աշխատավարձերի պարտքերը։

Երկու տարվա ընթացքում “ՀայՌուսգազարդի”  հետ համատեղ կարողացանք գազաֆիկացնել բնակելի շենքերն ու ունեցանք այնքան բաժանորդ-սպառողներ, որքան չի եղել Հրազդանում նույնիսկ խորհրդային տարիներին։ Քաղաքի ջերմամատակարարումը դադարեցվեց միայն այն ժամանակ, երբ իրականացրինք քաղաքի գազամատակարարման վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ։ Տարեցտարի անդրադարձանք ներհամայնքային փողոցների ու բակերի բարեկարգման ու վերանորոգման աշխատանքներին, բազմաբնակարան շենքերի շքամուտքերի ու վերելակների վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներին։ Հսկայածավալ աշխատանքներ իրականացրինք քաղաքի փողոցների՝ մինչև 2002թ-ը բացարձակապես չգործող, գիշերային լուսավորության համակարգի ապահովվման  առումով։ Այսօր արդեն 1000-ից ավել լուսամփոփեր ու 600 հատ էլեկտրական հենասյուներ են տեղադրվել քաղաքի տարբեր հատվածներում՝ ավտոմատ ղեկավարման ժամանակակից համակարգերով։ Քաղաքի գիշերային լուսավորության ապահովման համար տարեկան ծախսվում է շուրջ 50-60մլն. դրամ։

Ապահովել ենք համայնքային ենթակայության ճանապարհների պահպանման ու շահագործման աշխատանքները։ Քաղաքի բյուջեի ֆինանսավորմամբ իրականացրել ենք թվով 302 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված 106 մլն. դրամի սահմաններում ևս իրականացրինք շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների ծրագիրը։ Ձեռնամուխ եղանք Հրազդանի առջև տարիներ շարունակ ծառացած հրատապ խնդիրների լուծմանը՝ քաղաքի սանիտարական մաքրում, լուսավորություն, ասֆալտապատում, աղբահանություն՝ որն արդեն դրված է ամենաբարձր հիմքերի վրա, ենթակառույցների բնականոն գործունեության ապահովում, համայնքային ենթակայության տարբեր ձեռնարկությունների աշխատանքների արդյունավետ ության բարձրացում։ Նշեմ, որ թվարկված աշխատանքները կրում են շարունակական բնույթ և դրանք իրականացնում ենք ամեն տարի՝ աստիճանաբար։

-2014 թվականն արդեն կիսվեց։ Ինչպիսի՞ ծրագրեր եք հասցրել իրականացնել տարվա ընթացքում և ի՞նչ անելիքներ ունեք մինչև տարեվերջ։

-Այսօր մեր քաղաքի աքիլլեսյան գարշապարը, կարելի է ասել, քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցումն է։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված ֆինանսավորմամբ, հանրապետությունում առաջինը մեր քաղաքում  2010թ-ից սկսվեցին քաղաքի ջրամատակարարման համակարգի ծրագրի հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագրի ավարտից հետո համայնքի բյուջեի միջոցներով պետք է իրականացնեինք քաղաքի փողոցների ասֆալտապատման,  բարեկարգման  աշխատանքները։ Մեր քաղաքի բյուջեի հաշվին իրականացրինք ասֆալտի վերականգնման աշխատանքները, որպեսզի կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ ներդրվեն ջրամատակարարման համակարգի լիարժեք հիմնանորոգմանը։ Ցավոք, պետք է նշեմ, որ նման հսկայածավալ աշխատանքների հետ առաջ եկան նոր դժվարություններ՝ կապված քաղաքի փողոցների ասֆալտապատման հետ։ Ստիպված քանդեցինք մեր ասֆալտապատ փողոցներն ու բակերը՝ նոր ջրագծեր անցկացնելու համար։ Բարեբախտաբար, հրազդանցիներն ըմբռնումով մոտեցան հարցին, գիտակցելով  բարելավման կարևորությունը։ Հսկայածավալ այդ աշխատանքներն արդեն  80 %-ով ավարտված են, և հուսանք՝ մինչև տարեվերջ լիովին ավարտին կհասցնենք այդ աշխատանքները։

-Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ ունի Հրազդան քաղաքն այս պահին։

-Բոլոր բնագավառներում կատարվող աշխատանքները, որոնք իրականացվում են մեր քաղաքում, առաջնահերթ են և հավասարապես կարևոր։ 2005-ից քաղաքի պետական նշանակության հողերը՝ 15հազ. հա, տարբեր  նպատակային նշանակության, հանձնվեցին մեր քաղաքին՝ սեփականության իրավունքով։ Քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատանքների արդյունքում կազմվել է քաղաքի գլխավոր հատակագիծը և գոտիավորման նախագիծը, ինչը նպաստեց աճուրդային կարգով հողերը մեր համաքաղաքացիներին հատկացնելուն, ինչի արդյունքում լայն թափով քաղաքում սկսեց զարգանալ քաղաքաշինության բնագավառն  ըստ ոլորտների՝ բնակելի, հասարակական, արդյունաբերական։ Դա պատճառ հանդիսացավ հրազդանցու համար կապվել իր հողին և զարգացնել իր քաղաքում  բիզնեսը։

-Հանրապետության շատ շրջաններ այսօր ունեն խմելու և ոռոգման ջրի մատակարարման խնդիր։ Ինչպիսի՞ն է իրավիճակն այս տեսանկյունից Հրազդան քաղաքում։

Քաղաքապետարանի մասնակցությամբ քաղաքի Ջրառատ, Վանատուր, Աղբյուրակ, Բանավան, Կոճոռ թաղամասերում անցկացվել են ոռոգման ջրացանցեր ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման նպատակով։ Աշխատանքներ են տարվում մյուս թաղամասերում ևս անցկացնել ոռոգման ցանցեր։ Բնականաբար, այս աշխատանքները կապված են մեծ գումարների հետ։ Իսկ խմելու ջրի խնդիր  այսօր, կարելի է ասել, հրազդանցին չունի։

-Քաղաքի բարեկարգման հետ կապված հսկայական աշխատանքներ արդեն իսկ արված են։ Կխնդրեի այս մասին առավել մանրամասն ներկայացնել ընթերցողին։

-Կատարված աշխատանքները քիչ չեն՝ բարեկարգվել են քաղաքի երկու օղակաձև խաչմերուկները, տեղադրվել են ժամանակակից կանգառներ, քաղաքում կատարվում է ամենօրյա աղբահանման աշխատանքներ։ Կառուցվել և հիմնանորոգվել են խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի խաղադաշտեր, քաղաքի տարբեր  թաղամասերի  շենքերի  բակերում տեղադրվել  են  մանկական  կարուսելներ։ Քաղաքապետարանի համապատասխան բաժինների մասնագետների կողմից ամեն տարի կատարվում են ծառերի էտման աշխատանքներ,  գետի  հունի  մաքրման  աշխատանքներ։ Ծրագրով նախատեսել ենք նոր շունչ հաղորդել քաղաքային զբոսայգուն՝ երբեմնի գործող հանգստավայրում նախատեսել ենք տեղադրել կարուսելներ, նստարաններ, մի խոսքով՝ հանգստի համար նախատեսված հարմարություններ։  Գեղեցիկ հուշակոթող ենք կառուցել հարազատ քաղաքի տոնի առթիվ։ Հուսանք՝ եկող տարի մեծ շուքով կտոնենք սիրելի քաղաքի հոբելյանը։ Նշեմ  Բարության պուրակի վերակառուցման դժվարին աշխատանքների մասին՝ քանդված ու խարխլված, անհրապույր ու ընդհանրապես լուսավորությունից զուրկ այդ տարածքն արդեն գրավում է մարդկանց  իր յուրահատուկ տեսքով։ Պուրակի մեջտեղում վեր խոյացած “Խաչմատուռ” կոթողն արտահայտում է մեր ազգի անցած ուղին՝ ստեղծման օրվանից մինչև մեր օրերը։ Շինարարական աշխատանքները մի փոքր դանդաղ են ընթանում՝ ֆինանսի սուղ լինելու պատճառով, հուսանք, այս տարի կավարտենք բարեկարգման և կառուցման աշխատանքները։ Քաղաքի  Ջրառատ և Կոճոռ թաղամասերում վերակառուցվել ու վերաբացվել են  Սուրբ Խաչ  և Սուրբ  Կարապետ  եկեղեցիները։

-Պարո՛ն Դանիելյան, քաղաքում բավականին ակտիվ է մշակութային  անցուդարձը, սպորտային կյանքը։ Կխնդրեի այս մասին առավել մանրամասն ներկայացնել ընթերցողին։

-Այն ամենն ինչ ստեղծում ենք ինքներս, մեզ շրջապատող աշխարհն է՝ մշակույթը։ Տարիների ընթացքում մշակութային շատ օջախների հետ խնդիրներ առաջացան, որոնց շահագործումը մեծ գումարների հետ էր կապված։ Մեծ աշխատանքներ կատարեցինք մշակութային օջախների պահպանման գործում։ Քաղաքապետարանի ենթակայության տակ ունենք 7 գրադարան, որոնք գործում են բնականոն հունով և տարեցտարի դրանք համալրվում են նոր գրքերով ու գրականությամբ։ Հիմնականում շատերի մոտ այն տպավորությունն է, թե Հրազդան քաղաքն այնքան մեծ բյուջե ունի, որ միանգամից կվերանորոգի ու այսօրվա ժամանակներին հարիր տեխնիկայով կապահովի գրադարանները /Ժպտում է/։ Ցանկալի է, որ ունենանք նման հնարավորություններ, բայց մեր գերխնդիրը եղել է այդ գրադարանները պահպանելը, դեռ ավելին՝ պահել ենք աշխատողներին, բարձրացրել նրանց աշխատավարձերը  և  պահպանել ու ավելացրել գրքերի ֆոնդը։ Ճիշտ եք նկատել, մշակութային կյանքը մեզ մոտ  ակտիվ է։ Ունենք մշակութային օջախներ, արվեստի, երաժշտական դպրոցներ։ Քաղաքապետարանի ենթակայությամբ  գործում է  թվով 12 մանկապարտեզ, սպորտ-դպրոցներ։  Քաղաքում գործում է նաև դրամատիկական թատրոնը, որն իր հնարավորության սահմաններում կազմակերպում և հարազատ քաղաքի հանդիսատեսին է ներկայացնում տարբեր ներկայացումներ։ Թատրոնին տրվել է իրավաբանական կարգավիճակ, տրամադրվել են համապատասխան հաստիքներ՝ ապահովելով թատրոնի գործունեությունը։  Բեմականացումներ են տեղի ունենում նաև մայրաքաղաքից հրավիրված անվանի արվեստագետների կողմից։ Ազգային բոլոր ծեսերի և ծիսակատարությունների, պետական ու եկեղեցական տոների առթիվ կազմակերպվել են բազմաթիվ մշակութային և զանգվածային միջոցառումներ։ Մարզադպրոցներ հաճախող բոլոր սաների համար մարզումները կազմակերպվում են անվճար և պատահական չէ,որ այս բնագավառում հրազդանցիները գրանցել են բազմաթիվ հաջողություններ։ Մեր մարզիկները նշանակալի հաջողություններ են ունեցել շախմատի, ֆուտբոլի, ծանրամարտի, բազկամարտի տարբեր մրցաշարերում։

-Զբոսաշրջության շրջանն արդեն սկսվել է։ Արդյո՞ք քաղաքապետարանն ունի տուրիզմի զարգացման ծրագիր, կամ որքանո՞վ է վերահսկվում այդ գործընթացը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։

-Ընդհանրապես պետք է ձգտել տնտեսական կյանքի աշխուժացման, մարդիկ պետք է կարողանան իրենց ներուժն օգտագործել և ներդնել այն  հանուն երկրի զարգացման, ձգտեն ապրել այնպիսի Հայաստանում, որը համապատասխանի  այսօր աշխարհի լավագույն և զարգացած երկրների մակարդակին, իսկ հաջողությունների համար բնականաբար պետք է պայքարել և հաղթահարել դժվարությունները։ Հրազդանն իր աշխարհագրական դիրքով մոտ է Ծաղկաձոր, Հանքավան տուրիստական գոտիներին, ինչն էլ նպաստում է գրավելու տուրիստների ուշադրությունը։ Ունենք պատմամշակութային հուշարձաններ՝ քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող եկեղեցիներ, խաչքարեր, դրանց կողքին կառուցել ենք նորերը, որոնք հետագայում, անկասկած,  կթողնեն իրենց պատմությունը՝ սերունդներին։

-Խնդրեմ անդրադառնանք նաև քաղաքապետարան-բնակիչ կապին։ Որքա՞ն են  հասանելի  քաղաքապետարանն ու անձամբ քաղաքապետը հրազդանցիների համար։

-Այդ կապը սերտ է, կասեմ ավելին՝ շատ սերտ։ Դա պայմանավորված է բնակիչների ամենօրյա այցելություններով, ընդունելություններով, հանդիպումներով։ Պարբերաբար հանդիպումներ եմ ունենում բնակիչների հետ  նաև քաղաքի տարբեր թաղամասեր այցելությունների ժամանակ, և հնարավորության սահմաններում լուծում  տալիս նրանց կողմից բարձրացված խնդիրներին։ Հանդիպումների ժամանակ բնակիչներն անկաշկանդ առաջ են քաշում և՛ իրենց խնդիրները, և՛ հանդես  գալիս առաջարկություններով։ Այնպես որ, այս հարցում ամեն ինչ մտերմիկ զրույցների սահմաններում է ընթանում։

-Անդրադառնանք  նաև քաղաքի բնակիչների սոցիալական խնդիրներին։ Երկար տարիներ դուք Հրազդանի քաղաքային խորհրդում զբաղեցրել եք սոցիալական ապահովության հարցերով մի շարք պատասխանատու պաշտոններ։ Ներկայումս, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում հրազդանցիների սոցիալական վիճակը  և ինչպե՞ս են լուծվում սոցիալական աջակցության և ապահովության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների խնդիրները։

-Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհն ու հարթում այն։  Իմ աշխատանքային բնութագիրը հարուստ է փորձով՝ հատկապես շփումը հասարակության տարբեր տարիքի մարդկանց հետ։ 1993-1995թթ-ին ընտրվեցի Հրազդանի քաղխորհրդի գործկոմի սոցիալական ապահովության բաժնի պետ, որից հետո 1995-1997թթ-ին նշանակվեցի Հրազդանի շրջանային և քաղաքային միացյալ սոցիալական ապահովության տարածքային կենտրոնի տնօրեն։ 1997-2002թթ-ին արդեն Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային  հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն էի։ Լավ ճանաչում եմ հրազդանցիներին, ծանոթ եմ նրանց կենցաղին ու խնդիրներին։  Տարիների ընթացքում տարեցների հետ շփման փորձն էր, որ ինձ մոտ մարդկանց նկատմամբ հոգածությունն ու ուշադրությունը դարձավ բնավորություն։ Քաջատեղյակ լինելով հրազդանցու հոգսերին ու քաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին իմ առջև խնդիր դրեցի օգտակար լինել հարազատ քաղաքի շենացմանն ու հրազդանցիներին։ Ոչինչ միանգամից չի լինում, ամեն ինչ իր ժամանակն ու հնարավորությունն ունի։ Այս 12 տարիների ընթացքում շատ դժվարություններ ու փորձություններ հաղթահարեցինք, բայց, աստիճանաբար քաղաքաշինությունը, մանր ու միջին բիզնեսը սկսեց մեր քաղաքում զարգանալ, որոշակիորեն առաջ քաշվեցին ներդրումային ծրագրերը, ինչի արդյունքում հնարավորություններ ստեղծվեցին քաղաքի բնականոն զարգացման համար։ Մեր մշտական ուշադրության կենտրոնում են պատերազմի հաշմանդամները, վետերանները, ծնողազուրկները, սոցիալապես անապահով խավը։ Աջակցություն ենք ցուցաբերում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, շնորհալի երիտասարդներին, բարձր առաջադիմություն ունեցող, ինչպես նաև  վճարովի համակարգում սովորող սոցիալապես անապահով ուսանողներին։ Այդ աջակցությունը ցուցաբերում ենք համայնքի բյուջեի սոցիալական ուղղվածության ծրագրով նախատեսված գումարներով։

Կատարված աշխատանքների մասին՝ քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների գործունեության հրապարակայնությունը,  ինչպես քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվող հաղորդագրությունների տեսքով ենք ապահովում, այնպես էլ տեղական և հանրապետական լրատվամիջոցներով։ Համայնքային կարևորություն ունեցող և պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություններն ու փաստաթղթերը հանրությանն ենք ներկայացնում քաղաքի տարբեր թաղամասերում փակցված տեղեկատվական ցուցատախտակների միջոցով։ Համոզված եմ, որ քաղաքապետարանի աշխատակազմը  միտված է աշխատելու ի շահ հարազատ քաղաքի զարգացման ու բարօրության։

-Ինչպիսի՞ն է քաղաքում զբաղվածության ապահովման խնդիրը։ Անընդհատ խոսվում է արտագաղթի ահագնացող ծավալների մասին, Դուք նման խնդիր տեսնո՞ւմ եք քաղաքում։

-Հրազդանն իր աշխարհագրական դիրքով  ու  կառուցվածքով  տարբերվում է  հանրապետության մյուս քաղաքներից։ Յոթ գյուղերի վրա ձևավորված  և բազմաբնակարան շենքերով թաղամասերն իրենց ուրույն դիմագիծն  են հաղորդում  քաղաքին։ Հրազդանը արհեստական ձևավորված քաղաք է՝ 1962թ-ից։ Այնպիսի խոշոր ձեռնարկություններում, ինչպիսիք էին՝  “Հրազդանմեքենա”  արտադրական միավորումը, “Շուշան” գործարանը,  համալրվել էին հազարավոր  արհեստավորներով ու մասնագետներով։  Խորհրդային տարիների փլուզումից հետո, երբ նման հզոր գործարանները մասնավորվեցրին և դադարեցին գործել,  բնականաբար, հեռացան մասնագետները,  կորուստներ ունեցանք նաև արտադրական ռեսուրսների առումով։ Նման հսկայական աշխատատեղերի կորուստը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն ունեցավ մեր քաղաքի բնականոն զարգացման վրա։ Մեր համաքաղաքացիները սկսեցին աշխատանք փնտրել արտերկրում։ Հիմա, մեր բազում խնդիրների կողքին ամենացավոտ հարցերից մեկը՝ աշխատատեղերի հարցն է։ Հուսանք, որ  մեր կառավարության վարած  ճիշտ քաղաքականության արդյունքում կփոխվի մեր տնտեսության, պետական շինարարության, մեր երկրի հզորացման, անվտանգության ապահովման  ռազմավարությունը։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ պատերազմող երկիր ենք և ունենք այդ ցավոտ հարցի կողքին նաև ավելի գլոբալ ու վճռորոշ խնդիրներ, չէ որ կարևոր է մեր երկրի ու բնակչության անվտանգության խնդիրը։

-Վերջերս Կոտայքի մարզում նոր մարզպետ նշանակվեց։ Իբրև մարզկենտրոն՝ ի՞նչ փոխվեց Հրազդան քաղաքի համար և ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք նորանշանակ մարզպետից։

-Ակնկալիքները մեծ են, հուսանք՝ մեր նորանշանակ մարզպետը մեծ ներդրումներ կկատարի մարզկենտրոնի համար, որոնք ուղղված կլինեն միմիայն քաղաքի զարգացմանն ու բարօրությանը։

-Խոսեցինք Ձեր աշխատանքային երկարակեցության մասին, քաղաքացիների հետ կապի ու շփումների մասին։ Իսկ ինչպիսի՞ն են հարաբերությունները քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ Դուք Ձեզ ինչպիսի՞ ղեկավար եք համարում։ Ձեզ խիստ ղեկավար համարո՞ւմ եք։

-Լավ ղեկավար լինելու համար չեմ կարծում, որ խստությունը կարևոր է։ Կարևորում եմ հարգանքը մարդու նկատմամբ, նրան լսելու և հասկանալու ունակությունը։  Իսկ թե ինչպիսի ղեկավար եմ՝ կասեն աշխատակիցները /Ժպտում է/։

-Ինչպիսի՞  որակներ եք կարևորում մարդկանց մեջ։

-Հավատարմությունն ու անկեղծությունը։

-Ձեր աշխատանքային ողջ գործունեությունը կապված է Հրազդան քաղաքի կառավարման հետ։ Ձեզ այլ պաշտոնում պատկերացնո՞ւմ եք։

-Քիչ առաջ նշեցի, որ մարդն է ընտրում ու հարթում իր ճանապարհը։ Որ  ոլորտներում էլ  որ աշխատում ես, անխուսափելիորեն ձեռք ես բերում նոր որակներ, կոփվում ու ամրանում ես։ Մարդկանց հետ շփումները, նրանց հոգսերին ու խնդիրներին մասնակից դառնալը հանգեցնում է մի կարևորագույն եզրակացության՝ անել ամեն ինչ, որպեսզի կարողանաս օգնել քեզ դիմող մարդուն, համբերությամբ լսել բոլորին, որպեսզի հասկանաս բոլոր նրանց, ովքեր ապավինում են քո օգնությանը։  Իհարկե պատկերացնում եմ։

-Բազմազավակ հայր եք։ Այսքան ժամանակատար և ծանրաբեռնված աշխատանքից հետո ժամանակ մնո՞ւմ է ընտանիքի համար։

-Իհարկե, իմ ընտանիքն իմ ամրոցն ու փոքրիկ հայրենիքն է։ Իմ ընտանիքով է սկսվում իմ յուրաքանչյուր օրն ու առավոտը։ Իմ երջանկությունն իմ ընտանիքն է։

 -Ինչպիսի՞ն է քաղաքապետ Արամ Դանիելյանը աշխատանքից դուրս՝ ընտանիքի և ընկերների շրջապատում։

-Հավատարիմ և անկեղծ...

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

-Ազատ ժամանակս նվիրում եմ ընտանիքիս անդամներին, իսկ աշխատանքային ժամերս՝  մեծ ընտանիքիս՝ հրազդանցիներին։ /Ժպտում է/

-Շնորհակալ եմ հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար։ Եվ վերջում, ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին

-Համոզված  եմ  որ ձեր  ամսագրի   միջոցով ընթերցողին եք ներկայացնում  անաչառ ու անրաժեշտ  տեղեկատվություն։ Մաղթում եմ Դե ֆակտո ամսագրին միշտ  նայել առաջ հաղթահարել իր առջև  ունեցած բոլոր դժվարությունը։

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև համայնքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Արամ Դանիելյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ “Անանիա Շիրակացի”  մեդալով։

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի 15-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի հուշամեդալով։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Հովհաննես Բաղրամյանի անվան մեդալով։

“Հայաստան-Արցախ-Սփյուռք”, “Բիզնես Էյ Էմ” ինֆոկենտրոն, “Սոցիոմետր” կազմակերպության կողմից  արժանացել է՝‚ Լավագույն հանրային ծառայող”,” Լավագույն քաղաքապետ”  համաժողովրդական վստահությանը։

Հայաստանի Հանրապետության ԵԿՄ վարչության նախագահի կողմից արժանացել է “Հայաստանի երկրապահ”  հուշամեդալին։

Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար արժանացել է  “Մայրական երախտագիտություն”  մեդալին։

 

 

 

 

 

 

 

 

 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...