02:05
10/31/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ֆելիքս Մելիքյան

2014-08-05 10:42

                                       «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

“Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն շարունակում է ջրագծերի արդիականացմանն ու ջրամատակարարման որակի բարձրացմանն ուղղված ամենօրյա աշխատանքները։ Ինչպես փաստում է ընկերության “Կենտրոն-Արևմտյան” մասնաճյուղի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը, այդ աշխատանքների արդյունքում համայնքների գերակշիռ մասն այսօր ապահովված է կատարյալ մաքուր խմելու ջրով, իսկ շուրջօրյա ջրամատակարարումն ազգաբնակչության մի ստվար զանգվածի համար այլևս երազանք չէ։ 

Ֆելիքս Մելիքյանի համոզմամբ՝ հեռու չէ այն օրը, երբ իրենց համակարգում կընդգրկվեն ՀՀ բոլոր համայնքները` առանց բացառության։

Ներկայացնում ենք   “Դե ֆակտո” ամսագրի հարցազրույցը “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ “Կենտրոն-Արևմտյան” մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ֆելիքս Մելիքյանի հետ։

-Պարո՛ն Մելիքյան, արդեն քանի՞ տարի է, ինչ աշխատում եքՀայջրմուղկոյուղիՓԲԸ-ում, ի՞նչ հաջողություններ կառանձնացնեք, որոնց  ձգտել և հասել եք այդ տարիների ընթացքում։

-”Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ում աշխատում եմ շուրջ տասը տարի։ Պետք է նշեմ, որ 2005 թվականից նաև համագործակցում եմ  բնապահպանական ծառայությունների պատվիրակված կառավարման երկարատև մատակարար “ՍԱՈՒՂ” ընկերության հետ, որն աջակցում է տեղական իշխանություններին և արդյունաբերական ընկերություններին հաջողությամբ իրականացնել ջրամատակարարման, բնապահպանական ծառայությունների,  ինժեներական,  ենթակառուցվածքային ծառայությունների, հանգստի և ընդհանուր տեխնիկական սպասարկման ծառայությունների ծրագրեր։

Իմ գործունեության տասը տարիներն, անշուշտ, հարուստ են ձեռքբերումներով և հաջողություններով։  Վերջին հինգ տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Արարատի մարզում։ Կատարված ներդրումների և վերակառուցումների արդյունքում՝ Վեդիի տարածաշրջանում ջուր ընդհանրապես չստացող հինգ համայնքներ` Արմաշը,  Երասխը, Սուրենավանը, Նոյակերտը և Եղեգնավանն արդեն իսկ Գառնու ջուր են ստանում։  

Շուրջ չորս տարի է, ինչ 18-ժամյա ջրամատակարարմամբ է ապահովված Արտաշատ քաղաքը, որը մինչ այդ ընդհանարապես խմելու ջուր չէր ստանում. ջուրն այնտեղ հասնում էր հարյուր քսան ծորակների միջոցով։ Իհարկե,  այս ամենը հնարավոր է դարձավ իրականացնել  Ասիական բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և USAID-ի ներդրումների շնորհիվ։

Ծավալուն աշխատանքներ են իրականացվել և այժմ էլ ընթացքի մեջ են Մասիս քաղաքում։ Այստեղ նախորդ տարվանից  սկսվել են շուրջ 1 մլրդ դրամ արժողությամբ նոր ջրագծերի  անցկացման աշխատանքները, որոնց շնորհիվ  ամբողջովին նորացվում և արդիականացվում է ցանցը։ Հուլիս ամսին աշխատանքներն ավարտված կլինեն։

Նորաբաց համայնքում կառուցել ենք նոր պոմպակայան` իր ջրամբարով, որտեղից յոթ գյուղեր 24-ժամյա ջրամատակարարում են ստանում։

2010թ. Էջմիածնում իրականացվել է 1.1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ջրագծերի արդիականացման ծրագիրը՝ Համաշխարհային բանկի ներդրումների շնորհիվ։  Այժմ շարունակվում են աշխատանքները Էջմիածին քաղաքում և 10 գյուղերում, որոնք ուղղված են ներքին ցանցերի վերակառուցմանը։ Վերը նշված աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար։

Աշտարակ քաղաքում ջրամատակարարման ցանցի վերանորոգման ծրագիր իրականացվել էր դեռևս ութ տարի առաջ, այսօր ընթացքի մեջ է երկրորդ ծրագիրը, որն ուղղված է Աշտարակի տարածաշրջանի  ութ մեծ համայնքներին։  Ծրագրի արժեքը շուրջ 650-700 մլն դրամ է։

Մեծածավալ աշխատանքներ են իրականավել նաև  Արթիկ քաղաքում։ Եթե նախկինում այնտեղ ջուրը հասնում էր Մանթաշի ջրամբարից, ապա այժմ Արթիկն ապահովված է խմելու ջրի գրեթե շուրջօրյա մատակարարմամբ։  Նախատեսված է  իրականացնել ևս մեկ ծրագիր, որն ուղղված կլինի տարածաշրջանի գյուղերին։ Նախագծման աշխատանքներն  ավարտված են, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։

Ինչ վերաբերում է Նոյեմբերյան, Ալավերդի, Իջևան, Դիլիջան, Բերդ, Աբովյան  և Չարենցավան քաղաքներին, ապա, ընդհանուր առմամբ, այդ համայնքներում շինարարական լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում։

-Պարո՛ն Մելիքյան, ո՞ր համայքներում են ավելի շատ  առկա  ջրամատակարարման խնդիրները,  և ե՞րբ կլուծվեն դրանք։

-Մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում մենք ձեռնամուխ ենք լինում բոլոր համայնքներում առկա խնդիրներին լուծում տալ, դա է մեր առաքելությունը, որը սիրով և սրտացավորեն կատարում ենք։ Պետք է նշեմ, որ մեր համակարգում ընդգրկված բոլոր համայնքներում, մեծ հաշվով, խնդիրները լուծված են կամ լուծման ընթացքում են։ Խնդիրն այն է, որ հատկապես  Արարատյան դաշտի համայնքներում  ջրագծերը  1950-ականներին  են կառուցվել, իսկ երկաթյա խողովակների շահագործման ժամկետն առավելագույնը 20-25 տարի է, այսինքն՝ բոլոր  խողովակաշարերի ժամկետները վաղուց  լրացել են։ Դա  է պատճառը, որ որոշակի համայնքների ապահովում ենք ջրամատակարարմամբ՝ չիմանալով, թե ջուրն  ուր է գնում։ Ուստի՝ հատկանշական է, որ այժմ  երկաթյա խողովակները փոխարինվում են պլաստիկ խողովակներով, որոնց երաշխիքը ոչ պակաս, քան 60 տարի է։

-Հաջողվել է արդյո՞ք բարեփոխել ջրամատակարարման ժամային գրաֆիկը։

-Իհարկե,  վերը նշված արդիականացման աշխատանքներն ուղղակիորեն ազդել են նաև ջրամատակարարման ժամային գրաֆիկի վրա։ Այժմ համայնքների ամենօրյա ջրամատակարարման ժամաքանակն ավելացել է, և եթե այս տեմպերով շարունակենք, 5 տարի հետո բոլոր համայնքները կապահովենք 24-ժամյա ջրամատակարարմամբ։

 Միակ ցավալի փաստն այն է, որ խմելու ջրի կորուսները շատ մեծ են` մոտ 80 տոկոս։ Պատճառներից մեկը բնակիչների կողմից կատարվող ջրագողությունն է։ Նրանց հաջողվում է տարբեր հնարքներ կիրառել, որպեսզի ջրաչափը չարձանագրի  իրենց օգտագործած հոսող ջրի իրական քանակը։ Այդ հարցը լուծելու համար նախատեսում ենք տեղադրել C դասի ջրաչափեր, որոնք ջրի  անգամ չնչին հոսքի դեպքում գրանցում են դրա ծախսը։ Այս ջրաչափերի շնորհիվ՝ այլևս որևէ հնարքի միջոցով հնարավոր չի լինի ջրագողությամբ զբաղվել։ Նոր դասի չափիչ սարքերը տեղադրելու ենք Աբովյանում, Արտաշատում, Մասիսում, Հրազդանում, ինչպես նաև այլ համայնքներում։

-Պարո՛ն Մելիքյան, իրավունք ունի՞ տեսուչն անարգել կերպով ստուգելու ջրաչափի տվյալները։

-Այո՛, իհարկե։ Այդ իրավունքն ամրագրված է պայմանագրով։ Այն առավել արդյունավետ դարձնելու համար իրականացվող նոր ծրագրերի շրջանակներում մասնավոր հատվածներում մեր միջոցներով կառուցում ենք դիտահորեր՝ ջրաչափերը տեղադրելով  դրսում, որպեսզի տեսուչը ցանկացած ժամանակ կարողանա ինքնուրույն գրանցել ջրաչափի տվյալները։   

-Ջրագողություն կատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով ինչպիսի՞ տույժեր են կիրառվում օրինախախտ քաղաքացիների նկատմամբ։

-Մագնիսներ հայտնաբերելու կամ ջրաչափերը ծակելու դեպքում քաղաքացին տուգանվում է նվազագույնը 61 հազար և առավելագույնը` 247 հազար ՀՀ դրամի չափով։ Ջրաչափի կապարակնիքը պոկելու դեպքում տույժի չափը կազմում է 15-70 հազար ՀՀ դրամ։ Հատկանշական է, որ մասնավոր հատվածի նկատմամբ ավելի խիստ ենք լինում. մագնիս կամ ծակած ջրաչափ հայտնաբերելու դեպքում միանգամից դադարեցվում է այդ կազմակերպության ջրամատակարարումը։

-Ինչպե ՞ս կգնահատեք ջրի սակագնի չափը և արդյո՞ք այս տարի սպասվում է արժեքի փոփոխություն։

-Ինչպես հայտնի է, ջրի սակագինն այժմ կազմում է 179,78 դրամ` 1 խ/մ ջրի դիմաց։ Սրանից 154.47 դրամը խմելու ջրի արժեքն է, 25.31 դրամը` կոյուղու սպասարկման համար  գանձվող վարձավճարը։ Ակնհայտ է, թե որքան մատչելի է ջրի սակագինը։ Եթե 0,5 լ տարողությամբ խմելու ջուրը դրսում վաճառվում է 150 դրամով, ապա  “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն հազար լիտր ջուրն է 154.47 դրամով վաճառում։ Իսկ ամենակարևորն  այն է, որ  այս տարի ջրի սակագնի փոփոխություն չի նախատեսվում։   

-Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս է վերահսկվում բնակիչներին մատակարարվող ջրի որակը։

-Մենք ունենք հսկիչ կետեր, որոնցից ամեն օր ջրի նմուշներ ենք վերցնում և ստուգումներ իրականացնում։ Այդ  գործընթացը բավականին խիստ է կազմակերպվում` ամենօրյա լաբորատոր ստուգումների միջոցով։ Պետք է շեշտեմ, որ ջրի մաքրությամբ նախ և առաջ մենք ենք շահագրգռված, որովհետև յուրաքանչյուր խնդրի դեպքում  մենք ենք համար առաջին պատասխանատուն։

-Ի՞նչ ժամանակահատվածում եք կարողանում վերացնել ջրագծերի` տարբեր բարդության վթարները։

-Ապահովված ենք թե՛ անհրաժեշտ տեխնիկայով, թե՛ բարձրակարգ մասնագետներով։ Բոլոր տեղամասերն  ունեն աշխատանքի համար պահանջվող գործիքներ և հզոր էքսկավատորներ։ Չկան վթարներ, որոնց վերացման համար մեզանից մեկ օրից ավելի ժամանակ պահանջվի։ Եթե անգամ խոշոր վթարներ են պատահում, ապա աշխատում ենք մեկ գիշերվա ընթացքում վերացնել դրանք։

-Ինչպիսի՞ն եք տեսնում ջրամատակարարման համակարգը 5 տարի անց։

-Կարծում եմ՝ հինգ տարի անց բոլոր համայնքները ընդգրկված կլինեն մեր համակարգում և ապահովված կլինեն  24-ժամյա ջրամատակարարմամբ։

-Պարո՛ն Մելիքյան, շուրջ 10 տարի է` աշխատում եքՀայջրմուղկոյուղի”  ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ։ Հետաքրքիր է, հե՞շտ է նրա հետ աշխատել։

-Պետք է գոհունակությամբ նշեմ, որ այո, նրա հետ ոչ միայն հեշտ, այլ նաև հաճելի է աշխատել։ Նա շատ պրակտիկ կերպով է խնդիրները լուծում։ Պատրիկ Լորենին ես համարում եմ իդեալական ղեկավարի կերպար, ում հետ աշխատելիս երբեք բյուրոկրատական որևէ խնդիր չի ծագում, ամեն ինչ պարզ և արագ է կարգավորվում։ Հատկանշական է նաև, որ Պատրիկ Լորենը ցանկացած հայից ավելի լավ գիտի ամբողջ համակարգը, բոլոր ցանցերի վիճակները և բոլոր աղբյուրների տեղերը։ Նա շատ լավ մարդ և պրոֆեսիոնալ մասնագետ է, ափսոս, որ հայ չէ (ծիծաղում է)։ Նրանից սովորելու շատ բան ունենք։  Պարոն Լորենը շատ սկզբունքային մարդ է և իր սկզբունքները արդյունավետ կերպով է իրականացնում։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...