10:01
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեծ հույսեր եմ կապում նոր վարչապետի և նախարարի հետ

2014-07-15 11:00

                                             «Դե Ֆակտո» N 96  (2014թ.)

Արտաշատի բժշկական կենտրոնՓԲԸ-ն արդեն մի քանի ամիս է տնօրինում է Վարդան Հովհաննիսյանը, ով ամեն կերպ փորձում է լուծել անմխիթար վիճակում գտնվող հիվանդանոցի խնդիրները։ Բժշկական կենտրոնը շտապ բարեկարգման կարիք ունի, քանի որ վերջին անգամ վերանորոգվել է ավելի, քան 20 տարի առաջ։Դե ֆակտոամսագրի զրուցակիցն էԱրտաշատի բժշկական կենտրոնՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Հովհաննիսյանը։

-Պարո'ն Հովհաննիսյան, 2013 թվականի հոկտեմբերից տնօրինում եք  “Արտաշատի բժշկական կենտրոնՓԲԸ-ն։ Այս ընթացքում ի՞նչ խնդիրներ եք կարողացել լուծել։

-Դժբախտաբար, բժշկական  կենտրոնը շարունակում է պահպանել իր ունեցած խնդիրները։ Այս ընթացքում   ընդամենը    ավելացել   է    աշխատանքային   կարգապահությունը։                Հիմնախնդիրները նույնն   են մնում` շենքային ոչ բարվոք պայմաններ  և  ժամանակակից  սարքավորումների պակաս ։ Բոլոր խնդիրները ներկայացվել են   և'  մարզպետարանին, և’  առողջապահության  նախարարությանը, և’ կառավարությանը,  սակայն փաստացի քայլեր չեն ձեռնարկվել։ Այժմ մեծ հույսեր եմ կապում նորանշանակ վարչապետի և առողջապահության նախարարի հետ։ Իմ կողմից ձեռնարկված արդյունավետ քայլերից   մեկն  այն  էր, որ դիմել եմ տարբեր բարերարների և արձագանք եմ ստացել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ  Յիրիկյանից, ով սարքավորումներ տրամադրեց մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին, ինչի շնորհիվ մեզ մոտ ծնված նորածիններն ապահովված են լիարժեք բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ սարքավորումներով։ Բացի այդ, Արտաշատի քույր քաղաք համարվող Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքապետարանը մեզ ռենտգեն սարքավորում է նվիրաբերել, որի միջոցով հնարավոր է ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը։ 

-Տարեկան քանի՞ հիվանդ է  սպասարկում բժշկական կենտրոնը։

-Տարեկան կտրվածքով հիվանդանոցային բուժում է ստանում մոտ 5000 հիվանդ, իսկ  արտահիվանդանոցային  այցելությունների  թիվը  հասնում   է  100.000-ի։

-Ի՞նչ բաժանմունքներ են գործում բուժկենտրոնում։

-”Արտաշատի բժշկական կենտրոն” ՓԲԸ-ում գործում են վերակենդանացման, վիրաբուժական,  թերապևտիկ,  մանկական, մանկաբարձա-գինեկոլոգիական, ինֆեկցիոն բաժանմունքները։ Վիրաբուժական  բաժանմունքում  ունենք   վնասվածքաբանական  և  ուռոլոգիական, իսկ  թերապևտիկ  բաժանմունքում` նյարդաբանական  մահճակալներ։

-Պատմեք խնդրում եմԱրտաշատի բժշկական կենտրոնՓԲԸ բուժանձնակազմի մասին։ Արդյո՞ք բժշկական կենտրոնը մասնագետների խնդիր ունի։

-Ընդհանուր աշխատակիցների թվաքանակը 576 է։ Փաստացի կատարվող աշխատանքների  համար մասնագետների պակաս չկա, սակայն հարցն այն է, որ շատ մասնագետներ տարեց են և շուտով նրանց փոխարինողների կարիք կլինի։ Երիտասարդ կադրեր եմ փնտրում, սակայն չեմ գտնում։

-Իսկ ո՞րն է երիտասարդ կադրերի պակասի պատճառը։ Արդյո՞ք բժիշկները բավարար չեն վարձատրվում։

-Ոչ, ասել, որ բավարար չեն վարձատրվում, սխալ կլինի։ Հիվանդանոցում  բոլորը վաստակում են իրենց աշխատանքին համարժեք։ Աշխատավարձերը կցածրանան, եթե աշխատանքի ծավալը պակասի, ինչի միտումը, դժբախտաբար, արդեն զգացվում է։ Իմ աշխատած ժամանակաշրջանում բժշկական կենտրոնի եկամուտները մոտ 30 տոկոսով աճել են, այսինքն` վճարովի ծառայություններն ավելացել են, սակայն երբ վերլուծում եմ` տեսնում եմ, որ փաստացի վճարովի հիվանդների քանակը քչացել է։ Հիվանդանոցը չունի նորմալ շենքային պայմաններ, ուստի վճարունակ հիվանդները, անկախ այն հանգամանքից, որ այստեղ կան լավ մասնագետներ, նախընտրում են բուժում ստանալ մայրաքաղաքում։ Ոչ  բավարար  վարձատրությունը պոլիկլինիկայի  աշխատակիցների  խնդիրն   է։

-Որքա՞ն դրամական միջոցներ են անհրաժեշտ բժշկական կենտրոնը բարեկարգելու համար։

-Մեր հաշվարկներով, անհրաժեշտ է շուրջ 300-400 միլիոն դրամ։

-Եթե ի վերջո հաջողվի վերանորոգել և բարեկարգել բժշկական կենտրոնը, ինչպիսի՞ն եք տեսնում այն մի քանի տարի անց։

 -Մեր հիմնական մասնաշենքում  կոմպակտ ձևով կտեղակայվեն բոլոր բաժանմունքները և կավելացվեն որոշ ծառայություններ, մասնավորապես` անոթային  և  լաբորասկոպիկ վիրաբուժության, մանկական վերակենդանացման և այլն։ Ունենք առանձին շենք, որտեղ այժմ վարակաբանական բաժանմունքն է, այն կօտարվի, ադմինիստրատիվ շենքն էլ կդառնա ծերունիների և հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց խնամքի կենտրոն։

-Բժշկական կենտրոնում գործում է նաև շտապ օգնության ծառայությունը։ Արդյո՞ք եղած միջոցները բավականացնում են որակյալ ծառայության մատուցման համար։

 -Նշենք, որ մեր շտապ օգնության ծառայությունը   լիարժեք  կատարում  է  պայմանագրով  նախատեսված  աշխատանքի   ծավալը։ Եթե շտապ օգնության կանչերի թիվն ավելացել է, նշանակում է, որ բնակչությունը վստահում  և գոհ   է մատուցված բուժսպասարկման որակից։ Ունենք   ընդամենը    երկու    ավտոմեքենա   և    խիստ  կարիք   ունենք   ևս    մեկ- երկու   ավտոմեքենայի։

-Հետաքրքիր է իմանալ, նախկինում ի՞նչ պաշտոն եք զբաղեցրել։

-Ես մասնագիտությամբ թերապևտ եմ։ 1980թ.-ից աշխատել եմ Արտաշատի կենտրոնական շրջանային հիվանդանոցում. սկզբում որպես շտապ օգնության, այնուհետև ընդունարանի բժիշկ, դրանից հետո եղել եմ թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր, գլխավոր բժշկի տեղակալ։ Երկու տարով գործուղվել եմ Ալժիր, վերադարձել և աշխատել որպես պոլիկլինիկայի ղեկավար։ 1994թ.-ից աշխատել եմ Միջազգային Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում։ 2005թ.-ին կրկին վերադարձել եմ Արտաշատ և աշխատել որպես “Արտաշատ պոլիկլինիկա” ՓԲԸ տնօրեն։ 2007թ.-ից պոլիկլինիկայի և հիվանդանոցի վերամիավորվելուց հետո աշխատել եմ որպես “Արտաշատի բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի փոխտնօրեն։

-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի բժիշկը։ Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում աշխատանքում։

 -Եթե մի գործ անում ես, պետք է լավ անես։ Ինչ վերաբերում է բժշկի հատկանիշներին, ապա նա պետք է առաջնորդվի մարդկանց միշտ օգնելու սկզբունքով։ Բժիշկը չպետք է լինի անտարբեր։

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

-Ամուսնացած եմ, ունեմ գեղեցկուհի կին, երկու դուստր և երեք թոռ։ Կինս մասնագիտությամբ բջջաբան է, դուստրերիցս մեկը մասնագիտությամբ ատամնաբույժ է, մյուսն ավարտել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ինձ երջանիկ եմ համարում ընտանիքում և շնորհակալ եմ Աստծուց ինձ նման ընտանիք պարգևելու համար։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...