12:04
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
…Խաղաղության ևս մեկ տարի

2014-03-26 10:51

«Դե Ֆակտո» N 93 (2014թ.)

Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

-Հարգելիպարոն Օհանյան, նախ շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի օրվա կապակցությամբ։

Առաջին հարցս կցանկանայի ուղղել Ձեզ` որպես ազգային բանակի ստեղծման ակունքներում կանգնած զինվորականի. Բանակի կազմավորումից 22 տարի անց արդյո՞ք մենք ունենք այն բավարար ձեռքբերումները, որոնց կարելի էր հասնել այսպիսի ժամանակահատվածում։

-Շնորհակալ եմ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց Ազգային բանակի օրվա կապակցությամբ։ 22 տարի առաջ էր, երբ մեր Ազգային բանակի ձևավորման տարիներին մենք մարտի էինք մեկնում առանց զինվորական համազգեստի, կրում էինք մեր քաղաքացիական կոշիկները և կռվում երբեմն շատ հին զենքերով։ Մեր հերոս քաջորդիները փորձում էին նմանվել մեր պապերին՝ զգեստավորվելով ազատագրական շարժումների մեր հայդուկների նման, և բոլորի կեցվածքի մեջ տեսնում էիր ազատագրական պայքարի իսկական մարտիկի։ Հենց այստեղ էր թաքնված մեր հետագա ձեռքբերումների գաղտնիքը։ Հենց այդ գենետիկ ուժն էր, որ արդար պայքարի մեջ էր համախմբում կադրային զինվորականին և ուսուցչին, դարբնին և գիտնականին։ Եվ այս հզոր միաձուլումից ծնվեցին մեր հաղթանակներն ու ձեռքբերումները։ Ես դրանք իսկապես կանվանեմ ձեռքբերումներ, քանի որ մենք պաշտպանական կառույցը ձևավորեցինք կադրային հմուտ զինվորականների կանոնադրական գիտելիքների և մարտադաշտում ստացվող հոգեբանական, միջանձնային հարաբերությունների կարգավորման, մարտական ոգու բարձրացմանն ուղղված կենդանի դասերից։ Այս հաղթական տրամադրությունը և ստեղծված իրավիճակը հիմք հանդիսացան, որպեսզի այդքան արագ կարողանանք ստեղծել կազմավորված, մրցունակ և մարտունակ ժամանակակից բանակ, որն իր մեջ ներառում է ռազմաարդյունաբերություն, հակաօդային պաշտպանություն, խաղաղապահական առաքելություն, ռազմական ուսումնական հաստատություններ, ավիացիոն ինստիտուտ և էլի շատ կարևոր կառույցներ։ Այսօր արդեն ստեղծվել են Հրամանատարաշտաբային դասընթացներ բարձրաստիճան սպաների համար, որոնք փոխարինելու են օտարերկրյա ռազմական ակադեմիաների դասընթացներին։ 

Բազմածավալ ձեռքբերումներով հանդերձ` մենք երբեք չենք բավարարվում այն ամենով, ինչին հասել ենք այսքան կարճ ժամանակահատվածում։ Ամեն օր աշխարհում տեղի են ունենում ռազմաարդյունաբերական, տեխնոլոգիական, գիտական և այլ ոլորտների նորամուծություններ, ուստի լինելով դինամիկ կառույց, մենք հստակ ծրագրով ամեն օր կատարում ենք զինված ուժերի զարգացման պլանի դրույթները։

-Ինչպիսի՞ն էր Ձեր գնահատմամբ 2013-ը ՀՀ զինված ուժերի համար։ Ի՞նչ գլխավոր ձեռքբերում կարող եք առանձնացնել։

-Հայոց բանակի հզորացմանն ուղղված մեր աշխատանքում մենք քիչ հաջողությունների չհասանք։ Բարձրացրինք մեր զորքերի մարտական պատրաստականության մակարդակը, լուրջ ձեռքբերումների հասանք կարգապահության ամրապնդման ոլորտում՝ գրանցելով արտակարգ պատահարների ցածր ցուցանիշ, առաջընթաց ունեցանք կոռուպցիայի դեմ պայքարում և այլն։ Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ լուրջ առաջընթաց է արձանագրվել զորքերի ծառայության անվտանգության ապահովման ասպարեզում, շարունակվել է առաջնագծի պաշտպանական կառույցների ամբողջացումը, կապի ու զորքերի կառավարման ավտոմատացված համակարգի կատարելագործումը, իրականացվում են արբանյակային կապի ներդրման նախապատրաստական աշխատանքներ, արմատավորվում է ազգային բանակի ավանդույթներն ու աշխարհընկալումը մեր առօրյայում ամրագրելու և կիրառելու գործելաոճը։ Զինված ուժերում բարեվարքության ամրապնդման նպատակով ներդրվել է “Բարեվարքությունը պաշտպանական համակարգերում” լավագույն օրինակների ժողովածուն և ինքնագնահատման գործիքը, որի արդյունքում բացահայտվել են բարեփոխումների նոր ուղիներ, որոնցից կարևորագույնը թերևս զորակոչի գործընթացի բարելավման և որակավորման հիմունքներով վիճակահանության մեթոդի ներդրումն էր, ինչի շնորհիվ համապետական նշանակության կարևորագույն միջոցառումը՝ զորակոչը, անցկացվելով թափանցիկ և դառնալով առավելագույնս արդար, վայելում է ժողովրդի լիակատար վստահությունը։ Սա չափազանց կարևոր է մեզ համար։ Հատկապես վերջինը ռազմավարական ձեռքբերում է։

Զգալի առաջընթաց է արձանագրվել կարգապահության ամրապնդման ուղղությամբ, և տքնաջան աշխատանքի արդյունքում հաջողվել է նշանակալիորեն նվազեցնել արտակարգ պատահարների քանակը։

Դժվարին ճանապարհին ձեռք բերած փորձառության արդյունքում ՀՀ զինված ուժերն անցած տարի ևս ոչ միայն հաջողությամբ կատարեցին իրենց գերխնդիրը` ապահովելով մեր սահմանների անձեռնմխելիությունն ու հայ ժողովրդին նվիրելով խաղաղության ևս մեկ տարի, այլև առաջընթացի հերթական քայլերն արձանագրեցին միջազգային խաղաղապահ ասպարեզում` մասնակցելով կայունության վերահաստատմանը Կոսովոյում ու Աֆղանստանում, այժմ քննարկվում է նույն շնորհակալ առաքելությունը Լիբանանում և այլ տարածաշրջաններում ևս իրականացնելու հնարավորությունը։

2014-ը` բանակ ներթափանցող փողոցային արատավոր բարքերի դեմ

պայքարի տարի։

-Ի՞նչ առաջնային խնդիրներ ունի ՊՆ-ն 2014-ի համար։

-2014 թվականը հայտարարել ենք բանակ ներթափանցող “փողոցային արատավոր բարքերի դեմ” պայքարի տարի։ Մեր բոլորի, համայն հայության բանակը բացասական երևույթներից մաքրելու և առավել անթերի դարձնելու համար մենք համագործակցության ենք հրավիրել դպրոցներին և բուհերին, հասարակական ու պետական մյուս կառույցներին՝ հատկապես իրավապահներին, ինչպես նաև յուրաքանչյուր գիտակից ու հայրենասեր, իր երկրով մտահոգ հայ մարդուն։ Եվ ուզում եմ նշել, որ այստեղ վերջնական արդյունքը միայն մերը չէ, այլ փոխշահավետ է ամբողջ հասարակության հարթակում։ Այսինքն` մեզ տրվածը մենք վերադարձնելու ենք բազմապատկված. պարտավո՛ր ենք վերադարձնելու բազմապատկված, որովհետև եթե դաստիարակված, հայրենասեր սերունդ ենք ընդունում մեր շարքերը, շատ ավելի է մեծանում մեր պատասխանատվության չափը՝ հասարակությանը տալու պիտանի անդամ, պիտանի ի’ր ուժով, ի’ր հայրենասիրությամբ, ի’ր սկզբունքայնությամբ, ի’ր կարգապահությամբ ու բարեկրթությամբ։ Մենք արդեն իսկ սկսել ենք համապատասխան ծրագրի իրականացումը, և ավելի քան վստահ եմ, որ համատեղ ուժերով լուրջ ձեռքբերումների ենք հասնելու։ Մեր տունը մեր ամրոցն է։

Իհարկե 2014թ. մենք կարևոր ծրագրեր ունենք նաև բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ, զինտեխնիկայով համալրելու, կադրային և այլ հարցերի մասով։ Մենք մեր գործով, ինչպես միշտ ցույց կտանք, թե ինչ երկարաժամկետ պլաններ ու ձեռքբերումներ ունենք։

-Պաշտպանության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում հայրենասիրական դաստիարակության խնդիրներին։ Այս համատեքստում իրականացվող ծրագրերի շրջանակներում ի՞նչ հասցրիք անել 2013-ի ընթացքում և ինչպիսի՞ անելիքներ ունեք 2014-ի համար։

-Անհատի և քաղաքացու ձևավորման գործում լուրջ դերակատարում ունեն բազմաթիվ գործոններ, որոնք համակարգելու և ուղղորդելու նպատակով էլ արդեն 4 տարի է, ինչ տեղի են ունենում աճող սերնդի հայրենասիրական դաստիարակությանը նվիրված միջգերատեսչական համաժողովներ։ Համապետական նշանակության այս հարցը լուծելու և մեր գերագույն նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համախմբել մեր բոլոր հնարավորությունները, ուժերն ու ցանկությունները։ Գտնվելով ոչ պատերազմի և ոչ խաղաղության իրավիճակում` բանակին պետք են մտավոր և ֆիզիկապես պատրաստված կադրեր, որպեսզի կարողանա դիմակայել աշխարհում տեղի ունեցող արմատական և շրջադարձային փոխակերպումներին, որոնք հաճախ վտանգում են նաև մեր ազգային ինքնությունը։

2013թ. իրականացրած 21 խոշոր ծրագրերին և 70 առավել թիրախային միջոցառումներին ներգավվել են 150 դպրոցների, քոլեջների և ուսումնարանների  5.800  մասնակիցներ։ “Մայր Հայաստան” զինվորական թանգարան և “Եռաբլուր” զինվորական պանթեոն են այցելել մայրաքաղաքի և մարզերի 120 ուսումնական հաստատությունների շուրջ 11.000 սաներ, առանձին ծրագրերով հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ կազմակերպվել  են միջոցառումներ` նվիրված Հայաստանի ազգային հերոսների, անվանի զորահրամանատարների ծննդյան տարեդարձերին և զոհված ազատամարտիկների հիշատակին։ Արդեն ավանդույթ են դարձել պետական տոներին, “Գիտելիքի օրը”, “Վերջին զանգի” արարողությանը պաշտպանության նախարարության և զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմի հանդիպումները դպրոցներում, որտեղ անցկացվում են նաև “Արիության դասեր”։       Մեր ուշադրությունից դուրս չի մնացել նախազորակոչային տարիքի և ոչ մի շերտ։ 2013թ. իմ հանձնարարությամբ հանրապետության 6 մանկատներ, որտեղ ընդգրկված են հիմնականում նախազորակոչային տարիքի սաներ, կցագրվել են զինված ուժերի զորամասերին։ Ներկայումս մանկատների հետ իրականացվում են առանձին ծրագրերով նախատեսված միջոցառումներ։

Պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է քննարկելու պատանիների և երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանն ուղղված գաղափարական հագեցվածությամբ և բովանդակային առումով թարմ ծրագրեր, հավանության դեպքում` նաև աջակցելու դրանց իրականացմանը։

2014թ. պաշտպանության նախարարությունը ավելացնելու է երիտասարդական  կառույցների և երիտասարդության հարցերով զբաղվող գերատեսչությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերը։

-Կխնդրեի անդրադառնալ նաև բանակում հոգևոր կրթության և եկեղեցու ներկայացուցչության առկայությանը։ Ի՞նչ է տալիս հոգևոր շփումը զինվորին ու որքանո՞վ է իրավիճակը փոխում զորամասի ներսում։

-Հայ եկեղեցում ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ։ 2007թ. հոկտեմբեր ամսից ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ է նշանակվել առաջին պատասխանատուն` գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Մեր բանակն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել հոգևոր խորհրդատու կամ սպասավոր, չնայած որ հայ հոգևորականը` մեկ ձեռքին Քրիստոսի հաղթական Սուրբ խաչը, իսկ մյուսին էլ սուրը, միշտ էլ եղել է հայ զինվորի և զորականի կողքին հատկապես պատերազմների ժամանակ։

Հոգևոր ծառայության հիմնական խնդիրներն են ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Աստվածաշնչին, Քրիստոսի Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին, դաստիարակել զինծառայողներին քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով։  Բանակի հոգևոր առաջնորդությունը սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար։

Հոգևոր ծառայողները դասախոսություններ են կարդում, զինվորների հետ զրույցներ են անցկացնում, յուրաքանչյուր դիրքափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում են իրենց խոսքով և ճանապարհում աղոթքով, այցելում են նաև սահմանապահ ուղեկալներ, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ, կատարում են Եկեղեցու խորհուրդները, ժամերգություններ և եկեղեցական այլ արարողություններ։ Հայ զինվորները հոգևոր զարթոնք են ապրում և առավել մոտենում Մայր եկեղեցու վարդապետությանը։

Ներկայում ավելի քան 40 հոգևորական է ծառայում ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության կառույցներում, որոնց թվում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ, սարկավագներ։

Բանակի հոգևոր ծառայությունը սերտորեն համագործակցում է սպայակազմի հետ, երբեմն դեպքեր են լինում, որ զինծառայողն իր մտահոգությամբ կիսվում է ոչ թե համածառայակիցների հետ, այլ հենց հոգևոր ծառայողի հետ՝ նրանից առավել խելամիտ քայլի դիմելու խորհրդի ակնկալիքով։

Մեր պայքարը խաղաղության պայքար էր, և այժմ էլ մեր բանակի առաքելությունը մեր խաղաղության պահպանումն է։

-Ասում են` հաղթելը դժվար է, այդ հաղթանակը պահելն` առավել դժվար։ Գրեթե ամեն օր թշնամին խախտում է հրադադարի ռեժիմը, իսկ հայկական կողմը համբերատար և արժանի հակահարված է տալիս այս հիստերիային` պահպանելով ու պաշտպանելով իր հաղթանակը։ Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում, լուծման ինչպիսի՞ ուղիներ եք տեսնում։

-Հայկական բանակն արդեն  20 տարուց ավել ամեն օր ապացուցում է իր մարտունակությունը։ Աշխարհում քիչ բանակներ կան, որոնց զորքերի զգալի մասը մշտապես գտնվում է խրամատներում։ Իհարկե դժվար է, հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմն անկանոն կրակներով և անտրամաբանական ռեժիմով։ Այո, շատ ճիշտ նկատեցիք՝ …պահպանելով մեր հաղթանակը։ Մեր պայքարը խաղաղության պայքար էր, և այժմ էլ մեր բանակի առաքելությունը մեր խաղաղության պահպանումն է։ Մենք լավ գիտենք պատերազմում և առաջնագծում ունեցած մեր կորուստների գինը, և հենց դա է մեզ ստիպում հակառակորդին պարտադրել հարգել խաղաղության պահպանման կանոնները։ Դուք ինքներդ ականատես եղաք վերջին դեպքերին, երբ մեր զինվորներն իրենց բարձր պատրաստականության և ոգու շնորհիվ գրագետ հակահարված տվեցին հակառակորդի, այսպես կոչված, էլիտար ստորաբաժանումներին։ Իրավիճակը կառավարելու միակ ամենամեծ հաջողությունն այս պահին և, ընդհանրապես, մեկն է՝ ապրել հաղթանակած և հաղթանակող բանակ ունեցող երկրի քաղաքացի լինելու հպարտությամբ։

-”Մարդկային կորուստները մեր խոցելի կողմն են։ Յուրաքանչյուր զինվորի մահով սասանվում է պետությունը, դժբախտանում են ընտանիքներ”. սրանք Ձեր խոսքերն են, պարոն Օհանյան։ Ինչպիսի՞ ծրագրեր և միջոցառումներ եք նախատեսել 2014-ի համար բանակի ներսում զինծառայության ընթացքում կատարվող նման դժբախտ դեպքերը նվազագույնի հասցնելու համար։

-2013 թվականի ցուցանիշներն ամփոփելիս մենք եկանք այն եզրակացության, որ բանակում տեղի ունեցած դժբախտ պատահարների զգալի մասը կազմում են միջանձնային հարաբերությունները։ Այլ պատճառներով եղած դեպքերը հասցրել ենք ընդունելի նվազագույնի` դրանց ուղղությամբ զգալի աշխատանք տանելով։

2014 թվականի համար մշակվել են հստակ ծրագրեր, որոնք ուղղված են կոնկրետ թիրախային խմբերի հետ աշխատանքների խորացմանը՝ հատկապես զորամասերում գործող հոգեբանների միջոցով։ Արդեն նշեցի, որ 2014 թվականը հայտարարվել է փողոցային բարքերի դեմ պայքարի տարի և պետք է նախևառաջ այստեղ հասնենք լավ արդյունքների։ Շատ կարևոր է մեր երիտասարդներին մինչև բանակ գալը ճիշտ դաստիարակելը, հատկապես կարևոր է արժեքային համակարգի ճիշտ ձևավորումը, օրինակ` այսօր հեռուստատեսությունն այս առումով մեծ բացթողումներ ունի։ Մեր երիտասարդներին հարկավոր է ավելի հայրենասեր դաստիարակել։ Սակայն մենք այստեղ ողջ պատասխանատվությունը կրկին մեր վրա ենք վերցնում։       

Հայկական բանակն աշխարհում այսօր ունի բարձր համարում և իրավամբ վաստակել է մեծ վստահություն, ինչը թույլ է տալիս տարեցտարի խորացող միջազգային ռազմական համագործակցության միջոցով ամրապնդելու մեր անվտանգության միջավայրը։

-Խնդրում եմ անդրադառնալ նաև ՀՀ ԶՈՒ միջազգային համագործակցությանը։ Համագործակցության ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսված 2014-ի համար։

-Հայկական բանակն աշխարհում այսօր ունի բարձր համարում և իրավամբ վաստակել է մեծ վստահություն, ինչը թույլ է տալիս տարեցտարի խորացող միջազգային ռազմական համագործակցության միջոցով ամրապնդելու մեր անվտանգության միջավայրը։ Միաժամանակ ընդլայնվում են համագործակցության շրջանակները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, ինչը բնութագրվում է նաև իրականացվող ծրագրերի ավելացմամբ ու նրանց բովանդակային հարստացմամբ։ 2013 թվականին առավել ամրապնդվեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, ինչի հերթական վկայությունն էին ռազմաքաղաքական ղեկավարների փոխայցելությունները, ինչպես նաև ձեռք բերված մի շարք կարևոր պայմանավորվածությունները։ Հաջողությամբ իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը ինչպես նահանգային գործընկերության ծրագրով, այնպես էլ եվրոպական հրամանատարության հետ, որին զուգընթաց՝ ամերիկյան կողմից խորհրդատվական աջակցություն ենք ստանում պաշտպանական կրթության, արհեստավարժ սերժանտական կազմի, կադրերի կառավարման, փոխգործունակ կարողությունների և հումանիտար ականազերծման ասպարեզներում։ 2014 թվականի համար նոր ծրագրեր են կյանքի կոչվում Հունաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի, Լիտվայի, Լեհաստանի և Կիպրոսի հետ, նոր ոլորտներ են մատնանշվել Ղազախստանի, Չեխիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Սլովակիայի հետ հարաբերություններում։ Արդեն նշեցի խաղաղարար առաքելությունների մասին ևս, որոնք էլ այդ համատեքստում են։

- Եթե նախկինում ՀՀ ԶՈՒ սպայական անձնակազմը ակադեմիական կրթություն ստանում էր առավելապես ՌԴ-ում, ապա ինչպիսի՞ն է պատկերն այսօր, որքանո՞վ և դեպի ո՞ր երկրներ է ընդլայնվել այդ աշխարհագրությունը։

- Հայոց բանակի պատմության մեջ առաջին անգամ մեկնարկեցին զինված ուժերի ավագ սպայական հրամանատարաշտաբային դասընթացները, որոնք ապահովելու են սպայակազմի հետբուհական կրթությունը օպերատիվ-ռազմավարական մակարդակում և նրանց որակավորումը` որպես ռազմական կառավարման մագիստրոսների։ Սակայն դա չի նշանակում, որ մեր անձնակազմը չի մեկնում ՌԴ կամ այլ երկրներ կատարելագործելու իր գիտելիքները։ Վերապատրաստման առումով, պետք է նշեմ, որ ունենք երկար տարիների պայմանագրեր ՆԱՏՕ-ի անդամ երկրների և այլ պետությունների ռազմական գերատեսչությունների հետ, որով էլ իրականացվում է սպայական անձնակազմի վերապատրաստման շարունակական գործընթացը։ Ռազմական կրթությունն այնպիսի ոլորտ է, որտեղ միշտ հարկավոր է ուսումնասիրել միջազգային փորձը, հատկապես աշխարհի հզորների։ Ռազմական ոլորտում հատկապես իրական հաջողության գաղտնիքը մշտական կատարելագործումն է։ Հայ զինվորականը միշտ էլ այս առումով աչքի է ընկել։

-Ձեր կանխատեսմամբ` մո՞տ է արդյոք այն ժամանակը, երբ Հայաստանում պարտադրի զինծառայությունը կարող է իր տեղը զիջել  պրոֆեսիոնալ բանակին։

-Մեր նման երկրները երկար ժամանակ ստիպված են լինելու ունենալ խառը համալրման սկզբունք։ Ժամանակակից պատերազմներն, իհարկե, ստիպում են շատ մասնագիտությունների համար ունենալ արհեստավարժ զինվորականներ և այդ գործը վստահել պայմանագրայիններին, սակայն դա չի կարող լինել բոլոր ոլորտներում և ցանկացած մասնագիտության գծով։ Մոտ ապագայում դեռևս կշարունակենք պարտադիր զորակոչը՝ միաժամանակ ավելացնելով արհեստավարժ զինվորական տարրը։

Պատասխանատվությունն անկախ քեզնից դառնում է քո կյանքի հիմնական սկզբունքը հենց այն պահից, երբ ոտք ես դնում զինված ուժեր։

-Պարոն նախարար, դժվա՞ր չէ արդյոք հայրենիքի անվտանգության ապահովման ու պաշտպանության ամենապատվաբեր և միաժամանակ ամենադժվարին ու պատասխանատու գործը սեփական ուսերին կրելը։

-Դա մեծ պատասխանատվություն է և պատիվ։ Ես միայնակ չեմ կրում այս հսկայական պատասխանատվությունը, ինձ հետ առաջին հերթին սահմանին կանգնած հերոս պատանիներն են, ովքեր իրենց սխրանքներով և ծառայության պարտաճանաչ կատարմամբ ուժ ու նոր եռանդ են հաղորդում բոլորիս։ Միայն սահմանագծում կանգնած մարդը կարող է հասկանալ, թե իսկապես ինչ պատվաբեր գործ է կատարում։ Պատասխանատվությունն անկախ քեզնից դառնում է քո կյանքի հիմնական սկզբունքը հենց այն պահից, երբ ոտք ես դնում զինված ուժեր։ Առանց դրա հնարավոր չէ լինել զինվորական, քանի որ ինչպես առաջնագծում կանգնող զինվորը, այնպես էլ ես, ծառայում ենք և պատասխանատվություն կրում մեր հայրենիքի անվտանգության համար։

- Պատերազմի բովով անցած մարդու համար կա՞ արդյոք մի բան, որից նա վախենում է։

 -Վախենում եմ ուշանալ…

-Ի՞նչն եք կարևորում մարդու մեջ։

 -Մարդ լինելը։

-Ի՞նչն է Ձեզ համար անհանդուրժելի և չեք ների երբեք։

-Ռազմադաշտը լքելը, ընկերոջը միայնակ թողնելը…

-Աշխատանքից դուրս, ինչպիսի՞ նախասիրություններ ունեք, և արդյո՞ք ժամանակ մնում է նման բաների համար։

-Շատ եմ սիրում կարդալ, կարողանում եմ երբեմն ժամանակ գտնել, ընթերցել հատկապես մասնագիտական գրականություն տեղեկատվական ժամանակաշրջանի պատերազմների վարման վերաբերյալ։ Ժամանակ գտնում եմ նաև գրելու զինվորականի կերպարի մասին։ Զբաղվում եմ սպորտով, լողավազան այցելելն օգնում է ջրին հանձնել հոգնածությունը և նոր եռանդով շարունակել աշխատանքը։

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին և հայրենակիցներին։

 -Մենք շատ մեծ ջանքերի, զոհողությունների ու անդառնալի կորուստների գնով ենք մեզ պարտադրված պատերազմում թշնամուն հեռացրել Հայաստանի շեներից։ Մենք անչափ թանկ գին ենք վճարել այս հաղթական խաղաղության համար, որի հաստատման 20-րդ տարեդարձը կլրանա մայիս ամսին, և Հայկական բանակի ողջ անձնակազմի անունից հավաստիացնում եմ, որ այլևս ոչ ոքի թույլ չենք տալու խախտել մեր ժողովրդի խաղաղ արարումը։

Հայկական բանակի տոնի առթիվ վերստին շնորհավորում եմ բոլորիս, բոլոր զինծառայողներին և համայն հայությանը։

Հավերժ հիշատակ բանակաշինության տարիներին զոհված զինծառայողներին։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...