04:27
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
“Սմակն” իմ փոքրիկ աշխարհն է, որը ես փորձում եմ պահել բարի, մաքուր, հաճելի ու հետաքրքիր բոլոր այցելուներիս ու աշխատակիցներիս համար

2014-03-20 11:23

«Դե Ֆակտո» N 93 (2014թ.)

Կարինե Բադալյան

Մաշտոցի 41 հասցեում գործող “Սմակ Սալատ” խանութ-սրճարանի հասցեն երևանցիները լավ գիտեն։ “Սմակի” դռների ներսում անուշաբույր համեմունքների, ապուրների և աղցանների մի ամբողջ արվեստ է ստեղծել Կարինե Բադալյանը, ով արդեն ավելի քան  15 տարի է երևանցիներին հրամցնում է հետաքրքիր և ինքնատիպ աղցաններ, ուտեստներ, որոնք ուրիշ ոչ մի տեղ այս նույն համն ու ախորժելիությունը չունեն։ Բայց խոհանոցի հանդեպ սերը, որ նրա մեջ սերմանել էր տատիկը, պետք է արթնանար շատ ավելի ուշ. գեղասահքի սպորտի վարպետի թեկնածու դառնալուց, լեզվաբան ուսուցչուհի և բուհական դասախոս աշխատելուց հետո միայն ճակատագրի բերումով նա որոշեց զբաղվել խոհարարական արվեստով։ Նա ոչ միայն լավ պատրաստում է, այլ նաև լավ կառավարիչ է, նա անձամբ տնօրինում է իր բիզնեսը, վարում բոլոր գործերը։ Իսկ թե ինչպես է նա  համատեղում իր մեջ իր բոլոր մասնագիտությունները և արդյոք մեկը մյուսին չեն խանգարում, պարզեցինք հենց նրա հետ զրույցում։

- Վաղ առավոտից ես սրճարանում եմ, նախ կարգավորում եմ օրվա անելիքները, ապա մտնում եմ խոհանոց, որտեղ մոռանում եմ մնացած ամեն ինչի մասին, ես պատրաստում եմ, համեմում ուտեստները, մի քիչ կախարդում /ժպտում է/, մշտապես նոր ու թարմ համադրություններ հորինում… Ես ինձ լիակատար երջանիկ եմ զգում։ “Սմակն” իմ փոքրիկ աշխարհն է, որը ես փորձում եմ պահել բարի, մաքուր, հաճելի ու հետաքրքիր բոլոր այցելուներիս ու աշխատակիցներիս համար։

Իսկ մյուս մասնագիտություններս ինձ օգնում են։ Գիտեք, ես հոգով մանկավարժ եմ, երևի թե սա է պատճառը, որ խոհանոցում ինչ-որ բան պատրաստելուն զուգահեռ` իմ աշխատակիցների հետ ավելի շատ խոսում եմ կյանքի, մարդակային հարաբերությունների, բնավորությունների մասին, քան ուտելիքի։ Այս խոսակցությունների մեջ է ծնվում մարդուն ավելի լավ ճանաչելու, կյանքում ավելի հմտանալու ունակությունը, ես սովորեցնում եմ նրանց սիրել, լինել ավելի լավ, ավելի բարի։ Այս ամենի արդյունքում ես ունեմ ամուր և կուռ կոլեկտիվ, հավատարիմ աշխատակիցներ, ովքեր ճանաչում և սիրում են ինձ, ընդունում են իմ դիտողությունները` աշխատանքի և խորհուրդները կյանքի վերաբերյալ։ Իսկ սպորտի հանդեպ սերն օգնում է ինձ մշտապես վարել առողջ ապրելակերպ, զբաղվել սպորտով և երիտասարդ մնալ հոգով և մարմնով։

-Տիկին Բադալյան, ստիպված եմ կտրել Ձեզ ձեր աշխարհից և տալ բոլորիս հուզող մի սոցիալական հարց, որն այսօր մեր հանրության ուշադրության կենտրոնում է և թեժ քննարկումների ալիք է բարձրացրել։ Իբրև գործատու` Դուք ինչպե՞ս եք գնահատում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեր երկրում։

-Իբրև գաղափար և տեսություն, կուտակային կենսաթոշակային համակարգն, անշուշտ, հիանալի է. պետության համար շատ կարևոր և ահրաժեշտ ներդրում է, և բոլոր առաջադեմ երկրներն էլ անցել են բարեփոխումների այս ճանապարհով։ Իբրև քաղաքացի, ես իհարկե կողմ եմ դրան, սակայն իբրև մայր, ով ունի երիտասարդ որդի, շատ լավ հասկանում եմ, թե որքան դժվար է երիտասարդների համար այսօր հրաժարվել իր գումարի մի մասից տարիներ հետո ապահով ծերություն և կենսաթոշակ ունենալու ակնկալիքով։ Բիզնեսում ես չեմ դատում իբրև բիզնեսմեն, սա գուցե երբեմն ինձ խանգարում է, սակայն իմ մեջ արթուն ու մաքուր է մնում իմ խիղճը։ Ուստի որպես գործատու` ես պատրաստվում եմ փոխհատուցել այդ տոկոսները, իսկ որպես ՀՀ քաղաքացի, պարզապես ուզում եմ հավատալ, որ այս համակարգը կարդարացնի իրեն և մարդիկ չեն հիասթափվի։

-Տիկին Բադալյան, ձեր հայրը ԽՍՀՄ տարիներին եղել է հայտնի դիվանագիտական ծառայող։ Դուք ունեք նրա օրինակը, ունեք նաև կառավարելու և ղեկավարելու սեփական փորձը։ Երբևէ մտածե՞լ եք քաղաքականությամբ զբաղվելու մասին։

-Գիտեք, ես մեծացել եմ հայրենիքից դուրս, բայց ողջ կյանքս լցված է եղել “ՀԱՅ” ու “ՀԱՅԱՍՏԱՆ” գաղափարներով և հոգուս խորքում միշտ էլ ցանկացել եմ մի մեծ բան անել հայրենիքիս համար։ Հենց այս մղումներից ելնելով` երբեմն լինում են պահեր, որ մեծ ցանկություն եմ ունենում ներգրավվելու քաղաքականության մեջ, որևէ բան անելու ժողովրդի, հայրենիքիս համար, սակայն քաղաքականությունը միայն վեհ գաղափարների իրագործում չէ, այն շատ բարդ, երբեմն կեղտոտ ճանապարհ է, ուստի և հետ եմ կանգնում այդ որոշումից` մնալով իմ փոքրիկ աշխարհում, իմ կոլեկտիվի հետ` փորձելով գոնե նրանց համար ապահովել բարվոք պայմաններ, պատշաճ աշխատանք։ /Ժպտում է/

-Ո՞րն է ձեր բաղադրատոմսերի գաղտնիքը, այն յուրահատուկ համեմունքը, որն այդքան սիրելի է դարձնումՍմակիուտեստները բազմաթիվ հաճախորդների համար։

-Համեմունքներն ամեն անգամ տարբեր բույր կարող են տալ իմ ուտեստներին, սակայն դրանք միշտ համեղ են ու ախորժելի ամենակարևոր բաղադրիչի` անսահման սիրո շնորհիվ, որով ես շաղախում եմ պատրաստած յուրաքանչյուր ուտեստ։ Իսկ, ընդհանրապես “Սմակը” սիրելի ու հարազատ է դառնում մեր հաճախորդների համար, քանի որ այստեղ նրանք ոչ միայն համեղ սնվում են, այլ նաև նրանց միշտ սպասում են սիրով, ժպիտով, գրկաբաց, յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցմամբ։ Ահա և բացահայտեցինք մեր “գաղտնիքները”։ /Ժպտում է/

-Օրվա մեծ մասն անց եք կացնումՍմակում”, ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը, անձնական կյանքը, ընտանիքը։

-Իմ օրվա մեծ մասն անցնում է աշխատավայրում, ես ապրում եմ իմ սրճարանով, սա մոլորակի ԻՄ ԱՆԿՅՈՒՆՆ է, որտեղ ես կարող եմ արարել, ստեղծագործել, որտեղ ես լիակատար ԵՍ ԵՄ։  Ես երկու զավակ ունեմ, երկուսն էլ հասուն մարդիկ են, ամուսնացած, ապրում են իրենց կյանքով. դուստրս արվեստագետ է, ապրում է Բելգիայում, ուր մեկնեց սովորելու, և այնպես ստացվեց, որ մնաց աշխատելու, ապա նաև ամուսնացավ։ Ամուսնու հետ համատեղ ստեղծել են գրաֆիկական դիզայնի ստուդիա, որը բավականին հայտնի է իրենց տեղական շուկայում։ Լուրջ, կայացած, բավականին խելացի դուստր ունեմ, որով շատ հպարտանում եմ։ Որդիս արդեն զավակ ունի։ Թոռնիկս իմ ուրախությունն է, հիմնականում տեսնվում ենք հանգստյան օրերին, երբեմն ինձ հյուր են գալիս աշխատավայր, ինչն ինձ անչափ ուրախացնում է։ Ես երջանիկ մայր եմ, քանի որ տեսնում եմ իմ դաստիարակության բարի պտուղները։ Երեխաներիս միշտ վերաբերվել եմ ինչպես հավասարը հավասարի, ոչ որպես ծնող ու զավակ, այլ որպես ընկերներ։ Դաստիարակության այս մեթոդը ժառանգել եմ հորիցս, ով իմ լավագույն ընկերն է եղել ու խորհրդատուն։ Կարծում եմ, որ միայն այս ձևով կարող ես երեխայի մոտ լիակատար վստահություն վաստակել, անկեղծություն ակնկալել նրանից։ Հուսամ` իմ զավակներն էլ իրենց երեխաներին նույն կերպ կմեծացնեն։

-Մեր նախորդ զրույցում Դուք բավականին յուրահատուկ կերպով շնորհավորեցիք կանանց միամսյակը` նշելով, որ պետք է տարվա յուրաքանչյուր օրը կնոջ համար այնքան հետաքրքիր լինի, սիրով և հոգատարությամբ պարուրված, որ նա նույնիսկ չնկատի, որ եկել է մարտի 8-ըԱնցել է մեկ տարի

-Եվ ես չեմ փոխել իմ տեսակետը, ես դարձյալ մտածում եմ,  որ չի կարելի տարվա մեջ միայն մեկ օր ցույց տալ կնոջը, որ դա իր օրն է։ Այո, պետք է տարվա յուրաքանչյուր օրը կնոջ համար այնքան հետաքրքիր ու լեցուն լինի, որ նա նույնիսկ չնկատի, որ եկել է մարտի 8-ը։ Պետք է անկախ ամեն ինչից, միշտ և բոլոր հանգամանքներում մեծարել, սիրել կնոջը, օրհնել նրան, քանի որ կինն է կյանքի շարժիչ ուժը, սիրո, երջանկության աղբյուրը։ Կինն իրեն պետք է միշտ գնահատված զգա… Միշտ։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...