12:21
07/16/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
“ՀՈԳՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԵՄ ՈՒՆԵՆՈՒՄ”.

2014-01-20 12:18

 «Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

ասում է ԱԺ պատգամավոր, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ձեզ ենք ներկայացնում Մարտին Սարգսյանի հարցազրույցըԴե Ֆակտոամսագրին։

-Պարո՛ն Սարգսյան, երկարամյա քաղաքական գործունեության փորձը և մի քանի գումարման ԱԺ-ում ներկայացված լինելը թույլ է տալիս համեմատել 5-րդ գումարման խորհրդարանը նախորդների հետ։ Ո՞րն է այս գումարման ԱԺ-ի տարբերությունը և առավելությունը, Ձեր կարծիքով։

-Երկարամյան մի քիչ չափազանցություն է, քանի որ ես ընդամենը 15 տարի է, որ Ազգային ժողովի պատգամավոր եմ։ Ինձանից ավելի երկար և արդյունավետ խորհրդարանական աշխատանքի փորձ ունեցող շատ պատգամավորներ կան։ Ինչևէ, պատասխանեմ Ձեր հարցին։ Վերջին տարիներին Ազգային ժողովը, անկասկած, առավել կայացած և հասուն է դարձել, համալրվել նոր, երիտասարդ, գրագետ ու ակտիվ, ժողովրդի հիմնախնդիրներով մտահոգ պատգամավորներով։ Ճիշտ է, ամենամեծ խմբակցությունը հանրապետականն է, բայց  խորհրդարանում, ինչպես ասում են, գունավորում մտցնողը, այն բազմաբևեռ դարձնողը ընդդիմությունն է, որի պատգամավորները, չնայած իրենց փոքր քանակին, ակտիվ են, բարձրացնում են հարցեր՝ ուղղված ժողովրդի սոցիալական  վիճակի բարելավմանն ու երկրում կոռուպցիայի նվազեցմանը, արտագաղթի կասեցմանը։

-Անդրադառնանք ԱԺ-ում շրջանառության մեջ դրված և արդեն իսկ ընդունված վերջին որոշումներին։ Ձեր գնահատականը, խնդրեմ, հանրության և ընդդիմադիր պատգամավորների անհանգստությունն ու դժգոհությունը առաջացրած օրենքներին /գործազրկության մասին օրենքի փոփոխությանը, աշխատավարձերի բարձրացման /պետպաշտոնյաների/ մասին օրենքին, կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման մասին օրենքին ու ԼՂՀ ճանաչման հարցին/։

-Ասեմ Ձեզ, աշխարհում չկա այնպիսի երկրի խորհրդարան, որտեղ իշխանությունների կատարած քայլերը ծափահարությամբ ընդունվեն ընդդիմության կողմից։ Այդ դեպքում էլ ի՞նչ ընդդիմություն։ Վաղը, եթե մենք տեղերով փոխվենք, էլի նույնն է լինելու, մենք ենք հայտնվելու իշխանություններին քննադատողի դերում։ Տեսեք, կառավարությունը որոշում ընդունեց մի շարք պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, խորհրդարանն էլ օրենքի ուժ տվեց այդ որոշմանը։ Վա՞տ է։ Հասկանում եմ, շատ ավելի լավ կլիներ, եթե երկրի բյուջեն մեկ անգամից ի զորու լիներ պետական բոլոր ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու։ Չեմ կասկածում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում էլ կբարձրացվեն պետբյուջեից աշխատավարձ ստացող մյուս աշխատողների աշխատավարձերը։ Կամ, վերցնենք կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման հարցի շահարկումը։ Թոշակները բարձրացնելու ուրի՞շ ձև գիտի ընդդիմությունը, թող ներկայացնի, այդ ձևին համաձայնություն տանք։ Էլ ինչո՞ւ է տեղի-անտեղի բարձրաձայնում թոշակների անբավարարության  հարցը։ Ինչ վերաբերում է Արցախի ճանաչման հարցին, ես հարց կտայի ընդդիմությանն ու այդ հարցով մտահոգ մեր մյուս հայրենակիցներին. ո՞վ է մեզանում առավել շատ շահագրգռված այդ հարցում. երկրի այսօրվա նախագա՞հը, ով իր փոքր հայրենիքի ազատագրմանը նվիրել է իր կյանքի մեծ մասը, թե՞ մեզանից որևէ մեկը։ Հասկանալի չէ՞, որ առայժմ, քանի դեռ Արցախի հարցում բանակցային գործընթաց է գնում, մեր կողմից միակողմանիորեն ԼՂ ճանաչումը սխալ քայլ կլինի։

- Մաքսային միությանը անդամակցելու սեպտեմբերի 3-ի համաձայնագրից և Վիլնյուսյան գագաթնաժողովում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր չստորագրելուց հետո, Հայաստան-Մաքսային միություն և Հայաստան-Եվրոպական միություն զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում։

 -Հայտնի է, որ սեպտեմբերի 3-ին մեր երկրի նախագահը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ցանկություն հայտնեց անդամակցելու ձևավորվելիք Մաքսային միությանը՝ միաժամանակ շարունակելով բանակցությունները Եվրամիության հետ ասոցացման ծրագրի շուրջ։ Չանդամակցել Մաքսային միությանը, մեր կողմից ճակատագրական սխալ կլիներ, քանի որ տասնյակ տարիներ նախկին ԽՍՀՄ  հանրապետություններն ինտեգրվել են իրար. գործարարները ծանոթ են միմյանց և այդ երկրի արդյունաբերությանը, սպառողներն էլ` այդ երկրների ապրանքատեսակներին։ Բացի այդ` Հայաստանի ապրանքաշրջանառության գրեթե կեսն իրագործվում է Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի հետ, իսկ ՀՀ տնտեսության մեջ հիմնական ներդրողը Ռուսաստանն է, Ռուսաստանն է նաև Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք ձեռնարկությունների ու հանրային ծառայությունների սեփականատերը, Հայաստանում արտադրված ապրանքների հիմնական ներմուծողը։ Հայաստան մտնող տրանսֆերտների մեծ մասը, տարեկան շուրջ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար, գալիս է Ռուսաստանից։ Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն-Մաքսային միություն առնչություններին, ապա, ինչպես օրեր առաջ հայտարարեց մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը. “Հայաստանը հաստատակամ է առաջ տանելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը` այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը”։ Ավելի դիպուկ չես բնութագրի։ Ինչ վերաբերում է Եվրոպայի արձագանքին, ես այդ արձագանքը համարում եմ բնական և սպասված։ Ես կուզենայի, որ Եվրոպան Ասոցացման համաձայնագրի համար Հայաստանի առջև դուռը մեկընդմիշտ ամուր չփակի, վիրավորական կեցվածք չընդունի, խորանա մանրամասների մեջ, տեսնի այսբերգի նաև ջրի մեջ խորասուզված մասն ու ըմբռնումով մոտենա մեր  երկրի ընտրությանը։ Ասոցացման համաձայնագիրը այն մասով, որով հնարավոր է, ճիշտ կլինի, որ ստորագրվի։ Սա անհրաժեշտ է և՛ մեր պետությանը, և՛, կարծում եմ, Եվրոպային։ Մեր երկրի ղեկավարը հենց այդ ուղղությամբ էլ շարժվում է։

-ՏԻՄ ինստիտուտների ձևավորումն ու կայացումը տարիներ շարունակ ՀՀ կառավարության ծրագրերում առաջնահերթություն էր համարվում։ Դուք` իբրև այդ գործունեության մեջ ակտիվ դերակատարություն ունեցող գործիչ, ինչ եք կարծում, որքանո՞վ է այսօր մեր երկրում կայացել և ինքնուրույնացել ՏԻՄ ինստիտուտը։

-Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման ու աշխատանքների կազմակերպման գործում դեռևս բարեփոխման անհրաժեշտություն կա։ Ըստ իս, ընտրովի պետք է դառնան նաև մարզպետները։ Ինչո՞վ բացատրել այն, որ մեր երկրի, այսպես ասենք, ամենախոշոր համայնքի՝ Երևանի քաղաքապետն ընտրվում է, Երևանի վարչական շրջանների ղեկավարները՝ նշանակվում։ Գյուղապետն ընտրվում է, բայց ենթակա է կառավարության կողմից նշանակված մարզպետին։ Այս խառնիփնթոր վիճակը որոշակի դժվարություններ է ստեղծում ՏԻՄ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու գործում։ ՏԻՄ ինստիտուտները ինքնուրույնացնելու և լիովին կայացնելու համար անհրաժեշտ է վերից-վար բոլոր օղակներում մտցնել ընտրությունների համակարգը։

-Դուք նաևՇենգավիթբարեգործական հիմնադրամի հիմնադիրն եք։ Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել բարեգործական հիմնադրամ։ Ո՞ր խնդիրների լուծմանն են ուղղվում հիմնադրամի միջոցները։ Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար։

- Ես ծնվել, մեծացել եմ Երևանի, ինչպես ասում են, բանվորական թաղամասում՝ Շենգավիթում, բանվորի ընտանիքում։ Գաղտնիք չէ, որ թաղամասի բնակչության սոցիալական վիճակը դեռ էն գլխից՝ խորհրդային կարգերի ժամանակներից, բարվոք չէր։ Վիճակն առավել վատթարացավ Ղարաբաղի ազատագրական պատերազմի ընթացքում և դրանից  հետո, երբ շատ ընտանիքների կերակրողները մեզ պարտադրված պատերազմի դաշտում էին, կամ էլ զոհվել էին։ Ի դեպ, Շենգավիթը  Հայաստանի համայնքների մեջ ամենամեծ թվով ազատամարտիկներն ու զինվորներն է ուղարկել ռազմադաշտ, նաև ամենամեծ թվով զոհերն է տվել՝  230 մարդ։ Ահա, այս ծանր “բեռով”, համայնքի հաշվեհամարում չունենալով գեթ մեկ դրամ, 1998-ին ես ընտրվեցի Շենգավիթի թաղապետ։ Բնակչության անապահով խավի մի մասին անձամբ ճանաչում էի, նախկին աշխատանքում կարելվույնս աջակից էի եղել։ Ինձ վստահելով թաղապետի պաշտոնը, բնականաբար, մարդիկ ինձանից նաև օգնություն, աջակցություն էին ակնկալում։ Եվ ահա, իմ աշխատանքային օրվա մեծ մասն անցնում էր օգնություն հայցող բնակիչներին ընդունել-ճանապարհելով։ Ինչպես ասում են, ժամ, պատարագ չկար։ Գալիս էին առավոտյան ժամը 9-ից մինչև ուշ երեկո։ Համայնքապետի բուն պարտականությունները կատարելու համար քիչ ժամանակ էր մնում։ Եվ ահա, որոշվեց ստեղծել հիմնադրամ և այդ հիմնադրամի կողմից հավաքված միջոցներով օգնել սոցիալապես անապահով բնակիչներին, զոհված կամ հաշմանդամ ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին։ Կարծում եմ հիմնադրամն արդարացրեց իր գոյությունը և այսօր էլ հաջողությամբ շարունակում է գործել։ Օգտվելով առիթից կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր այն գործարարներին, անհատներին, ովքեր սիրահոժար կերպով իրենց անշահախնդիր ներդրումն են բերել և շարունակում են բերել հիմնադրամի աշխատանքները կազմակերպելու գործում։

-2002-ից ընտրվել, ապա վերընտրվել եք ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պաշտոնում։ Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է գործարար դաշտի մթնոլորտը ՀՀ-ում, հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման տեսանկյունից։ Որպես վերջիններիս շահերը պաշտպանող կառույցի ղեկավար, ինչ եք կարծում, ի՞նչ է անհրաժեշտ  ոլորտի խնդիրները կարգավորելու և կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար։

-2001 թվականի վերջերին ես առաջարկություն ստացա կազմակերպել և ղեկավարել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը։ Գործին նախանձախնդիր ընկերներ որոնելու հարկ չկար։ Նրանց հետ մենք մինչ այդ էլ աշխատում էինք տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, գործարարությունն աշխուժացնելու ուղղությամբ։ Խորհրդային ժամանակների առևտրաարդյունաբերական պալատից ոչինչ չէր պահպանվել. ոչ շենք կար, ոչ համապատասխան կադրեր ու նյութական բազա։ Անհրաժեշտ էր ամեն ինչ զրոյից սկսել։ Կես տարի չանցած հրավիրվեց առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը։ Շատ չանցած, վարչապետի օգնությամբ լուծվեց շենքի հարցը, մնացած մեծ ու փոքր հարցերը ինքնուրույն լուծեցինք։ Պալատի աշխատանքների, գործարարության զարգացմանը միտված գործունեության մասին թող գործարարները պատմեն,  որոնք էլ ինձ վերընտրեցին այս պաշտոնում։

Ճիշտ է, նաև մեր օգնությամբ նոր աշխատատեղեր են բացվել, ձեռնարկություններ գործարկվել, բազմապատկվել է Հայաստանից արտահանվող ապրանքների քանակն ու տեսականին, սակայն այստեղ ևս չլուծված խնդիրներ կան, որոնք, առանց իշխանության մարմինների  աջակցության, հնարավոր չէ լուծել։ Աշխարհի շատ երկրներում միջին և փոքր բիզնեսը կառավարության կողմից սահմանված օրենքներով անդամակցում է երկրի առևտրաարդյունաբերական  պալատին, օգտվում նրա ընձեռած հնարավորություններից, անդամավճար է մուծում։ Մեզանում, ցավոք, այդ կարգը չկա։ Փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ըստ ամենայնի նպաստելու համար պետք է հստակեցվի օրենսդրական դաշտը, պետական ու վարչական մարմինները տեղի-անտեղի չմիջամտեն գործարարների աշխատանքներին, ներդրողները վստահություն ունենան, որ իրենց ներդրումները չեն փոշիանա, հաստատուն եկամուտ կբերեն։

-Որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ` կխնդրեմ անդրադառնալ երկրի տնտեսական վիճակին, աղքատության և գործազրկության խնդիրներին։ Ի՞նչ ծրագրեր կան այս առումով առաջիկայի համար։

-Որպես պատգամավոր, ես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ, մասնակցում եմ տնտեսական օրենսդրության մշակմանն ու կատարելագործմանը։ Առևտրաարդյունաբերական պալատի աշխատանքում ձեռք բերած գիտելիքներս, ըստ իս, հաջող կերպով զուգակցում եմ օրենքներ մշակելու, գործարարների իրավունքների պաշտպանությանը օրենքի ուժ տալու գործում։ Ասել է, թե իմ պատգամավորական գործունեությունն ու հասարակական կարգով առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարումը իրար ոչ թե խանգարում են, այլ՝ փոխադարձաբար իրար լրացնում։

Երկրի տնտեսական վիճակը, որքան էլ որ հոռետեսներն ու քննադատելու մոլուցքով տարվածները մռայլ գույներով ներկայացնեն, ճիշտ է,փայլուն չէ, բայց ողբերգական էլ չէ։ Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, առաջընթացն ու դրական փոփոխություններն ակնհայտ են, իսկ իշխանության բոլոր օղակներն էլ այդ հարցով մտահոգ են։ Անշուշտ, համեմատական թվեր ներկայացնելիս, դրանք ավելի ցայտուն կլինեին, բայց, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա։

-Բավականին զբաղված եք, մի քանի պատասխանատու պաշտոններ եք զբաղեցնում։ Չե՞ք հոգնում...

-Նախ հոգնելու ժամանակ չեմ ունենում, ինձ համար մանկուց ի վեր, ամենադժվար բանը պարապ մնալն է։ Եթե ասեմ, որ  ես հոգնում եմ միայն պարապ մնալուց, ոչինչ չանելուց, հավատացեք։

 Հարցազրույցը` Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...