2014-01-08 12:11
«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)
Սաթենիկ Ազատյան
“Նարեկացի” արվեստի միության աջակցությամբ վերջերս հրատարակվեց երաժշտագետ, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի “ Շարական խազագրեալ” երկլեզու` հայերեն և անգլերեն երաժշտագիտական հետազոտության ձայնասկավառակն ու նոտագիրքը։ Առաջին անգամ հայ խազագիր շարականը հնչեց բնագրային ճշգրտությամբ։ Այդ հրատարակությունը շրջադարձային երևույթ է հայ խազաբանության և երաժշտագիտության պատմության մեջ, քանի որ դարավոր ընդմիջումից հետո այն առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ քննության է առնվում արդեն 17-18-դ. անընթեռնելի համարված հայ միջնադարյան հոգևոր երաժշտության գրանցման խազագրության համակարգը։
-Շնորհավորում եմ Ձեզ վերջերս հրատարակված “Շարական խազագրեալ” երաժշտագիտական նոտագրքի ու ձայնասկավառակի հրատարակության առթիվ։ Ինչպե՞ս լծվեցիք այդ աշխատանքին և արդյո՞ք ճանապարհը հեշտ էր։
-Այս գործը ես արել էի 1989-ին, 90-ին արդեն հինգ հատորը պատրաստ էր, և առաջին հատորը այդ թվին հրատարակվեց, բայց, ցավոք, դրա օրինակներից քիչ կա, մեկնել էի Միացյալ Նահանգներ և մինչև վերադարձա այդ տպաքանակը համալսարանից ուղարկել էին պահեստ և որպես թուղթ օգտագործել, այրել էին։ Մնացել էր միայն գրախանութներին հանձնված օրինակներից, դա ինձ այնքան հիասթափեցրեց, որ ես չշարունակեցի հրատարակել մյուս հատորները։ 2000 թվին տպվեց խազերի “Կոմիտասյան վերծանության հայտնությունը” գիրքը, որտեղ առաջին անգամ հրատարակվեցին Կոմիտասի անտիպ ձեռագրերը, նաև որոշ չափով ներկայացվեց իմ աշխատությունը։ Դրանից հետո շարունակել եմ աշխատել և այս “Շարական խազագրեալ” գրքում անգլերեն, հայերեն թարգմանությամբ խիտ ներկայացրեցինք այդ տեսությունը, որովհետև այն CD գիրք է, և 12 երգի վերծանություն խազերից, որ ձայնագրվեց Սաղմոսավանքում Ռոբերտ Մլքեյանի երգչախմբի կատարմամբ, իսկ գիրքը հրատարակեց “Նարեկացի” արվեստի միությունը, անգլերեն տեքստը թարգմանեց ԱՄՆ-ում “Լարք” երաժշտանոցի ղեկավար, պրոֆեսոր և դիրիժոր Վաչե Պարսումյանը։ Խազերը ընդհանրապես մեծ նշանակություն ունեն աշխարհի երաժշտության համար, որովհետև նրանք հին աշխարհի երաժշտությունը ուսումնասիրելու հիմքերից մեկն են։ Թեպետ մեր քրիստոնեական երաժշտությունը գալիս է նախաքրիստոնեական շրջանից, ճիշտ այնպես, ինչպես հայոց լեզուն է գալիս հնուց։ Երաժշտությունն էլ, պարն էլ լեզու են, հավասար լեզու է ինչպես խոսելու լեզուն։ Մեր մշակույթը հիմնականում պահպանված է երաժշտության լեզվով, Կոմիտասի շնորհիվ, մենք ունենք մեր հազարամյակների մշակույթը` պահպանված երաժշտության լեզվով, այն դեպքում երբ բանահյուսության մեջ ունեցել ենք ահռելի կորուստներ։ Խազերի նշանակությունը այնքան մեծ է, որ մենք այնտեղ կարողանում ենք վերծանել պարզ խազերը որոշ ձայնեղանակներով և հարցը ոչ միայն մեր միջնադարյան երաժշտությանն է վերաբերվում այլ ընդհանրապես նախաքրիստոնեական երաժշտությանը, որովհետև այն ձայնեղանակները, այն լադերը, որոնց մեջ գրված են խազերը, պատկանում են նախաքրիստոնեական շրջանին։ Այդ մասին վկայում են նաև Մատենադարանի ձեռագրերը, որտեղ հիշատակվում է, որ Մաշտոցը և Սահակ Պարթևը մեր եկեղեցական եղանակները վերցրեցին հին եղանակներից, որոնք համեմատվում էին չորս տարերքների հետ ` հող, ջուր, օդ, հուր և յոթ լուսատուներ։ Դրանք ամբողջ աշխարհում նախաքրիստոնեական շրջանի լադերն էին։
- Ձեր աշխատանքը ոչ միայն հայ ժողովրդին է բանալի տալիս, այլ` ամբողջ աշխարհին, խազագրության առումով։
- Ամբողջ աշխարհի մասին խազագրության առումով եթե խոսենք, լատինական դպրոցն ուներ իր նշանները, իրենք երգել են իրենց նշաններով, բյուզանդական նշաններ էլ կան։ Ավելի ուշ շրջանում ռուսները ունեցել են կրյուկի կոչվող նշաններ, որոնցով գրանցել են իրենց հոգևոր երաժշտությունը։ Այսօրվա նոտագրությունը, որ ծանոթ է բոլորին, ավելի ուշ է առաջ եկել, աստիճանաբար է զարգացել։ Լատինական դպրոցը ավելի սահուն ընթացք է կատարել խազերից դեպի նոտագրություն, որովհետև նրանք պահպանել են այդ ավանդությունը, հայերի մոտ չի պահպանվել որևէ դասագիրք, որևէ ձեռագիր, որևէ գիրք որը կբացատրեր խազերի մասին տեսություն,այսինքն դա եղել է բանավոր ուսուցմամբ, փոխանցմամբ գիտություն։ Կոմիտասը գիշեր-ցերեկ հարյուրավոր ձեռագրեր էր ուսունասիրում, որպեսզի մի նշանի մասին փոքրիկ, աղոտ մի տեղեկություն հայտնաբերի։
- Ձեր ստեղծածը դասագի՞րք է։
- Ո’չ։ Դասագրքի իմաստ չկա։ Մենք գիտականորեն, փաստերով վեր ենք հանել այդ գիտությունը, թե ինչպիսին է եղել, ինչ են նշանակել այդ նշանները։ Խազերը կարելի է պայմանականորեն բաժանել օրինակ չորս մասի. առաջինը դա պարզ խազերն են, կարելի է ասել պարզագույն, որով չի էլ երգվում, ընթերցվում է Ավետարանը ասերգի նման, որը ոչ երգ է, ոչ խոսք։ Մեր այսօրվա կետադրական նշանները` շեշտը, բութը, միջակետը, ստորակետն ու վերջակետը, հարցականը պարզագույն խազեր են։ Մենք շեշտի տասը տեսակներ ունենք, այսօր միայն մի շեշտ ենք օգտագործում, բայց դրանք խազեր են, դրանցով երգվել են… Իմ գիրքը պարզ խազերի վերծանման մասին է, որոնցով կան գրված հարյուրավոր շարականներ։
- Կոմիտասի այն միտքը, որ “երաժշտությունը ամենէն մաքուր հայելին է ցեղին”, այսօր այդ հայելին փչացնում են խառնածին երաժշտությամբ։ Ո՞րն է այդ վիճակից դուրս գալու Ձեր դեղատոմսը։
- Շատ բարդ հարց է, որովհետև դեռևս Կոմիտասի ժամանակից սկսած այդ վիճակից դուրս գալու հարցը դրված էր։ Այն ժամանակ էլ կար նման իրավիճակ, հայ տղամարդիկ շատերը քրդական, թուրքական երգեր էին երգում։ Պոլսում նույնիսկ հայ հոգևորականը , որը գիտեր գրաբար, գիտեր և ազգային ավանդությունները, մեր պատարագի մեղեդիները երգում էր արևելյան կլկլոցներով, որպեսզի դուր գար թուրք ամիրաններն, պաշտոնյաներին։ Կոմիտասը շատ խիստ բողոքում էր այդ ամենի դեմ։ Այսինքն դեռ այն ժամանակից դեղատոմս էին փնտրում։ Կոմիտասը այդ դեղատոմսը բերեց ժողովրդական մաքուր, վճիտ ակունքից, գեղջուկի երգից, որովհետև հայ գեղջուկը պահպանել էր մեր հազարամյակների մշակույթը, մաքուր երաժշտությունը և Կոմիտասը բերեց դա քաղաքացուն, քաղաքացին տեղյակ չէր այդ երգերից։ Կոմիտասը այդ երգերն այնքան տարածեց, որ այսօր ամեն հայ ինչ-որ մի երգ Կոմիտասից գիտի։ Բայց 1915 թիվը կտրեց մեզ բոլոր տեսակ արմատներից, վերացավ գերդաստանը, ավանդապաշտության կապը կտրվեց։ Այդ սերունդը մեծամասամբ որբ մեծացավ, որևէ դաստիարակություն չստացավ, նրանց ոչ ոք ոչինչ չփոխանցեց, այդ գերդաստանային ավանդույթները չփոխանցվեցին։
-”Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, հայրենիքը` նրա մշակույթն ու ժողովուրդը” ( Գ. Նժդեհ)։ Այսօր, եթե կորցնում ենք մեր մշակույթը, չի՞ փոխվում արդյոք հայի տեսակը։
-Մենք վաղուց այդ վտանգի տակ ենք։ Եթե հիմա փորձենք գտնել պատճառները, միևնուն է, գործին օգուտ չենք տա, պետք է այդ ամենից դուրս գալու ելք փնտրել։ Իմ կարծիքով միակ ճանապարհը մեր երեխաներն են, բոլոր ուժերը պետք է ուղղենք, կենտրոնացնենք մատաղ սերնդի վրա, հեռու պահելով նրանց օտարամոլությունից ու անճաշակությունից։ Նրանք մեր ազգի ամենագլխավոր մասն են և այս երկրի իրական տերը։ Բոլոր այն ազգերը, որոնք հասել են մեծ հաջողությունների և ծաղկել են, նրանց առաջին գործը եղել է իրենց մանկապարտեզի երեխան, նրանց ճիշտ դաստիարակությունը։
-Ո՞րն է ազգին պահող ուժը, մշակու՞յթը, թե՞ ազգային գաղափարախոսությունը։
-Իմ կարծիքով երկուսն էլ նույնն են` մեր երգը, Նժդեհը, Կոմիտասը, մեր գորգը, Անդրանիկ զորավարը, Թումանյանը բոլորը նույնն են տարբեր լեզուներով։ Բայց ամենամատչելի լեզուն, որով ասելիքը շուտ է տեղ հասնում, երգն է։ Երգով կարող ես մի րոպեում ասել այն, ինչը որ քարոզի համար գուցե շաբաթներ պահանջի։ Կոմիտասն ասում էր` մեկ հասկացված երգը հազար ճառ արժե։ Մեր ազգը այսօր խնդիրներ ունի լուծելու, մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, մեր տարածքն էլ է փոքրացել, մեզ մի փոքր հողակտոր են թողել։ Հիմա մեզ մշակութային պատերազմ են հայտարարել և բոլոր ուժերով անցել են մեր սահմանը. մեր եթերում թուրքական երաժշտություն է քարոզվում, մեր երեխաները կլկլոցներ են լսում։ Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը մտածում էին ոչ միան հայ ժողովրդին, այլ նաև` նրա մշակույթը վերացնելու մասին։ Հիմա այս ի՞նչ է քարոզվում հեռուստաեթերում, կամավոր քարոզվում է թուրքանա՞լ, որովհետև երաժշտությունն ամենավտանգավոր բանն է, մտնում է մարդու, նամանավանդ երեխայի ենթագիտակցության մեջ և աղավաղում այն։ Եթե հոգևոր սահմանդ գրավեն, տարածքդ կհանձնես։ Ինքնապաշտպանությունդ թուլանում է և ինչպես Նժդեհն էր ասում. “Դու ես հրավիրում քո թշնամուն”։ Մենք ազգովի պետք է պահենք մեր հայրենիքը, մեզ համար ուրիշ տեղ երջանկություն չկա։
-Ո՞րն է լինելու 21-րդ դարի հայ մտավորականի առաքելությունը։
-Հայ մտավորականի առաքելությունը լինելու է այն, որ այդ բառն ընդհանրապես վերացնեն և այդ կեցվածքը վերացնեն. ամենամեծ արժեքը մարդ լինելն է։ Ես չգիտեմ, եթե հիմա պետք լինի ժողովրդին օգնել, քանի՞ մտավորական կկանգնի։ Ինձ համար մտավորականի իդեալներ են եղել Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Խաչատուր Աբովյանը և…
Վերադառնալ