08:41
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կառլեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

2013-11-27 12:19

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Ֆելիքս Ցոլակյանի հետ համակուրսեցիներ ենք, անցել ենք համատեղ ուսանողական և հանրակացարանային կյանք։ Ընդհանրապես մեր կուրսը, նույնիսկ “մեզ բարի նախանձողների” աչքերով, հայտնի էր Պետհամալսարանի պատմության ֆակուլտետում` թե’ ուսման (2 անգամ ճանաչվել ենք համալսարանի լավագույն կուրս), թե’ երիտասարդական չարաճճիությունների, թե’ ոչ ստանդարտ պահվածքի առումով։ Օրինակ, ունեինք ընկերներ, որոնք սկզբունքորեն չէին ցանկանում ընդունվել կոմերիտմիության շարքերը, ինչն այն տարիների համար արտառոց էր, սակայն այդ տարբեր բնավորություններից արդեն իսկ 2-րդ կուրսից ձուլվեց մի համերաշխ ընտանիք, որի հետ հաշվի էր նստում ֆակուլտետի ղեկավարութունը։ Կարծում եմ, որ սրանում լուրջ դերակատարություն է ունեցել նաև մեր Ֆելիքսը` իր մարդկային որակներով, կազմակերպչական ու առողջ մթնոլորտ ստեղծելու   ունակություններով և այդ ամենը համեմված նուրբ հումորով։ Նրա անեկդոտների շարանը վերջ չունի, սովորական դեպքից կարող է մի հետաքրքրաշարժ պատմություն ստեղծել, նույնիսկ հումորով նա փորձում է ավելի շատ ընդգծել դիմացինի դրական գծերը։

Ինչու եմ այսպես մանրամասնում, որովհետև մինչև 2-րդ կուրս, երկու ամիսը մեկ կուրսի ղեկավար էինք փոխում տարբեր պատճառներով` տեղի-անտեղի ժողով անելու, անհարկի անդամավճարներ հավաքելու համար և այլն։ Այդ “պաշտոնը”  պարտադրեցինք  Ֆելիքսին և ունեցանք այն, ինչ մինչև հիմա  ունենք`  կյանքի ընկերություն, որն արդեն մոտ 45 տարի շարունակվում է անկախ մեր բնակության վայրից, պաշտոնից և այլ հանգամանքներից։

          Ֆելիքս Ցոլակյանն իմ տեսած հազվագյուտ ղեկավարներից է, որին պաշտոնը, գեներալական ուսադիրները գրեթե չեն փոխել, ընդհակառակը լավագույն գծերը ավելի են բյուրեղացել։ Նա միշտ հասանելի է իր հետ ճանապարհ անցած և նույնիսկ չանցած մարդկանց համար, և երբ Հանրապետության հարկային ծառայության պետն էր, որոշ մարդիկ խորհուրդ էին տալիս հեռախոսահամարը փոխել, որ պարտադիր չէ այդ ծանրաբեռնվածության պայմաններում բոլոր հեռախոսազանգերին անձամբ պատասխանել, սակայն իզուր։

          Այդպիսին էր Ֆելիքսը Արարատում, որտեղ տեխնիկումում սկսեց իր աշխատանքային գործունեությունը, այդպիսին էր Գորիսում, որտեղ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակից լինելով ստացավ իր առաջին նշանակումը… Եղեգնաձորում, Մասիսում, Շիրակում, Երևանում և այլուր, այդպես մինչև գեներալ-լեյտենանտ ու իր անսահման սիրո ու նվիրումի հանգրվան Շիրակի մարզպետ։ Այդ բոլոր վայրերում նա հետագիծ է թողել, ձեռք բերել վաստակած հարգանք, նոր ընկերներ։

          Ֆելիքսը գերազանց գիտի Հայաստան աշխարհը` իր գյուղերով, մարդկանց նիստ ու կացով ու սովորույթներով։ Ամենուր, որտեղ նա աշխատել է, յուրային էր, հաճախ էլ տեղաբնակներից ոչ պակաս գիտեր այդ շրջանի ադաթներն ու մարդկային փոխհարաբերությունները։

          Հիշում եմ, Եղեգնաձորում աշխատելու ժամանակ (ՊԱԿ-ի պետ, շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ) նա զանգահարեց և հայտնեց, որ մի շարք կազմակերպություններ իրեն առաջադրել են Գերագույն Խորհրդի պատգամավորի թեկնածու, սակայն ինքը առանձնապես ցանկություն չունի առաջադրվելու, բայց մարդկանց մերժելը ևս դժվար է։ Մենք ևս խորհուրդ տվեցինք առաջադրվել։ Եւ պատկերացրեք, որ նրա հարգանքը շրջանում ինչքան մեծ էր, որ բազմաթիվ թեկնածուների մեջ, չլինելով տեղացի, ինչը հատկապես այդ տարիներին շատ էր կարևորվում և լինելով ՊԱԿ-ի պաշտոնյա, ինչն այն ժամանակ այդքան էլ միանշանակ չէր ընդունվում, կարողացավ անցնել երկրորդ փուլ։

          Եւ այս ամենը արդյունքն է այն բանի, որ Ֆելիքս Ցոլակյանը ամբողջական մարդ է։ Նրա էությունը նույնն է, իր մոտ հարյուր հոգանոց ընտանիք-գերդաստանում, որտեղ ևս իր սիրելի կնոջ` Զինայի հետ համախմբողի դերում է (իմիջայլոց, Զինային կուրսեցիներս անվանել ենք “դեկաբրիստի կին”, Ֆելիքսի հետ անմռունչ ցանկացած նոր նշանակման վայր մեկնելու համար), ընկերական շրջապատում      ու պետական ծառայության մեջ` միշտ ազնիվ ու շիտակ, սկզբունքային անդավաճան իր էությանն ու մարդկային կերպարին։

                                                                               ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...