14:48
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արուս Գուլանյանը ազգային երգչուհի է`ազգային հարստություն

2013-11-11 11:48

«Դե Ֆակտո» N70 (2012թ.)

Արուսի ձայնը հնչեղ է մեր տաճարների զանգերի նման, ջինջ ու անապական է մեր լեռնային զուլալ աղբյուրների նման: Նրա երգը հայեցի է մեր հնամենի մայրենիի նման՚:

Թովմաս Պողոսյան

Արուս Գուլանյանը վաղուց հայտնի անուն է հայ ժողովրդական ու աշուղական երգարվեստի երկնակամարում: Նրա երգն այնքան մաքուր է, կատարողական արվեստը կատարյալ և վաստակը անգնահատելի, որ նա շահեկանորեն տարբերվում է նոր ժամանակների բավական այլազան ու տարադեմ երաժիշտ կատարողների մեջ:  Ժողովրդական ու գուսանական երգի տաղանդավոր մեկնաբանը իր գործունեության տարիների ընթացքում հաստատել է ազգային երգարվեստի անկրկնելի հնչերանգը:

 ՀՀ վաստակավոր երգչուհու հետ զրույցում ամենահետաքրքրականը նրա ունեցած թանկարժեք արխիվի ուսումնասիրումն էր: Նա իր կյանքի մի ամբողջ պատմություն ունի, որոնք զետեղված են թղթերի կույտի մեջ: Արուս Գուլանյանը գնահատվել է իր գործունեության ընթացքում` ըստ արժանվույն: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի և ԿԳ նախարարությունների ոսկե մեդալներով: Բեմական գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ բազմաթիվ մեդալներին ու պարգևներին ավելացել է նաև ՀՀ ՊՆ ՙՄարշալ Բաղրամյան՚ և ՙՎազգեն Սարգսյան՚ գերատեսչական մեդալները և ժողովրդական երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար խրախուսվել ՀՀ վարչապետի շնորհակալագրով: Խորհրդային Միության համամիութենական մրցույթի դափնեկիր կոչմանն է արժանացել:

Բացի պետական մակարդակով գնահատանքից, Արուս Գուլանյանը  բարձրագույն փառաբանումների է արժանացել և հադիսատեսի և մեր մեծերի կողմից.ՙԴու արժանի ես երգին և երգն է քեզ արժանի՚, -Հրաչյա Մաթևոսյանի պարզ, բայց միևնույն ժամանակ շատ խորը միտքը ապացուցվեց տարիների ընթացքում. երգչուհու անցած ճանապարհը հիրավի ազգանվեր և համամարդկային է: ՙՔո երգի մեջ արև ու հուր կա, անսահման սեր ու փողփողուն գույն, քո երգից լույս է հորդում, քո երգից ծունկ է ծալվում ու կենաց ծառն է բացվում…՚:

ՙԳիտե՞ս Արուս, թե մի անգամ քո կատարմամբ խռովահույզ իր երգերից մեկը լսեր անզուգական Սայաթ-Նովան, աշխարհումս ախ չէր քաշի, թարիփ կաներ ոչ Աննային, այլ քեզ, Արու՛ս…՚:

Դե փայլատակե վաղորդյան շաղով,

Լուսաստղի նման շողշողա, Լուսե

Աշխարհն արևի արուսյան տաղով,

Որ աստղանուշս քո գովքը հյուսե:

Բացի բազմաթիվ ու գունագեղ բանաստեղծություններից և ձոներից, անզուգական երգչուհու երգարվեստը գովերգել են նաև երգերում:

Հայ ժողովրդական երգարվեստի կենդանի լեգենդը, սակայն, ցավով ընդունում է, որ այժմ հայ երգի մշակույթը խեղված է օտարամուտ մեղեդիներով և երիտասարդ սերունդը, այլընտրանք չունենալով, լսում է անորակ երգ հայ մաքրամաքուր հոգու խորքից բխող և հային հարիր ժողովրդական երգի փոխարեն: Այս ամենով հանդերձ նրա`ՙՆազանի՚ համույթի շատ սաներ, որտեղ այժմ նրա առաքելությունն են շարունակում իր երկու դուստրերը, հիմա էլ շարունակում է տալ լավ երգիչներ: Բնագավառում հմուտ երգչուհին առանձնացնում է այն հանգամանքը, որ ներկա օրերում չկան համապատասխան պայմաններ, որպեսզի ժողովրդական երգ կատարողները կարողանան դրսևորվել և ներդնել իրենց լուման հայ երգարվեստի մշակույթի վերելքի գործում: Նրանց սատարելու փոխարեն հիմա տարբեր հեռուստաընկերություններով պրոպագանդվում է անորակը. ՙԻնձ համար ժողովրդական երգը երբեք չի մեռնի, իսկ երիտասարդ սերունդը գուցեև այդպես էլ անտեղյակ մնա իսկական, զուլալ, ազգի ակունքներից բխող երգին, որովհետև հիմա ժողովրդականը կատարում են էստրադային երգիչները՚,-նշում է ժողովրդական գործիքների ՙՆազանի՚ համույթի գեղարվեստական ղեկավարը:

Երգչուհու համար ընտանիքը երգին հավասար նժարի վրա է: Վաստակավոր արտիստուհին իր կյանքի ձեռքբերումներում շատ հաջողակ է` մայր է, կին, տատիկ և իհարկե հայ ժողովրդական երգի սոխակ: Ընտանիքն ու աշխատանքը համատեղելը դժվար չէր, որովհետև Համլետը՝ ամուսինը, միշտ նրա կողքին է: Թեև ձեռք բերած հաջողությունները շատ են, բայց Արուս Գուլանյանը դա բարձրակետ չի համարում.ՙԵթե ընդունեմ որպես բարձրակետ, ապա դա կնշանակի, որ ոչնչի չեմ հասել, քանի որ մարդը միշտ աճելու աստիճան ունի: Առաջիկա ծրագրեր շատ կան՚:

Այս աշնանը Արուս Գուլանյանը կնշի իր 55-ամյակը, 55 տարի, որից ավելի քան 30-ը նա նվիրել է հայ երգարվեստին և շարունակում է իր ազգանվեր առաքելությունը:

  Հարցազրույցը՝ Մերի Եգորյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...