14:21
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է

2013-11-07 11:18

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)


Ո˜վապերախտ  մարդկություն,

որ  քեզ տրված փրկչական շնորհափառ

Աստվածային Սիրո դիմաց պարտականությունդ

   վերստին  թողնում  ես  Նրա  բարեհաճ  հոգածությամբ  ներման հույսին։                                               

«Դե Ֆակտո»-ի նախորդ համարում նույն վերտառությամբ հրապարակման մեջ իրար հաջորդող մտազարգացումները տեղ չթողեցին նախատեսված թեմայի բուն ասելիքի համար` այդպիսով վերածվելով նախապատրաստական լայնաթեմա առաջաբանի։ Խոսքը վերաբերում է, ամենայն հավանականությամբ, մեծ թյուրիմացության արդյունքում սերը հիվանդություն որակելու՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից կայացրած որոշումը ներքոշարադրյալ կոչ-հորդորով բեկանելու հիմնավորմանը որպեսզի առողջարարական մեծածավալ գործունեությամբ բարի համբավ ձեռք բերած, մարդասիրական առաքելություն ստանձնած այդ կազմակերպությունը խիստ հակասական այլասացությունների տեղիք տվող սեփական որոշումը բեկանելով, վերականգնի իր հեղինակությունը` արժանանալով և այժմ էլ աշխարհում բոլոր սիրող սրտերի օրհնանքին։

«Բժշկությունը հիրավի ամենաազնիվն է բոլոր արվեստներից»  

                                                                         Հիպոկրատ

Եվ եթե խորանալու լինենք մեծ բժշկապետի ասույթի իմաստի մեջ, ապա կարելի է ասել, որ արվեստը և նրա հպատակ ծառաները առանց Աստվածային Սիրո կայծի պարզապես չեն կարող ստեղծագործել։ Այնպես որ հարգարժան ԱՀԿ-ի` հիպոկրատյան երդում տված, բայց մոլորության զոհ դարձած որոշ ներկայացուցիչները նույնպես լավ գիտեն, որ անհնար է զրկել արվեստը սիրուց` «վիրահատական դանակով կտրել-հանելով» դա, թե' հասարակ և թե' կյանքը գորշությունից, տաղտուկից ազատող, ինչպես և հոգնած, հիվանդ հոգիները դարմանող արվեստագետ անհատների սրտից։

Խուռներամ մտքերի թևերով անցնում ենք միասին մի ճանապարհ, որը, լուսավորվելով Աստվածային Սիրո օրհնանքով, սիրով համակվածներիս օգնում է թոթափվել տարաբնույթ խոհերի ծանրությունից, որպեսզի կարողանանք դիմագրավել դավերով հունցված դաժան մի  արտաբերման հետևանքը։ Արդ, «ժամն է տարաժամ»` վերջապես հայտնելու ԱՀԿ-ի որոշման մասին, որի չարագուշակ բնույթը իմանալուց առաջ հարկ է համոզվել, որ ընթերցողը, ինչպես ասում են, արդեն պինդ բռնվել է։

Եվ այսպես։ Դեռևս 2006թ. նոյեմբերին համացանցի կամ այլ աղբյուրի հիման վրա հայկական օրաթերթերից մեկում սևով սպիտակի վրա գրված էր սենսացիոն մի ինֆորմացիա առ այն, որ «Սիրո գենը գտնվել է. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում։ Հիվանդության միջազգային համարն է F63.9»։

Չափազանց զարմանալի էր նման անսպասելի և ցնցող լուրի ի հայտ գալը, այն էլ` մարդկության առողջության պատասխանատու ամենահեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից։ Մի՞թե ամեն ցավի, ախտի համադարման Աստվածային Սերը պիտի արժանանա հոսպիտալացման հարկադրանքի։ Մեր հակասական ժամանակներում ծաղրը, զավեշտը, անհեթեթը և զանազան չարանենգություններ, միախառնված ու կազմակերպված, ակնհայտորեն գրոհում են մարդկության առանց այն էլ բարոյալքվող ներկայի վրա, որպեսզի նրան զրկեն նախնական Աստվածադիր հիմքով շարունակական ապագայի՞ց։

Փորձենք հասկանալ՝ անցնելով «կարմիր թելով» տող առ տող։

«Աստված Սեր է»՝ աշխարհաստեղծման նախասկիզբ գերսուբստանցին կարծես մարտահրավեր նետած որոշման դեմ այն ժամանակ թունդ սիրահարվածս «տաք հետքերով» արձագանքեցի անմիջապես և մի շնչում։ Նվաստիս կողմից Սիրո պաշտպանությունը, աստվածահաճո գործ արած մարդու հպարտությամբ, ստանձնելով՝ առժամանակ ինքնախաղաղման զգացում ունեցա ու նաև լավատեսությամբ ներշնչված կարծում էի, թե ԱՀԿ-ի կողմից դա կարող է լինել սադրիչ տեղեկություն, ընդամենը մարդկանց տրամադրությունը հոգեբանական դաշտում տնտղելու յուրօրինակ էքսպերիմենտ կամ հարցախույզի նպատակ հետապնդող կորպորատիվ հնարք, կամ էլ դաժան մի կատակ։

Եվ, ո˜վ զարմանք, չէ՞ որ բոլոր դեպքերում էլ, ախր, ի՞նչ տարբերություն` սու՞տ, ճի՞շտ, թե՞ սադրանք, պետք էր, որ աշխարհը դղրդար ԱՀԿ-ի որոշման դեմ բողոքի արշավների որոտից, սակայն ոչ միայն չդղրդաց (և այժմ էլ), այլև` ակնարկ անգամ չկար ու չկա աշխարհավեր նման անաստված դիրքորոշման վերաբերյալ։

Չարաբաստիկ հրապարակումից հետո հետևելով լրատվամիջոցներին, հակազդեցության որևէ արձագանքի այդպես էլ չհանդիպեցի (գուցե լավ չեմ փնտրել)։ Այնուհանդերձ, գրողը տանի, մի՞թե աշխարհը այնքան է զբաղված նյութապաշտական գործունեությամբ, որ  սրբություն սրբոց հոգևորը, մեղմ ասած, այս աստիճան անտեսվում է։

«Լայն խնդիր՝ այսօրվա աշխարհի հետ»

Եվ այսպես, 5 տարի սպասումի բովով, մինչ այն օրը, երբ 2011-ին հայկական մեկ այլ օրաթերթի դեկտեմբերյան համարում լույս տեսավ հայտնի մի հրապարակախոսի «Սիրեք զմիմյանս» վերնագրով հոդվածը, որտեղ տրամաբանական և սարկաստիկ հումորով շաղախված՝ հեղինակն իր խոսքում (միաժամանակ անթաքույց զարմանքով, թե ո՞նց կարող է այդպիսի բան տեղի ունենալ) համոզիչ կերպով դիմադարձել էր ԱՀԿ-ին։ Այսպիսով, փարատվեց տարակուսանքս. վերջապես ձայն լսվեց անապատային լռության մեջ «լուրջ հիվանդության» (լավ է որ սերը դեռ չի որակվել իբրև «սուր վարակիչ», թեպետ, անհեթեթության բոլոր սահմանները անցնելով դա էլ չէր բացառվում) մասին նյութ զետեղվեց, որտեղ մասնավորապես գրված էր. «Ծիծաղելի է չափից ավելի մտահոգվել մի էակի (ըստ ԱՀԿ-ի` «սիրով հիվանդի».- Ս.Ս.) առողջությամբ, որի վերջը գերեզմանն է, և վերջի լավագույն ընկերները` դիակեր որդերը։ Չգիտեմ՝ էդ համաշխարհային նախարարությունները ինչ են ուզում, իմ խորհուրդն է. խմելուց թունդը խմել, սիրելուց կրքոտներին սիրել, մտածելուց արմատապես մտածել, պայքարելուց մինչև վերջ պայքարել, ամեն ինչի մեջ սեր ներդնելով, շատ սեր, առանց չափի։ Վերջում թող մտահոգ հարևանները շտապ օգնություն կանչեն։ Դա իրենց չի փրկի։ Որդերը նրանց էլ են ուտելու, ԱՀԿ-ին էլ»։

Այսքանից հետո միայն որոշեցի Արարչական աշխարհակարգի հիմքերը խարխլող անհամար անիրավությունների համապատկերում, դանդաղ ռումբի պես (որն այդպես էլ «չպայթեց») վտանգ պարունակող, արդեն իսկ «գաղտնազերծված» որոշման դեմ «սիրով հիվանդիս» տարիներ առաջ գրառումներս համալրել  նոր և հիմնավոր հակափաստարկներով ։

«…Այստեղ ավելի լայն խնդիր կա կապված այսօրվա աշխարհի հետ առհասարակ». երկրորդ շնչառություն հաղորդած վերոնշյալ հոդվածի հեղինակի` ԱՀԿ-յան որոշման մասին հայտնած լայն ենթատեքստով սույն միտքը առկա հոդվածաշարի ոգու համապատասխանությամբ հարմար առիթ դարձավ բացելու որոշ փակագծեր։

Մարդ էակի կյանքի նեցուկ, հոգևոր ակունք վսեմ սիրո զգացմունքը անարգումից և նույն այդ մարդ էակից նրան խլելու ոտնձգություններից պաշտպանելու համար հենց սերն է պակասել, որ մի կազմակերպություն, բրիտանացի հոգեբույժ Ֆրենկ Թելլիսի` «Սիրո հիվանդություն. Սերը որպես հոգեկան խանգարում» գրքի հիման վրա, կայացնում է անօգնականի ճակատագիրը կրելու ենթակա Աստվածային Սերը իբրև հիվանդություն որակելու որոշում, և այն էլ այդ մասին առանց քննադատական պատասխանի արժանանալո՞ւ։

«Սիրո ամենավտանգավոր թշնամին բիզնեսի ավետարանն է »

Անհայտ հեղինակի այս դիպուկ խոսքը խտացումն է ներքո դիտարկումների, ըստ որի…

Այո՛, սերը` Աստծո բարձրագույն պարգևը, երկրի վրա, ցավոք, պակասում է, իսկ երբ շատ և շատ պակասի, Բարձրյալը արդեն գիտի ինչ անի։ Բարեբախտաբար, Նա էլ է հույսերով ապրում, թե ի վերջո մարդ արարածը կկանխի սիրո փրկության դինամիկայի հետընթացը։ Միաժամանակ մարդու համար ամենաառաջին զգացմունք սերը, Ադամ-Եվայի սիրուց սկսած (այն ժամանակ օձն էր սադրիչը, այսօր` մարդը),մշտապես խոցվում է և, սակայն, ապաքինվում, նորոգվում է աշխարհի արշալույսից ի վեր երկրաբնակի կյանքի հավերժ ուղեկից Աստծո տիեզերաչափ Մեծ Սիրով։

 Բոլոր ժամանակներում էլ մարդկության գենետիկ համակարգում դրված սրբազան սերուն է վիճակված պաշտպանել ինքն իրեն և իրենով` հանուն մարդկության գոյատևման։

Երկիր-երկինք հարաբերությունների ծիրում մարդուն մարդ դարձրած ու այդպիսին պահող անխոնջ պայքարող սերը, այո՛, ստիպված է պաշտպանել իր առաքելությունը… զավեշտ է, բայց` հենց նույն բիզնեսով, շահախնդրությամբ մոլուցքի աստիճանի չափ տարված, այ՝ իսկական «հիվանդության թեկնածու», մարդ արարածից։ Այս արատավոր գործընթացը դարերով է չափվում։ Ինչպես երևում է 21-րդը, ցավոք, կուլմինացիոն եզրագծում է։ Պետք է ուշքի գալ, քանի դեռ…

Դեռևս 16-17-րդ դարերում անգլիական մատերիալիզմի նախահայր Ֆրենսիս Բեկոնն է (1561-1626) ահազանգել. «Ամուսնական սերը բազմապատկում է մարդկային ցեղը, բարեկամականը կատարելագործում է, իսկ անբարոյականը փչացնում է ու ստորացնում»։ Խեղճ փիլիսոփան ի՞նչ իմանար, որ 4-5 դար հետո` զարգացած, քաղաքակիրթ իրականության մեջ առողջության համաշխարհային կարգավիճակով պահապան մի կառույց որոշ արկածախնդիրների ուղղորդմամբ սերը պաշտոնապես կճանաչի «լուրջ հիվանդություն»։  Ֆ.Թելլիսը  և իր մոլորյալ հետևորդները թող իմանան, որ եթե սերը խեղված է, ագրեսիվ է և հիվանդագին մոլեռանդության է վերածվել, ապա դա արդեն սեր չէ. սերը կամ լինում է կամ չի լինում կամ էլ, բանաստեղծի խոսքով` «Սիրո հակառակը ամենևին էլ չսիրելը չէ»։ (Ահա կարծես մեծ թյուրիմացության կծիկը սկսում է բացվել)։ Ըստ այդմ, պետք է հիշել, որ ամեն ինչում չափի կորուստն է հանգեցնում անոմալ երևույթների, և նույն վիճակում կարող է հայտնվել նաև սերը, որը նախնական, իրական իմաստով չունի ոչինչ ընդհանուր` աղճատող գործոնների հետևանքով ստեղծված իրավիճակների հետ, որոնք էլ և դառնում են հիվանդությունների պատճառ։ Հետևաբար սերը, կորցնելով խորախորհուրդ իր իմաստի հոգևոր և, ինչու ոչ, ֆիզիկական էութենաբանական ամբողջությունը, վերածվում է անցյալի մի հուշի։

Աստվածային սերը, Ստեղծիչի օրհնությամբ, ինչպես ասվեց, իր պաշտպանության առաջին զինվորն է, ում հաղթել հնարավոր չէ ¥երկար որ չլիներ, հիանալի ենթավերնագիր կսազեր, իսկ հետաքրքիր է իմանալ սիրո մասին խոսքը վերջ ու՞նի արդյոքեթե ոչ, ուրեմնև շարունակենք¤։

Փաստորեն, եթե անծայր ժամանակով շատ հետ գնալու լինենք՝ ի սկզբանե մաքրամաքուր սերը անհաշտ դիմակայությամբ, ընդհանրացված` հակասիրո դեմ պայքարում իր դերն ու պատիվը հավերժ պաշտպանում է  իրար փոխապահովող, հոռի իրականություններ ներկայացնող երկու հակառակորդ ուժերի` 1) ամենուր, ամեն պահ, զանազան սեռախեղումներով, գենախեղումներով չարիքի տարածման, ինչպես նաև` 2) չարիքին նպաստող ու դրա ճանապարհը հեշտությամբ հարթող, բոլոր ժամանակներում զորավոր գործոն հանդիսացող փողի, շահի գերիշխանության հարձակումներից։

Բայց, ախր,  ինչքան  հայտնի է, պատմությունը չի արձանագրել դեպք, երբ որևէ ժամանակ, որևէ երկրում պետականորեն, թե պաշտոնապես հռչակվի հրովարտակ կամ հրամանագիր, որ այսուհետև սիրելն արգելված է, որովհետև «հիվանդություն» է և պետք է նրան թաղել հնարավորին չափ խորը, որպեսզի այդ «ախտը» շուրջբոլորը վարակ չտարածի՞։

Մի օր էլ կիմանանք, որ սիրո հիվանդության լիարժեք ախտորոշումը գտնողին Նոբելյան մրցանակի են արժանացրել։ Հնարավոր է, քանզի չար լեզուներն ասում են, որ այս մրցանակի հանձնման ժյուրիում էլ երբեմն որոշումները արդար չեն կայացվում։ Թարմ մի օրինակ. աշխարհում լայնորեն հայտնի «ЯМР»-տոմոգրաֆիկ ախտորոշիչ սարքի հայազգի հեղինակը, Դամադյան ազգանունով, վերջերս հեռուստահաղորդման ընթացքում «ներողամտորեն» հայտնեց, որ իր երկար տարիների քրտնաջան աշխատանքը ըստ արժանվույն չի գնահատվել։ Նա խիստ զարմացական իմացել է, որ այդ հեղինակավոր  մրցանակը  ստացել է ոչ թե ինքը` հայտնագործության հեղինակը, այլ՝  սարքը ընդամենը կատարելագործող մասնագետ երկու հրեա բժիշկներ։

ՍԱՄՎԵԼ  ՍՄԲԱՏՅԱՆ

 Հ.Գ. Էսպիսի հետաքրքրական, տխուր ու զարմանալի բաներ են կատարվում մեր աշխարհում։ Լավ է, որ զարմանալու հատկությունը դեռևս պահպանվում է` ազատելով մարդկությանը նորանոր իրական հիվանդություններից։

Հաջորդ հոդվածում  հարգելի ընթերցողի հետ միասին կվերլուծենք ընդհանուր ուժերով հերքվող չարաբաստիկ որոշման  «հիմնավորումներից» մի քանի կարևորները, նաև  խոսք կծավալվի ածանցյալ այլ թեմաների շուրջ ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...