08:53
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առաջինն եմ լինելու

2013-10-17 11:51

Մադամ Դե Ֆակտո N 03

Կինոյով զբաղվող մարդը պետք է կամիկաձե լինի, ամեն ինչի պատրաստ։ Փափուկ, կուլ  գնացող մարդկանց համար շատ դժվար է ֆիլմ նկարել։ Եթե չես կռվում գործիդ համար, արդյունքի չես հասնի։ Ռեժսոր լինելը մեծ կամք է, դու քո ամենանվիրականը ստիպված ես կիսել մարդկանց հետ, որպեսզի գործը գլուխ բերես, ստանաս այն, ինչ ուզում ես։

Նունե Հովհաննիսյան

Կին ռեժիսորը

- Երբ նոր էի սկսում, հայրս ասում էր. «Դա կնոջ գործ չէ, մոռացի՛ր, ոչ մի լավ կին ռեժիսոր չկա»։ Ես էլ ասացի, որ առաջինն եմ լինելու։ Հիմա, երբ կինոփառատոնների կատալոգներ եմ նայում, այնքան շատ են կանայք, ավելի շատ, քան տղամարդ ռեժիսորները։ Չնայած միտում կա, որ կանայք նմանվում են տղամարդկանց։ «Ինձ համար դժվար չէ ռեժիսոր լինելը, շատ հարցերում` նույնիսկ ավելի հեշտ։ Երբեք խնդիրներ չեմ ունեցել։ Օրինակ` հայրս նկարահանման ժամանակ միշտ խնդիրներ էր ունենում մարդկանց հետ, բայց շատ ուժեղ մարդ էր։ Գուցե ես ավելի թեթեւ ժամանակներում եմ ապրում, բայց երբեք ոչ մի խնդիր չի եղել»,- պատմում է Նունե Հովհաննիսյանը` ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի դուստրը։

Նա երբեք էլ տարբերակում չի դրել ու համաձայն էլ չէ այն մտքի հետ, թե այս գործը տղամարդու համար է, այ սա արդեն` կնոջ համար։ Ռեժիսորն էլ կարող է ինչպես տղամարդ լինել, այնպես էլ` կին, կարեւորն ասելիքն է։ Նրան հավասարապես զարմացնում թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ինչպես խելքով, այնպես էլ հիմարությամբ։

Երբ պայմանավորվում էինք հարցազրույցի օրն ու ժամը, ռեժիսորից ճշտեցի, թե ե՞րբ է նկարել վերջին ֆիլմը, նա էլ ծիծաղեց, թե 1905 թվականին։ Պարզ էր, որ խոսքն իրականում անցյալ դարասկզբին չէր վերաբերում, բայց նաեւ պարզ էր, որ դա շատ վաղուց էր եղել։ Հետեւաբար հնչեց նաեւ հարցի տրամաբանական շարունակությունը` ինչո՞ւ այդքան առաջ։ Բայց դրա պատասխանն արդեն ստացա հենց հարցազույցի ժամանակ։

- Չէ՛, իհարկե, 1905-ին չէր, 1990 կամ 91 թվականին էր, կոչվում էր «Օր», փաստագրական ֆիլմ էր։ Մինչ այդ եվս երկու վավերագրական ֆիլմեր էի նկարել`«Դրախտավայրը» եւ «Մատաղը»։    Դրանից հետո շատ բան փոխվեց, երեխա ունեցա, սկսեցի ամուսնուս հետ աշխատել։ Վերջին 12-13 տարին հիմնականում  նրան եմ օգնել` իր նախագծերն իրականացնել (ամուսինը նույնպես ռեժիսոր է, հաստատ լսել եք` Դոն Ասկարյան)։

Նախագիծ, որ 20 տարի հանգիստ չի տալիս

90-ականներից հետո ինքնուրույն գործեր արել է Նունեն, եղել են ֆիլմեր։ Օրինակ` այս տարի «Ոսկե ծիրան»  երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում Բագրատ Հովհաննիսյանի մասին դստեր պատրաստած ֆիլմը։ Նունեն համոզված է, որ լավագույնը դեռ առջեւում է։ Արդեն քսան տարի է, նրա մտքում մի ֆիլմի գաղափար է պտտվում։ Հետքարքիր է, թե այդ ինչ նախագիծ է, որ երկու տասնամյակ նրան հանգիստ չի տալիս։ Ռեժիսորն էլ Ֆոլկներին է մեջբերում, թե` պատմությունները, որ պատմում ես, երբեք չես գրի։ Նա էլ է վախենում, որ մի բանի մասին շատ ես խոսում, իմաստը կարծես կորչում է, էներգիան` ցնդում։ Այդուհանդերձ, Նունեն շատ հակիրճ պատմում է իր երազանքի մասին։

- Խաղարկային ֆիլմ է, այդ ժանրի ֆիլմերը կոչվում են «road movie», այսինքն` ճանապարհային ֆիլմեր։ Ճամփորդությունը սկսվում է Հայաստանից Խորհրդային Միության փլուզումից հետո, գնացքն անցնում է նախկին Խորհրդային Միության ողջ տարածքով, հասնում մինչեւ Միջին Ասիայի խուլ գյուղերը։  

Շատ երկար եմ այդ նախագծի ամսին մտածում, բայց երեւի ձեռքերս չեն հասնում, կամ ուղղակի մեջս վախ կա` գրելու հետ կապված. սցենար դժվարությամբ եմ գրում։ Եթե այն լիներ, ես կփորձեի միջոցներ գտնել։ Մի քանի տարի առաջ ինչ-որ մարդկանց հետ փորձում էի կյանքի կոչել այդ նախագիծը, բայց չստացվեց։

 Մեռած վիճակն անցավ

«Հայ կինոն վերակենդանանում է,-կարծում է Նունեն։-Մեռած վիճակը, երբ ոչինչ չէր կատարվում, անցել է, հիմա շարժ կա»։ Նա հիշում է, որ խորհրդային ժամանակներում էլ իդեալական պայմաններ չէին։ Տարեկան Հայֆիլմն ընդամենը 6 լիամետրաժ ֆիլմ էր նկարում։ Կարծում է` շատ քիչ է։ Այսօր գուցե լիամետրաժ չէ, բայց ավելի շատ են նկարում։

- Ինձ թվում է, որ երիտասարդներին ճանապարհ տալու միտում կա։ Հիմնական ֆինանսավորողը Կինոկենտրոնն է։ Մեծ գումարներ չեն տալիս, բայց հնարավորություն տալիս են։ Հարցն այն է, որ մարդիկ ասելիք ունենան։ Խնդիրը մտածող, տաղանդավոր մարդու դեֆիցիտն է։

Տաղանդավոր երիտասարդների Նունեն, այնուամենայնիվ, ճանաչում է։ Ամռանն աշխատել է «Ոսկե ծիրան» կինոփառատում։ Ֆիլմերն ընտրելիս ամենայն մանրամասնությամբ դիտել է թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան ֆիլմերը։ Մեր ֆիլմերը նրան չեն ոգեւորել։

- Բառիս բուն իմաստով լավ ֆիլմ գրեթե չկար, բայց դրսից եկած ֆիլմերում ինչ-որ նշաձող կա, որ պահում են։ Հայկականը հիմնականում կարծես թե 50-ական թվականների Երեւան ստուդիայի նկարած ֆիլմերն են. իրենց մոմերը, Արարատը, անհասկանալի ռակուրսներ, թախիծ, տեքստեր, շատ խեղճ ու կրակ է, ախր։ Ինձ թվում է` դա սահմանափակությունն է, տգիտությունը, ներքին ազատությունից զրկված լինելը։ Ամեն ինչից վախենում են, ազատ մտածելուց են վախենում։ Կարելի է ապրել Հայաստանի մայրաքաղաքում եւ լինել անհուսալի գավառական, որովհետեւ վախկոտ ես ոչ թե ֆիզիկապես, այլ մտքով։

Փորձը ցույց է տվել, որ հնարավոր է շատ բարձր որակի եւ մարդկանց համար հետաքրքիր ֆիլմ նկարահանել։ Պարտադիր չէ` փառատոնային լինի, որ բարձրարժեք համարվի։ Որպես օրինակ, նա մատնանշում է Տարանտինոյի «Քրեական ընթերցվածքը»։ Ժամանակին այն արժանացավ Կաննի մրցանակի, արդեն դասական ֆիլմ է համարվում, բայց միեւնույն ժամանակ սիրված է տարբեր մակարդակի հանդիսատեսի կողմից։

Հայ կինոյի բարդություններից է Հայաստանում պրակատիկ  գաղափարի բացակայությունը։ «Մեկուկես կինոթատրոն ունենք, որոնք դժվար թե մեծ փողեր աշխատեն` հայկական ֆիլմեր ցույց տալով։ Ցուցադրում են, բայց դա շուկա չէ, գուցե հետուստաընկերությունները պետք է անցնեն եվրոպական տարբերակին,- մտածում է ռեժիսորը։ -Այնտեղ ի՞նչ են անում, նախապես գնում են ֆիլմը։ Երբ այն վերջացնում են, նոր վճարում են  գումարները եւ պարտավոր են ցուցադրել։ Կոմերցիոն հիմքի վրա է դրված, բայց դու գիտես, որ շատ մեծ հանդիսատես ունես։ Մեզ մոտ ոչ ոք չի գնում, լավագույն դեպքում պարզապես ցույց են տալիս։ Եզակի դեպքեր են, երբ մեծ ընկերությունները ֆիլմ են պատվիրում, մշտական կինոարտադրությունը ֆոնդերով է արվում։ Մեզ մոտ դեռ խմորման, կայացման փուլ է»։

Երբ հարցազրույց էին վերցնում, Նունեն «Արեւորդի» կազմակերպության հետ էր աշխատում։ Նրանք բնապահպանական ֆիլմերի փառատոն էին անցկացնում, ռեժիսորը մոնտաժում ու վերջնական տեսքի էր բերում էկոակումբների սաների նկարահանած ֆիլմերը։ «Չնայած սեփական նախագծի վրա չեմ աշխատում, բայց սա էլ ստեղծագործական աշխատանք է»,- ասում էր Նունեն։

Նելլի Հարությունյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...