19:12
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարոտի դեղատոմս նվիրողն այսուհետ գեղեցկություն է նվիրելու

2013-10-16 11:11

 «Մադամ Դե Ֆակտո» N3

«Երաժշտական փոստարկղի» և «Երաժշտական կյանքի» հեղինակ ու հաղորդավար, երաժշտագետ, սիրված հեռուստահաղորդավարուհի Մարգարիտ Թախտաջյանը տասնվեց տարվա  բացակայությունից հետո վերադարձել է հայրենիք, վերադարձել է նոր ծրագրերով ու մտահղացումներով։ Կարոտի դեղատոմս նվիրողն  այսուհետ գեղեցկություն է նվիրելու։

-Տասնվեց տարի ապրել եք ԱՄՆ-ում. ի՞նչը դրդեց հաջողակ ու սիրված հաղորդավարուհուն  մեկնել հայրենիքից։

-1990-92թթ. գլխավորել եմ Հայաստանի Հանրապետության հեռուստապետվարչության «Սփյուռք» ստեղծագործական միավորումը, որը երաժշտականից անցել է լուսավորչականի ու քաղաքականի, այնուհետև, որպես սեփական թղթակից, մեկնել եմ ԱՄՆ։ Պայմանագրով աշխատել եմ 4 տարի, սակայն հանգամանքների բերումով, շարունակել եմ աշխատել ԱՄՆ-ում` նախատեսվածից շատ ավելի երկար… Չնայած որ այնտեղ երկար եմ ապրել, այնուամենայնիվ միշտ էլ սերտ կապի մեջ եմ եղել հայրենիքիս հետ։

      -Ինչու՞ ընտրեցիք հենց ԱՄՆ-ն  ի՞նչն էր հատկապես Ձեզ գրավել Նահանգներում։

- Մինչ այդ ես 1989թ.-ին արդեն եղել էի Լոս Անջելեսում իրանահայ միության հրավերով` մի շարք դասախոսություններ կարդալու, ինչպես նաև «Հանդիպումներ Լոս Անջելեսում» երաժշտական ֆիլմ նկարահանելու նպատակով։ Այնպես որ ծանոթ էի այդ գաղթօջախին։ Նահանգներում բնակվելու պատճառներից մեկն էլ նաև այն էր, որ ինձ գրավել էր նրանց կենցաղի մակարդակը։ Հաճախ հնարավորություն էր ստեղծվում ունկնդրելու աշխարհահռչակ երաժիշտների ելույթները։

-Ի՞նչը Ձեզ դուր չէր գալիս ԱՄՆ-ում։

-Նախ այն, որ կամա թե ակամա վերանում է ազգային նկարագիրը։ Սակայն եթե Ամերիկայի հայ գաղթօջախները համեմատենք Ռուսաստանի գաղթօջախների հետ, ապա կտեսնենք, որ ԱՄՆ-ում ավելի շատ է պահպանվել ազգային նկարագիրը։ Եվ երբեք ԱՄՆ-ում ազգային դիսկրիմինացիա չես զգում։

-Նահանգներում շարունակե՞լ եք Ձեր լրագրողական գործունեությունը։

    -Հիմնականում զբաղվել եմ թերթային լրագրությամբ, ինչն անսպասելի էր ինձ համար։ Լրագրողական գործունեությունս այնտեղ ակտիվ է եղել։ Թղթակցել եմ «Ասպարեզ» և «Նոր Հայաստան» թերթերին, ռուս- հրեական համայնքի «Կոնտակտ» ռուսալեզու թերթում վարել եմ   «Արմենիա» էջը։ Այդ տարիներին են ստեղծվել  «Ամերիկյան ֆրիվեյների փակուղիներում» էսսեների շարքը, «Արտահերթ նիստ» քաղաքական ֆարս մյուզիքլը և «Maple ave 115» հեռուստատեսային տրագիկոմեդիան լոսանջելեսահայության կյանքից։ Իսկ «Մի կտոր հող, որի անունը հայրենիք է» գրքույկիս միջոցով ընթերցողին եմ ներկայացրել հայրենակարոտ բանաստեղծությունների ու արձակ մանրապատումների փոքրիկ փունջ։ Նաև հայկական հեռուստաալիքներից մեկում որդուս` Հայկի հետ ունեցել ենք լրատվական-վերլուծական մի ծրագիր, որը անդրադառնում էր հայաստանյան կյանքի կարևոր իրադարձություններին։ Բացի սրանից Լոս Անջելեսում ստեղծեցի «Երևանցիների միություն» կազմակերպությունը, որը ոչ միայն համախմբում էր այնտեղ բնակվող երևանցիներին, այլև օգնության ձեռք էր մեկնում Հայաստանում բնակվող չքավոր և սոցիալապես անապահով ընտանիքներին։

    -Ի՞նչը դրդեց Ձեզ վերադառնալ հայրենիք։

     -Ապրելով ԱՄՆ-ում` բազմաթիվ անգամներ եմ այցելել Հայաստան, և ամեն անգամ ինձ կարոտն է բերել Հայաստան, ինչպես բոլոր այն մարդկանց, ովքեր հեռու են հայրենի հողից։ Բանն այն է, որ ես լոսանջելեսյան կյանքիս ընթացքում լուրջ հոգեբանական սթրես եմ ապրել, որի հիմնական պատճառը կարոտն էր։ Հայաստան գալով` ես փորձել եմ մեղմել այդ կարոտը։ Շատ եմ շրջել փողոցներով, այցելել շատ ու շատ վայրեր, որտեղ հանգիստ եմ փնտրել, սակայն չեմ կարողացել գտնել մի վայր, որտեղ լիարժեք կկարողանայի լիցքաթափվել։ Եվ ամեն անգամ ապարդյուն փնտրտուքներից հետո վերադարձել եմ ԱՄՆ։ Այս շրջանում ես լրջորեն զբաղվում էի մակրոբիոտիկայի պատրիարք ճապոնացի Ջորջ Օսավայի ուսմունքով, որի շնորհիվ կարողացա ինձ դուրս հանել այդ բարդ վիճակից։ Մակրոբիոտիկ այդ ուսմունքը  կոչվում էր «Երիտասարդացման և երկարակեցության արվեստ»։ Դա ոչ միայն որոշակի սննդակարգ էր, այլև աշխարհընկալում ու փիլիսոփայություն, որի հիմքում ընկած էր  գիտակցական և զգայական աշխարհների ներդաշնակությունը։ Օսավայի ուսմունքը հիմնված է ին-յան սկզբունքի վրա, որի կանոններին հետևելով, մարդը կարող է հասնել իրական երջանկության։ Այդ օրվանից միշտ մտածում էի վերադառնալ Հայաստան և մեր հայ կանանց համար ստեղծել մի վայր, որտեղ նրանք կկարողանան հոգեկան լիարժեք հանգստություն ձեռք բերել։ Դա էր նաև հայրենիք վերադառնալու պատճառներից մեկը։

     -Անթերի տեսք ունեք. ո՞րն  է Ձեր գեղեցկության բանաձևը։

Միշտ լեցուն եմ սիրով։ Ուսանողական տարիներին նույնիսկ հարցնում էին, թե ամեն ինչ ունե՞մ, որ այդքան ուրախ եմ։ Մականունս էլ «Հայրենասեր» էր։ Ես շատ երջանիկ եմ իմ հայրենիքում, երևի պատճառներից մեկն էլ դա է։ Օսավայի սննդակարգը ինձ նույնպես շատ օգնեց պահպանել արտաքինս։ Ասեմ նաև, որ հավատացյալ եմ, դավանում եմ միայն հայ առաքելական եկեղեցուն, ինչն ինձ տալիս է խաղաղություն և սեր։

-Հայաստանում արդեն կարծես փոխեցիք գործունեության ոլորտը։ Սիրված հաղորդավարուհին այսօր սպա կենտրոնի տիրուհի է։

-Հայաստան վերադառնալուն պես ես հիմնեցի «Լոնգե Վիտա» սպա կենտրոնը։ Ասեմ, որ սպա կենտրոնի ոճը թելադրվել է Օսավայի ուսմունքով։ Դա բուդդիզմին բնորոշ խաղաղությունն ու ներդաշնակությունն է։ Մտնելով այստեղ` կանայք կտրվում են արտաքին աշխարհից և հայտնվում են մեկ այլ աշխարհում, ուր ներշնչանքի փիլիսոփայությունն է տիրում։ Այստեղի մթնոլորտը մյուս կենտրոններից տարբերվում է ոչ միայն ինտերիերի դիզայնով, բուրմունքների բազմազանությամբ և հանգստացնող երաժշտությամբ, այլև այն ներքին գործոններով, որոնցով աշխատում են կենտրոնի մասնագետները։ Ի դեպ,  «Լոնգե վիտայի» մասնագետները  կրթություն են ստացել  Հայաստանում, կատարելագործվել են Մոսկվայում, Մարսելում և Անգլիայում։

-Ի՞նչ ծառայություններ են գործում «Լոնգե վիտայում»։

-«Լոնգե վիտան» իր այցելուներին մատուցում է բազմապրոֆիլ  ծառայություններ` սաունա, բուժական մերսում, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, ականջի և քթի դակում,  բուժական պրոցեդուրաներ մազերի համար։ Ասեմ նաև, որ մեր սպա կենտրոնում գործում է ռելաքսի սենյակ, որի  այցելուները ստանում են խորհուրդներ, հաճելի զրույցների ընթացքում թեյեր են ըմպում, ցանկության դեպքում նրանց հետ անցկացվում են Օսավայի ամենակարևոր թեստերը։ Մենք մեր հաճախորդների համար պատրաստել ենք բազում անակնկալներ։ Այսօր կենտրոնում բոլորի համար գործում են զեղչեր, իսկ մշտական հաճախորդներին տրվելու են զեղչի կտրոններ։ Կենտրոնում գործող ծառայությունների նվազագույն փաթեթի մեջ, ի զարմանս բոլորի, 3-4 ծառայություն է մտնում։ Ունենք նաև նվեր քարտեր, որոնք լավագույն նվերն են կանանց համար։

-Ինչո՞վ «Լոնգե վիտան» կտարբերվի մայրաքաղաքում գործող սպա կենտրոններից։

     -«Լոնգե վիտան» կգործի ոչ միայն որպես սպա կենտրոն, այլև որպես յուրատեսակ կանանց ակումբ։ Աշխատանքային ծանրաբեռնված օրվանից հետո  մտերմիկ միջավայրում  կանայք կկարողանան զրուցել ու փոքր-ինչ լիցքաթափվել։ Մենք ծրագրում ենք նաև հանդիպումներ արվեստագետների և երաժիշտների հետ։ Կմատուցվեն Ջորջիո Օսավայի թեյերը և ուտեստները։ Կանանց և երիտասարդ աղջիկներին կտրվեն անվճար խորհուրդներ, թե ինչպես երկար պահպանեն իրենց գեղեցկությունը։ Մենք համագործակցում ենք նաև դեսպանատների և տուրիստական կազմակերպությունների հետ` փորձելով բոլոր ազգերի ներկայացուցիչ կանանց սրտերում էլ մեզանից ջերմ հուշեր թողնել։ «Լոնգե վիտայում» գիտեն երկարակեցության ու գեղեցկության գաղտնիքները։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...