21:50
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ժամանակը չի սպասում, և դա հրաշալի է, քանի որ բացառում է լճացումը

2013-10-16 11:07

Դե Ֆակտո N 88 (2013թ.)

 

Կան չգրված բարոյական նորմեր, որոնց անհրաժեշտ է հետևել. մերժել միայն ստանալու հոգեբանությունը, հարգել հասարակությանն ու աշխատակիցներին, առաջնորդվել կառավարման քաղաքակիրթ սկզբունքներով և նպաստել երկրի զարգացմանը։

Ռալֆ ՅիրիկյանՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն

-Պարո՛ն Յիրիկյան, Դուք Հայաստանում եզակի սիրված անձնավորություն եք, ում մասին միայն գովեստի խոսքեր են հնչում։ Ձեր կերպարը դրսևորվում է հատկապես Ձեր ղեկավարած ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության շրջանակներում, որում առանձնահատուկ տեղ ունի կորպորատիվ պատասխանատվությունը։ Դժվար չէ՞ պատասխանատվության այդքան մեծ շրջանակ կրել սեփական ուսերին և մշտապես արդարացնել ժողովրդի սպասումները։

-Պատասխանատվությունն ապրելակերպ է. այն կամ կա, կամ`չկա։ Առհասարակ, եթե որևէ մեկը ստանձնում է պատասխանատու վարքագիծ, պետք է պատրաստ լինի նաև առաջնորդվել հարգանքի սկզբունքով։ Բիզնեսում հաջողելու հատուկ բանաձև չկա։ Կան չգրված բարոյական նորմեր, որոնց անհրաժեշտ է հետևել. մերժել միայն ստանալու հոգեբանությունը, հարգել հասարակությանն ու աշխատակիցներին, առաջնորդվել կառավարման քաղաքակիրթ սկզբունքներով և նպաստել երկրի զարգացմանը։ Նվիրումը ջանքեր է պահանջում։ Իսկ վերջնական գնահատականը հասարակության փոխադարձ հարգանքն է, որը վեր է ամեն ինչից։

-ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության ծրագրերը բազմաոլորտ են և բազմաքանակ։ Կնշե՞ք՝ որ ոլորտներին են դրանք հատկապես ուղղված և ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում դրանք ընտրելիս։

-Մեր բոլոր ծրագրերի նպատակը Հայաստանի զարգացմանը նպաստելն ու քաղաքացիներին օգտակար լինելն է։ Նախընտրում ենք այն նախագծերը, որոնք կարող են շոշափելի և երկարաժամկետ արդյունք ապահովել։ Դրանցում հատկապես կարևոր տեղ են զբաղեցնում առողջապահության, կրթության, մշակույթի, բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող ծրագրերը։ Երկրին և հասարակությանն օգտակար լինելու համար կարևոր տեղ են զբաղեցնում նաև սփյուռքի համախմբմանն ուղղված ծրագրերն ու արտակարգ իրավիճակներին դիմակայելու` ԱԻՆ-ի հետ ձեռնարկվող քայլերը։ Բոլոր նախաձեռնությունները «կյանքի ուղեգիր» են ստանում ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքում ձևավորված թիմի լուրջ քննարկումներից հետո միայն։

-Հայաստանում այսօր շատ է խոսվում տուրիզմի զարգացման մասին և որոշակի քայլեր են ձեռնարկվում դրան ուղղված։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը նույնպես իր լուման ունի այդ գործում, ո՞րն է այն և Ձեր կարծիքով՝ ո՞րն է Հայաստանի գրավչության գաղտնիքը յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար։

-Հայաստանն, անշուշտ, ունի մի քանի կարևոր այցեքարտ։ Մասնավորապես` քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն է և այդ առումով, արդեն իսկ գրավիչ է շատերի համար։ Դա, սակայն, ընդհանրացնելը ճիշտ չի լինի, քանի որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ունի հետաքրքրությունների իր շրջանակը և անհատական մոտեցումը որևէ երկրի նկատմամբ։ Գլխավոր նպատակը աշխարհի «զբոսաշրջային քարտեզում» մեր երկրի գրավչությունն ամրապնդելն է, ինչին էլ ձգտում ենք։ Կարևոր է գիտակցել նաև, որ տուրիզմի զարգացումը երկրի տնտեսական աճին նպաստելու իրական ներուժ ունի։ Ուշագրավ է, օրինակ, հայկական մշակութային հուշարձանների տարածքում տեսակրպակների տեղադրման ծրագիրը։ Այդ սարքերը հիշարժան պահերը տեղում հավերժացնելու և տպավորություններով հարազատների հետ կիսվելու հրաշալի գործիք են զբոսաշրջիկների համար։ Կարևոր է նաև տեղեկատվական վահանակների առկայությունը։

Ընկերությունը կարևորում է Սփյուռքը Հայաստանին կամրջելու և  հայության ներուժը համախմբելու նպատակը։

-Արդեն հինգ տարի է, ինչ գործում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որը սփյուռքահայությանը հայրենիք բերելու, աջակցելու ամենատարբեր ծրագրեր է իրականացնում։ Համատեղ ի՞նչ ջանքեր են գործադրվել այս ոլորտում։

-ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է երկրի տնտեսության զարգացմանն ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը։ Ընկերությունը կարևորում է Սփյուռքը Հայաստանին կամրջելու և  հայության ներուժը համախմբելու նպատակը։ Այդ տրամաբանության շրջանակներում, մեր ընկերության գլխավոր հովանավորությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր։ Հիշենք, օրինակ, համահայկական խաղերը, Հայաստան-Սփյուռք գործարար համաժողովը, «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսը և այլն։ Հիմքում` Սփյուռքը հայրենիքից չտարանջատելու և ազգայինը խրախուսելու նպատակն է եղել։

-Պարո՛ն Յիրիկյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Ձեր միջև կնքված համաձայնագրով ՎիվաՍել-ՄՏՍ-ը  լուրջ մասնակցություն է ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտում իրականացված տարբեր ծրագրերի և միջոցառումների իրականացմանն օժանդակելու գործում։ Կներկայացնե՞ք՝ ինչ ծրագրեր են դրանք եղել։

-Գյուղացին ազգը կերակրողն է։ Նա անզոր է միայնակ լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ցանկալի արդյունք արձանագրելուն։ Հողի լեզուն հասկացող մշակը պետք է զգա մեր աջակցությունը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ոլորտին աջակցելու պատասխանատվություն է ստանձնել տարիներ առաջ։ Նպատակը բերքի անհարկի կորստից գյուղացուն պաշտպանելն ու բնության անկանխատեսելի ներգործությունը մեղմելն էր։ Մենք կանգնեցինք գյուղացու կողքին և սկսեցինք տարբեր մարզերում հակակարկտային կայաններ տեղադրել։ Այս ոլորտն, առհասարակ, առանձնահատուկ ուշադրություն է պահանջում։ Կա պարենային անվտանգության ապահովման խնդիր, գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքի և աշխարհի տարբեր երկրների համար մարտահրավեր դարձած այլ խնդիրներ։ Հարցեր, որոնցից անմասն չի կարող մնալ ոչ մի երկիր։ Գոյություն ունեցող խնդիրները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու համար համախմբվեցին նաև հայ ֆերմերները։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ համահայկական համաժողովի գլխավոր գործընկեր։

Չեմ ուզում բացել առևտրային գաղտնիքը։ Ընդամենը կասեմ` սպասեք առավելագույնին։

-ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ կապի ոլորտում առաջատար է և առաջարկում է մատչելի և որակյալ ծառայություններ ՀՀ քաղաքացիներին։ Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կապի ոլորտում մրցակցությունը։

-Երբ չկա ազնիվ մրցակցություն` չի կարող լինել նաև զարգացում։ Կարևոր է միշտ առաջ շարժվելու և բաժանորդների գոհունակությունը  վաստակելու գիտակցությունը։ Նույնիսկ զարգացած երկրների համեմատությամբ` Հայաստանում շարժական կապի շուկան բավականին զարգացած է։ Ինչ վերաբերում է տվյալների փոխանցման շուկային, ապա օրեցօր ակնհայտ է դառնում սրվող մրցակցությունը։ Ինտերնետ ծառայությունների շուկայում դրսևորվող զարգացումների արդյունքում շահում է բաժանորդը։ Ոլորտի զարգացմանը նպաստող գործիքը դաշտում գործող ընկերությունների ձեռքում է։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է մշտապես պահպանել առաջատարի իր դիրքերը` կարևոր տեղ հատկացնելով ցանցի վերազինումն ու հեռավոր մարզերը մայրաքաղաքին կապելու նպատակը։ Մենք չենք սահմանափակվում  կյանքի կոչված ծրագրերով։ Ժամանակը չի սպասում և դա հրաշալի է, քանի որ բացառում է լճացումը։ Ողջունում ենք նաև մրցակիցների կողմից գործադրվող ջանքերը։   

-Ի՞նչ նորություններ և անակնկալներ են սպասվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին։

-Նորություններ միշտ լինելու են, որից օգտվելու են բաժանորդները։ Շարունակելու ենք հանդես գալ վստահ, մրցունակ և մրցակցությունը սրող նորարարություններով և ձգտելու ենք շուկայում պահպանել առաջատարի մեր դիրքերը։ Չեմ ուզում բացել առևտրային գաղտնիքը։ Ընդամենը կասեմ` սպասեք առավելագույնին։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...