20:46
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մշակութային անդրադարձ

2013-10-15 11:48

Դե Ֆակտո N 88 (2013թ.)

Ներկայացնում ենք Ձեզ արվեստագիտության թեկնածու, երգիչ, կոմպոզիտոր, սիմֆոնիկ դիրիժոր, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Մարատ Հայրապետյանի հեղինակային հոդվածաշարը։ Այս համարում` մեր մասնակցությունն արտերկրյա կինոփառատոներին։

«Հայկական հաց» ֆիլմը` ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Աուստին քաղաքում կայացած Քրիստոնեական կինոփառատոնում։

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ռեժիսոր և պրոդյուսեր Արմեն Գասպարյանը  «Հայկական հաց» վավերագրական լիամետրաժ ֆիլմը (Հայաստան, ՌԴ, Իտալիա համատեղ արտադրություն) ներկայացրեց ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Աուստին քաղաքի Քրիստոնեական կինոփառատոնին։ Ֆիլմը մասնակցել է Բելառուսում կայացած Քրիստոնեական վավերագրական և հեռուստատեսային ծրագրերի «Մագնիֆիկատ» 7-րդ միջազգային կինոփառատոնին և արժանացել՝ «Ազգային պատմության ցավոտ խնդիրների բացահայտման պրոֆեսիոնալիզմի համար» ժյուրիի մրցանակին, «Եղեռնի ժամանակ հայ քրիստոնյաների արիասիրտ հավատքի մասին խորը կինովկայության համար» Բելառուսահունական կաթոլիկ եկեղեցու առաքելական առաջնորդարանի հատուկ մրցանակին։ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ա. Գասպարյանը մասնակցել է նաև Մոսկվայում կայացած <<Лучезарный Ангел>> միջազգային 8-րդ բարեգործական կինոփառատոնին, որի արդյունքում ֆիլմն ընտրվել է կինոյի և հեռուստածրագրերի «Ռադոնեժ» միջազգային փառատոնի մրցութային ծրագրում և արժանացել «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակի։

«Հայկ» կինոստուդիայի արտադրության ֆիլմերը՝ միջազգային հեղինակավոր կինոփառատոներում և կինոշուկաներում։

2013 թ. ընթացքում «Հայկ» կինոստուդիայի արտադրության «Ինձ աշուղ են ասում», «Սամվել պապը», «Կանանց մոլորակ», «Միասին աշխարհում», «Իմ սահմանը» ֆիլմերը ներկայացվում են Մոսկվայի «ԱրտԴոկ» /Ռուսաստան/, Սանկտ-Պետերբուրգի «Ուղերձ մարդուն» /Ռուսաստան/, Նովոսիբիրսկի «Հանդիպումներ Սիբիրում» /Ռուսաստան/, Եկատերինբուրգի «Մարդն ու պատերազմը» /Ռուսաստան/, Վիսբադենի «Գո Իսթ» /Գերմանիա/, Քաթարի «Ալ Ջազիրա», Իտալիայի «Իմպերիա Իտալի», ինչպես նաև՝  Խորվաթիայի Զագրեբ, Ավստրիայի Էբենզե, Չինաստանի Գուանչժոու քաղաքներում անցկացվող վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոներին։ Այս տարի «Հայկ» կինոստուդիայի արտադրության «Սամվել պապը», «Մենք կանք» և «Միասին աշխարհում» ֆիլմերը ներկայացվեցին նաև Կաննի կինոշուկայում, իսկ «Կարոտ» ֆիլմը ներառված էր Կաննի «Դոկ Քորներ» ծրագրի ֆիլմադարանում, ինչը հնարավորություն է տալիս գրավել ֆիլմերի վաճառքով զբաղվող տարբեր կազմակերպությունների ուշադրությունը։ Նույն ծրագրի շրջանակում «Հայկ» կինոստուդիան ստացել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոների ներկայացուցիչների հետ համաշխարհային վավերագրական կինոյին նվիրված կլոր սեղանների մասնակցության հրավերներ։

«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը` Լուտրակիում կայացած Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնին։

Կորինթիայի Լուտրակի քաղաքում՝ Հունաստանի մշակույթի նախարարության, Պիրեուսի և կղզիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբի, Պելոպոնեսի մարզպետարանի և Լուտրակիի քաղաքապետարանի հովանու ներքո «Կյանքն իբրև տոն» կարգախոսով անցկացվեց միջազգային կինոփառատոն` «Բարեկամների կինոն» խորագրի ներքո։ Նպատակն էր Հունաստանի և հունական համայնք ունեցող երկրների միջև բարեկամական հարաբերություններ ամրապնդելը և կինեմատոգրաֆիստների ու կինոսիրողների համագործակցության զարգացմանը նպաստելը։ Հայաստանից փառատոնին ներկայացվեց Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը /սցենարի հեղինակներ` Արմեն ու Արեն Վաթյաններ/։ Այն պատմում է եղեռն ապրած և ԱՄՆ ներգաղթած հայի մասին, ով ձգտում է ամերիկանացված իր ժառանգների մեջ արթնացնել ու ամրացնել կապը կորուսյալ հայրենիքի հետ, որդուն ու թոռանը վերադարձնել ազգային արմատներին։ Հույն հանդիսատեսի կողմից ֆիլմն արժանացավ ջերմառատ ընդունելության։ Փառատոնին մասնակցում էին նաև ֆիլմեր Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և Ադրբեջանից։ Հունաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Աթենքում կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիային նվիրված երեկո, որի շրջանակում Աթենքի «Միկրոկոսմոս» կինոթատրոնում տեղի ունեցավ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա էին Հունաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի, արվեստի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, դիվանագետներ։

Հավերժական ազատության թեմայով հայկական ֆիլմը` «Cinema perpetuum mobile» միջազգային փառատոնին։

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ռեժիսոր Գուժ Թադևոսյանի հավերժական ազատության թեմային նվիրված «Մարգար պապը» կարճամետրաժ ֆիլմը մասնակցեց Մինսկում կայացած «Cinema perpetuum mobile» միջազգային կինոփառատոնին և արժանացավ դիպլոմի։ Փառատոնին մասնակցեցին 30 երկրի 150 ռեժիսորներ, ցուցադրվեց 180 ֆիլմ։ Ֆիլմի պրեմիերայից հետո փառատոնի ժյուրիի անդամ, «Բելառուս վիդեո կենտրոն»-ի տնօրեն Յուրի Իգրուշան առաջարկեց Գուժ Թադևոսյանին նկարահանել հայ-բելառուսական լիամետրաժ ֆիլմ։ «Մարգար պապը» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։ Այն ցուցադրվել է «Cinema perpetuum mobile» փառատոնի գործընկերներ հանդիսացող Մարոկկոյի, Բեռլինի, Լեհաստանի կինոփառատոներում։

 «Մարգար պապը» ֆիլմը` Յալթայում կայացած «Միասին» 13-րդ միջազգային հեռուստակինոֆորումին։

Յալթայում անցկացվեց «Միասին» 13-րդ միջազգային հեռուստակինոֆորումը, որին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ դարձյալ մասնակցեց երիտասարդ բեմադրիչ Գուժ Թադևոսյանը` «Մարգար պապը» ֆիլմով, որը «Սկիզբ» անվանակարգում արժանացավ մրցանակի և դիպլոմի։ Հեռուստակինոֆորումին մասնակցեցին 27 երկրների շուրջ 300 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր։ Ժյուրին նախագահում էր ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Խոտինենկոն, կազմում ընդգրկված էին հեղինակավոր կինոբեմադրիչներ Ալլա Սուրիկովան, Վլադիմիր Ախադովը, Լյուդմիլա Գլադունկոն։ Փառատոնի շրջանակներում Գուժ Թադևոսյանը մասնակցեց կինոռեժիսոր Ալեդսանդր Եֆրեմովի, դերասան Սերգեյ Սելինի, ՌԴ ժողովրդական արտիստ Լեև Դուրովի ստեղծագործական հանդիպումներին, ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Եպիսկոպոսյանի «Ժպտացեք վարպետի հետ միասին» խորագրով և կինոռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոյի «Կինոյի լեզուն» վարպետության դասերին, Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վսեվոլոդ Բոգդանովի կազմակերպած «Վստահության ֆորմուլան» թեմայով միջազգային համաժողովին։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...