22:54
10/05/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Սպորտից դուրս բոլոր երազանքներս միայն ընտանիքիս հետ են կապված»

2013-10-04 11:35

Sport Դե Ֆակտո 03/2012

Նազիկ Ավդալյան` անկախ Հայաստանի ծանրամարտի աշխարհի առաջին չեմպիոն

2008 թվականին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Նազիկ Ավդալյանն իր հաջողությամբ սահմանափակվել չէր պատրաստվում։  Արդեն հաջորդ` 2009 թվականին Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում Նազիկը 69 կգ քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը` ուրախացնելով հայ ժողովրդինՆույն տարում նա պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով։

-Նազիկ, հայտնի պատճառներով այժմ մարզական կարիերայումդ հարաբերական անդորր է։ Հետաքրքիր է` ինչպես ես անցկացնում օրդ։

-Դե, հիմնականում դասերով եմ զբաղվում։ Այժմ սովորում եմ Վանաձորի  Մխիթար Գոշի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում. ստանում եմ երկրորդ կրթություն։ Իսկ առաջին` մանկավարժի մասնագիտությամբ մտադիր եմ գիտական թեզ պաշտպանել կանանց ծանրամարտի թեմայով։ Այս տարվա պլաններիս մեջ է մտնում ամուսնանալը։ Եթե Աստված կամենա, բալիկ կունենամ ու դրանից հետո միայն կվերադառնամ սպորտ։ Վերադարձս հավանաբար երկու տարուց կլինի։

-Հիմա վերականգնողական ի՞նչ փուլում ես գտնվում։

-Այս պահին վերականգնողական բուժումներ չեմ անցնում։ Մեջքս իր հունով վերականգնվում է։ Բժիշկներն ասում են, որ շատ արագ եմ առողջանում։ Շատ ուրախ եմ դրա համար ու շնորհակալ Էրեբունի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին ու այն բոլոր մարդկանց, ովքեր դժվար պահերին աջակցել են ինձ… Հատկապես շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին։

-Քաղաքականությամբ հետաքրքրվա՞ծ ես։

-Ոչ թե քաղաքականությամբ եմ հետաքրքրված, այլ ժողովրդիս ապագայով։ Ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը ավելի լավ ապրի, ավելի ապահով… Յուրաքանչյուր հայ, ինձ թվում է, պետք է մտածի իր հայրենիքի ու ժողովրդի ապագայի մասին, առավել ևս քաղաքական գործիչները։

-Դա՞ է պատճառը, որ վերջերս անդամակցեցիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Ի՞նչն է քեզ կապում այդ կուսակցության հետ։

-Այո’, իհարկե։ Այդ կուսակցությունն ,իրոք,մտածում է ժողովրդի ապագայի մասին։ Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին արդեն մի քանի տարի է` ճանաչում եմ, ու նրա կուսակցություն մտնելու պատճառը նրա կողքին գտնվելու, նրան սատարելու ցանկությունն ու պատրաստակամությունն է։

-Նազիկ, իսկ քեզ կտեսնե՞նք ապագա խորհրդարանում։

-Դա արդեն կուսակցությունը պետք է որոշի. ժամանակը ցույց կտա։

-Իսկ ի՞նչ կապ ես տեսնում սպորտի ու քաղաքականության միջև։

-Կարծում եմ` սպորտն արտաքին քաղաքականություն է. սպորտի միջոցով մի ամբողջ երկիր ես ներկայացնում աշխարհին։ Սպորտն օգնում է, որ աշխարհը ճանաչի քո հայրենիքը։ Սա է սպորտի և քաղաքականության ընդհանրությունը։

-Ինչու՞ հենց իրավաբանությունն ընտրեցիր որպես երկրորդ մասնագիտություն։

-Դե,նշանածս` Էրիկն էլ է իրավաբանական կրթություն ստանում։ Ես ինքս էլ անպայման ուզում էի երկրորդ մասնագիտություն ունենալ, բայց չէի ուզում, որ դա ձևական բնույթ կրեր, այսինքն` միայն դիպլոմի համար լիներ։ Ինձ իրավաբանությունը շատ է հետաքրքրում, ուզում եմ որոշ բաներ սովորել։ Կարծում եմ` թեկուզ միայն իր իրավունքներն ու պարտականություններն իմանալու համար յուրաքանչյուր մարդ պետք է որոշակի չափով ուսումնասիրի իրավաբանություն (ժպտում է)։

-Իսկ հիմա ընդհանրապես չե՞ս մարզվում։

-Երբեմն թեթև նախավարժանք, առավոտյան պարտադիր մարմնամարզություն։ Բայց մեջքի հետ կապված վարժությունները կտրականապես արգելված են։ Ծանրության հետ կապված ոչ մի բան չեմ անում, չի կարելի։

-Կնոջ համար ո՞րն է ծանրամարտով զբաղվելու լավագույն տարիքը։

-Ասեմ, որ այս մի քանի տարիների ընթացքում, ինչ ես միջազգային մրցումների եմ մասնակցում ու շփվում  ուրիշ մարզիկների հետ, տեսել եմ անգամ 30-35 տարեկան կանանց, որոնք մասնակցում էին մրցումներին։ Ինձ թվում է` կինն ուժեղ է 20-25 տարեկանում։ Իհարկե, կան բացառություններ… Բայց, ամեն դեպքում, մարզվում ես այնքան, ինչքան ուժ ու ցանկություն կա։

- Արտասահմանցի ծանրորդների հետ շփումներ կա՞ն։

-Այո’, իհարկե։ Հիմնականում համացանցով ենք շփվում, իսկ մրցումների ժամանակ մրցակցությունն առկա է միայն մրցահարթակում, դրանից դուրս բոլորս ընկերներ ենք։

-Երբ ամուսնանաս, հնարավո՞ր է, որ ամուսինդ դեմ լինի, որ վերադառնաս մեծ սպորտ։

-Ես խոսել եմ ընտրյալիս հետ. նա երբեք դեմ չի եղել իմ մարզվելուն։ Բայց ասում է, որ սպորտ չեմ վերադառնա, մինչև լիովին չվերականգնվեմ։ Ես էլ եմ այդ ամենը հասկանում ու կվերադառնամ միայն այն դեպքում, երբ հաստատ համոզվեմ, որ լիովին ապաքինվել եմ։

-Խոհանոցում հաճա՞խ ես լինում և ի՞նչ ես պատրաստում։

-Հիմա արդեն շատ ավելի հաճախ եմ լինում։ Սիրում եմ պատրաստել, հատկապես այնպիսի ուտեստներ, որոնք ընդունված չեն և առօրյայում քիչ են տարածված։ Խմորեղեններ եմ սիրում պատրաստել։ Անկեղծ ասած, չեմ սիրում, երբ ճաշատեսակի մեջ ընդեղեն է լինում։

-Տարբեր երկրներում ես եղել։ Ո՞ր երկիրն է առանձնապես տպավորվել, որտե՞ղ կցանկանայիր նորից լինել։

-Կցանկանայի նորից լինել Ֆրանսիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, առանձնապես տպավորիչ էր Կորեան, որտեղ էլ չեմպիոն դարձա։ Բայց, այնուամենայնիվ, ամենաշատը կցանկանայի երևի հենց Դոմինիկյան Հանրապետությունում լինել… Շատ է տպավորվել։

-Քո ամենամեծ երազանքը։

-Ես աշխատում եմ բոլոր երազանքներս վերածել նպատակների։ Ցանկանում եմ ունենալ ամուր ընտանիք, առողջ բալիկներ… Սպորտից դուրս բոլոր երազանքներս միայն ընտանիքիս հետ են կապված։

-Եթե քո երեխաները որոշեն ծանրամարտով զբաղվել, թույլ կտա՞ս։

-Իհարկե,թույլ կտամ։ Ոչ մի դեպքում չեմ բռնանա նրանց ընտրության վրա։ Ես շատ կցանկանայի, որ աղջիկս բալետի պարուհի դառնար։ Բայց եթե ծանրամարտն ընտրի, չեմ արգելի։

-Օրական ինչքա՞ն ժամանակ ես հայելու առաջ անցկացնում։

-Եթե այդ օրը տանից դուրս չեմ գալու, մոտավորապես 15-20 րոպե։ Իսկ եթե դուրս պետք է գամ, կես ժամից ավելի։

-Նորաձևությանը հետևու՞մ ես։ Առօրյայում ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում։

-Ինչքան ժամանակ է արդեն, որ սպորտային ոճով չեմ հագնվում, անգամ սկսել եմ կարոտել սպորտայինը։ Գերադասում եմ դասական ոճը։

- Ծանրամարտից բացի` ի՞նչ մարզաձևեր է սիրում Նազիկ Ավդալյանը։

-Սիրում եմ գեղարվեստական մարմնամարզությունը, գեղասահքը և ակրոբատիկան։ Քանի որ այս մարզաձևերը հեռուստացույցով ցույց չեն տալիս, համացանցով եմ հետևում մրցումներին։

-Մեքենա վարու՞մ ես։

-Մեկ-մեկ եմ վարում, այն էլ` ոչ երկար։ Մի տեսակ դեռ վախենում եմ։ Կանոններն աշխատում եմ չխախտել, բայց, իհարկե, եղել են մի քանի դեպքեր, որ խախտել եմ։

-Կանանց տոնի առթիվ երբևէ ստացածդ ամենաինքնատիպ ու հիշարժան նվերը։

-Ես շատ եմ սիրում ստացածս բոլոր նվերները։ Նույնիսկ այն նվերները, որոնք ինձ պետք չեն, ոչ մեկի չեմ նվիրում։ Բայց ինձ համար հատկապես հոգեհարազատ են ընտրյալիս` Էրիկի նվերները։ Շատ եմ սիրում, երբ ինձ նվիրում են փափուկ խաղալիքներ … (ժպտում է) Մի անգամ Էրիկը ինձ մարտի 8-ի առթիվ շատ մեծ փափուկ խաղալիք արջուկ նվիրեց…

-Իսկ այս տարի ի՞նչ կցանկանայիր ստանալ մարտի 8-ի առթիվ։

-Չգիտեմ… ծաղիկներ եմ շատ սիրում։ Եթե անգամ միայն ծաղիկներ ստանամ, մեծ սիրով կընդունեմ … Ծաղիկը ամենացանկալի ու սպասված նվերն է։

-Ի՞նչ կմաղթես մեր ընթերցողին, հատկապես կանանց ու աղջիկներին։

-Առաջին հերթին մեր  բոլոր կանանց ու աղջիկներին մաղթում եմ առողջություն, երջանկություն։ Կնոջ համար, ամեն դեպքում, ամենակարևորն անձնական կյանքն է, ուստի անձնական երջանկություն եմ մաղթում։ Թող իրենց կողքին ունենան ուժեղ, իրենց շատ սիրող ու հավատարիմ տղամարդ։ Իսկ մեր այն աղջիկներին, ովքեր ցանկանում են ծանրամարտով զբաղվել, ու հատկապես նրանց, ում ծնողներն արգելում են դա, ուզում եմ ասել, որ ծանրամարտն այնքան էլ կոպիտ սպորտաձև չէ, ինչպես կողքից է թվում։ Եթե ուզում են զբաղվել, թո’ղ զբաղվեն, մի’ արգելեք. դրանում ոչ մի վտանգավոր բան չկա։

 Նարինե Դանեղյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...