11:39
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր երկրում ինձ առավել շատ անհանգստացնում է արտագաղթը

2013-10-04 11:10

«Դե Ֆակտո» N 85 (2013թ.)

Հարցազրույց սիրված դերասան Սարգիս Գրիգորյանի հետ

Մեր զրուցակիցն է հայկական կինոյի և թատրոնի սիրված դերասաններից Սարգիս Գրիգորյանը։ Նկարահանվել է  «Որոգայթ», «Հատուցում», «Ժառանգները», «Լիալուսին», «Անծանոթը» հեռուստասերիալներում, ինչպես նաև խաղում է Նարեկ Դուրյանի «Օպերացիա Նեմեսիս» ներկայացման մեջ,  մասնակցել է  և մի շարք հեռուստանախագծերում։

-Մի քանի խոսքով կպատմե՞ք, թե ինչպես որոշեցիք դառնալ դերասան։

-Մասնագիտության ընտրությունը պատահականություն էր... Ես չէի մտածել դրա մասին, նույնիսկ ինձ համար խորթ էր այդ մասնագիտության ընտրությունը, քանի որ մեր ընտանիքում դա անհայտ ու առավել ևս չբացահայտված մասնագիտություն էր։ Սակայն, Աստծո կամոք, հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ բացի դերասանական արվեստից, ոչինչ ինձ դուր չէր գալիս... Միանգամից ձանձրանալով մի շարք մասնագիտություններից` մանկության ընկերոջս հետ գնացինք «Հայֆիլմ»-ի կինոդերասանի ստուդիա... Գնացինք, ընդունվեցի ու սիրեցի այս մասնագիտությունը։

-Մտավորական մարդու Ձեր բնորոշումը։ Այսօր մենք ունե՞նք մտավորականություն։

- Այսօրվա դրությամբ շատ մտավորականներ ունենք, այդ թվում նաև դերասանների մեջ։ Բայց ձեր հարցին կպատասխանեմ այսպես` մեզ, ընդհանրապես հայերիս, որպես կանոն, ցավոք սրտի,  միավորում է միայն համազգային դժբախտությունը։

-Արդյո՞ք դերասանները միասնական են։

-Դերասանների մեջ երբեք էլ միասնություն չի եղել ու չի էլ լինի... Դա ամենանախանձ, ամենագոռոզ, ամենաշահամոլ մասնագիտություններից մեկն է եղել ու կլինի։ Ուղղակի այսօր մեր տարիքային խմբում այդ նախանձային տենդենցը մի քիչ նվազել է` շնորհիվ նրա, որ այժմ դերասանները  այնքան էլ անգործ չեն...

-Ին՞չը  կոտրեց  միասնականությունը դերասանների մեջ։

- Չափից դուրս ազատությունը…Այն չափից դուրս ազատությունը, որը ես անվանում է լկտիություն, երբ արդիական է հնչում հետևյալ ասացվածքը` «ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին»,  երբ  մեկը մյուսին լսելը, էլ չեմ ասում միասնական կարծիք հայտնելը այս կամ այն հարցի վերաբերյալ հավասար է զրոյի... Այ, սա է պատճառը, որ մտավորականները չեն միավորվում, որովհետև նրանց մտքերն էլ այս կամ այն մի ստվար զանգվածի շահերին են վերաբերում, որը չի համապատասխանում մյուս մտավորականների կարծիքին...

Իսկ ինչո՞ւմն է մտավորականի առաքելությունը։

-Մտավորականի առաքելությունն է կենցաղային ամենօրյա տանջող խնդիրներից մարդուն տեղափոխել մեկ այլ հարթություն՝ զարգացնելով նրա մեջ գեղագիտական բարձր ճաշակ, տալ նրան հոգեկան բավարարվածություն։

-Հավատու՞մ եք, որ հեռու չեն համախմբման ժամանակները։

-Իհարկե կգան համախմբան ժամանակները, ուղղակի դրա համար ժամանակ է պետք, ռուսները մի լավ խոսք ունեն` «Природа отдыхает», բնությունը հանգստանում է, դժվար է չէ բնության համար 20-րդ դարում Սևակ, Սարյան, Մաթևոսյան, Մհեր Մկրտչյան, Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան և այլ հանճարներ տալը, պետք է հանգստանա... Լավ կլինի, անպայման լավ կլինի։

- ինչո՞վ պետք  է  զբաղվի մտավորականն ու դերասանը։

-Մտավորականն ու դերասանը պետք է զբաղվի  հենց իր`  մտավորականի ու դերասանի աշխատանքով, ոչ թե քաղաքական գործչի, առևտրականի և այլ շահութաբեր գործերով։

 -Ին՞չն  է  Ձեզ   առավել  անհանգստացնում  մեր երկրում։

-Արտագաղթը, աղքատությունն ու իշխանությունների անտարբերությունն այդ ամենի նկատմամբ...

-Մի՞թե  Սարգիս Գրիգորյանը  հիասթափված է։

- Ես հիասթափված չեմ՝ հիասթափվել նշանակում է  դառնալ չպայքարող, անտարբեր, սակայն ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, նույնիսկ շատ լավ։

-Ի՞նչ երազանքներ ունեք։

- Երազանքներս նեղ անձնական են ու կարծում եմ կհետաքրքրի միայն իմ ընտանիքի անդամներին։

-Ձեր կարծիքով` ինչպիսի՞ կարգավիճակում են գտնվում մեր երկրի երիտասարդ դերասանները։

-Համենայն դեպս հետևելով ավագ սերնդին` մեր երիտասարդ դերասանները տասնապատիկ լավ վիճակում են։ Համոզված եմ` շնորհքով լինես, հաստատ կգնահատվես։

- Խոսք` ուղղված մեր հայ մտավորականներին։

-Եկեք մեր երկրի մասին հոգ տանենք... ԲՈԼՈՐՍ... ախր եթե մեզ մոտ ինչ-որ բան այնպես չէ, մեզ վրա ծիծաղում են։ Մեզնից բացի` մեզ օգնող չի եղել, չկա ու չի էլ լինի։

-խաղում եք և՛ թատրոնում, և՛ կինոյում, ո՞րն է ավելի հոգեհարազատ։

- եվ՛ թատրոնում, և՛ կինոյում խաղացած բոլոր դերերն էլ, ինչ-որ չափով, հոգեհարազատ են...բայց դեր, որն առավել հոգեհարազատ է, որին սիրահարված եմ, դեռ չկա։

-Հավանո՞ւմ եք Ձեր կերպարը «Անծանոթը» սերիալում, նմանություն տեսնո՞մ եք Ձեր և Արամի կամ Դավիթի միջև։

- Իհարկե կան նմանություններ, չէ որ նրանց բնավորությունների մի մասը ինձնից եմ դրել այդ կերպարների մեջ...

-Եթե կարողանայիք ժամանակը ետ տալ, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում.

- Ամեն ինչ կանեի, որ ծնողներս ավելի շատ ապրեին...

-Վերջին անգամ ի՞նչ բամբասանք եք լսել Ձեր մասին։

-Շատ են բամբասանքները, սակայն ես ուշադրություն չեմ դարձնում դրանց։

          -Եթե Ձեզ առաջարկեին այլ մասնագիտություն, կհրաժարվեի՞ք խաղալուց։

- Երբեք պետք չէ ասել, երբե՛ք։ Կհրաժարվեմ, թե՞ ոչ... Այս պահին` ո՛չ։

Զրույցը վարեց Գարիկ Ավետիսյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...