14:37
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱՅ ԿԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՂԵԿԱՎԱՐԵԼ

2013-07-26 11:26

«Դե Ֆակտո» N 57

Նաիրա Նահապետյան, Երևան քաղաքի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործարար կանանց հանձնախմբի ղեկավար

Մինչև Անդրանիկ Մարգարյանը, ՀՀԿ-ում կանայք ընդգրկված չեն եղել, քանի որ Աշոտ Նավասարդյանի պաշտոնավարման ժամանակներից սկսած` տեսակետ կար, որ կանանց համար կուսակցությունը պետք է փակ լինի:

-Տիկի՛ն Նահապետյան, քաղաքական ասպարեզը բա՞ց է կանանց համար: 

-Յուրաքանչյուր մարդ ունի կենսափիլիսոփայություն, որն ավելի մեծ տարիքում վերաճում է նաև  գաղափարախոսության, որով նա առաջնորդվում է կյանքում, աշխատում և ստեղծագործում: Ինձ շատ հոգեհարազատ է նժդեհականությունը, որը Հանրապետական կուսակցության գաղափարախոսության  հիմքն է: Այդպես  ես 1999թ. դարձա ՀՀԿ անդամ, ընդգրկվեցի կանանց խորհրդի կազմում, այսօր գլխավորում եմ ՀՀԿ գործարար կանանց հանձնախումբը:

Ի դեպ, նշեմ, որ մինչև 2000թվականը, ՀՀԿ-ում կանայք ընդգրկված չեն եղել, քանի որ Աշոտ Նավասարդյանի պաշտոնավարման ժամանակներից սկսած` տեսակետ կար, որ կանանց համար կուսակցությունը պետք է փակ լինի: Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում կանանց մեծ հոսք սկսվեց կուսակցություն և քանի որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մեծ ուշադրություն է դարձնում կանանց խնդիրներին, այդ հոսքը շարունակվում է մինչ այսօր: Այսօր կուսակցության շարքերում ընդգրկված է մոտ 65 հազար կին: Բոլորն ուզում են իրենց մասնակցությունն ունենալ երկրում բարեկեցիկ և երջանիկ կյանք ստեղծելու գործում:

Որքան շատ կանայք քաղաքական պաշտոններ զբաղեցնեն, այնքան մենք ավելի շուտ կհասնենք մեր ցանկալի ապագային:

-Ինչո՞ւմն է կնոջ դերակատարումը:

-Եթե խոսենք կնոջ և տղամարդու մոտեցումների տարբերությունից, ապա կանայք, բնությունից օժտված լինելով մայրական բնազդով, հեռատես են և կտրուկ քայլերի հակված չեն: Ես կարծում եմ` որքան շատ կանայք քաղաքական պաշտոններ զբաղեցնեն, այնքան մենք ավելի շուտ կհասնենք մեր ցանկալի ապագային:

Ես այս ամենն ասելով` բոլորովին ցանկություն չունեմ տղամարդկանց դերակատարման նվազեցման մասին խոսել:

-Դուք Երևան քաղաքի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն եք: Ի՞նչ խնդիրներ ունի Երևանն այսօր:

-Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, որն օգնում է ավելի ցայտուն նկատել խնդիրները և ավելի հեշտությամբ տեսնել դրանց լուծման ճանապարհները: Այսօր խնդիրներ շատ կան, որոնց լուծման համար լուրջ ֆինանսական միջոցներ են հարկավոր, իսկ մեր բյուջեն թույլ չի տալիս բոլոր խնդիրներին արագ արձագանքել: Իհարկե, երկու տարվա ընթացքում բյուջեում ֆինանսական աճ ունենք: Երևան քաղաքը պետք է ավելի զարգանա: Դրա համար պետք է իրականացնել  ներդրումային ծրագրեր:

Երևան քաղաքի առաջին խնդիրը աղբահանության խնդիրն  է: Աղբը հումք է, որը մենք կարող ենք վերածել, օրինակ, էլեկտրաէներգիայի, թղթի: Երկրորդ խնդիրը երևանցու կարգապահությունն է, որն այսօր բացակայում է: Մարդիկ, ապրելով մայրաքաղաքում, պետք է վերանայեն իրենց սովորույթները և Երևանին վերաբերեն ավելի ջերմ ու դրսևորեն քաղաքակիրթ վարքագիծ:

Երրորդ խնդիրը Երևան քաղաքի լուսավորության խնդիրն է, որը թեև վերջին տարիներին լուծվեց, բայց ոչ բավարար չափով: Վերջերս Երևանի քաղաքապետը մեծ ներդրումային ծրագիր ստորագրեց, որը կապված էր լուսավորության և ավտոկանգառների ապահովման հետ:

2011թ. առաջնահերթություններից է նաև դպրոցների բարեկարգման հարցը: Մանավանդ` ավագ դպրոցի պարագայում պետք է կարողանանք ապահովել 21-րդ դարին համահունչ դպրոց:

Մեր քաղաքական թիմը  կարողացել է գործնական քայլերով ապացուցել, որ երկիրը ընթանում է ճիշտ ուղով և ապագան իսկապես ավելի լավ և բարեկեցիկ է լինելու:

-Այս տարին նախընտրական է, բոլոր կուսակցությունները պատրաստվում են ընտրություններին: Ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում ՀՀԿ-ում:

-Այո՛, այս տարին ծանրաբեռնված է լինելու: Կարծում եմ, որ հավատը  ՀՀԿ-ի որդեգրած քաղաքական մարտավարության նկատմամբ հասարակության մեջ ավելանում է, որովետև մեր քաղաքական թիմը  կարողացել է գործնական քայլերով ապացուցել, որ երկիրը ընթանում է ճիշտ ուղով և ապագան իսկապես ավելի լավ և բարեկեցիկ է լինելու: Այսօր մենք աշխատում ենք իրականացնել մեր բոլոր ծրագրերը և թիմային համախմբված աշխատանքով ներկայանալ ժողովրդին:

-Դուք նաև գլխավորում եք ՀՀԿ գործարար կանանց հանձնախումբը: Ինչպիսի՞ աշխատանք է դա ենթադրում:

-Այո՛, ես աշխատում եմ գործարար կանանց հետ: Նրանցից շատերը արդեն գործարարությամբ են զբաղվում, ոմանք էլ ուզում են զբաղվել, բայց իրենց պետք է կողմնորոշել, խորհուրդներ տալ: Ես աշխատում եմ իմ փորձը ներդնել այդ գործունեության մեջ` փորձելով հնարավորինս օգտակար լինել նրանց: Ես գործարար եմ համարում նաև այն կանանց, ովքեր զբաղվում են ձեռագործով, գորգագործությամբ և այլն:

Մարտի 8-ի առթիվ մենք ցանկանում ենք ցուցահանդես-վաճառք կազմակերպել ՀՀ բոլոր մարզերում, որտեղ կանայք կներկայացնեն իրենց աշխատանքները: Պետք է ասեմ, որ մեր այս գաղափարին բոլորը շատ լավ արձագանքեցին, ուրախացան և ոգևորությամբ պատրաստվում են այդ միջոցառմանը:

Պետք չէ հիասթափվել, պարզապես պետք է մի պահ սթափվել և ճշտել դիրքորոշումները:

-Տիկի՛ն Նահապետյան, կինը ավելի նրբազգաց է, հուզական: Հետաքրքիր է, հիասթափություններ չե՞ք ունենում:

-Ո՛չ: Եթե մարդը հիասթափվի, ապա չի կարողանա առաջ գնալ: Ինձ համար այդպիսի պահերն ավելի շատ սթափեցնող  են, ես սկսում եմ մտածել, որ ինչ-որ բան սխալ եմ արել: Պետք է միանշանակ նայել առաջ, գնալ առաջ: Ուղղակի պետք է դիրքորոշումները ճշտել` հիասթափվելու փոխարեն:

-Ի՞նչն է օգնում Ձեզ միշտ ուժեղ լինել:

-Իհարկե, ընտանիքը և իմ քաղաքական թիմը:

Ուզում եմ շնորհավորել բոլոր հայ կանանց: Ես հպարտանում եմ հայ կնոջ կանացի, կամային և ինտելեկտուալ որակներով և կարծում եմ, որ ժամանակն է հայ տղամարդիկ խորհեն այդ որակների օգտակարության մասին ու կնոջ դերակատարումը պատկերացնեն ավելի լուրջ հարթակներում: Կարծում եմ` ժամանակի ընթացքում մենք կունենանք այնպիսի հզոր կանայք, որոնք կկարողանան ղեկավարել, ինչու ոչ, նաև պետությունը: 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...