23:25
08/13/2022
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԴՐՎԱԳՆԵՐ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

2013-07-24 11:37

      «Դե Ֆակտո» N74 (2012թ.)

 -Թատրոնն իր իդեալականացված իմաստով ժամանակի հոգևոր խորհրդարանն է` հիմնված նախորդ  ժամանակների գեղարվեստական փորձի վրա։ Բայց թատրոնը նաև քմահաճ ասպարեզ է, կենցաղ,  արվեստի կյանք,  ծուռ հայելի։ Թատրոնը չի կտակում հավերժական արժեքներ, անհայտ գլուխգործոցներ։

 «Բեմական  արժեքի երկրորդ կյանքը հիշողությունն է, որ պետք է պահպանել  ու զննել որպես  մտքի նյութ»,- գրում է արվեստագիտության  դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը։

Թերևս հասարակական  միջավայրն է ստեղծում  թատրոնի դեմքը, որոշում նրա իմաստն ու նպատակը։  Ինչպես նկատել է մի խորաթափանց գեղագետ` թատրոնն իրականանում է ոչ բեմում, այլ հանդիսականի հոգում և ամեն ինչ ստեղծվում է իր ժամանակին ու իր ժամանակի համար։ Դերասանական անհատն ու նրա խաղը թատրոնի կենտրոնաձիգ ուժն է, ինչը որ ներկայացման նպատակն ու խորհուրդն է։

Այն, ինչ անվանում ենք հայ նոր թատրոն, ստեղծված է համաեվրոպական  մշակութային հիմքի վրա։ Ազգայինը նրա արտաքին կերպը չէ, այլ` գոյությունն ու նպատակը։ 

Սակայն հայկական թատրոնը  ավելի քան  երկու հազար տարվա պատմություն ունի։ Թերևս  այն սկսվում է  մեր թվարկությունից առաջ երրորդ դարից։ Այս շրջանում հունական մշակույթը, այսինքն հելլենիզմը, զգալի չափով տարածված էր Հայաստանում։

  Առաջինից երրորդ դարերում հայ Արշակունի թագավորները Հայաստան են հրավիրում  հելլենիստական մշակույթի մի շարք ներկայացուցիչների, այդ թվում նաև դերասանների։

  Հայաստանի քաղաքներում զարգանում էր հելլենիստական թատրոնը, սակայն զարգանում էր նաև հայկական ժողովրդական թատրոնը։

 Հույն պատմիչ Պլուտարքոսի  վկայությամբ Արտավազդ երկրորդը գրում էր ողբերգություններ, գրում էր նաև ճառեր, պատմական աշխատություններ, որոնք, դժբախտաբար մեզ չեն հասել։

  Պլուտարքոսը վկայում է նաև, որ Տիգարանակերտն ուներ իր թատրոնը և այնտեղ մեծ թվով հույն անվանի դերասաններ կային` նրանց, հայոց արքա Տիգրան երկրորդը հրավիրել էր զանազան տեղերից։

 Թեև Տիգրանակերտի թատրոնը երկար  կյանք չի ունեցել, բայց Արտավազդ երկրորդը շարունակել է հոր` Տիգրան երկրորդի գործը։

 Արտաշատը ևս ուներ իր թատրոնը, որտեղ մ.թ.ա. 53թ. Կրասոսի դեմ տարած հաղթանակի տոնախմբությունների ժամանակ ներկայացվել է Էվիրպիդեսի «Բաքոսուհիները» պիեսը։

Բացի հույն ողբերգակների պիեսներից  ներկայացվում էին  նաև Արտավազդ երկրորդի գրած ողբերգությունները։

 Հայաստանում գործող  ինքնատիպ ժողովրդական թատրոնների մասին արժեքավոր  տեղեկություններ է  հաղորդում հինգերորդ դարի մատենագիր  Հովհան Մանդակունին և Դավիթ Քերթողը, ավելի ուշ` Թովմա Արծրունին։ Իսկ մանրանկարչական որոշ ձեռագրերում պահպանված  դիմակավոր  դերասանների պատկերները ևս վկայում են այն մասին, որ թատրոնը հարատևել է նաև հետագա տարիներին։

Միջնադարից հետո  հայ իրականության մեջ թատրոնը նորովի  սկզբնավորվում է 17-18-րդ դդ` Լվովի  կաթոլիկական դպրոցում և Վենետիկի Մխիթարյան  միաբանության վարժարանում։    

 Մխիթարյանների թատրոնը, անշուշտ, չմնաց վանական  պատերի ներսում։ Միսիոներական  գործունեությունը լայնացրեց թատրոնի աշխարհագրական շրջագիծը։ Վարժարանի հետ  միասին թատերական խմբեր  սկսեցին ձևավորվել  Կ. Պոլսում, Զմյուռնայում, Ղրիմում  և այն վայրերում, ուր հիմնվում էին Մխիթարյան դպրոցներ։ Մխիթարյան  միաբանության  վարժարաններում են  ուսանել ու աշխատել Միքայել Չամչյանը, Ղևոնդ Ալիշանը, Ծերենցը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Դանիել Վարուժանը, Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, ինչպես նաև Ջորջ Բայրոնը, Վալտեր Սկոտը, Ստենդալը և այլք։

 Մխիթարյանների թատրոնը յուրահատուկ լուսավորական շարժում էր, գաղափարական հենակետերով ու  կողմնորոշումով խիստ տարբեր եվրոպականից։ Նպատակը ազգային էր` հոգևոր հայրենիքի կառուցում։

 1790-ականներից սկսած Մխիթարյանները  բեմադրում էին  հայոց պատմությունը ներկայացնող  պիեսներ` «Վասակ Մամիկոնյան», «Ղևոնդյաց  նահատակությունը», «Հայկ դյուցազն» և այլն։

 Սակայն այս շրջանում և այնուհետև ևս շարունակում էին կազմակերպվել դերասանական ու թատերական խմբեր, հիմնվում  թատրոններ։

 Կ. Պոլսում 1846թ. քսանամյա Հովհաննես Գասպարյանի ջանքերով հիմնադրվում է Հայկական առաջին  թատրոն-կրկեսը`«Արամյան  թատրոնը», որը հիմնականում կրկեսային է եղել ու մնջախաղային, և մասամբ դրամատիկական։   «Արամյան թատրոնի» հիմնադրման  ժամանակ Եվրոպայում  վաղուց արդեն մոռացված էր կրկեսը թատրոն կոչելու միջնադարյան սովորույթը, իսկ Պոլսում դա պահպանված էր։ Սակայն կրթական միջավայրը  թելադրում է Գասպարյանին ավելի  մեծ տեղ տալ դրամատիկական ներկայացումներին։

Պոլսում հրապարակախաղերը, ինչպես հայտնի են գրականությունից և  ուսումնասիրություններից, հին ավանդույթ են եղել։ Այդպես էլ Հովհաննես Գասպարյանը սկսում է իր ներկայացումները բաց հրապարակում։

 1847թ. Պոլսի եվրոպական թաղամասում` Բերայում  արդեն կառուցված էր թատրոնի շենքը։ Կրկեսային մանեժի մի կողմում Գասպարյանը կառուցել է տվել միջնադարյան տիպի փայտաշեն  տաղավարներ և եվրոպական ոճի թատերաբեմ։ Բերայի Ս. Հարություն  եկեղեցու  քարոզիչ Հակոբ  վարդապետը զբաղվել է «Արամյան թատրոնի» գրաքննությամբ և պարտադրել խաղալ բարոյական խաղեր։ Նա սրբագրել է պիեսները և շարադրել հայտարարությունները։

 Թերևս, իրավացի են  այն հեղինակները, ովքեր «Արամյան թատրոնը» դիտում են որպես  նոր, դրամատիկական արվեստի  երևույթ, որքան էլ նրա բուն հաջողության  գրավականը կրկեսն էր։ Այն գործել է տասնվեց տարի։

  Իսկ 1861թ. դարձյալ Կ. Պոլսում  հիմնադրվում է առաջին դրամատիկական  արհեստավարժ թատրոնը` «Արևելյան թատրոնը»,  որը նաև առաջինն էր Մերձավոր Արևելքում։

 Արևմտահայության  երկրորդ մշակութային կենտրոնը  Զմյուռնիան էր։  Այստեղ 1861թ. կազմավորվում է «Վասպուրական թատրոնը»։ Նախաձեռնողներն էին  Պողոս Շահանյանը և Սարգիս  Միրզա Վանանդեցին` պատմական դրամաների հեղինակ։

 Թատրոնի բացմանը ներկա է եղել նաև Միքայել Նալբանդյանը։ Թատրոնի շուրջը հասարակական  մթնոլորտ ստեղծողներից մեկը  Նալբանդյանին համակիր Հարություն Սվաճյանն էր, որ հրատարակում էր արևմտահայ ժողովրդավարների թերթը`«Մեղուն»։

 «Վասպուրական թատրոնը»` ի դեմս  Սարգիս Միրզա Վանանդեցու, գտնում է իր ազգային հեղինակին, ով  գրել է «Մեծն Ներսես» և «Միհրդատ» պատմական ողբերգությունները։  Նա նաև թատրոնի կազմակերպողն ու դերուսույց-բեմադրիչն էր։

«Մեծն Ներսեսը» առաջին անգամ բեմականացվել է հեղինակի ղեկավարությամբ ու գլխավոր դերակատարումով։

Արևելահայ թատերական շարժման առաջին օջախը հնդկահայ գաղութն էր։ Կալկաթայում հայտնի են եղել Մխիթարյանների պիեսները։

 Արևելահայ թատրոնը ձևավորվեց նաև Թիֆլիսում։ 1869թ. կազմավորվում է «Հայոց թատրոն»-ը։ Թատրոնի շուրջ համախմբված էին Գ. Սունդուկյանը, Պ. Պռոշյանը, Միքայել Տեր- Գրիգորյանը, Գևորգ Չմշկյանը և այլոք։ «Հայոց թատրոն»-ի կառավարիչն էր Գրիգոր Իզմիրյանը, ով հետագայում դարձավ Թիֆլիսի քաղաքագլուխ։

 Հայ ռեալիստական  դրամատուրգիայի   իսկական հիմնադիրը եղավ  Գաբրիել Սունդուկյանը։ Այս ուղղության մյուս ներկայացուցիչներից են  Պ. Պռոշյանը Ղ. Աղայանը, Հ. Պարոնյանը, Մուրացանը, Վ. Փափազյանը, Շիրվանզադեն, Գ, Զոհրապը, Թումանյանը և շատ ուրիշներ, ովքեր ոչ միայն զարգացրին  հայ գրականությունն ու թատրոնը, այլ այն հասցրին համաշխարհային հռչակի։ 

1865թ. Թիֆլիսում  բռնկվել է սոցիալական խռովություն։ Այս խռովության կազմակերպիչներից էր Պեպո Մամուլյանը, ում անունով էլ Սունդուկյանը հետագայում կերտեց իր սիրած հերոսին`Պեպոյին։

   Վրացական թարգմանությամբ «Պեպոն» դարձել է վրաց թատրոնի ազգային պիեսը, բեմադրվել է Սունդուկյանի օրոք և հետագայում։

 Սունդուկյանը մեծ մտավորական էր, ազնվականի զուսպ ու մեղմ խոսելակերպով։ Նա գիտեր լատիներեն, գրաբար, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ուսումնասիրում էր պարսկերեն, թուրքերեն և վրացերեն։ Բայց նա իրեն ոչնչով բարձր չէր համարում համքարից, մշակից ու բեռնակրից և աշխարհն զգում էր այն լեզվով , որով խոսում էր հավլաբարցի հայը։

Թիֆլիսում Սունդուկյանի  սիրելի դերասանը և գաղափարական  ընկերը դարձավ Չմշկյանը, ում հորդորներով էլ նա գրիչ վերցրեց  որպես թատերագիր։ Երեսունութ տարեկան էր, երբ  գրեց «Գիշերվա սաբրը խեր է» մեկ գործողությամբ պիեսը, այնուհետև գրեց «Խաթաբալան», «Օսկան Պետրովիչն էն կյանքում», «Էլի մեկ զոհ», «Կտակը» և այլն։

 Մարդասիրություն և բարեգործություն. այս է Սունդուկյանի  վերջնական վճիռը կյանքի հանդեպ։ Սկսելով  սոցիալական երգիծանքից, լիրիկական կատակերգությունից, Սունդուկյանը հանգեց սոցիալ-կենցաղային  կատակերգության ժանրին, հասավ ընտանեկան  ու հոգեբանական  դրամային` կրելով քրիստոնեական մարդասիրության գաղափարը։    

 «Սունդուկյանը  զարդարեց մեր իրականությունը մի ապշեցուցիչ, մեծ կուլտուրայով։ Մեծապես ուշագրավ է Սունդուկյանի ֆենոմենը, նրա դրամատուրգիան հատուկ  երևույթ է և բոլորովին  առանձին տեղ է գրավում մեր դրամատուրգիայի մեջ։ Տաղանդավոր Սունդուկյանի  դրամատուրգիայի  թե՛ մեծությունն է արտակարգ և յուրահատուկ, և թե՛ թերությունները։ Թերություններ մեծ նվաճումների, բարձր արվեստին և արվեստագետին  արժանի թերություններ»,- գրում է Դերենիկ Դեմիրճյանը։

  «Հայոց թատրոնում» ազգային  դրամատուրգիայից բացի ներկայացվում էին նաև համաշխարհային դասականների պիեսներ։ Գևորգ  Չմշկյանը թարգմանել էր Հյուգոյի «Անջելոն», Շեքսպիրի «Թիմոն Աթենացի»-ից» և «Օթելլո»-յից հատվածներ։ Թարգմանվում և բեմադրվում են ռուս թատերագիրների գործերը։ Ձևավորվեց տաղանդավոր  դերասանների  մի ամբողջ սերունդ` Միհրդատ Ամերիկյան, Գևորգ Չմշկյան, Սիրանույշ, Պետրոս Ադամյան և ուրիշներ ։

 1870թ. Թիֆլիսում բացվում է հինգերորդ  թատերասրահը` «Ամառային թատրոնը»։ Թատրոնի ներսում տեղի են ունենում փոփոխություններ, բայց գաղափարա-գեղարվեստական  ուղղությունը չի փոխվում. Սունդուկյանը մնում է կողմնորոշիչ հեղինակ, Չմշկյանի քաղաքացիական և դերասանական կերպը` տիրապետող։

Մինչև յոթանասունական  թվականների վերջը  Չմշկյանը թիֆլիսահայ  բեմի առաջատարն էր, դեմքն ու ուղղությունը որոշող արտիստը։ Այս շրջանում նա խաղացել է մոտ վաթսուն  ամենատարբեր բնույթի դերեր։

  Նորաբաց թատրոնի խաղացանկ են մտնում նաև նոր թարգմանություններ` Շիլլերի «Ավազակները», Արթուր Մյուլլերի «Գալիլեյի դատաստանը», վերաբեմադրվում է «Վենետիկի վաճառականը», «Սեր և նախապաշարմունքը» և այլն։ Խաղացանկում ստեղծվում է ազգայինի և թարգմանականի  հավասարակշռություն։

 Իսկ  1879թ. դարձյալ Թիֆլիսում բացվում է Գրիգոր Արծրունու թատրոնը։ Խմբում եղել են քսաչորս դերասան. Պետրոս Ադամյան,  Աստղիկ,  Սիրանույշ, Գևորգ և Սաթենիկ Չմշկյաններ, Մկրտիչ Ավալյան, Արտաշես Սուքիասյան և ուրիշներ։ Գրիգոր Արծրունին հիմնում է նաև «Մշակը»` հայ  ազատամտության լրագիրը, ինչը թատրոնի գաղափարից անբաժան էր։

 «Եվրոպայում  տեսած թատրոններից հետո շատ հետաքրքրական էր դարձել  թատերական կյանքը Թիֆլիսում,- գրում է իր հուշերում Դ. Դեմիրճյանը և շարունակում,- հայ թատրոնը ըստ երևույթին ապրում էր ծաղկման շրջան և իրոք էլ պետք է համարել ծաղկման շրջան։ Խոշոր արտիստների պակասություն չկար և հասարակությունը  ջերմորեն մասնակցում էր այդ ծաղկեցման գործում թատրոնի մարդկանց»։

Թիֆլիսյան հայ թատրոնն այսօր էլ նաև շարունակում է հին թատերական ավանդույթները։

Երկուհազարամյա հայ թատրոնի պատմության մեջ խորհրդային տարիները  առանձնացան  բեղմնավոր  գործունեությամբ։

1922թ.  բացվում է  Հայաստանի Հանրապետության  առաջին պետական դրամատիկական  թատրոնը, որին հետագայում շնորհվում է  Գաբրիել Սունդուկյանի անունը։ Թատրոնի ստեղծման ու  զարգացման մեջ մեծ է դերուսույց  Լևոն Քալանթարի  ծառայությունը։

Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը մարմնավորեցին  հանդիսականի մոտ երկար  հիշվող կերպարներ և հայտնի դարձան ոչ միայն Հայաստանում, այլ  նաև երկրի սահմաններից դուրս։

Առանձնանում  է հայ բեմի ականավոր վարպետ Վահրամ Փափազյանի շեքսպիրյան կերպարները։ Հանրահայտ է նրա խաղացած Օթելլոն։ Հանդիսատեսի կողմից սիրված էր Հրաչյա Ներսիսյան դերասանը։    

 Դրամատիկական թատրոններ էին արդեն գործում  նաև Լենինականում (Գյումրի¤, Կիրովականում (Վանաձոր¤։ Երևանում գործում էին պատանի հանդիսատեսի և ռուսական դրամատիկական թատրոնները։

 Գործում էր նաև շրջիկ թատերախումբը` Ամո  Խարազյանի ղեկավարությամբ։ Այս խմբում է նաև  խաղացել Ավետ Ավետյանը։ Նրա կերտած Զամբախովը և Սաղաթելը հայ թատրոնի պատմության մեջ մնում են իբրև  չգերազանցված անձնավորումներ։ Ոչ ոք այդպես մնայուն վարպետորեն  չի կերտել սեփականատիրական աշխարհի հերոսներին, ինչպես Ավետ Ավետյանը։

Այնուհետև Հայ թատրոնի բեմ է բարձրանում տաղանդավոր դերասանների հաջորդ սերունդը` Մետաքսյա Սիմոնյան, Բաբկեն Ներսիսյան,Վարդուհի Վարդերեսյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Մհեր Մկտչյան, Կարպ Խաչվանքյան, Արմեն Խոստիկյան …

 Մեծն Մհեր Մկրտչյանը բազմաթիվ մրցանակների է արժանացել, բայց ամենամեծ կոչում-մրցանակը նրան փաղաքշորեն նվիրել է իր սիրելի ժողովուրդը` մեր Ֆրունզիկը։

 Թերևս, ամենահայեցի դերասանն է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ով նկարահանվել է քառասունից  ավելի գեղարվեստական ֆիլմերում։ Մեծ դերասանը ժամանակակից թատերարվեստի մասին ասում է.

 -Հիմք չունեցող, արմատ չունեցող գործ է, այսօրվա արածը։

 Տաղանդավոր դերասան Խորեն Աբրահամյանը կերտել է բազմաթիվ անմոռանալի  կերպարներ։ Հայ ժողովուրդը նրա հիշատակը անթեղված կպահի և իր սիրելի Խորիկին  իր հետ կտանի դեպի հավերժություն։

 Իսկ Կարպ Խաչվանքյան արտիստին կարելի է բնութագրել շեքսպիրյան մեկ արտահայտությամբ. Մարդ էր, Հորացիո, ամեն բանով, էլ չեմ տեսնի նրա նմանին։

 Այսօր մենք ունենք երիտասարդ  և սկսնակ դերասանների խոստումնալից մի բույլ։ Նրանց մասին կարելի է գրել հանգամանորեն ու երկար, ինչը թույլ չի տալիս իմ այս փոքրիկ հոդվածը։

   Այսօրվա մեր թատրոնում, որպես ավագների ժառանգորդ, իր մեծագույն ներդրումն ունի նաև Երևանի թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտի ռեկտոր և հրաշալի հայորդի Արմեն Մազմանյանը։

Թատրոնն իր ժանրում, ամենաանկեղծ երկխոսությունն է հանդիսատեսի հետ և այն երբեք չի կորցնի իր արդիականությունը։

 Անշուշտ, այսօր էլ, թերևս, մեծ եռանդով ու պատասխանատվությամբ հայ թատրոնը շարունակում է պահպանել թատրոնի և հատկապես հայ թատրոնի  ավանդույթները` ի դեմս Արմեն Խանդիկյանի, Վահե Շահվերդյանի, Արայիկ Երնջակյանի, Նիկոլայ Ծատուրյանի։  Եվ նրանց  ղեկավարությամբ Հայոց թատրոնի դարերից եկած կենդանի երակը մնում է ջահել և կենսունակ։

                                                                                             ԱՆՆԱ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...