22:25
08/13/2022
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բանկերն ունեն կապիտալի մեծ ծավալ

2013-07-20 11:34

            «Դե Ֆակտո» N45 (2010թ.)

2009թ. ԿԲ-ի կողմից կազմակերպված ծրագրերը եղել են արդյունավետ

Հարցազրույց ՀՀ ԿԲ-ի  փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի հետ

-Պարո՛ն Գաբրիելյան, ինչպե՞ս  եք  գնահատում ՀՀ բանկային  համակարգի  գործունեությունը  ճգնաժամային պայմաններում։

-Բանկային համակարգի գործունեությունը ճգնաժամային պայմաններում կարելի է գնահատել բավականին դրական։ Իհարկե, մենք զերծ չենք խնդիրներից, բայց երբ նայում ենք գլոբալ առումով և համեմատում  տարածաշրջանային նմանատիպ երկրների հետ, ապա մեր բանկային համակարգի պատասխանը ճգնաժամին եղել է բավականին արդյունավետ։ Կան բազմաթիվ երկրներ, որտեղ թեև պետության կողմից մեծածավալ ռեսուրսներ  ուղղվել են տնտեսություն և ֆինանսական համակարգ, սակայն չեն հասել տնտեսվարողներին ու սպառողներին։ Փառք Աստծո, Հայաստանում կառավարության և ԿԲ-ի կողմից ձեռնարկած միջոցառումները եղան բավականին արդյունավետ։

Փորձենք բանկային համակարգը գնահատել մասնավորապես արդյունավետության և հուսալիության տեսակետից, այսինքն` որքանո՞վ է այն հուսալի և ծառայում տնտեսությանը, որքանո՞վ կարող են բնակչությունն ու տնտեսվարողներն իրենց խնայողությունները պահպանել բանկային համակարգում և օգտվել  դրանից։ Առաջին` արդյունավետության առումով, ճգնաժամի առաջին փուլում, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ տեղի ունեցավ որոշակիորեն վարկավորման կասեցում, սակայն մեզ մոտ իրականացրած միջոցառումների շնորհիվ կարողացանք այն բավականին արագ հաղթահարել։ Թե՛ այս տարվա հունվարի և թե՛ անցած տարվա դեկտեմբերի համեմատությամբ մենք ունենք վարկավորման աճ։ Սա նշանակում է, որ բանկերը  ոչ թե պասիվորեն սպասել են ճգնաժամի ավարտին, այլ ակտիվորեն աշխատել են` թե՛ վարկեր տրամադրելով, թե՛ քաղաքացիներից ու տնտեսվարող սուբյեկտներից միջոցներ ներգրավելով, այն է՝ կատարելով ֆինանսական միջնորդության ֆունկցիան։ Բնականաբար, այս զարգացումները ևս զերծ չէին խնդիրներից։ Տեղի են ունեցել էական կառուցվածքային տեղաշարժեր. ավելացել կամ պակասել են մի ոլորտի վարկերը մյուս ոլորտի հաշվին։ Սակայն կարևորն աճն է. առաջին ցուցանիշի տեսակետից բանկերը շարունակել են վարկավորել տնտեսությունը, և նրանք վարկավորել են 50 միլիարդ դրամով, ավելի քան 2008 թ.-ի վերջում։ Ընդ որում, նշեմ, որ հավելաճի գերակշիռ կտորը  կառավարության և Կենտրոնական բանկերի կողմից ուղղորդված վարկերն են, որոնք, օրինակ, ռուսական և համաշխարհային  վարկից ստացված միջոցներն են` մոտ 30 միլիարդի չափով։ 

Իսկ եթե նայում ենք  հուսալիության ցուցանիշը, ապա բոլոր զարգացած երկրների  բանակային համակարգում առաջացան խնդիրներ` չվճարումներ, բանկերի սնանկացումներ, պետության էական ներդրումներ` հարկատուների հաշվին։  ՀՀ-ում բացարձակապես նման երևույթներ չկան, մեր բանկային համակարգը ամբողջովին կայուն է։ Մենք ունենք բավականին բարձր ամրության պաշար. բանկերն ունեն կապիտալի շատ մեծ ծավալ, որը նրանց թույլ է տալիս ամուր կանգնել իրենց «ոտքերին» և կատարել ֆինանսական միջնորդության դերը։ Չեմ ցանկանում թողնել խիստ վարդագույն տպավորություն, պնդել, որ 2009թ. զերծ է եղել խնդիրներից։ Ո՛չ, տարվա առաջին կիսամյակում ունեցել ենք վարկավորման գործընթացի  դանդաղում, վարկերի որակների հետ կապված խնդիրներ, սակայն արդեն երկրորդ կիսամյակից սկսած` ունենք էական աճ, ինչը մեզ հնարավորություն է տալիս ասել, որ  բանկերը թե՛ հուսալիության և թե՛ արդյունավետության տեսակետից պատվով դիմացան 2009թ.  փորձություններին։

-Ժամանակավոր  միջոցառումները, օրինակ` սուբորդինացված վարկերը, որքանո՞վ արդարացրեցին ԿԲ-ի ակնկալիքները։

-Այո՛, սրանք ժամանակավոր միջոցառումներ են, որոնք անընդհատ չեն կրկնվելու։ Ճգնաժամի պայմաններում դրանք հնարավորություն տվեցին մեզ բանկերի սեփականատերերի կողմից ներգրավել լրացուցիչ միջոցներ բանկերի կապիտալում, ինչն  ավելացրեց բանկերի ամրության պաշարը։ Քանի որ սա կատարվում էր այն քաղաքականության շրջանակներում, որը ենթադրում էր ավելի մեծ քանակությամբ փողի  ներարկում տնտեսություն, այդ պատճառով  զուգակցում էր երկու նպատակ. առաջին` փողի ներարկում ֆինանսական համակարգի մեջ, որպեսզի հասնի վերջնական սպառողներին, և երկրորդ`  խթանում էր միջոցների ներդրում բանկեր` իրենց սեփականատերերի կողմից։

 -Այսօր օրենսդրորեն արդյո՞ք կարգավորվում է դոլար-դրամ փոխարժեքի փոխանակման հաճախակի հանդիպող մեծ միջանցքը։

՛չ, քանի որ մենք ունենք լողացող փոխարժեքի քաղաքականություն, որը չի կարող օրենսդրորեն կարգավորվել։ Սակայն մենք, ըստ մեր գործառույթների, պատասխանատու ենք նաև ֆինանսական կայունության համար և, երբ տեսնում ենք, որ, օրինակ, մեծածախ շուկայում  կան էական տատանումներ, ապա միջամտությունների շնորհիվ կարողանում ենք կանխարգելել դա և մտնել շուկա։

-Փոխանակման կետերը  միշտ վերահսկվու՞մ են։

-Փոխանակման կետերը վերահսկվում են պարբերաբար, բայց որևէ սուբյեկտ միշտ վերահսկման ռեժիմ չունի։ Նրանք վերահսկվում են ժամանակ առ ժամանակ ընտրանքային կերպով։  Մեր խնդիրը չէ փոխանակման կետերն անընդհատ վերահսկողության տակ դնել և ըստ էության կանխել, կանխարգելել, պատժել նրանց յուրաքանչյուր քայլը։

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը։ Նկատենք, որ ընթացիկ տարում վարկերի գերակշիռ մասն  ուղղվեց շինարարությանը այն դեպքում, երբ տնտեսագետ-վերլուծաբանների պնդումով` շինարարությունն այն ոլորտն է, որտեղ սառեցվում են դրամները, փոխարենը  հարկ է  հայրենական արտադրության ոլորտը խրախուսել, ինչը  հավասարակշռության կբերեր երկրի արտահանում-ներկրում հարաբերակցությունը։

-Հակաճգնաժամային ծրագիրը գնահատում եմ դրական։ ՀՀ պատասխանը ճգնաժամին եղել է  բացառիկ, այսինքն` մենք հնարավոր ամբողջ զինանոցն օգտագործել ենք այդ ուղղությամբ տնտեսական կայունություն ապահովելու համար։ Իհարկե, կան կառուցվածքային խնդիրներ, սակայն դրանք անհնար է լուծել կարճ ժամանակում։ Իսկ այն խնդիրներին, որոնք  ֆիսկալ կամ դրամավարկային հեշտացման միջոցով հնարավոր էր բարելավել, անդրադարձել ենք. մասնագետների կողմից հաճախ նշվող բոլոր միջոցառումները, ըստ էության, ՀՀ կառավարությունն ու ԿԲ-ն կատարել են։ Մենք ունեցել ենք խիստ ուժեղ  դրամավարկային և ֆիսկալ  արձագանք ճգնաժամի նկատմամբ։ ՀՀ-ի Երրորդ հանրապետության գոյության ընթացքում տնտեսությունն  ունեցել է իրացվելիության  ամենաբարձր մակարդակը։ Գումարների և վճարումների պակաս  ֆինանսական գործարքների համար չի եղել, դանդաղումներ, վարկերի հետ խնդիրներ բնականաբար եղել են, և  դա բնական է, քանի որ ունենում ենք տնտեսության նման անկում, սակայն ֆինանսական համակարգի համար դրանք որոշիչ  չեն եղել։

-Ինչպիսի՞ն է լինելու  Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը 2010թ.։

-Կարելի է ասել, որ ի տարբերություն 2009թվականի`  2010թ.  ունենալու ենք  շատ  ավելի  մեծ գնաճային ֆոն, իսկ թե ի՞նչ կլինի մեր պատասխանը, կախված է բազմաթիվ այլ գործոններից, որոնք մանրամասնորեն կբացվեն մեր ծրագրում։

                                               Հարցազրույցը` Լուսինե Գրիգորյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...