2013-07-17 11:40
«Դե Ֆակտո» N66 (2011թ.)
Երևանի գլխավոր դիզայներըˋ քաղաքի նոր տեսքի մասին
Հարցազրույց Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ
Արդեն գրեթե երկու տարի է, ինչ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրեր: Ծրագրերը բազմազան են. սկսած շենքերի գունազարդումից և դալանների/կամարաձև անցումների/ նկարազարդումից մինչև հայ մեծանուն նկարիչների ստեղծագործությունների վերարտադրում շինությունների պատերին:
Այս նորամուծությունները հասարակության կողմից ընդունվեցին ոչ միանշանակ, ինչի շուրջ էլ մենք որոշեցինք զրուցել Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ:
- Պարո՛ն Ամատունի, նախ կխնդրեի խոսել մի փոքր Ձեր գործունեության մասին:
-Երևանի գլխավոր դիզայների պարտականությունների շրջանակում է Երևանի բարեկարգմանն ու կառուցապատմանն առնչվող հարցերի վերաբերյալ լուծումներ առաջարկելը: Քաղաքի գլխավոր դիզայների գործունեությունն ուղղված է քաղաքի արտաքին տեսքի ձևավորմանը, բարեկարգմանը: Իմ խնդիրն է անել այնպես, որ որևէ նոր արտաքին փոփոխություն համահունչ, ներդաշնակ լինի քաղաքի ճարտարապետական ամբողջականությանը և չխաթարի այն:
- Երևանի արտաքին տեսքի ներկայիս փոփոխությունները կարո՞ղ ենք համարել քաղաքի վերածնունդ:
- Նախքան իմˋ այս պաշտոնում նշանակվելը բավականին աշխատանքներ արդեն արվել էին քաղաքի նախկին գլխավոր դիզայների և մինչ այդ էլ` գլխավոր նկարչի կողմից: Ի դեպ նախկինում այդ պաշտոնը կոչվում էր քաղաքի գլխավոր նկարիչ` դիզայների փոխարեն: Անշուշտ, ինչ-որ առումով սա կարելի է համարել վերածնունդ, քանի որ իրոք նոր գույն, նոր դիզայներական լուծումներ տալով այս կամ այն շինությանը, մենք նոր շունչ և ոգի ենք հաղորդում քաղաքին:
-Կպատմե՞ք մի փոքր ՙԺպտա Երևան՚ ծրագրի մասին: Այն ևս աննախադեպ երևույթ էր մեր քաղաքի համար:
- Արվեստագետների, ճարտարապետների և ձեռներեցների կողմից ստեղծված ՙԺպտա Երևան՚ ծրագրի աշխատանքային խումբը դիմեց քաղաքապետարանին շենքերի ճակատային հատվածի նորոգման և նրանց ինքնատիպ լուծումներ տալու համար ու ստացավ քաղաքապետարանի տեխնիկական ու որոշ ֆինանսական աջակցությունը: Այս ծրագրով մենք նպատակ ունենք նոր շունչ ու տեսք հաղորդել մայրաքաղաքի ճարտարապետական և գեղագիտական դեմքին: Մինչ շենքերի խճանկարապատումը` արվեստագետների խումբն առաջարկում և քննարկում է էսքիզները: Ընտրվում է այն պատկերը, որը տեղանքին համահունչ թեմա է կամ մասշտաբային ճիշտ լուծման հնարավորություն ունի: Այնուհետ քաղաքապետարանի հաստատումից հետո սկսվում է խճանկարի հավաքման աշխատանքը: Օրինակ` Մարտիրոս Սարյանի ՙԻմ բակը՚ կտավի խճանկար-պաննոն բացվեց Մոսկովյան 36 հասցեում: Սա առաջին քայլն էր, որից հետո իրականացվեց նաև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի և Տպագրիչներ - Հանրապետության փողոցների խաչմերուկի բնակելի շենքերի խճանկար-պաննոները:
- Այս նոր դիզայներական մոտեցումները, փոփոխությունները քաղաքացիների շրջանում տարբեր արձագանքներ ունեցան: Ձեր կարծիքն այս մասին:
- Անշուշտ, մարդիկ տարբեր են, ճաշակներն ու մոտեցումները նույնպես: Ուստի բնական է, որ կլինեն և' դրական, և' բացասական կարծիքներ: Հատկապես տարեց մարդիկ մի փոքր պահպանողական են. նրանք ողջ կյանքում տեսել են նույն մոխրագույն շենքերը և այսօր տեսնել քաղաքում որևէ վառ գույնի շինություն` նրանց համար անսովոր է: Խորհրդային ժամանակներից մնացած շենքերը գունավորում չեն ունեցել, որովհետև այն ժամանակ գունավորում չի եղել: Հիմա ինչո՞ւ չփոխել: Սկզբում դա շատ տարօրինակ ու անբնական կարող է դիտվել, սակայն որոշ ժամանակ անց մարդու աչքը սովորում է:
-Շատերն այս գունազարդ շենքերով Երևանը նմանեցնում են եվրոպական քաղաքների: Իրականում ինչի՞ ենք ձգտում մենք. ունենալ եվրոպական ոճով քաղաք, թե± շենքերի և դալանների /կամարաձև անցումների/ էթնիկ նկարազարդումներով ձգտում ենք պահպանել մեր ազգայինը:
- Ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք մեր քաղաքի ոգուն հատուկ տեսք: Ամենևին չենք ձգտում նմանվել այս կամ այն քաղաքին, պետք է լինենք ինքնատիպ և հիշվող: Ստեղծել նորը ավելի հեշտ է, քան վերանորոգել հինը: Օրինակ` շինարարական այս նոր գործընթացը, որ վերջին տարիներին ակտիվորեն սկսվեց Երևանում, որոշակի հակասություններ առաջացրեց թամանյանական Երևանի ճարտարապետական ոճի հետ: Բայց սա ընթացք է, քաղաքը վերակառուցման և ընդլայնման փուլում է և որոշ ժամանակ անց այն իր ամբողջության մեջ առավել ներդաշնակ և գեղեցիկ կլինի:
- Ո՞րն է Ձեզ համար Երևանի խորհրդանիշը:
- Ինձ համար Երևանի խորհրդանիշը Հանրապետության հրապարակն է: Այն Թամանյանի կողմից տրված հզոր ճարտարապետական լուծումների, ֆունկցիոնալության մարմնացում է:
Պատրաստեցին Մարիաննա Քաբաբյանը և Թեհմինա Արզումանյանը
Վերադառնալ