00:12
12/15/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անդրանիկ Մարգարյան

2013-07-16 10:58

                 ԺԱՄԱՆԱԿԻ  ՄԵՋ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՑ  ԴՈՒՐՍ                                                                                                                                   

Ես չգիտեմ, ճակատագիրն է ընտրում մարդուն, թե մարդն է ստեղծում իր ճակատագիրը, բայց կա  հայտնի ասացվածքը` ճակատագրի ընտրյալ, ովքեր միշտ  հայտնվում  են սեփական ժողովրդի ու երկրի դժվար պահերին։ Կարծում եմ, բայց արդեն  համոզված եմ, որ Անդրանիկ Մարգարյանը ճակատագրի ընտրյալն էր։

Եվ երբ նորանկախ  երկրում կառավարության հաճախակի փոփոխությունները չէին նպաստում պետության և տնտեսության առաջընթացին, ու  կառավարության  ղեկավարի աշխատանքը ոչ միայն պետք է լիներ ըստ օրինաց, հատկապես երբ օրենքները  դեռևս չէին գործում, մեծապես կարևորվում էր կառավարության ղեկավարի անձը, ով պետք է իր ժողովրդին ներկայանար  ոչ միայն իր կուսակցական պատկանելությամբ, այլ ընդունված որոշումների հստակ կատարմամբ, անհատականության բարձր արժանապատվությամբ և լցված  սիրով դեպի սեփական ժողովուրդը, ում ինքը պետք է ղեկավարեր և տնօրիներ։ Նա եկավ ապացուցելու, որ երբ կուսակցականը ծայրահեղական է, կուսակցամոլ, որի մասին հրաշալի է ասել  Գարեգին Նժդեհը, - չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար, մասնավորապես մեզ նման փոքրիկ ժողովրդի համար, քան կույր կուսակցամոլությունը։ Կուսակցականորեն կույր այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հավասար է ամեն ինչի, միայն ոչ չորսի։ Այդ ախտով հիվանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտված է։ Հաստատ այդպես էր մտածում նաև Անդրանիկ Մարգարյանը` հայաբույր մարդը, ով  վառ անհատականություն էր, և ամբողջովին նվիրված  էր հայոց անկախ պետականության կերտմանն ու ամրապնդմանը։ Նրա կյանքը նվիրաբերում էր հայեցիին, ցեղին ու ազգային արժեքներին։ 

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին, Կրասնոդարի երկրամասում, ավանդապահ ուսուցիչների ընտանիքում։ Հետո տեղափոխվել են Երևան, ապրել Վարդաշենում։ Հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր, մայրը` հայոց լեզվի։ Ծնողները արմատներով Արևմտյան Հայաստանից են` Մուշից։ Ընտանիքում եղել են չորս երեխա։ Անդրանիկը և քույրիկը` Անահիտը երկորյակ էին։  Նրա ցեղը` պապի եղբայրը, հայրը մասնակցել են ազատագրական պայքարին, Գևորգ Չաուշի, Անդրանիկի, Սմբատի ջոկատներում են կռվել։ Պապի մեծ եղբորը 1937-ին գնդակահարել են։  Անդրանիկի  մանկությունն անցել է այս պատմություններն, այսինքն` ազգային-ազատագրական պայքարի պատմությունները լսելով և բնականաբար պիտի որ  նստվածք տար և պիտի մեծանար ամենահայեցի Անդրանիկ Մարգարյանը։ Նա ութերորդ դասարանն ավարտում է 123-րդ դպրոցում և ընդունվում մաթեմատիկական թեքումով Մանուկ Աբեղյանի անվան 3-րդ դպրոց։ 1972թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։ Սովորել է իր գիտելիքների համար և գերազանցիկ դառնալու նպատակ չի ունեցել։Լավ էր սովորում այն, ինչ իր համար կարևոր էր համարում։  Հրաշալի մաթեմատիկա ու հայոց պատմություն գիտեր։       - Անդրանիկը շատ լսող, ուշադիր աշակերտ է եղել,- հիշում է քույրիկը` Անահիտը,- երբեք նկատողություն չի ստացել` ո՛չ անկարգության համար, ո՛չ չարության, ո՛չ չսովորելու։ Ես չեմ հիշում մի օր, որ Անդրանիկը դասից հետո գար, նստեր ճաշի  և թերթ կամ գիրք ձեռքին չլիներ. պայուսակը դնելուց հետո, առաջին բանը, որին նրա ձեռքը կպնում էր, գիրքն էր կամ թերթը, այլ կերպ նրան չեմ հիշում։ Սենյակում պառկած` ժամերով կարդում էր։ Հնարավոր է` մեր տուն հյուր գար, գնար, եթե իրեն հետաքրքրող մարդ չէր, սենյակից դուրս չէր գա, կշարունակեր  կլանված ընթերցել, և այդ ամբողջ  ընթացքում հյուրը չէր էլ իմանա, որ Անդրանիկը տանն է եղել։ Հիշում եմ, երևի 5-6-րդ դասարանի երեխաներ էինք, տպելու համար Անդրանիկը  ռետինների վրա տառատեսակներ էր պատրաստում։ Թռուցիկներ էր տպում, հենց մութն ընկնում էր, տանում-կպցնում էինք։ Հիմնականում բովանդակությունը Արևմտյան Հայաստանի հողերի, Եղեռնի ճանաչման, անկախ Հայաստանի մասին էր, մի բան, որի մասին չէր կարելի բարձրաձայն խոսել։ 

Եվ այս հասակից  սկսած նա փնտրում  էր գաղափարակից ընկերներ, ովքեր հավատում էին իր դավանած արժեքներին և գտավ այդ ընկերները, ու թերևս նրանց հետ էլ  անցավ  ազգային-ազատագրական ուղին` հանուն հայրենիքի ու ցեղի։

-Շատ ուժեղ էր Անդրանիկը, խիզախ և դիմացկուն,- հիշում են ընկերները,- ամառը արշավի էինք գնում, Անդրանիկը կարող էր  չքնել ամբողջ գիշեր, ու առավոտյան ոչ ոք նրա մոտ հոգնածության ոչ մի նշույլ չէր զգա։ Տղամարդկային այս  գծերով հանդերձ, շատ նուրբ սիրտ ուներ, կարող էր սրտառուչ խոսքից արտասվել։ Դեռ դպրոցական տարիներին Անդրանիկ Մարգարյանը հիմնադրում է «Աշակերտական պայքար»  գաղտնի միությունը, որի նպատակն էր  Եղեռնի 50-րդ տարելիցին փորձել որոշակի տեղեկություն տալ մարդկանց։ Գաղտնի հավաքներ էր կազմակերպում, ծանոթ էր ԱՄԿ-ի հրատարակած գաղտնի թերթերին  և հետևաբար ՊԱԿ-ը հետապնդում էր նրան։ Նա զգում էր հասունացող  վտանգը։

-Այդ տարիներին արգելված էր ապրիլի 24-ին դասի չգնալ, ցույցի մասնակցել։ Ամեն անգամ ապրիլի 24-ը մեր ընտանիքում  շատ անհանգիստ ու ծանր օր էր, վախենում էինք, որ Անդրանիկը կմասնակցի և այդպես էլ անում էր, վախենում էինք, որ անվտանգության մարմինները կձերբակալեն ու եղբորս ինչ-որ բան կպատահի,- հիշում է քույրիկը` Իզաբելան։   Եվ պատահեց։ Հանուն ազատ, անկախ Հայաստանի  պայքարը բռնապետական Խորհրդային Միության մեջ զոհողությունների, զրկանքների  և անձնական ազատությունից հրաժարվելու գինն ուներ։ 1974թվականի նոյեմբերի 10-ին քրեական գործ է հարուցվում ՀՍՍՀ պետական անվտանգության  կոմիտեի կողմից. Անդրանիկ  Նահապետի Մարգարյանի ձերբակալման ու նրա մոտից հակասովետական ազգայնական բովանդակության  նյութեր հայտնաբերելու, բանաստեղծություններ, թռուցիկներ և ծրագրային փաստաթղթերի ձևով գրականություն պատրաստելու, պահելու և տարածելու կապակցությամբ։ Այսինքն` ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. 1-ն մասով` դատապարտվում է ազատազրկման` երկու տարով։ Ազատազրկումից վերադառնալուց  հետո էլ Անդրանիկ Մարգարյանը շարունակել է իր ընդհատակյա քաղաքական գործնեությունը։ Ղարաբաղյան  շարժման սկզբից ամբողջությամբ նվիրված էր Արցախի ազատգրմանը. մասնակցել է կամավորական ջոկատների ստեղծմանը, մասնակցել է մարտական գործողություններին, ղեկավարել է Հատուկ ծրագրերի  պետական վարչության ինֆորմացիայի բաժինը։

Ապագա վարչապետը քաղաքականությամբ է զբաղվել դեռևս 1965 թվականից։ 1968թ. դարձել է Հայաստանի  Ազգային միացյալ կուսակցության անդամ, որն ընդհատակյա կուսակցություն էր Խորհրդային Միությունում։ 1992թ. անկախ Հայաստանում դառնում է  երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն էր։ 1996 թվականից «Երկրապահ կամավորական միության» անդամ էր։

ՀՀ նախագահի 2000թ. մայիսի 12-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետական  կուսակցության   խորհրդի նախագահ, ԱԺ  «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։  Նա Հայաստանի երրորդ Հանրապետության տասներորդ վարչապետն էր։ Երբ արդեն վարչապետ էր դարձյալ աշխատում էր նույն ավյունով ու առանց իրեն խնայելու, ինչպես` պատանեկան տարիներին։  -Հոգնելու ժամանակ և իրավունք չունեմ,- ասում էր նա։ Լրագրողի հարցին` թե ի՞նչ տվեց վարչապետությունն Անդրանիկ Մարգարյան մարդուն և ի՞նչ տարավ, վարչապետը պատասխանել էր. «Մեծ փորձառություն, համբերություն,  դիմացինին լսելու կարողություն տվեց, ի՞նչ տարավ` առողջությունս, բայց դեռ «պահուստային» ունեմ։ Սակայն  այդ «պահուստայինը» առանց խնայելու շռայլեց և ընդամենը մի քանի տարի բավարարեց։ Համակ ուշադրությամբ լսում էր բոլորին և գրեթե կատարում բոլորի խնդրանքը։ Հետաքրքիր մի դիպված. վանաձորցի Արթուրը, որ երրորդ դասարանում էր սովորում, լսելով  վարչապետի բարյացկամության մասին, նամակով խնդրել է, որ իրեն գաղտնի ուղարկի մի բջջային հեռախոս, որ նվիրի հայրիկին, քանի որ հայրիկի ծննդյան տարեդարձն է, իսկ ինքը գումար չունի հեռախոս գնելու համար։Արթուրը խոստովանել է, որ մեծանա ինքն էլ անպայման վարչապետ պիտի դառնա և օգտակար լինի բոլորին։ Անդրանիկ Մարգարյանը, այդ հրաշալի մարդը, արձագանքել է փոքրիկին և Վանաձորի քաղաքապետարանի միջոցով ուղարկել է Արթուրի ուզած բջջային հեռախոսը։  Նա սիրում էր  բոլոր երեխաներին, իր ընտանիքը և  ընտանիք երևույթին մեծ դեր էր վերապահում, որից և կարևորում էր երկրի կայուն վիճակը և առաջընթացը։ Ըստ Անդրանիկ Մարգարյանի. առանց  համերաշխ ընտանիք ունենալու չես կարող պետության, ազգի միասնությանը խթանող գործնեությամբ զբաղվել։ Ոչ ոք քեզ չի հավատա, իսկ ցանկացած գործ հավատով է արվում։ Մինչդեռ կիսատ-պռատ հավատ չի լինում։

Անդրանիկ  Մարգարյան վարչապետը  ճիշտ ժամանակին հայտնվեց  ճիշտ տեղում և ղեկավարելով երկրի կառավարությունը` մնաց պարզ ու նվիրյալ հայ մարդ և պատահական չէ, որ շարունակեց ապրել իր բնակարանում ու չտեղափոխվեց օրենքով իրեն հասանելի կառավարական ամառանոց։ Ապրեց իր հարևանների, իր ժողովրդի կողքին, սիրեց նրանց և ժողովուրդն էլ իրեն սիրեց։ Ափսոս, որ հայի այս տեսակը քիչ է։ Կարևոր է նաև մի հետաքրքիր հանգամանք, որ նրան եթե չէր գովում, գոնե հարգանքով էր խոսում ընդդիմադիր մամուլը, քանի որ ոչ ոք, նույնիսկ նրա հակառակորդները չէին կարող ուրանալ, որ նա մարդ էր մեծատառով և հայտնվելով իշխանության ղեկին պետության ամենադժվար շրջանում պահպանեց օրինականությունը և եղավ հաշտարար դատավոր դիմության և ընդդիմության միջև, քանզի նրա նպատակը հանուն էր և ոչ ընդդեմ և հանուն էր հանուն Հայրենյաց։

                                                                              ԱՆՆԱ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...