2013-07-13 11:13
«Դե Ֆակտո» 4 (2007թ.)
Անցած աշնանը, արևոտ, զրնգուն մի օր Չինչինի ձորով պապ ու թոռ էշի հետ գնում էին գյուղ։ Ձորում քեֆ անողների մի խումբ նայեց այդ գեղեցիկ երթին ու ասաց.
- Նայե՛ք, նայե՛ք, էշը հետները իրենք ոտքով են գնում։
Պապը թոռին խորհուրդ տվեց նստել էշին, և շարունակեցին ճանապարհը։ Ձորում զվարճացողների մի այլ խումբ նայեց նրանց ու ասաց.
- Մեծ մարդ է, էդքան խելք չունի` ջահել էրեխին նստեցրել է էշի վրա, ինքը ոտքով է գնում։
Պապ ու թոռ նեղվեցին։
Եվ թոռն իջավ էշից, համոզեց, որ պապը նստի։
Ավելի ուշ հանդիպեցին գետափին զվարճացողների ուրիշ մի խմբի.
- Մեծ մարդ է, չի ամաչում` ինքը նստել է էշին, խեղճ թոռանը թողել է ոտքով։
Պապ ու թոռ նորից նեղվեցին։
Եվ պապն առաջարկեց միասին նստել էշին։ Քիչ անց զվարճացողների հերթական խումբը հանդիպեց.
- Մեծ մարդ է, բայց խղճի կտոր չունի, երկուսով նստել են խեղճ էշին։ Բա մեղք չի՞ կենդանին։
Այս անգամ պապը վերջնականապես ջղայնացավ։
Իջավ էշից և ասաց թոռին.
- Դու նստի, բալա ջան, գնացինք։ Եթե մենք սրանց լսենք, վերջում երկուսով էշը շալակած պիտի տանենք։
Այսպես, ընթերցո՛ղ բարեկամ, սա է հասարակական կարծիքը։ Եթե մենք հետևենք մեր դեղին մամուլին և նրա խորհուրդներին, պիտի էշը շալակենք։
Այնպես որ, եթե ընտրել ես քո ուղին և համոզված ես քո ճշմարտության մեջ, գնա՛ քո ճանապարհով և անպայման տեղ կհասնես։
Բարեկամաբար` Մերուժան Տեր-Գուլանյան
Վերադառնալ