2013-07-06 11:32
«Դե Ֆակտո» 85 (2013թ.)
Բագրատ Նավոյան, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Բագրատուր» տուրիստական ընկերության հիմնադիր
Մեր ֆուտբոլային ընտանիքի հաջողության գրավականը համերաշխությունն է, սերն ու նվիրվածությունը։
-Պարո՛ն Նավոյան, մեզ հայտնի է, որ Դուք ֆուտբոլի մեծ երկրպագու եք, հետաքրքիր է, որպես ֆուտբոլասեր՝ ինչպե՞ս կգնահատեք հայկական ֆուտբոլի զարգացման միտումները։
-Այո՛, ֆուտբոլն իմ տարերքն է, դեռ դպրոցական տարիներից սիրել եմ ֆուտբոլը, խաղացել եմ ընկերներիս հետ։ Տարիների ընթացքում այդ սերն ավելի խորացավ. ես սիրահարված երիտասարդի պես հետևում էի հայկական ֆուտբոլային բոլոր ակումբների խաղերին, և նրանց անդավաճան երկրպագուն եմ մինչև այսօր։
Պետք է նշեմ, որ հայկական ֆուտբոլն օր-օրի զարգանում է, ձեռք բերում նոր որակներ, որում մեծ դերակատարում ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ես բարձր եմ գնահատում ֆեդերացիայի աշխատանքը, Ռուբեն Հայրապետյանի նվիրումն ու ներդրումը հայկական ֆուտբոլի զարգացման գործում։
-«Ալաշկերտը» նորաստեղծ ֆուտբոլային ակումբ է, բայց արդեն հացրել է մեծ հաջողությունների հասնել։ Կպատմե՞ք ակումբի ստեղծման նախապատմությունը և ինչո՞վ են պայմանավորված նրա հաջողությունները։
-Լինելով ֆուտբոլի մեծ երկրպագու՝ որոշեցի ստեղծել ֆուտբոլային ակումբ, որը հնարավորություն կտար մեր տաղանդավոր պատանիներին, երիտասարդներին դրսևորվել, իրականացնել իրենց երազանքը՝ ապրել ֆուտբոլային հաղթանակներով լի կյանք, և փառք ու պատիվ բերել իրենց հայրենիքին։ Եվ քանի որ իմ պապերը եկել են Ալաշկերտից, որոշեցի ակումբն անվանել «Ալաշկերտ»։ Ինչպես հայտնի է, Մարտունիի շրջանի բնակչության մեծ մասն Ալաշկերտից է, այդ պատճառով որոշեցի հենց Մարտունիում հիմնել ակումբը, սակայն իմ ցանկությանը ընդառաջ չգնաց քաղաքապետը, ով հրաժարվեց որևէ պայմանով մեզ մարզադաշտ տրամադրել։
Մեզ բախտ վիճակվեց գնել «Նաիրի» մարզադաշտը Երևանում, որտեղ թիմն անցկացնում է իր պարապմունքները։ Ի դեպ, «Նաիրի» մարզադաշտն իր չափերով համարվում է Հայաստանի ամենամեծ մարզադաշտը։ Վերանորոգման աշխատանքների պատճառով երկու ամիս ընդմիջում է, պարապմունքներն անցկացնում ենք Աշտարակի մարզադաշտում։ Օգոստոս ամսից մեր բարձրագույն խումբը խաղալու է «Հանրապետական» մարզադաշտում, իսկ առաջին խումբը՝ Աշտարակում։ 2014թ. արդեն մեր մարզադաշտն ամբողջությամբ պատրաստ կլինի, և մենք մեր հիմնական խաղերը կանցկացնենք «Նաիրի» մարզադաշտում։
Ինչ վերաբերում է «Ալաշկերտի» հաջողությանը, ապա նշեմ, որ ես ջանք ու եռանդ չեմ խնայում թիմի հաջողությանը նպաստելու համար. ես իմ թիմի կողքին եմ ամեն հարցում. մասնակցում եմ պարապմունքներին, աշխատում եմ ինքս լուծել թիմի տղաների խնդիրները, իրենց ընկերն եմ ու լավ բարեկամը։ Մենք կարծես մեկ ընտանիք լինենք։ Փորձում եմ խրախուսական քայլեր ձեռնարկել նրանց տրամադրությունը բարձր պահելու, հայրենասիրությունն ու ոգեղեն ուժը ամրապնդելու համար։ Երևի թե մեր ֆուտբոլային ընտանիքի հաջողության գրավականը համերաշխությունն է, սերն ու նվիրվածությունը։
Ալաշկերտցիներն, իրենց կենսագրության համեմատ, մեծ քայլերով են ընթանում առաջ, և դա պետք է շարունակական բնույթ կրի։
-«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը գերազանց մրցաշրջան անցկացրեց։ Ալաշկերտցիները ստացան իրենց վաստակած բոլոր մրցանակները` փոքր Ոսկե մեդալներ, ՀՖՖ-ի պատվոգրեր և հաղթողի Փոխանցիկ գավաթ։ Ինչպիսի՞ նպատակներ և խնդիրներ է դրված թիմի առջև Ձեր կողմից։
-Ես համաձայն եմ, որ ալաշկերտցիներն, իրենց կենսագրության համեմատ, մեծ քայլերով են ընթանում առաջ, և դա պետք է շարունակական բնույթ կրի։
Ակումբն ընդամենը մեկ տարի է, ինչ գործում է։ Թիմն իր առջև դրված առաջին խնդիրը հիանալի կերպով կատարեց, ինչի համար շնորհակալ եմ տղաներին. նրանց հաջողվեց առաջին լիգայում գրավել առաջին պատվավոր տեղը և արժանանալ Ոսկե մեդալների։ Այժմ ուղեգիր ենք ստացել օգոստոս ամսից խաղալու Հայաստանի բարձրագույն լիգայում։
«Ալաշկերտը» հունիսի 26-ից երկուշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Աղվերանի մարզահամալիրում, իսկ հուլիսի 13-14-ը՝ Իտալիայի Ռիմինի քաղաքում, որտեղ տեղի կունենան երեք ստուգողական խաղեր իտալական թիմերի հետ, իսկ օգոստոսին արդեն թիմը պատրաստ կլինի պայքարելու բարձրագույն խմբում։ Մեր հիմնական թիմը պետք է խաղա բարձրագույն խմբում, իսկ մյուսը՝ առաջին լիգայում։ Ունենք նաև հինգ մանկապատանեկան թիմեր։
-Վերջերս «Ալաշկերտը» մի քանի հաջող խաղ անցկացրեց հայաստանյան ակումբների թիմերի հետ։ Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը։
-Գիտեք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջին, երկրորդ, երրորդ տեղ գրաված թիմերը և գավաթակիրը հուլիսին սկսում են իրենց մրցումները Եվրոպայում։ Մինչ Եվրոպա մեկնելը «Ալաշկերտը» կարծես մարտահրավեր նետեց երեք թիմերին։ «Գանձասարի» հետ խաղը տեղի ունեցավ Հայաստանի ֆուբոլային ակադեմիայում, որը շատ հետաքրքիր անցավ, «Ալաշկերտը» 2։0 հաշվով հաղթում էր, բայց «Գանձասարը» կարողացավ հավասարեցել հաշիվը՝ 2։2։ Հաջորդ խաղը տեղի ունեցավ հունիսի 22-ին արծաթակիր «Միկայի» հետ, որն ավարտվեց …..
Իսկ ահա հունիսի 25-ին տեղի ունեցավ չեմպիոն «Շիրակի» հետ խաղը, որը մեծ փորձություն էր «Ալաշկերտի» համար։ Այս խաղերը փորձություն կարելի է համարել նաև Եվրոպա գնացող թիմերի համար։
-Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք օգոստոսի խաղից։
-Ճիշտն ասած՝ մեր ակումբի մարզչական կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ Թիմի գլխավոր մարզիչն է Արմեն Սանամյանը։ Նոր մարզչական կազմի առջև նույն խնդիրն է դրված, որ 2013-2014թթ. ավարտից հետո թիմը Հայաստանի բարձրագույն լիգայում կրկին, եթե ոչ առաջին, ապա երկրորդ, երրորդ տեղը գրավի, որպեսզի իրավունք ստանա մասնակցելու Եվրոլիգայի խաղերին։
-Ինչպիսի՞ մարզավիճակում են տղաները։
-Թիմն այժմ կիսով չափ պատրաստ է օգոստոսի խաղերին։ Բարձրագույն խմբի խաղերին մասնակցելու համար մեր թիմի հիմնական կորիզը կազմող տղաներին պետք է միանան նաև այլ ֆուբոլիստներ, որոնք կհամալրեն մեր թիմը հայկական տարբեր ակումբներից։ Հուսով եմ՝ նրանք լավ մարզավիճակում կլինեն և մեր տղաների հետ միասին կկազմեն մարտունակ թիմ։
Ես հույսս մեր տղաների վրա եմ դնում։ Նրանք կարող են ունենալ մարզական լավ որակներ և դառնալ հաղթական գոլերի հեղինակներ։
-«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում տարիքային ի՞նչ խմբեր են գործում։
-Ակումբում պարապմունքներ են անցկացվում տարիքային տարբեր խմբերի պատանիների հետ՝ 8, 10, 12, 14 տարեկանների խմբեր։
-Ունե՞ք ծրագրեր լեգեոներներ ներգրավվելու Ձեր թիմում։
-Ո՛չ, անկեղծ ասած՝ նման ծրագրեր չունեմ, անգամ ցավալի եմ ընդունում այդ երևույթը, քանի որ կարծում եմ, որ կարելի է այդ մեծ գումարները ներդնել մեր ֆուտբոլիստների մարզավիճակի բարելավման գործում։ Ես հույսս մեր տղաների վրա եմ դնում։ Նրանք կարող են ունենալ մարզական լավ որակներ և դառնալ հաղթական գոլերի հեղինակներ։
-«Ալաշկերտի» ֆուտբոլիստները հիմնականում Երևանի՞ց են։
-Հիմնական կորիզը Մարտունիից է։ Ես միշտ կոչ եմ անում բոլոր մարտունեցի ֆուտբոլասեր տղաներին, ովքեր ուզում են լրջորեն զբաղվել ֆուտբոլով, ընդգրկվել մեր ակումբում, մենք պատրաստ ենք աջակցել նրանց։ Ես վստահ եմ, որ նրանց մոտ ավելի լավ է ստացվում ֆուտբոլ խաղալ։ Անհրաժեշտության դեպքում ես նաև հոգում եմ նրանց բնակարանային խնդիրները, մանավանդ, եթե Երևանում բարեկամներ չունեն։
-Պարո՛ն Նավոյան, ո՞րն է թիմի որակյալ խաղ անցկացելու գրավականը։
-Գիտեք՝ գործոնները շատ են, որոնք առանձին-առանձին նպաստում են թիմի հաղթանակին։ Որակյալ խաղ անցկացնելու գրավական կարող եմ համարել մարզչական աշխատանքը, ֆիզիկական պատրաստվածությունը, հոգեբանական տրամադրվածությունը, երկրպագուների աջակցությունը։
Ես, որպես «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ և հովանավոր, ամեն օր մասնակցում եմ թիմի մարզումներին, քաջալերում տղաներին, մոտ երկու-երեք ժամ տրամադրում նրանց հետ շփմանը, զրույցին, որի ընթացքում պարզում եմ, թե ինչպիսի խնդիրներ ունեն, փորձում եմ դրանց լուծում տալ, որպեսզի իրենք այլ խնդիրներով չմտահոգվեն և կենտրոնանան միմիայն խաղի վրա։
Մեր ազգային հավաքականի ուժերին և պոտենցիալին պետք է մշտապես հավատալ, ինչպիսի խաղ էլ որ ցուցադրի։
-Ինչպե՞ս կբնութագրեք հայ երկրպագուներին։
-Ֆուտբոլային ակումբների երկրպագուների առումով՝ պետք է նշեմ, որ ականատեսն եմ եղել Կապանում և Գյումրիում անցկացվող խաղերի ժամանակ երկրպագուների ակտիվության ու աջակցության վառ դրսևորումներին և հիացել եմ։ Երևի թե հաղթանակի հասնելու համար երկրպագուների աջակցությունը շատ մեծ մասնաբաժին ունի։ Այն ոգևորությունը, որ փոխանցվում է ֆուտբոլիսներին երկրպագուներից, աննկարագրելի ազդեցություն ունի թիմի խաղի վրա։
Պարզապես երկրպագուները չպետք է հիասթափվեն թիմերի թերացումներից կամ պարտություններից, քանի որ ֆուտբոլային կյանքում միշտ էլ լինում են վերելքներ և վայրէջքներ։ Հատկապես մեր ազգային հավաքականի ուժին և պոտենցիալին պետք է մշտապես հավատալ, ինչպիսի խաղ էլ որ ցուցադրի։
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել հայկական ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ։
-Հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, և դա փաստ է։ Մենք արդեն ունենք ֆուտբոլային աստղեր, փայլուն տղաներ, որոնցից են Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը և այլք։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է հայկական ֆուտբոլի զարգացման գործընթացն արագացնելու համար։ Կարծում եմ, պետք է պարզապես փոքր-ինչ բարելավվել մարզչական աշխատանքը։ Օրինակ, մեր ազգային հավաքականում ունենք դարպասապահների մարզիչ, ով մեծ աշխատանք է կատարում, որի արդյունքն արդեն զգալի է։
Կա ևս մեկ գործոն. մեր ազգային հավաքականը ամբողջական կազմով պարապմունքներ հաճախակի չի անցկացնում, քանի որ մեր լավագույն խաղացողները խաղում են նաև այլ ակումբներում և կարճ ժամանակավոր են գալիս Հայաստան։
Պետք է նշեմ նաև, որ Հայաստանում գործում են բարձրակարգ դպրոցներ, ֆուտբոլային ակադեմիաներ, որոնք լավ կրթություն են տալիս մեր մարզիկներին, ինչը նույնպես հիմք է ստեղծում ֆուտբոլային հաջողակ ապագա ունենալու։ Դրանցից են՝ «Փյունիկը», «Միկան», «Բանանցը», հույս ունենք, որ շուտով Գյումրին էլ կունենա ֆուտբոլային ակադեմիա։
-Իսկ Դուք ֆուտբոլային ակադեմիա հիմնելու մտադրություն ունե՞ք։
-Իհարկե, ունեմ։ Ֆուտբոլային ակադեմիայի շենքի տեղն արդեն նախատեսված է, դրան կից՝ նաև ունենալու ենք արհեստական խոտածածկով մարզադաշտ և փակ համալիր, որոնք նախատեսված է շահագործման հանձնել 2015թ.։
Ես մեծ ցանկություն ունեմ, որ «Ալաշկերտն» անհավանական արդյուքների գրացման օրինակ լինի մեր ֆուտբոլային պատմության մեջ։
-Ինչպիսի՞ն եք տեսնում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հինգ տարի անց, երբ արդեն կունենա որոշակի կենսագրություն և անցած ճանապարհ։
-Ես բավականին հավակնոտ տրամադրվածություն ունեմ և ամեն ինչ անում եմ, որ անգամ մեկ տարի անց «Ալաշկերտը» տարբերվի մյուս թիմերից և գրանցի մեծ հաջողություններ։ Ես մեծ ցանկություն ունեմ, որ «Ալաշկերտն» անհավանական արդյուքների գրանցման օրինակ լինի մեր ֆուտբոլային պատմության մեջ։ Եվ շատ եմ ցավում, որ թիմը խաղերը չի անցկացնում Մարտունիում, քանի որ այնտեղ երկրպագուների մեծ բանակ ունի, ովքեր իրենց անկեղծ երկրպագությամբ կարող էին կրկնապատկել թիմի հաղթանակները։
-Պարո՛ն Նավոյան, Դուք մեծ գործ եք անում, և հոգով-սրտով կապված եք ակումբին, թիմի տղաներին։ Ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը Ձեր նկատմամբ։
-Նրանց վերաբերմունքի վառ արտահայտությունն իրենց հաղթանակներն են, այս տարի «Ալաշկերտին» հաջողվեց չեմպիոն դառնալ։ Ինձ այլ բան պետք չէ։
«Բագրատուր» տուրիստական գործակալութունն այս տարի տոնում է իր 10-ամյակը։
-Դուք նաև «Բագրատուր» տուրիստական ընկերության հիմնադիրն եք և երկար տարիների փորձ ունեք այս ասպարեզում։ Ինչպե՞ս սկսվեց Ձեր գործունեությունն այս ոլորտում։
-Արդեն 15 տարի է, ինչ ես տուրիզմով եմ զբաղվում։ Ամեն ինչ սկսվեց Օդեսայում կուսակցական դպրոցում սովորելուս տարիներից, երբ կուսակցության փլուզումից հետո որոշեցի զբաղվել տուրիզմով, բացեցի «Օդեսա-Տրաբզոն» չարտերային չվերթը։ Մեկ տարի անց որոշեցի ընտանիքիս հետ միասին վերադառնալ հայրենիք և նույնատիպ գործունեությամբ զբաղվել Հայաստանում։ Երեք տարի աշխատեցի «Երևան տուր» տուրիստական գործակալությունում գործընկերներիս հետ միասին, այնուհետև նախաձեռնեցի սեփական՝ «Բագրատուր», տուրիստական գործակալության բացումը, որն արդեն տասը տարի է, ինչ հաջողությամբ գործում է։ Ունեմ հրաշալի կոլեկտիվ, որի անդամները բարձրագույն կրթությամբ բարձրակարգ մասնագետներ են, իրենց գործի գիտակը։ Նրանք իրականացնում են որակյալ սպասարկում, ամեն ինչ անում են, որ որևէ հաճախորդ դժգոհ չմնա «Բագրատուրի» ծառայություններից։
-Ի՞նչ չվերթներ են իրականացվում «Բագրատուրի» կողմից։
-Նախկինում իրականացնում էինք «Երևան-Մոսկվա-Երևան», «Երևան-Սոչի-Երևան» չարտերային չվերթները, իսկ այսօր՝ «Երևան-Ստամբուլ-Երևան», «Երևան-Անթալիա-Երևան» չարտերային չվերթները։ Զբաղվում ենք նաև ավիատոմսերի վաճառքով աշխարհի բոլոր ուղղություններով։ Մենք նաև մեծ աշխատանքներ են տանում Ստամբուլից դեպի Հայաստան մեր հայրենակիցներին ուղղորդելու ուղղությամբ։ Նրանցից շատերն առաջին անգամ եկել են Հայաստան, տեսել իրենց հայրենիքը և ցանկություն հայտնել ներդրում կատարելու։
Հունիսի 17-ից առաջարկում ենք անմոռանալի հանգիստ Անթալիայում շատ մատչելի պայմաններով։
-Արդեն ամառային հանգստի սեզոնը մեկնարկել է։ Ի՞նչ հետաքրքիր առաջարկներ ունի «Բագրատուրը»։
-Ունենք լավ ակցիաներ, օրինակ, հունիսի 17-ից կազմակերպում եք չարտերային չվերթներ դեպի Անթալիա շատ մատչելի պայմաններով՝ մեկ անձի համար 5-աստղանի հյուրանոցում մեկշաբաթյա հանգիստը կարժենա 400 հազար դրամ՝ ներառյալ տոմսի արժեքը։
-Պարո՛ն Նավոյան, քանի որ Դուք ոլորտի գիտակ եք, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը, ի՞նչն էր «Արմավիայի» անհաջողության հիմնական պատճառը։
-Նախ նշեմ, որ ես շատ լավ ճանաչում եմ «Արմավիայի» սեփականատիրոջը՝ Միխայիլ Բաղդասարովին, նա հրաշալի անձնավորություն է։ Առաջին օբյեկտիվ պատճառը օդանավակայանի սպասարկման բավականին բարձր գնային քաղաքականությունն էր, երկրորդը՝ «Արմավիայի» մարքեթինգի և կոմերցոն բաժինների թույլ աշխատանքը։ Ես նկատում էի, որ երբեմն ֆինանսական մեծ կորուստներ պատճառող չվերթներ էին իրականացվում, որոնք չէին կարող անհետևանք մնալ։ Օրինակ, իրականացվում էին չվերթներ, որոնց ուղևորների թիվը բավարար չէր այն իրականացնելու համար, այսինքն՝ չէր հոգում չվերթի ծախսերը։ Անկեղծորեն ցավում եմ «Արմավիայի» համար։
Ես կոչ եմ անում պայքարել հայ-թուրքական սահմանը բացելու համար, քանի որ այն կնպաստի բիզնեսի զարգացմանը, և կունենանք ամենամոտ ճանապարհը դեպի Եվրոպա։
-Շատ է խոսվում այն մասին, թե արդյո՞ք ճիշտ է գնալ Անթալիա հագստանալու, նախ` անվտանգության, երկրորդ՝ այնտեղ գումարներ ծախսելու առումով։
-Անվտանգության խնդիր չկա, ես դա կարող եմ վստահ ասել, քանի որ Անթալիայում ոչ մի հայ իրեն չի զգում թշնամի երկրում, ընդհակառակը՝ հայերին ավելի ջերմ են ընդունում։ Դա բիզնես է, որը իրենք չեն կապում քաղաքականությանը։ Ինչ վերաբերում է մեծ գումարներ ծախսելուն, ապա նշեմ, որ այնտեղ ոչ մի հայ մեծ գումարներ չի ծախսում, քանի որ բավականին մատչելի են հանգստանալու պայմանները։ Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է խուսափել Թուրքիայի հետ շփումից, այլ, ընդհակառակը, ամենատարբեր շփումների միջոցով խթանել խնդիրների լուծմանը, քանի որ Հայաստանը չի կարող մեկուսացման քաղաքականություն վարել։ Ես կոչ եմ անում պայքարել հայ-թուրքական սահմանը բացելու համար, քանի որ այն կնպաստի բիզնեսի զարգացմանը և կունենանք ամենամոտ ճանապարհը դեպի Եվրոպա և հակառակը։
Մեր սիրո պտուղները մեր երեք երեխաներն են՝ մեկ աղջիկ, երկու տղա, ովքեր նոր իմաստ և երջանկություն հաղորդեցին մեր համատեղ կյանքին։
-Պարո՛ն Նավոյան, մի փոքր էլ խոսենք Ձեր անձի մասին։ Հասցնո՞ւմ եք ժամանակ հատկացնել նաև ընտանիքին։
-Ցավոք, շատ քիչ ժամանակ եմ տրամադրում ընտանիքիս, վաղ առավոտից մինչև ուշ երեկո աշխատանքային գործընթացի մեջ եմ։
Ունեմ շատ լավ ընտանիք, որը հասկանում է ինձ, իմ զբաղվածության կարևորությունը։ Մեր ընտանիքի ջերմության և սիրո աղբյուրը կինս է, ում ճանաչում եմ արդեն 54 տարի, թեև մենք 55 տարեկան ենք (հեղ.-ժպտում է)։ Մեր սիրո պտուղները մեր երեք երեխաներն են՝ մեկ աղջիկ, երկու տղա, ովքեր նոր իմաստ և երջանկություն հաղորդեցին մեր համատեղ կյանքին։ Իհարկե, մեր ընտանեկան երջանկությունն առավել լիարժեք կլիներ, եթե որդիս մեր կողքին լիներ…Պետք է նշեմ, որ նա նույնպես ֆուտբոլի սիրահար էր, և նրա սերը շատ կարևոր պատճառ էր «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ստեղծման համար։ Ես յուրաքանչյուր ֆուտբոլիստի մեջ նրան եմ տեսնում…
Ունեմ հրաշք թոռնիկներ, որոնք ինձ պարգևել է աղջիկս, սպասում եմ տղայիս երեխայի ծվելուն՝ ևս մեկ անգամ թոռնիկ ունենալու հրաշք զգացողությանը։
Մեր բոլոր ձեռքբերումները նվիրված են հայրենիքին և ընտանիքին։
-Կյանքի իմաստն ինչո՞ւմ եք տեսնում։
-Կյանքի իմաստը պայքարի մեջ է։ Մեր ամեն օրը լի է դժվարություններով, որոնք պետք է հաղթահարել աննահանջ պայքարի միջոցով։ Բայց այդ ամենը պետք է անել՝ միմյանց հանդեպ սեր և հարգանք տածելով, միմյանց հաջողություններով ուրախանալով, հիշելով, որ մեր բոլոր ձեռքբերումները նվիրված են մեր հայրենիքին և ընտանիքին։
Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ